Ամփոփում – Գրադարան – Mashtoz.org

Ամփոփում

261. Ամենասուրբ Երրորդության խորհուրդը քրիստոնեական հավատքի և կյանքի կենտրոնական խորհուրդն է։ Միմիայն Աստված կարող է տալ մեզ այս խորհրդի գիտությունը՝ հայտնվելով որպես Հայր, Որդի և Սուրբ Հոգի։

 

262. Աստծո Որդու մարդեղությունը հայտնում է, որ Աստված հավիտենական Հայրն է և որ Որդին համագոյակից է Հորը, այսինքն՝ որ Նրա մեջ և Նրա հետ նույն միակ Աստվածն է։

 

263. Սուրբ Հոգու առաքելությունը – Որին Հայրն առաքում է հանուն Որդու[1] և Որին Որդին առաքում է «Հորից» (Հվհ 15, 26) – հայտնում է, որ Ինքը Նրանց հետ նույն միակ Աստվածն է։ «Հոր և Որդու հետ երկրպագվում է ու փառաբանվում»[2]։

 

264. «Սուրբ Հոգին առաջնաբար բխում է Հորից և – շնորհիվ այն հավիտենական պարգևի, որ Հայրը դրա վերաբերյալ տալիս է Որդուն – բխում է Հորից և Որդուց՝ Նրանց փոխադարձ հաղորդության մեջ»[3]։

 

265. «Հոր և Որդու և Սուրբ Հոգու» անունով կատարված Մկրտության միջոցով (Մտթ 28, 19) կանչված ենք մասնակցելու Ամենասուրբ Երրորդության կյանքին, երկրի վրա՝ հավատքի մթության, իսկ մահից անդին՝ հավիտենական լույսի մեջ[4]։

 

266. «Կաթուղիկե Հավատքը կայանում է երկրպագելու մեջ մեկ միակ Աստծուն Երրորդության մեջ, և Երրորդությանը՝ Միության մեջ, առանց շփոթելու Անձերը և առանց բաժանելու գոյացությունը. արդարև, ա՛յլ է Հոր Անձը, ա՛յլ է Որդու Անձը, ա՛յլ է Սուրբ Հոգու Անձը. բայց մեկ միակ է Հոր, Որդու և Սուրբ Հոգու աստվածությունը, համահավասար է փառքը, հավիտենակից է մեծվայելչությունը»[5]։

 

267. Անբաժանելի լինելով Իրենց գոյացության մեջ, աստվածային Անձերն անբաժանելի են նաև Իրենց գործողությունների մեջ։ Բայց աստվածային յուրաքանչյուր գործողության մեջ Անձերից յուրաքանչյուրը դրսևորում է այն, ինչը որ Երրորդության մեջ հատուկ է Իրեն, հատկապես Որդու մարդեղության և Սուրբ Հոգու պարգևման աստվածային առաքելությունների մեջ։

[1] Հմմտ. Հվհ 14, 26
[2] Նիկեա-Կոստանդնուպոլսյան Հավատամք, DS 150.
[3] Սբ. Օգոստինոս Հիպպոնացի, Երրորդության մասին, 15, 26, 47։ CCL 50A, 529 (PL 42, 1095).
[4] Պողոս Վեցերորդ, Հավատքի Հանդիսավոր Դավանությունը, 9։ AAS 60 (1968) 436.
[5] Սբ. Աթանասի «Յուրաքանչյուր ոք» Հավատամքը։ DS 75.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։