Գլուխ Բ. - Հոդված 2. ԵՎ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻՆ՝ ԻՐ ՄԻԱԾԻՆ ՈՐԴՈՒՆ, ՄԵՐ ՏԻՐՈՋԸ / ա) Հիսուս – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Բ. - Հոդված 2. ԵՎ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻՆ՝ ԻՐ ՄԻԱԾԻՆ ՈՐԴՈՒՆ, ՄԵՐ ՏԻՐՈՋԸ / ա) Հիսուս

430. Հիսուս եբրայեցերեն նշանակում է «Աստված փրկում է»։ Ավետման պահին Գաբրիել հրեշտակն ասում է, որ Նրա հատուկ անունը պետք է լինի Հիսուս, մի անուն, որ միաժամանակ արտահայտում է և՛ Նրա ինքնությունը, և՛ Նրա առաքելությունը[1]։ Քանի որ միայն Աստված կարող է արձակել մեղքերը (Մրկ 2, 7), Նա Ինքն է, որ հանձինս Հիսուսի՝ Իր մարդացած հավիտենական Որդու, «կփրկի Իր ժողովրդին իրենց մեղքերից» (Մտթ 1, 21)։ Այսպիսով, Հիսուսի Անձի մեջ, Աստված վերամփոփում է մարդկանց ի նպաստ իրականացրած փրկության ողջ պատմությունը։

 

431. Փրկության պատմության մեջ Աստված չսահմանափակվեց Իսրայելին «ստրկության վիճակից» ազատելով (2Օր 5, 6), նրան դուրս հանելով Եգիպտոսից։ Կամեցավ փրկել նրան նաև իր մեղքից։ Քանի որ մեղքը միշտ հանցանք է Աստծո դեմ[2], միայն Աստված Ինքը կարող է այն ջնջել[3]։ Սրա համար Իսրայելը, միշտ ավելի գիտակից դառնալով մեղքի ընդհանրականությանը, այլևս չէր կարողանում այլուր փնտրել փրկությունը, եթե ո՛չ միայն՝ Փրկիչ Աստծո Անունը կանչելու մեջ[4]։

 

432. Հիսուս անունը նշանակում է, որ Աստծո հատուկ Անունն իսկ ներկա է մեղքերից ընդհանուր և վերջնական Փրկության համար մարդացած Իր Որդու Անձում[5]։ Աստվածային Անունն է միայն, որ փրկություն է շնորհում[6], և այսուհետև կարող է կանչվել բոլորի կողմից, որովհետև Մարդեղությամբ այն միացել է բոլոր մարդկանց[7], այնպես՝ որ «երկնքի տակ չկա մարդկանց տրված մեկ ա՛յլ անուն, որի մեջ հաստատված է, որ կարող ենք փրկվել» (Գրծ 4, 12)[8]։

 

433. Փրկիչ Աստծո Անունը կանչվում էր տարին միայն մեկ անգամ, Իսրայելի մեղքերի քավության համար, քահանայապետի կողմից, այն բանից հետո, երբ նա զոհերի արյամբ ցողում էր Սրբություն Սրբոցի քավության վայրը[9]։ Քավության վայրը Աստծո ներկայության վայրն էր[10]։ Երբ Հիսուսի վերաբերյալ Պողոս Առաքյալը վկայում է, որ «Աստված հաստատեց Նրան ծառայելու որպես քավության միջոց [...] Իր Արյամբ» (Հռմ 3, 25), կամենում է հաստատել, որ Հիսուսի մարդկային բնության մեջ «Աստված Ինքն էր հաշտեցնում աշխարհն Իր հետ՝ Քրիստոսի մեջ» (2Կր 5, 19)։

 

434. Հիսուսի հարությամբ փառավորվում է Աստծո «Փրկիչ» Անունը[11], որովհետև այլևս Հիսուսի Անունն է, որ լիովին բացահայտում է զորությունն այն «Անվան, որ գերիվեր է, քան բոլոր անունները» (Փլպ 2, 9-10)։ Դևերը սարսափում են Նրա Անունից[12], և Իր Անունով է, որ Հիսուսի աշակերտները հրաշքներ են գործում[13]. արդարև, այն ամենը, որ նրանք խնդրում են Հորից հանուն Հիսուսի, Հայրը չի մերժում[14]։

 

435. Հիսուս Անունը քրիստոնեական աղոթքի կենտրոնն է։ Տերունական աղոթքը սկսում ենք «Օրհնյա՜լ Տեր մեր Հիսուս Քրիստոս» բանաձևով, և ծիսական բոլոր աղոթքները, ուղղված՝ Հայր Աստծուն, ավարտվում են «շնորհով Քո Միածնի՝ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի» բանաձևով։ «Ողջո՜ւյն քեզ, Մարիամ» աղոթքի կիզակետն է « [...] և օրհնյա՜լ է որովայնիդ պտուղը՝ Հիսուս» օրհնությունը։ Սրտի աղոթքը, որ տարածված է Արևելյան Եկեղեցիներում և հենց «Հիսուսի աղոթք» է կոչվում, ասում է. «Տե՜ր, Հիսուս Քրիստոս, Աստծո Որդի, ողորմի՜ր ինձ՝ մեղավորիս»։ Քրիստոնյաներին հատուկ է մահանալ՝ իրենց շուրթերին կրելով միայն «Հիսուս» Անունը, ինչպես օրինակի համար՝ Սբ. Ժաննա դ'Արքը[15]։

[1] Հմմտ. Ղկս 1, 31
[2] Հմմտ. Սղմ 51, 6
[3] Հմմտ. Սղմ 51, 11
[4] Հմմտ. Սղմ 79, 9
[5] Հմմտ. Գրծ 5, 41; 3Հվհ 7
[6] Հմմտ. Հվհ 3, 18; Գրծ 2, 21
[7] Հմմտ. Հռմ 10, 6-13
[8] Հմմտ. Գրծ 9, 14; Հկբ 2, 7
[9] Հմմտ. Ղևտ 16, 15-16; Սրք 50, 20; Եբր 9, 7
[10] Հմմտ. Ել 25, 22; Ղևտ 16, 2; Թց 7, 89; Եբր 9, 5
[11] Հմմտ. Հվհ 12, 28
[12] Հմմտ. Գրծ 16, 16-18; 19, 13-16
[13] Հմմտ. Մրկ 16, 17
[14] Հմմտ. Հվհ 15, 16
[15] Հմմտ. Հետմահու արդարացման դատավարությունը։ Շառլ Յոթերորդի կողմից 1450թ.ին պատվիրված հետաքննության ընթացքը և Գիյոմ Բույեի մագաղաթը, ed. P. Doncoeur - Y. Lanhers (Paris 1956), p. 39.45.56.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։