Գլուխ Ա. - Հոդված 1. - Հատված Ե. ԵՐԿԻՆՔՆ ՈՒ ԵՐԿԻՐԸ – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Ա. - Հոդված 1. - Հատված Ե. ԵՐԿԻՆՔՆ ՈՒ ԵՐԿԻՐԸ

325. Առաքյալների Հավատամքը դավանում է, որ Աստված «Արարիչն է երկնքի և երկրի»[1], իսկ Նիկեա-Կոստանդնուպոլսյան Հավատամքը մանրամասնում է. « [...] բոլոր տեսանելի ու անտեսանելի բաների»[2]։

 

326. Աստվածաշնչի մեջ «երկինք և երկիր» արտահայտությունը նշանակում է այն ամեն ինչը, որ գոյություն ունի, ամբողջ արարչությունը։ Մատնանշում է նաև, արարչության ներսում, այն կապը, որը միաժամանակ միավորում և տարբերակում է երկինքն ու երկիրը. «Երկիրը» մարդկանց աշխարհն է[3]։ «Երկինքը» կամ «երկինքները» երբեմն կարող է նշանակել երկնակամարը[4], բայց նաև՝ Աստծուն հատուկ «տեղը». մեր «Հայրը, որ երկինքներում է» (Մտթ 5, 16)[5], և հետևաբար՝ նաև «երկինքը», որ վախճանաբանական փառքն է։ Եվ ի վերջո, «երկինք» բառը մատնանշում է «տեղը» հոգեղեն արարածների՝ հրեշտակների, որոնք շրջապատում են Աստծուն։

 

327. Լաթերանյան Չորրորդ Ժողովի հավատքի դավանությունը հաստատում է. Աստված, «ժամանակների սկզբում ևեթ, ոչնչից ստեղծեց արարածների մեկ և մյուս կարգը՝ հոգեղենը և նյութականը, այսինքն՝ հրեշտակներին և երկրային աշխարհը. և ապա նաև մարդուն, կարծես որպես մասնակից և՛ մեկին, և՛ մյուսին, քանի որ կազմված է հոգուց և մարմնից»[6]։

[1] DS 30.
[2] DS 150.
[3] Հմմտ. Սղմ 115, 16
[4] Հմմտ. Սղմ 19, 2
[5] Հմմտ. Սղմ 115, 16
[6] Լաթերանյան Չորրորդ Ժողով, Գլուխ Առաջին, Ընդհանրական Հավատքի մասին. DS 800; Վատիկանյան Առաջին Ժողով, Վարդ. Սահմ. Աստծո Որդին, 1: DS 3002; և Պողոս Վեցերորդ, Հավատքի Հանդիսավոր Դավանությունը, 8։ AAS 60 (1968) 436.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։