Գլուխ Ա. - Հոդված 1. - Հատված Է. / ա) «Ուր առատացավ մեղքը, գերառատացավ շնորհը» – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Ա. - Հոդված 1. - Հատված Է. / ա) «Ուր առատացավ մեղքը, գերառատացավ շնորհը»

ՄԵՂՔԻ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

386. Մարդու պատմության մեջ ներկա է մեղքը. իզուր է ջանք գործադրել՝ անգիտանալու սա, կամ ուրիշ անուններ տալ այս խավար իրականությանը։ Փորձելու համար հասկանալ, թե ի՛նչ է մեղքը, հարկավոր է նախևառաջ ճանաչել և ընդունել մարդու խոր կապը Աստծո հետ, որովհետև այս հարաբերությունից դուրս՝ մեղքի չարիքն անհնարին է դիմակազերծել և տեսնել դրա ճշմարիտ բնույթը որպես Աստծո մերժում և Նրան տրված դիմադրություն, մինչ շարունակում է ծանրանալ մարդու կյանքի և պատմության վրա։

 

387. Մեղքի – և առավել մասնավոր կերպով՝ սկզբնական մեղքի – իրականությունը հստակվում է միմիայն Աստվածային Հայտնության լույսի ներքո։ Առանց Աստծո ճանաչողության, որն այն տալիս է մեզ, անհնարին է հստակ կերպով ճանաչել մեղքը, և փորձ է արվում բացատրել այն պարզապես որպես աճման թերություն, հոգեբանական տկարություն, մի սխալ, հասարակական ներկա անհավասար կառույցների անխուսափելի հետևանք, և այլն։ Միմիայն ճանաչելով մարդու վերաբերյալ Աստծո ծրագիրը՝ հասկացվում է, որ մեղքը զեղծումն ու չարաչար գործածությունն է այն ազատության, որն Աստված պարգևում է ստեղծված անձերին, որպեսզի նրանք կարողանան սիրել Իրեն և սիրվել փոխադարձաբար։

 

ՍԿԶԲՆԱԿԱՆ ՄԵՂՔԸ. ՀԱՎԱՏՔԻ ԷԱԿԱՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ

388. Հայտնության առաջխաղացման հետ միասին հստակվում է նաև մեղքի իրականությունը։ Չնայած որ Աստծո ժողովուրդը Հին Կտակարանի ժամանակաշրջանում որոշակի կերպով ըմբռնում էր մարդկության վիճակը՝ Ծննդոցում պատմված անկման պատմության լույսի ներքո, սակայն տակավին ի զորու չէր քաղելու այդ պատմության իմաստն իր ամբողջ տարողությամբ, որը լիովին ներկայանում է Հիսուս Քրիստոսի մահվան և հարության լույսի մեջ[1]։ Հարկավոր է ճանաչել Քրիստոսին որպես շնորհի աղբյուր՝ ճանաչել կարողանալու համար Ադամին որպես մեղքի աղբյուր։ Հարուցյալ Քրիստոսի կողմից առաքված Աջակից Սուրբ Հոգին է, որ գալիս է համոզելու «աշխարհին՝ մեղքին վերաբերվող հարցերում» (Հվհ 16, 8), հայտնելով Նրան, Ով մեղքից մեզ Փրկագնողն է։

 

389. Սկզբնական մեղքի վերաբերյալ վարդապետությունն այսպես ասած «հակառակ կողմն» է այն Բարի Լուրի, որ Հիսուսը բոլոր մարդկանց Փրկիչն է, որ ամեն ոք փրկության կարիքն ունի, և որ փրկությունն ընծայված է բոլորին՝ Քրիստոսի շնորհիվ։ Եկեղեցին, որ Քրիստոսի միտքն ու զգացողությունը ունի[2], քաջ գիտի, որ անհնարին է վնասել սկզբնական մեղքի վերաբերյալ հայտնությանը՝ առանց վնասելու Քրիստոսի խորհրդին։

 

ԸՆԹԵՐՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆԿՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

390. Անկման պատմությունը (Ծնդ 3) գործածում է պատկերավոր բառապաշար, բայց ներկայացնում է առաջին ժամանակների իրադարձություն, մի դեպք, որ տեղի է ունեցել մարդկության պատմության սկզբում[3]։ Հայտնությունը մեզ տալիս է հավատքի վստահություն, որ մարդկային ողջ պատմությունն իր մեջ կրում է մեր նախածնողների կողմից ազատորեն գործված սկզբնական մեղքի հետևանքները[4]։

[1] Հմմտ. Հռմ 5, 12-21
[2] Հմմտ. 1Կր 2, 16
[3] Հմմտ. Վատիկանյան Երկրորդ Ժողով, Հով. Սահմ. Բերկրանք և Հույս, 13: AAS 58 (1966) 1034-1035.
[4] Հմմտ. Տրիդենտյան Ժողով, Հինգերորդ նիստ, Վճռագիր սկզբնական մեղքի մասին, կանոն 3։ DS 1513; Պիուս Տասներկուերորդ, Կոնդակ Մարդկային ցեղի տարաձայնությունները: DS 3897; Պողոս Վեցերորդ, Ճառ սկզբնական մեղքի մասին (11 Հուլիս 1966): AAS 58 (1966) 649-655.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։