Գլուխ Բ. - Հոդված 3. / բ) Աստվածաշնչի ներշնչվածությունն ու ճշմարտությունը – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Բ. - Հոդված 3. / բ) Աստվածաշնչի ներշնչվածությունն ու ճշմարտությունը

105. Աստված Ինքն է Աստվածաշնչի Հեղինակը: «Աստծո կողմից հայտնված իրականությունները, որ բովանդակված ու ներկայացված են Աստվածաշնչի գրքերի մեջ, հանձնվել են Սուրբ Հոգու ներշնչման ներքո:

Սուրբ Մայր Եկեղեցին, Առաքյալներից ստացած հավատքի համաձայն, որպես սրբազան և կանոնական է ընդունում Հին և Նոր Կտակարանների բոլոր ամբողջական գրքերը՝ իրենց բոլոր մասերով, որովհետև շարադրված լինելով Սուրբ Հոգու ներշնչմամբ՝ իրենց որպես հեղինակ ունեն Աստծուն, և որպես այդպիսիք են հանձնվել Եկեղեցուն»[1]։

 

106. Աստված ներշնչել է Սրբազան Գրքերի մարդկային հեղինակներին: «Սրբազան Գրքերի շարադրման համար՝ Աստված ընտրեց որոշ մարդկանց, որոնց միջոցով ի կատար ածեց իր ծրագիրը՝ տիրապետություն հաստատելով նրանց կարողությունների և ունակություների վրա, որպեսզի, հենց Ինքը գործելով նրանց մեջ և նրանց միջոցով, որպես ճշմարիտ հեղինակներ՝ նրանք գրի առնեին բոլոր և միայն այն բաները, որ կամենում էր Ինքը»[2]:

 

107. Աստվածաշնչի ներշնչված գրքերն ուսուցանում են ճշմարտությունը: «Քանի որ, հետևաբար, այն ամենը, որ ներշնչված հեղինակները կամ վարքագիրները հաստատում են, հարկավոր է վերագրել Սուրբ Հոգուն, հարկավոր է նաև հռչակել, որպես հետևություն, որ Աստվածաշնչի Գրքերն հաստատուն, հավատարիմ և անսխալ կերպով ուսուցանում են ճշմարտությունը, որն Աստված մեր փրկության համար կամեցավ, որ տրվեր Սրբազան Գրքերի միջոցով»[3]:

 

108. Քրիստոնեական հավատքը, սակայն, «Գրքի կրոն» չէ: Քրիստոնեությունը կրոնն է Աստծո «Խոսքի». մի Խոսքի, այսինքն, որը «ո՛չ թե գրված ու համր խոսք է, այլ՝ մարդացած և կենդանի Բանն է»[4]: Որպեսզի Աստվածաշնչի խոսքերը չմնան իբրև մեռած գիր, անհրաժեշտ է, որ Քրիստոսը՝ կենդանի Աստծո հավիտենական Խոսքը, Սուրբ Հոգու միջոցով քողազերծի դրանց նշանակությունը, որպեսզի հասկանանք Գրվածքները[5]:

[1] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Աստծո Խոսքը, 11: AAS 58 (1966) 822-823.
[2] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Աստծո Խոսքը, 11: AAS 58 (1966) 823.
[3] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Աստծո Խոսքը, 11: AAS 58 (1966) 823.
[4] Սբ. Բեռնարդոս, Homillia super “Missus est” 4, 11: Opera, ed. J. Leclerq-H. Rochais, v. 4 (Pomae 1966) p. 57.
[5] Հմմտ. Ղկս 24, 45
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։