Գլուխ Ա. - Հոդված 1. - Հատված Ե. / ա) Հրեշտակները – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Ա. - Հոդված 1. - Հատված Ե. / ա) Հրեշտակները

ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻ ԳՈՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՏՔԻ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է

328. Հոգեղեն անմարմին էակների գոյությունը, որոնց Աստվածաշունչը սովորաբար անվանում է հրեշտակներ, հավատքի ճշմարտություններից մեկն է։ Աստվածաշնչի կողմից տրված վկայությունը նույնքան հստակ է, որքան որ միաբերան է Ավանդության կողմից տրված վկայությունը։

 

ՈՎՔԵ՞Ր ԵՆ

329. Սուրբ Օգոստինոսը նրանց վերաբերյալ ասում է. «''Հրեշտակ'' բառը մատնանշում է նրանց պաշտոնը, ո՛չ թե բնությունը։ Եթե հարցնեք, թե ի՛նչ է նրանց բնության անունը, կպատասխանեմ, որ հոգի է. եթե հարցնեք, թե ինչպիսի՛ն է նրանց առաքելությունը, կպատասխանեմ, որ հրեշտակ են[1]։ Բնությամբ հոգի է, գործունեությամբ՝ հրեշտակ»[2]։ Իրենց ողջ էությամբ՝ հրեշտակներն Աստծո պաշտոնյաներն են ու պատգամատարները։ Քանի որ «անդադար տեսնում են երկնավոր Հոր երեսը» (Մտթ 18, 10), նրանք «հզոր գործադրողներն են Նրա հրամանների, միշտ պատրաստ են Նրա խոսքերի ձայնին» (Սղմ 103, 20)։

 

330. Քանի որ զուտ հոգեղեն արարածներ են, օժտված են մտքով և կամքով. անձնավոր[3] և անմահ[4] արարածներ են։ Կատարելության մեջ գերազանցում են տեսանելի բոլոր արարածներին։ Սրա ապացույցն է նրանց փառքի պայծառ շողարձակումը[5]։

 

ՔՐԻՍՏՈՍՆ «ԻՐ ԲՈԼՈՐ ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻ ՀԵՏ»

331. Քրիստոսը հրեշտակային աշխարհի կենտրոնն է։ Նրանք Իր հրեշտակներն են. «Երբ Մարդու Որդին կգա Իր փառքով, Իր բոլոր հրեշտակների հետ [...] » (Մտթ 25, 31)։ Իրենն են, որովհետև ստեղծվել են Իր միջոցով և Իր համար. «Քանի որ Իր միջոցով են ստեղծվել բոլոր արարածները՝ և՛ երկնայինները, և՛ երկրայինները, և՛ տեսանելիները, և՛ անտեսանելիները. Գահեր, Տերություններ, Պետություններ, Իշխանություններ։ Բոլոր արարածներն Իր միջոցով են ստեղծվել և Իր համար» (Կղս 1, 16)։ Է՛լ ավելի, Իրենն են այն պատճառով, որ նրանց պատգամատարներ է նշանակել փրկության Իր ծրագրի համար. «Մի՞թե նրանք բոլորն էլ պաշտոններ ստանձնած հոգիներ չեն, առաքված՝ ծառայելու նրանց, ովքեր ժառանգելու են փրկությունը» (Եբր 1, 14)։

 

332. Նրանք, արարչությունից ի վեր[6] և փրկության պատմության ողջ ընթացքում, հեռվից կամ մոտիկից ավետարանում են այդ փրկությունը և ծառայում են ի նպաստ Աստծո փրկարար ծրագրի իրագործման. փակում են երկրային դրախտը[7], պաշտպանում են Ղովտին[8], փրկում են Հագարին և իր մանկանը[9], ետ են պահում Աբրահամի ձեռքը[10]. Օրենքը տրվում է հրեշտակների ձեռքով[11], նրանք առաջնորդում են Աստծո ժողովրդին[12], ավետում են ծնունդներ[13] և կոչումներ[14], աջակցում են մարգարեներին[15], և այլն, սոսկ մի քանի օրինակ հիշատակելու համար։ Ի վերջո, Գաբրիել հրեշտակն է ավետում Հովհաննես Մկրտչի և Հիսուսի իսկ ծնունդները[16]։

 

333. Մարդեղությունից մինչև համբարձում, մարդացած Բանի կյանքը շրջապատված էր հրեշտակների կողմից պաշտամունքով ու ծառայությամբ։ Երբ Աստված «աշխարհ է մտցնում Միածնին, ասում է. ''Թող որ երկրպագեն Նրան Աստծո բոլոր հրեշտակները''» (Եբր 1, 6)։ Քրիստոսի ծննդյան կապակցությամբ եղանակված նրանց գովաբանական օրհներգը չի դադարում արձագանքել Եկեղեցու աղոթքի մեջ. «Փա՜ռք Աստծուն բարձունքներում [...] » (Ղկս 2, 14)։ Հրեշտակները պաշտպանում են Հիսուսի մանկությունը[17], ծառայում են Հիսուսին անապատում[18], մխիթարում են Նրան Իր հոգեվարքի ժամանակ[19], երբ Նա կարող էր նրանց օգնությամբ փրկվել Իր թշնամիների ձեռքից[20], ինչպես մի ժամանակ Իսրայելը[21]։ Հրեշտակներն են տակավին, որ ավետարանում են[22], ավետելով Քրիստոսի ծննդյան[23] և հարության[24] Բարի Լուրը։ Քրիստոսի երկրորդ գալստյան ժամանակ – որը նրանք ավետում են[25] – այնտեղ են լինելու՝ ծառայելով Դատաստանին[26]։

 

ՀՐԵՇՏԱԿՆԵՐԸ ԵԿԵՂԵՑՈՒ ԿՅԱՆՔՈՒՄ

334. Նույն կերպ, Եկեղեցու ողջ կյանքը նպաստներ է ստանում հրեշտակների խորհրդավոր և հզոր օգնությունից[27]։

 

335. Աստվածային Պաշտամունքի ժամանակ Եկեղեցին միանում է հրեշտակներին՝ պաշտելու համար երիցս Սուրբ Աստծուն[28], հայցում է նրանց օժանդակությունը (օրինակ՝ Հռոմեական Ծեսի «Աղաչում ենք քեզ [...] » աղոթքը, հուղարկավորման արարողության ժամանակ արտասանվող «Դրախտում թող որ ընկերակցեն քեզ հրեշտակները [...] » մաղթանքը[29], կամ տակավին՝ Բյուզանդական Ծեսի «Քերովբեների» կոչվող օրհներգը[30]), և ի մասնավորի տոնում է նրանցից ոմանց հիշատակը (Սուրբ Միքայելի, Սուրբ Գաբրիելի, Սուրբ Ռաֆայելի, Պահապան Հրեշտակների)։

 

336. Իր սկզբից[31] մինչև մահվան պահը[32], մարդկային կյանքը շրջապատված է հրեշտակների պաշտպանությամբ[33] և բարեխոսությամբ[34]։ «Յուրաքանչյուր հավատացյալ իր կողքին ունի մի հրեշտակ՝ որպես պաշտպան և հովիվ, առաջնորդելու համար նրան դեպի կյանքը»[35]։ Այստեղից՝ երկրից իսկ սկսած, քրիստոնեական կյանքը մասնակցում է – հավատքի մեջ – Աստծո մեջ միմյանց միացած հրեշտակների ու մարդկանց երանավետ հասարակությանը։

[1] Հրեշտակ - երեսփոխան, պատգամավոր, ներկայացուցիչ։
[2] Սբ. Օգոստինոս Հիպպոնացի, Սաղմոսաց գրքի մեկնություն, 103, 1, 15: CCL 40, 1488 (PL 37, 1348-1349).
[3] Հմմտ. Պիուս Տասներկուերորդ, Կոնդակ Մարդկային ցեղի տարաձայնությունները: DS 3891.
[4] Հմմտ. Ղկս 20, 36
[5] Հմմտ. Դն 10, 9-12
[6] Հմմտ. Հոբ 38, 7, որտեղ հրեշտակներն անվանվում են «Աստծո որդիներ»։
[7] Հմմտ. Ծնդ 3, 24
[8] Հմմտ. Ծնդ 19
[9] Հմմտ. Ծնդ 21, 17
[10] Հմմտ. Ծնդ 22, 11
[11] Հմմտ. Գրծ 7, 53
[12] Հմմտ. Ել 23, 20-23
[13] Հմմտ. Դտվ 13
[14] Հմմտ. Դտվ 6, 11-24; Ես 6, 6
[15] Հմմտ. 1Թգ 19, 5
[16] Հմմտ. Ղկս 1, 11.26
[17] Հմմտ. Մտթ 1, 20; 2, 13.19
[18] Հմմտ. Մրկ 1, 13; Մտթ 4, 11
[19] Հմմտ. Ղկս 22, 43
[20] Հմմտ. Մտթ 26, 53
[21] Հմմտ. 2Մկբ 10, 29-30; 11, 8
[22] Հմմտ. Ղկս 2, 10
[23] Հմմտ. Ղկս 2, 8-14
[24] Հմմտ. Մրկ 16, 5-7
[25] Հմմտ. Գրծ 1, 10-11
[26] Հմմտ. Մտթ 13, 41; 25, 31; Ղկս 12, 8-9
[27] Հմմտ. Գրծ 5, 18-20; 8, 26-29; 10, 3-8; 12, 6-11; 27, 23-25
[28] Հռոմեական Պատարագամատույց, Գոհաբանական աղոթք, 27, «Սո՜ւրբ, Սո՜ւրբ», editio typica (Typis Polyglottis Vaticanis 1970), p. 392.
[29] Հռոմեական Ծես, Կարգ հուղարկավորության, 50։ editio typica (Typis Polyglottis Vaticanis 1969), p. 23.
[30] Բյուզանդական Պատարագամատույց Սբ. Հովհաննես Ոսկեբերանի, Քերովբեական Օրհներգ։ Liturgies Eastern and Western, ed. F.E. Brightman (Oxford 1896), p. 377.
[31] Հմմտ. Մտթ 18, 10
[32] Հմմտ. Ղկս 16, 22
[33] Հմմտ. Սղմ 34, 8; 91, 10-13
[34] Հմմտ. Հոբ 33, 23-24; Զքր 1, 12; Տվբ 12, 12
[35] Սբ. Բարսեղ Կեսարացի, Ընդդեմ Էունոմիոսի, 3, 1։ SC 305, 148 (PG 29, 656).
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։