Ամփոփում – Գրադարան – Mashtoz.org

Ամփոփում

315. Աշխարհի և մարդու արարման մեջ Աստված դրել է Իր ամենակարող սիրո և Իր իմաստության առաջին ու ընդհանրական վկայությունը, Իր «բարյացակամության ծրագրի» առաջին ավետիսը, որն իրեն որպես նպատակակետ ունի Քրիստոսի մեջ նոր արարչությունը։

 

316. Թեև արարչության գործը վերագրվում է ի մասնավորի Հորը, հավասարապես հավատքի ճշմարտություն է, որ Հայրը, Որդին և Սուրբ Հոգին արարչության միակ ու անբաժանելի սկզբնավորողն են։

 

317. Միայն Աստված Ինքն է ստեղծել տիեզերքը ազատորեն, ուղղակիորեն, առանց որևէ օգնության։

 

318. Արարածներից ոչ մեկը չի տիրապետում այն անսահման կարողությանը, որն անհրաժեշտ է բառիս բուն իմաստով «արարելու» համար, այսինքն՝ գոյություն արդյունավորելու և տալու մի բանի, որը մինչ այդ գոյություն բնավ չուներ (գոյության կանչել «ex nihilo» - «ոչնչից»)[1]։

 

319. Աստված ստեղծել է աշխարհը՝ Իր փառքը դրսևորելու և հաղորդելու նպատակով։ Որպեսզի Իր արարածները մասնակցեն Իր ճշմարտությանը, Իր բարությանը, Իր գեղեցկությանը. ահա՛ փառքը, որի համար Աստված ստեղծել է նրանց։

 

320. Աստված, որ ստեղծել է տիեզերքը, այն գոյության մեջ է պահում Իր Բանի՝ Իր Որդու միջոցով, Ով «ամեն բան պահպանում է Իր խոսքի զորությամբ» (Եբր 1, 3), և Արարիչ Հոգու միջոցով, Ով տալիս է կյանքը։

 

321. Աստվածային Նախախնամությունը կայանում է այն տնօրինությունների մեջ, որոնցով Աստված, իմաստությամբ և սիրով, բոլոր արարածներին առաջնորդում և հասցնում է իրենց վերջնական նպատակակետին։

 

322. Քրիստոսը մեզ հորդորում է որդիական վստահությամբ հանձնվել մեր երկնավոր Հոր նախախնամությանը[2], և Սբ. Պետրոս Առաքյալն արձագանքում է Նրան. «Նրան հանձնեցեք ձեր բոլոր մտահոգությունները, որովհետև Նա հոգ է տանում ձեր մասին» (1Պտ 5, 7)[3]։

 

323. Աստվածային Նախախնամությունը գործում է նաև արարածների գործերի միջոցով։ Մարդկային էակներին Աստված պարգևում է ազատորեն համագործակցել Իր ծրագրերին։

 

324. Թե ինչո՛ւ է Աստված թույլատրում ֆիզիկական և բարոյական չարիքի ներկայությունը, մի խորհուրդ է, որ լուսավորվում է Իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի մեջ, Ով խաչվեց և հարություն առավ՝ հաղթելու համար չարին։ Հավատքը տալիս է մեզ վստահություն, որ Աստված չէր թույլատրի չարիքի գոյության հնարավորությունը, եթե այդ նույն չարիքից ի զորու չլիներ բարիք դուրս բերելու, ճանապարհներով, որոնք լիովին ճանաչելու ենք միմիայն հավիտենական կյանքում։

[1] Հմմտ. Կաթողիկե Դաստիարակության Սրբազան Ժողով, Վճիռ (27 Հուլիս 1914)։ DS 3624.
[2] Հմմտ. Մտթ 6, 26-34
[3] Հմմտ. Սղմ 55, 23
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։