Գլուխ Բ. - Հոդված 1. / բ) Հայտնության հանգրվանները – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Բ. - Հոդված 1. / բ) Հայտնության հանգրվանները

ՍԿԶԲԻՑ ԵՎԵԹ, ԱՍՏՎԱԾ ՃԱՆԱՉԵԼ Է ՏԱԼԻՍ ԻՐԵՆ

54. «Աստված, որ ամեն բան ստեղծում և պահպանում է Բանի միջոցով, ստեղծված բաների մեջ մարդկանց ընծայում է մի տևական վկայություն Իր մասին: Սրանից բացի, կամենալով բացել երկնային փրկության ճանապարհը, Նա սկզբից ևեթ հայտնեց Իրեն մարդկության նախածնողներին»[1]: Հրավիրեց նրանց սերտ հաղորդության Իր հետ՝ նրանց զգեստավորելով շնորհի ու արդարության պայծառափայլությամբ:

 

55. Այս հայտնությունը չխափանվեց մեր նախածնողների մեղքով: Աստված, իրոք, «նրանց անկումից հետո, փրկության խոստմամբ նրանց կրկին ոտքի կանգնեցրեց հույսով, և անդադար խնամք տածեց մարդկային զարմի հանդեպ՝ տալու համար հավիտենական կյանքը բոլոր նրանց, ովքեր փնտրում են փրկությունը՝ հարատևելով բարու գործադրման մեջ»[2]:

«Երբ իր անհնազանդությամբ մարդը կորցրեց մտերմությունդ, Դու չլքեցիր նրան մահվան իշխանության ներքո։ [...] Շատ անգամներ մարդկանց ընծայեցիր ուխտդ»[3]:

 

ՈՒԽՏԸ ՆՈՅԻ ՀԵՏ

56. Մեղքի հետևանքով մարդկային զարմի միասնության խզումից հետո, Աստված նախևառաջ աշխատեց փրկել մարդկությունը՝ միջամտելով նրա մասերից յուրաքանչյուրի մոտ: Նոյի հետ կնքված Ուխտը՝ ջրհեղեղից հետո[4], արտահայտում է աստվածային տնօրենության սկզբունքը՝ հանդեպ «ազգերի», այսինքն՝ խմբավորումների մեջ միաբանված մարդկանց, «յուրաքանչյուրն ըստ իր լեզվի և ըստ իրենց ընտանիքների, իրենց ազգերի մեջ» (Ծնդ 10, 5)[5]:

 

57. Ազգերի բազմակիության միաժամանակ տիեզերական, հասարակական և կրոնական այս կարգը[6] որպես նպատակ ունի սահմանափակել անկյալ մարդկության գոռոզամտությունը, որը, չարության մեջ համերաշխ[7], կկամենար սեփական պատկերացումներով կառուցել իր միությունը, Բաբելոնի օրինակի համաձայն[8]: Բայց, մեղքի պատճառով[9], ազգի և իր առաջնորդի թե՛ բազմաստվածությունը, թե՛ կռապաշտությունը հեթանոսական այլասերման շարունակական վտանգ են հանդիսանում այս առժամանակյա տնօրենության համար:

 

58. Նոյի հետ կնքված Ուխտը ուժի մեջ է մնում ազգերի ողջ ժամանակաշրջանի համար[10], մինչև Ավետարանի տիեզերական քարոզումը: Աստվածաշունչը մեծարում է «ազգերի» որոշ մեծ կերպարների, ինչպես «արդար Աբելին», Քրիստոսի նախատիպարը հանդիսացող[11] թագավոր-քահանա Մելքիսեդեկին[12], «Նոյ, Դանիել և Հոբ» արդարներին (Եզկ 14, 14): Սուրբ Գիրքն այսպիսով ցույց է տալիս, թե ինչպիսի՛ բարձր սրբության կարող են հասնել նրանք, ովքեր ապրում են Նոյի հետ կնքված Ուխտի համաձայն, սպասելով, որ Քրիստոսը վերամիավորի «Աստծո բոլոր ցրված զավակներին միասին» (Հվհ 11, 52):

 

ԱՍՏՎԱԾ ԸՆՏՐՈՒՄ Է ԱԲՐԱՄԻՆ

59. Ցիրուցան եղած ողջ մարդկությունը վերամիավորելու նպատակով՝ Աստված ընտրեց Աբրամին, կանչելով նրան. «Մեկնի՛ր քո երկրից, քո հայրենիքից ու քո հայրական տնից» (Ծնդ 12, 1), դարձնելու համար նրան «Աբրահամ», որ նշանակում է «բազմաթիվ ժողովուրդների հայր» (Ծնդ 17, 5). «Քեզնով օրհնվելու են երկրի բոլոր ընտանիքները» (Ծնդ 12, 3)[13]:

 

60. Աբրահամից սերող ժողովուրդը դարձավ նահապետներին տրված Խոստման ավանդապահը՝ ընտրության ժողովուրդը[14], կանչված՝ նախապատրաստելու – մի օր, Եկեղեցու միության մեջ – Աստծո բոլոր զավակների վերամիավորումը [15]: Այս ժողովուրդը դառնում է այն արմատը, որի վրա պատվաստվելու էին հավատացյալ դարձած հեթանոսները[16]:

 

61. Հին Կտակարանի նահապետներն ու մարգարեները և մյուս անձնավորությունները մեծարվել և միշտ մեծարվելու են որպես Սրբեր՝ Եկեղեցու բոլոր ծիսական ավանդություններում:

 

ԱՍՏՎԱԾ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄ Է ԻՍՐԱՅԵԼԸ ՈՐՊԵՍ ԻՐ ԺՈՂՈՎՈՒՐԴ

62. Նահապետներից հետո, Աստված կազմավորում է Իսրայելը որպես Իր ժողովուրդ՝ փրկելով նրան Եգիպտոսի ստրկությունից: Նրա հետ կնքում է Սինայ լեռան Ուխտը և նրան տալիս է, Մովսեսի միջոցով, Իր Օրենքը, որպեսզի դավանի Իրեն և ծառայի որպես միակ կենդանի ու ճշմարիտ Աստծո, նախախնամող Հոր ու արդար Դատավորի, և սպասի խոստացված Փրկչին[17]:

 

63. Իսրայելն այդպիսով դառնում է Աստծո քահանայական ժողովուրդը[18], նա, որ «կրում է Տիրոջ Անունը» (2Օր 28, 10). ժողովուրդը նրանց, «որոնց հետ Աստված խոսեց որպես առաջնեկի»[19], ժողովուրդը Աբրահամի հավատքի մեջ «ավագ եղբայրների»[20]:

 

64. Մարգարեների միջոցով Աստված կրթեց Իր ժողովրդին փրկության հույսի մեջ, մի նոր ու հավիտենական Ուխտի սպասմամբ, որն ուղղված էր լինելու բոլոր մարդկանց[21] և գրված էր լինելու սրտերի մեջ[22]: Մարգարեներն ավետում էին Աստծո ժողովրդի մի արմատական փրկագնում՝ մաքրագործումն իր բոլոր անհավատարմություններից[23]. մի փրկություն, որն ընդգրկելու էր բոլոր ազգերին[24]: Հատկապես Տիրոջ աղքատներն ու խոնարհներն էին լինելու, որ կրելու էին այդ հույսը[25]: Սուրբ կանայք, ինչպես Սառան, Ռեբեկան, Ռաքելը, Միրիամը, Դեբորան, Աննան, Հուդիթն ու Եսթերը, կենդանի պահեցին Իսրայելի փրկության հույսը, որի ամենալուսավոր կերպարը Մարիամն է[26]:

[1] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Աստծո Խոսքը, 3: AAS 58 (1966) 818.
[2] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Աստծո Խոսքը, 3: AAS 58 (1966) 818.
[3] Հռոմեական Պատարագամատույց, Գոհաբանական Չորրորդ Աղոթք, editio typica (Typis poliglottis Vaticanis 1970), p. 467.
[4] Հմմտ. Ծնդ 9, 9
[5] Հմմտ. Ծնդ 10, 20-31
[6] Հմմտ. Գրծ 17, 26-27
[7] Հմմտ. Իմս 10, 5
[8] Հմմտ. Ծնդ 11, 4-6
[9] Հմմտ. Հռմ 1, 18-25
[10] Հմմտ. Ղկս 21, 24
[11] Հմմտ. Եբր 7, 3
[12] Հմմտ. Ծնդ 14, 18
[13] Հմմտ. Գղտ 3, 8
[14] Հմմտ. Հռմ 11, 28
[15] Հմմտ. Հվհ 11 52; 10, 16
[16] Հմմտ. Հռմ 11, 17-18. 24
[17] Հմմտ. Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Աստծո Խոսքը, 3: AAS 58 (1966) 818.
[18] Հմմտ. Ել 19, 8
[19] Հռոմեական Պատարագամատույց, Տոնական վեցերորդ օր Տիրոջ Խաչելության, Ընդհանրական Վեցերորդ Աղոթք, editio typica (Typis Polyglottis Vaticanis 1970) p. 254.
[20] Հմմտ. Հովհաննես Պողոս Երկրորդ, Պատգամ սինագոգում, Հռոմ Քաղաքի Հրեական համայնքի հետ հանդիպման ժամանակ (13 Ապրիլ 1986), 4: Հովհաննես Պողոս Երկրորդի Ուսուցումները, IX/1, 1027.
[21] Հմմտ. Ես 2, 2-4
[22] Հմմտ. Երմ 31, 31-34; Եբր 10, 18
[23] Հմմտ. Եզկ 36
[24] Հմմտ. Ես 49, 5-6; 53, 11
[25] Հմմտ. Սոփ 2, 3
[26] Հմմտ. Ղկս 1, 38
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։