Բ. Ավանդել հավատքը. Քրիստոնեական ուսուցում – Գրադարան – Mashtoz.org

Բ. Ավանդել հավատքը. Քրիստոնեական ուսուցում

4. Շատ շուտով «քրիստոնեական ուսուցում»[1] անունը տրվեց Եկեղեցու ներսում կազմակերպված այն նախաձեռնությունների ամբողջությանը, որոնք որպես նպատակ ունեն նոր աշակերտներ կազմավորելը, օգնելը մարդկանց՝ հավատալու, որ Հիսուսն Աստծո Որդին է, որպեսզի հավատքի միջոցով նրանք կյանքն ունենան Նրա Անվան մեջ, որպեսզի դաստիարակվեն և կրթվեն այդ կյանքի մեջ և այդպիսով կերտեն Քրիստոսի Մարմինը[2]:

 

5. «Քրիստոնեական ուսուցումը՝ հավատքի հարցերի մեջ պատանիների, երիտասարդների և հասուն անձանց կրթությունն է, որը հատուկ կերպով ներառում է քրիստոնեական վարդապետության ուսուցումը, որն ընդհանրապես տրվում է կանոնավոր և համակարգված եղանակով, որպես նպատակ ունենալով տվյալ անձանց ներածումը քրիստոնեական կյանքի լիության մեջ»[3]:

 

6. Առանց կերպային առումով շփոթվելու դրանց հետ, քրիստոնեական ուսուցումը հոդավորվում է Եկեղեցու հովվական առաքելության որոշ թվով տարրերի մեջ, որոնք քրիստոնեական ուսուցման կերպարանք ունեն, որոնք նախապատրաստում են այդ ուսուցմանը, կամ բխում են դրանից. Ավետարանի առաջին հռչակումը, կամ միսսիոներական քարոզչությունը՝ հավատք արթնացնելու նպատակով. հավատալու պատճառների փնտրտուքը. քրիստոնեական կյանքի փորձառությունը. խորհուրդների ծիսակատարումը. եկեղեցային հասարակության մեջ ներգրավումը. առաքելական և միսսիոներական վկայությունը[4]:

 

7. «Քրիստոնեական ուսուցումը սերտորեն կապված է Եկեղեցու ողջ կյանքին: Ո՛չ միայն աշխարհագրական ծավալումն ու թվային հավելումը, այլ նաև, և և՛ս առավել, Եկեղեցու ներքին աճը, աստվածային ծրագրին նրա համապատասխանումը, էականորեն կախված են դրանից»[5]:

 

8. Եկեղեցու բարենորոգման ժամանակաշրջանները նաև քրիստոնեական ուսուցման ուժգին ժամանակներ են: Իսկապես տեսնում ենք, որ Եկեղեցու Հայրերի մեծ դարաշրջանում սուրբ Եպիսկոպոսները քրիստոնեական ուսուցմանն էին նվիրում իրենց պաշտոնեության կարևոր մեկ մասը: Այդպիսին էին ժամանակները Սբ. Կյուրեղ Երուսաղեմացու և Սբ. Հովհան Ոսկեբերանի, Սբ. Ամբրոսիուսի և Սբ. Օգոստինոսի, և ուրիշ շատ Հայրերի, որոնց ուսուցողական գրությունները մնում են օրինակելի:

 

9. Ուսուցողական պաշտոնեությունը միշտ նոր ուժեր է քաղում Համամիութենական Ժողովներից: Այս առումով՝ Տրիդենտյան ժողովը ներկայացնում է մի օրինակ, որն հարկավոր է ընդգծել. իր վճռագրերում այն առաջնահերթություն տվեց քրիստոնեական ուսուցմանը. այդտեղից ծնունդ առավ «Catechismus Romanus» հատորը՝ Հռոմեական Կրոնուսույցը, որ նաև կրում է իր անունը և որ հանդիսանում է առաջնակարգ մի գործ՝ որպես քրիստոնեական ողջ ուսմունքի համաամփոփում. Եկեղեցու ներսում հարուցեց քրիստոնեական ուսուցման մի գերազանց կազմակերպում. շնորհիվ սուրբ Եպիսկոպոսների և աստվածաբանների, ինչպիսիք էին Սբ. Պետրոս Քանիզիուսը, Սբ. Կարլոս Բորրոմեոն, Սբ. Տուրիբիուս Դե Մոգրովեխոն, Սբ. Ռոբերտ Բելլարմինոն, հանգեցրեց բազմաթիվ կրոնուսույցների հրապարակմանը:

 

10. Զարմանալի չէ, հետևաբար, փաստը, որ այն դինամիզմի մեջ, որին ծնունդ տվեց Վատիկանյան Երկրորդ Ժողովը (որը Պողոս Վեցերորդ Պապը համարում էր արդի ժամանակների մեծ կրոնուսույցը), Եկեղեցու ուսուցանող պաշտոնեությունը կրկին ուշադրության կենտրոնում հայտնվեց: Դրա վկայությունն են 1971թ.ի «Քրիստոնեական ուսուցման Ընդհանուր ուղեցույցը», Եպիսկոպոսների Սինոդի նիստերը՝ նվիրված ավետարանմանը (1974թ.) և քրիստոնեական ուսուցմանը (1977թ.), առաքելական համապատասխան հորդորագրերը՝ «Evangelii nuntiandi» - «Ավետարանը հռչակելու հանձնառությունը» (1975թ.) և «Catechesi Tradendae» - «Քրիստոնեական ուսուցման ավանդումը» (1979թ.): Եպիսկոպոսների Սինոդի 1985թ.ի արտակարգ համագումարը փափագ հայտնեց, որ «շարադրվի քրիստոնեական ուսուցման մի գիրք կամ կաթողիկե ամբողջ վարդապետության մի ամփոփում, որ վերաբերվի թե՛ հավատքին և թե՛ բարոյականությանը»[6]: Հովհաննես Պողոս Երկրորդ Սրբազան Քահանայապետն իրենը դարձրեց Եպիսկոպոսների Սինոդի կողմից արտահայտված այս փափագը, ընդունելով, որ այն «լիովին համապատասխանում է Ընդհանրական Եկեղեցու և տեղական Եկեղեցիների իրական կարիքին»[7], և եռանդով գործի լծվեց՝ Սինոդական Հայրերի փափագն իրականություն դարձնելու համար:

[1] Լատիներեն «catechesis» - «կատեքեզիս», հունարեն «κατήχησις» - «կատեխեսիս» եզրից, որն էլ իր հերթին առաջացել է «κατηχέω» - «կատեխէօ» բայից, որ նշանակում է «ուսուցանել կենդանի ձայնով», «բանավոր ուսուցում»։ Գործածվում է՝ մատնանշելու համար քրիստոնեական կրոնի, նրա խորհուրդների, նրա սկզբունքների, նրա բարոյականության, նրա ծիսական արտահայտությունների բանավոր ուսուցումը, որ կատարվում է հոգևորականի կամ պաշտոնական ուսուցման արտոնություն (մանդատ) ստացած անձի կողմից։
[2] Հմմտ. Հովհաննես Պողոս Երկրորդ, Առաք. հորդոր Քրիստոնեական ուսուցման ավանդումը, 1: AAS 71 (1979) 1277-1278.
[3] Հովհաննես Պողոս Երկրորդ, Առաք. հորդոր Քրիստոնեական ուսուցման ավանդումը, 18: AAS 71 (1979) 1292.
[4] Հովհաննես Պողոս Երկրորդ, Առաք. հորդոր Քրիստոնեական ուսուցման ավանդումը, 13: AAS 71 (1979) 1292.
[5] Հովհաննես Պողոս Երկրորդ, Առաք. հորդոր Քրիստոնեական ուսուցման ավանդումը, 13: AAS 71 (1979) 1288.
[6] Արտակարգ Համագումարի Ecclesia sub Verbo Dei mysteria Christi celebrans pro salute mundi. II B a 4 եզրափակիչ տեղեկագիրը (Ed. Civilate Vaticana 1985), p. 11.
[7] Հովհաննես Պողոս Երկրորդ, Արտակարգ Համագումարի փակման ճառը, 7 Դեկտ. 1985թ., թիվ 6, AAS 78 (1986) 435.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։