Գլուխ Ա. - Հոդված 1. - Հատված Դ. / ա) Արարչագործության վարդապետությունը – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Ա. - Հոդված 1. - Հատված Դ. / ա) Արարչագործության վարդապետությունը

282. Արարչագործության վարդապետությունը մեծագույն կարևորություն ունի։ Վերաբերվում է մարդկային և քրիստոնեական կյանքի ինքնին հիմքերին. հիրավի, այն լուսաբանում է քրիստոնեական հավատքի պատասխանը այն հիմնական հարցադրումներին, որոնք բոլոր ժամանակների մարդիկ դրել են իրենց առաջ. «Որտեղի՞ց ենք գալիս», «Ո՞ւր ենք գնում», «Ո՞րն է մեր ծագումը», «Ո՞րն է մեր վախճանը», «Որտեղի՞ց է գալիս և դեպի ո՞ւր է գնում այն ամենը, որ գոյություն ունի»։ Երկու հարցերը՝ ծագման և վախճանի, անբաժանելի են։ Վճռական են մեր կյանքի և մեր վարքի իմաստի ու կողմնորոշման համար։

 

283. Աշխարհի և մարդու ծագման խնդիրը առարկան է գիտական բազմաթիվ պրպտումների, որոնք արտակարգ կերպով հարստացրել են մեր գիտելիքները տիեզերքի տարիքի և չափսերի, կենդանի էակների զարգացման, մարդու ի հայտ գալու վերաբերյալ։ Այդ բացահայտումները հորդորում են մեզ միշտ ավելի ու ավելի զմայլվել Արարչի մեծությամբ, և երախտագիտություն հայտնել Նրան Իր բոլոր գործերի համար, և այն խելքի ու իմաստության համար, որ շնորհում է գիտնականներին ու հետազոտողներին։ Սողոմոնի հետ, նրանք կարող են ասել. «Նա անսխալ ճանաչողություն տվեց ինձ գոյությունների վերաբերյալ, ըմբռնելու համար աշխարհի կառուցվածքը և տարրերի ուժը, [...] որովհետև կրթեց ինձ Իմաստությունը՝ Հեղինակը բոլոր գոյությունների» (Իմս 7, 17-21)։

 

284. Մեծ հետաքրքրությունը, որի առարկան են այդ ուսումնասիրությունները, ուժգին խթանվում է մեկ ա՛յլ կարգի պատկանող հարցի կողմից, որը գերազանցում է բնական գիտություններին պատկանող դաշտին։ Խոսքը չի վերաբերվում սոսկ իմանալուն, թե ե՛րբ և ինչպե՛ս է ֆիզիկապես առաջացել տիեզերքը, ո՛չ էլ՝ թե ե՛րբ է ի հայտ եկել մարդը, այլ՝ հատկապես բացահայտելուն, թե ո՞րն է եղել այդ ծագման իմաստը. թե, այսինքն, կառավարվում է պատահականության, ինչ որ մի կույր ճակատագրի, մի անանուն անհրաժեշտության կողմի՞ց, թե՞ մի անդրանցական, իմաստուն և բարի Էակի կողմից, որին անվանում ենք Աստված։ Եվ եթե աշխարհը սերում է Աստծո իմաստությունից ու բարությունից, ինչո՞ւ գոյություն ունի չարը։ Որտեղի՞ց է այն գալիս։ Ո՞վ է դրա պատասխանատուն։ Կա՞ փրկություն դրանից։

 

285. Սկզբից ևեթ, քրիստոնեական հավատքը համեմատության մեջ է դրվել աշխարհի սկզբի վերաբերյալ իր պատասխանից տարբերվող պատասխանների հետ։ Իրոք, հին կրոնների ու մշակույթների մեջ գտնվում են աշխարհի սկզբին վերաբերվող բազմաթիվ առասպելներ։ Որոշ փիլիսոփաներ պնդում էին, թե ամեն ինչ Աստված է, թե աշխարհն Աստված Ինքն է, և կամ թե՝ աշխարհի մեջ գրանցվող փոփոխությունը Աստծո իսկ փոփոխությունն է (պանթեիզմ - համաստվածություն)։ Այլոք ասել են, թե աշխարհը Աստծո Ինքն Իրենից դուրս անհրաժեշտ լուսարձակումն է, բխում է այդ ակունքից և վերադառնում է դրան։ Ուրիշներ էլ պնդել են, թե գոյություն ունեն երկու հավիտենական և միմյանց դեմ հավիտյան մարտնչող պատճառներ՝ Բարին և Չարը, Լույսը և Խավարը (դուալիզմ, մանիքեականություն). նման ընկալումներից ոմանց համաձայն՝ աշխարհը (առնվազն նյութական աշխարհը) իբրև թե չար է, ի հայտ է եկել մի անկման հետևանքով, և հետևաբար՝ հարկավոր է մերժել այն, կամ գերազանցել (գնոսիս - գնոստիկություն)։ Ուրիշներ ընդունում են, որ աշխարհը ստեղծվել է Աստծո կողմից, բայց այնպես՝ ինչպես որ վարվում է ժամագործը, այսինքն՝ աշխարհը ստեղծելուց հետո Աստված այն լքել է և թողել ինքն իրեն (դեիզմ)։ Ուրիշներ, ի վերջո, աշխարհի սկզբի վերաբերյալ չեն ընդունում որևէ վերանցական պատճառ, այլ՝ նրա մեջ տեսնում են նյութի (մատերիայի) մի պարզունակ խաղ, որն, իբրև թե, անսկիզբ է և հավիտյան գոյություն ունի (մատերիալիզմ - նյութապաշտություն)։ Բացատրություն տալու բոլոր այս փորձերը վկայում են տիեզերքի սկզբի վերաբերյալ գերխնդրի տևականությանն ու համընդհանրականությանը։

 

286. Անկասկած, մարդկային իմացականությունն արդեն կարող է պատասխան գտնել աշխարհի սկզբի վերաբերյալ հարցադրմանը։ Իսկապես, Արարիչ Աստծո գոյությունը հնարավոր է ստուգությամբ ճանաչել Իր գործերի միջոցով, մարդկային մտքի բնական լույսի շնորհիվ[1], թեև այդ ճանաչողությունը հաճախ մթագնվում և աղավաղվում է սխալներով։ Ահա՛ այս պատճառով է, որ հավատքը գալիս է նեցուկ լինելու և լուսավորելու միտքը՝ այս ճշմարտությունների վերաբերյալ ուղիղ դատողության հարցում. «Հավատքով գիտենք, որ աշխարհը ստեղծվել է Աստծո Խոսքով, այնպես՝ որ անտեսանելի բաներից է սկիզբ առել այն, ինչը որ տեսանելի է» (Եբր 11, 3)։

 

287. Արարչագործության ճշմարտությունն այնքան կարևոր է մարդկային ամբողջ կյանքի համար, որ Աստված, Իր անհուն բարության համաձայն, կամեցավ Իր ժողովրդին հայտնել այն ամենը, ինչը որ անհրաժեշտ և բավարար է իմանալ այդ հարցի վերաբերյալ։ Բացի այն բնական գիտելիքները, որ յուրաքանչյուր մարդ կարող է ունենալ Արարչի վերաբերյալ[2], Աստված Իսրայելին աստիճանաբար հայտնեց արարչագործության խորհուրդը։ Նա, որ ընտրեց նահապետներին, որ դուրս հանեց Իսրայելին Եգիպտոսից, և որ, ընտրելով Իսրայելին, ստեղծեց նրան և ձևավորեց որպես ժողովուրդ[3], հայտնվում է որպես Նա, Ում պատկանում են երկրի բոլոր ժողովուրդները և ամբողջ աշխարհը, որպես Նա, Ով միայնակ «ստեղծեց երկինքն ու երկիրը» (Սղմ 115, 15; 124, 8; 134, 3)։

 

288. Արարչագործության հայտնությունն, այսպիսով, անբաժանելի է Միակ Աստծո՝ Իր ժողովրդի հետ կնքած Ուխտի հայտնությունից և իրագործումից։ Արարչագործությունը հայտնված է որպես առաջին քայլ՝ դեպի այդ Ուխտը, որպես Աստծո ամենակարող սիրո առաջին և տիեզերական վկայություն[4]։ Իսկ հետո, արարչագործության ճշմարտությունը սաստկացող ուժով արտահայտվում է մարգարեների պատգամի մեջ[5], Սաղմոսների[6] և Ծեսի աղոթքների մեջ, ընտրյալ ժողովրդի իմաստության մտորումների մեջ[7]։

 

289. Արարչագործության վերաբերյալ Աստվածաշնչի բոլոր խոսքերի մեջ ամբողջովին եզակի տեղ են գրավում Ծննդոց գրքի առաջին երեք գլուխները։ Գրական տեսանկյունից դիտված, այդ գրությունները կարող են տարբեր աղբյուրներ ունենալ։ Ներշնչված հեղինակները դրանք տեղադրել են Աստվածաշնչի սկզբում, այնպես՝ որ դրանք իրենց հանդիսավոր բառամթերքով արտահայտեն արարչագործության, Աստծո մեջ աշխարհի սկզբի ու վախճանի, տիեզերքի կարգուկանոնի ու բարության, մարդու կոչման, և ի վերջո՝ մեղքի ողբերգության և փրկության հույսի ճշմարտությունները։ Քրիստոսի լույսի ներքո ընթերցվելով, Աստվածաշնչի և Եկեղեցու կենդանի Ավանդության միության մեջ, այդ էջերը մնում են որպես գլխավոր աղբյուրը՝ աշխարհի «սկզբի» վերաբերյալ խորհուրդներն ուսուցանելու համար. արարչագործությունը, անկումը, փրկության խոստումը։

[1] Հմմտ. Վատիկանյան Առաջին Ժողով, Վարդ. Սահմ. Աստծո Որդին, Հայտնության մասին, կանոն 1: DS 3026.
[2] Հմմտ. Գրծ 17, 24-29; Հռմ 1, 19-20
[3] Հմմտ. Ես 43, 1
[4] Հմմտ. Ծնդ 15, 5; Երմ 33, 19-26
[5] Հմմտ. Ես 44, 24
[6] Հմմտ. Սղմ 104
[7] Հմմտ. Առկ 8, 22-31
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։