Գլուխ Ա. - ՄԱՐԴՆ «ՈՒՆԱԿ» Է ԱՍՏԾՈՒՆ / ա) Փափագն առ Աստված – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Ա. - ՄԱՐԴՆ «ՈՒՆԱԿ» Է ԱՍՏԾՈՒՆ / ա) Փափագն առ Աստված

27. Առ Աստված ձգտող փափագը գրված է մարդու սրտի մեջ, որովհետև մարդը ստեղծվել է Աստծո կողմից և Աստծո համար. և Աստված չի դադարում դեպի Իրեն ձգել մարդուն, և միմիայն Աստծո մեջ մարդը կարող է գտնել ճշմարտությունն ու երջանկությունը, որոնք փնտրում է առանց դադարի.

«Մարդու արժանապատվության ամենաբարձր հիմքը կայանում է Աստծո հետ հաղորդվելու նրա կոչման մեջ: Ի ծնե մարդը կանչված է Աստծո հետ երկխոսության. մարդն, իրոք, գոյություն ունի միայն այն պատճառով, որ Աստծո կողմից հանուն սիրո ստեղծված լինելով՝ Նրա կողմից էլ միշտ հանուն սիրո պահպանվում է, և մարդը լիովին չի ապրում ճշմարտության համաձայն, եթե ազատորեն չի ընդունում Նրան և չի ապավինում իր Արարչին»[1]:

 

28. Իրենց պատմության ընթացքում, և մինչև մեր օրերը, մարդկանց կողմից Աստծո փնտրտուքն արտահայտվել է բազմատեսակ ձևերով՝ ընդմեջ նրանց հավատալիքների ու կրոնական վարմունքների (աղոթքներ, զոհաբերություններ, պաշտամունքներ, խորհրդածումներ, և այլն): Չնայած երկդիմություններին, որ կարող են ներկայացնել, արտահայտվելու այդ կերպերն այնքա՜ն համատարած են, որ մարդը կարող է սահմանվել որպես կրոնական էակ.

Աստված «մեկ հոգուց ստեղծեց մարդկանց բոլոր ազգերը, որպեսզի բնակվեին ամբողջ երկրի երեսին: Նրանց համար սահմանեց ժամանակների կարգը և նրանց տարածքի սահմանները, որպեսզի փնտրեին Աստծուն և գուցե երբևէ հասնեին Նրան գտնելու՝ խարխափելով կարծես, թեև Նա հեռու չէ մեզնից յուրաքանչյուրիցս: Իսկապես, մենք Նրա մեջ ենք ապրում, շարժվում և գոյություն ունենք» (Գրծ 17, 26-28):

 

29. Բայց այս «ներքին ու կենսական կապն Աստծո հետ»[2] մարդը կարող է մոռանալ, ուրանալ, ինչպես նաև բացահայտ կերպով մերժել: Նման դիրքորոշումները կարող են զանազան պատճառներ ունենալ[3]. աշխարհում չարիքի ներկայության դեմ ընդվզումը, կրոնական հարցերի շուրջ տգիտությունը կամ անտարբերությունը, աշխարհային հոգսերն ու հարստության տենչը[4], հավատացյալների կողմից տրված վատ օրինակը, հակակրոնական մտայնություններ որդեգրած շարժումները, և ի վերջո՝ մեղավոր մարդու ձգտումը – վախից դրդված – թաքնվելու Աստծուց[5] և փախչելու՝ ի լուր Նրա կանչի[6]:

 

30. «Ուրախ թող որ լինի Տիրոջը փնտրողի սիրտը» (Սղմ 105, 3): Եթե մարդը կարող է մոռանալ կամ մերժել Աստծուն, Աստված, սակայն, չի հոգնում կանչելուց յուրաքանչյուր մարդու՝ փնտրելու Իրեն, որպեսզի մարդն ապրի և գտնի երջանկությունը: Բայց այդ փնտրտուքը մարդու կողմից պահանջում է գործի դնել իր մտքի ողջ ճիգը, իր կամքի անշեղությունը, «մի ուղղամիտ սիրտ», ինչպես նաև վկայությունն այլոց, ովքեր կառաջնորդեն իրեն Աստծո փնտրտուքի մեջ:

«Դու մե՜ծ ես, Տե՜ր, և արժան ես գովքի, մե՜ծ է զորությունդ, իսկ իմաստությունդ՝ անքանակ։ Եվ մարդը կամենում է փառաբանել Քեզ: Մարդը՝ այս փոքրիկ մասնիկը Քո արարչության, որ կրում է ճակատագիրն իր մահկանացու, որ կրում է փաստը իր մեղքի, և փաստը, որ Դու հակառակ ես հպարտներին։ Եվ այնուամենայնիվ, մարդը՝ այս փոքրիկ մասնիկը Քո արարչության, կամենում է փառաբանել Քեզ: Դու Ինքդ ես նրան մղում զմայլվելու փառաբանությանդ մեջ, որովհետև մեզ ստեղծել ես Քո համար, և անհանգիստ է մեր սիրտը, քանի դեռ հանգիստ չի գտնում Քո մեջ»[7]:

[1] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Հով. Սահմ. Բերկրանք և Հույս, 19: AAS 58 (1966) 1038-1039.
[2] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Հով. Սահմ. Բերկրանք և Հույս, 19: AAS 58 (1966) 1039.
[3] Հմմտ. Վատիկանյան Երկրորդ Ժողով, Հով. Սահմ. Բերկրանք և Հույս, 19-21: AAS 58 (1966) 1038-1042.
[4] Հմմտ. Մտթ 13, 22
[5] Հմմտ. Ծնդ 3, 8-10
[6] Հմմտ. Հովն 1, 3
[7] Սբ. Օգոստինոս Հիպպոնացի, Խոստովանություններ, 1, 1, 1: CCL 27, 1 (PL 32, 659-661).
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։