Գլուխ Ա. - Հոդված 1. - Հատված Բ. / դ) Աստվածային գործողությունները և երրորդութենական առաքելությունները – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Ա. - Հոդված 1. - Հատված Բ. / դ) Աստվածային գործողությունները և երրորդութենական առաքելությունները

257. «Ո՜վ լույս, երանավետ Երրորդություն և էական Միություն»[1]։ Աստված հավիտենական երանություն է, անմահ կյանք, անմայրամուտ լույս։ Աստված Սեր է. Հայր, Որդի և Սուրբ Հոգի։ Աստված ազատորեն կամենում է մեզ հաղորդակից դարձնել Իր երանավետ կյանքի փառքին։ Այսպիսին է «Իր բարյացակամության» ծրագիրը (Եփս 1, 9), որ մտահղացել է աշխարհի արարումից առաջ իսկ, Իր սիրեցյալ Որդու մեջ, «մեզ նախասահմանելով լինել Իր որդեգիրները՝ Հիսուս Քրիստոսի միջոցով» (Եփս 1, 5), այսինքն՝ «կերպարանակից լինել Իր Որդուն» (Հռմ 8, 29), զորությամբ «որդեգրության Հոգու» (Հռմ 8, 15)։ Այս ծրագիրը մի «շնորհ է, որ տրվել է մեզ [...] ի հավիտենից» (2Տմ 1, 9), և որն իրեն որպես ակունք ունի երրորդութենական սերը։ Տարածվում է արարչագործության, անկումից հետո՝ փրկության ողջ պատմության մեջ, Որդու և Սուրբ Հոգու առաքելություններում, որոնք շարունակվում են Եկեղեցու առաքելության մեջ[2]։

 

258. Աստվածային ողջ Տնօրենությունը աստվածային երեք Անձերի համընդհանուր գործն է։ Իսկապես, Երրորդությունը որպես մեկ միակ և նույն բնություն՝ ունի մեկ միակ և նույն գործողություն[3]։ «Հայրը, Որդին և Սուրբ Հոգին արարչության երեք սկզբնավորումներ չեն, այլ՝ մեկ միակ սկիզբ»[4]։ Այդուհանդերձ, աստվածային Անձերից յուրաքանչյուրը համընդհանուր գործողությունը կատարում է ըստ Իր անձնական առանձնահատկությունների։ Այսպիսով Եկեղեցին, հիմնվելով Նոր Կտակարանի վրա[5], դավանում է. «Մեկ է, արդարև, Հայր Աստվածը, Ումից են բոլոր գոյությունները. մեկ է Տեր Հիսուս Քրիստոսը, Ում միջոցով են բոլոր գոյությունները. մեկ է Սուրբ Հոգին, Ում մեջ են բոլոր գոյությունները»[6]։ Որդու Մարդեղության և Սուրբ Հոգու պարգևման աստվածային առաքելություններն ընդգծված կերպով բացահայտում են աստվածային Անձերի առանձնահատկությունները։

 

259. Աստվածային ողջ Տնօրենությունը, որը համընդհանուր և միաժամանակ անձնական գործ է, մեզ ճանաչել է տալիս ինչպես աստվածային Անձերի առանձնահատկությունները, այնպես էլ՝ Նրանց մեկ բնությունը։ Նմանապես, ողջ քրիստոնեական կյանքը հաղորդություն է աստվածային Անձերից յուրաքանչյուրի հետ, առանց որևէ կերպ բաժանելու Նրանց։ Ով փառաբանում է Հորը, դա անում է Որդու միջոցով՝ Սուրբ Հոգու մեջ. ով հետևում է Քրիստոսին, դա անում է՝ որովհետև Հայրը ձգում է իրեն[7] և որովհետև Սուրբ Հոգին իրեն առաջնորդում է[8]։

 

260. Աստվածային ողջ Տնօրենության վերջին նպատակն այն է, որ բոլոր արարածները մասնակցեն Ամենասուրբ Երրորդության կատարյալ միությանը[9]։ Բայց այժմ իսկ կանչված ենք ներբնակված լինելու Ամենասուրբ Երրորդության կողմից։ Տերն, արդարև, ասում է. «Եթե մեկն ինձ սիրում է, կպահի իմ խոսքը, և իմ Հայրը նրան կսիրի, և մենք կգանք նրա մոտ և նրա մոտ կհաստատենք մեր բնակությունը» (Հվհ 14, 23)։

«Ո՜վ Աստված իմ, Երրորդություն, որին պաշտում եմ, օգնի՜ր ինձ մոռանալ ինձ ամբողջովին, հաստատվելու համար Քո մեջ, անսասան ու անվրդով, կարծես թե հոգիս արդեն իսկ հավիտենության մեջ լիներ։ Թող որ ոչինչ չկարողանա խռովել խաղաղությունս, թող որ ոչինչ չկարողանա դուրս հանել ինձ Քեզնից, ո՜վ Անփոփոխդ իմ, այլ՝ թող որ վայրկյան առ վայրկյան ավելի ու ավելի ընկղմվեմ Խորհրդիդ խորություններն ի վար։ Խաղաղեցրո՜ւ հոգիս, դարձրո՜ւ այն Քո երկինքը, Քո սիրելի օթևանն ու հանգստիդ վայրը։ Թող որ ես երբեք չթողնեմ Քեզ միայնակ, այլ՝ միշտ ներկա լինեմ, ողջ էությամբս, բացարձակ արթուն՝ հավատքիս մեջ, ամբողջովին պաշտող, ամբողջովին նվիրված՝ արարող գործիդ»[10]։

[1] Հռոմեական Ժամագիրք, Կիրակնօրյա Երեկոյան Ժամերգության Երկրորդ կարգի Շարական, 2րդ և 4րդ Շաբաթների։ Liturgia Horarum, editio typica, v. 3 (Typis Polyglottis Vaticanis 1973), p. 684 et 931; v. 4 (Typis Polyglottis Vaticanis 1974), p. 632 et 879.
[2] Հմմտ. Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վճռագիր Ժողովուրդների մոտ, 2-9։ AAS 58 (1966) 948-958.
[3] Հմմտ. Կոստանդնուպոլսի Երկրորդ Ժողով (553թ.), Նզովքներ ընդդեմ երեք Գլուխների, 1։ DS 421.
[4] Ֆլորենցիայի Ժողով (1442թ.), Վճռագիր Հակոբիկյանների վերաբերյալ։ DS 1331.
[5] Հմմտ. 1Կր 8, 6
[6] Կոստանդնուպոլսի Երկրորդ Ժողով (553թ.), Նզովքներ ընդդեմ երեք Գլուխների, 1։ DS 421.
[7] Հմմտ. Հվհ 6, 44
[8] Հմմտ. Հռմ 8, 14
[9] Հմմտ. Հվհ 17, 21-23
[10] Սբ. Եղիսաբեթ Դիժոնացի (1880-1906), Հոգու վերամբարձում դեպի Ամենասուրբ Երրորդությունը։ Écrits spirituels, 50, ed. M.M. Philipon (Paris 1949), p. 80.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։