Հավատքի Հանգանակները – Գրադարան – Mashtoz.org

Հավատքի Հանգանակները

185. Ով ասում է. «Ես հավատում եմ», ասում է. «Ես հարում եմ այն ամենին, ինչին որ մենք հավատում ենք»։ Հավատքի մեջ հաղորդությունը պահանջում է հավատքի մի համընդհանուր լեզվի կիրառում, որը կանոնական կլինի բոլորի համար և բոլորին կմիավորի հավատքի միևնույն դավանության մեջ։

 

186. Իր սկզբնավորման առաջին պահից ևեթ, առաքելահիմն Եկեղեցին արտահայտել և ավանդել է իր հավատքը կարճառոտ և բոլորի համար կանոնական բանաձևերով[1]։ Բայց շատ շուտով, Եկեղեցին նաև կամեցել է միավորել իր հավատքի էական կետերը համակարգված և հոդվածների բաժանված ամփոփումների մեջ, որոնք հասցեագրված էին մասնավորապես Մկրտության թեկնածուներին։

«Հավատքի հանգանակը չի հորինվել մարդկային վարկածների համաձայն, այլ՝ իրենից ներկայացնում է ամբողջ Աստվածաշնչից ընտրված ուշագրավ կետերի մի քաղվածք, այնպես, որ դրանց միջոցով հնարավոր լինի ընծայել հավատքի մի ամբողջական վարդապետություն։ Եվ ինչպես որ մանանեխի հունդը մի փոքրիկ հատիկի մեջ պարունակում է բազմաթիվ ճյուղեր, այդպես էլ հավատքի այս համառոտությունն է իր մեջ պարունակում իրական բարեպաշտության ամբողջական ճանաչումը, որ բովանդակված է Հին և Նոր Կտակարանների մեջ»[2]։

 

187. Հավատքի նմանատիպ ամփոփումները կոչվում են «հավատքի դավանություններ», որովհետև համառոտ կերպով ներկայացնում են քրիստոնյաների կողմից դավանված հավատքը։ Կոչվում են նաև «Հավատամք», այն պատճառով, որ սովորաբար սկսվում են հենց այդ բառով. «Ես հավատում եմ» կամ «Մենք հավատում ենք»։ Ինչպես նաև՝ կոչվում են «Հավատքի հանգանակներ», այսինքն՝ հավաքածուներ, ամփոփումներ։

 

188. Հունարեն «σύμβολον» - «սյումբոլոն» եզրը նշանակում էր երկուսի բաժանված մի որևէ առարկայի կեսը (օրինակ՝ կնիքի), որը ներկայացվում էր որպես անձի ինքնությունը փաստող նշան։ Միմյանցից բաժանված մասերը միացվում էին՝ ճշտելու համար ներկայացող անձի ո՛վ լինելը։ «Հավատքի Հանգանակը (σύμβολον)», հետևաբար, հավատացյալների միջև փոխադարձ ճանաչման և հաղորդության նշան է։ Ապա «σύμβολον»ը սկսեց նշանակել նաև հավաքածու, ժողովածու, կամ ամփոփում։ «Հավատքի Հանգանակը (σύμβολον)» հավատքի գլխավոր ճշմարտությունների հավաքածուն է։ Այստեղից է սերում այն փաստը, որ այն ներկայանում է որպես քրիստոնեական հավատքի ուսուցման առաջին և հիմնական հենարանը։

 

189. Առաջին «Հավատքի դավանությունը» կատարվում է Մկրտության ժամանակ։ «Հավատքի հանգանակը» նախևառաջ Մկրտության Հավատամքն է։ Քանի որ Մկրտությունը տրվում է «հանուն Հոր և Որդու և Սուրբ Հոգու» (Մտթ 28, 19), Մկրտության պահին դավանված հավատքի ճշմարտությունները բաշխված, հոդավորված են ըստ այն հիմքի, որով դրանք վերաբերվում են Ամենասուրբ Երրորդության երեք Անձերին։

 

190. Հավատամքը, հետևաբար, բաժանված է երեք մասերի. «Առաջինը նվիրված է Հայր Աստծուն և արարչության զարմանահրաշ գործի ուսումնասիրությանը. երկրորդը՝ Հիսուս Քրիստոսին և փրկագործության խորհրդի ուսումնասիրությանը. երրորդը՝ Սուրբ Հոգուն, Ով մեր սրբագործման սկիզբն ու ակունքն է»[3]։ Սրանք են «մեր [Մկրտության] կնիքի երեք հոդվածները»[4]։

 

191. «Այս երեք մասերը միմյանցից զատ են, թեև սերտորեն կապված են միմյանց։ Հիմնվելով Հայրերի կողմից հաճախ գործածված մի համեմատության վրա, մենք դրանք անվանում ենք հոդվածներ։ Արդարև, ինչպես որ մեր մարմնի մեջ կան զանազան հոդեր, որոնք բաժանում և տարբերակում են մարմնի մասերը, այդպես էլ՝ հավատքի այս հանգանակի մեջ արդարացիորեն և լիովին իրավացի կերպով են հոդվածներ կոչվել այն ճշմարտությունները, որոնց պետք է հավատանք մասնավորապես և մեկը մյուսից զատորոշված եղանակով»[5]։ Մի հնագույն ավանդության համաձայն, որի վերաբերյալ վկայում է արդեն Սբ. Ամբրոսիուս Մեդիոլանումացին, Հավատամքը բաժանվում է նաև տասներկու հոդվածների, Առաքյալների թվով խորհրդանշելով առաքելական հավատքի ամբողջությունը[6]։

 

192. Դարերի ընթացքում շարադրվել են հավատքի բազմաթիվ դավանություններ կամ հանգանակներ, պատասխանելով տարբեր ժամանակաշրջանների կարիքներին. առաքելահաստատ հին Եկեղեցիներից ոմանց Հավատամքները[7], Սուրբ Աթանասի անունը կրող «Quicumque» - «Յուրաքանչյուր ոք» կոչվող հանգանակը[8], որոշ Ժողովների (Թոլեդոյի[9], Լաթերանյան[10], Լուգդունի[11], Տրիդենտյան[12]) և Քահանայապետներից ոմանց հավատքի դավանությունները, ինչպես «Դամասոսի հավատքի դավանությունը»[13] կամ Պողոս Վեցերորդի «Աստծո Ժողովրդի Հավատամքը» (1968թ.)[14]։

 

193. Եկեղեցու կյանքի զանազան հանգրվանների Հավատամքներից ոչ մեկը չի կարող համարվել ժամանակավրեպ ու անօգուտ։ Դրանք այսօր օգնում են մեզ ապրել և խորացնել մշտական հավատքը՝ շնորհիվ այն տարբեր ամփոփումների, որ շարադրվել են դարերի ընթացքում։

Հավատքի բոլոր Հանգանակների մեջ, սակայն, երկուսը առանձնահատուկ տեղ են գրավում Եկեղեցու կյանքում.

 

194. Առաքյալների Հավատքի Հանգանակը. այսպես է կոչվում, որովհետև իրավացիորեն համարվում է Առաքյալների հավատքի հավատարիմ համառոտությունը։ Հռոմի Եկեղեցու կողմից գործածվող Մկրտության հնագույն Հավատամքն է։ Իր մեծ հեղինակությունը բխում է սույն փաստից. «Հռոմի Եկեղեցու կողմից ընդունված Հավատամքն է, ուր իր աթոռը հաստատեց Պետրոսը՝ Առաքյալների մեջ առաջինը, և ուր նա տարավ համընդհանուր հավատքի դավանությունը»[15]։

 

195. Նիկեա-Կոստանդնուպոլսյան Հավատամքը. իր մեծ հեղինակությունը կայանում է նրանում, որ այս հանգանակը պտուղն է առաջին երկու Տիեզերական Ժողովների (325թ. և 381թ.)։ Մինչև օրս, այս Հավատամքը համընդհանուր է Արևելքի և Արևմուտքի բոլոր մեծ Եկեղեցիների համար։

 

196. Հավատքի մեր ներկայացումը հետևելու է Առաքյալների Հավատամքին, որն իրենից ներկայացնում է, այսպես ասած, «Հռոմեական ամենահին կրոնուսույցը»։ Հոդվածները, սակայն, ամբողջացվելու են շարունակական հղումներով՝ Նիկեա-Կոստանդնուպոլսյան Հավատամքից, որը շատ կետերում առավել հստակ է ու մանրամասն։

 

197. Ինչպես որ մեր Մկրտության օրը, երբ մեր ողջ կյանքը հանձնվեց վարդապետության կանոնին (Հռմ 6, 17), փարվենք մեր Հավատքի Հանգանակին, որ Կյանք է տալիս։ Հավատամքը հավատքով արտասանել՝ նշանակում է հաղորդության մեջ մտնել Աստծո՝ Հոր, Որդու և Սուրբ Հոգու հետ, ինչպես նաև՝ ողջ Եկեղեցու հետ, որն ավանդում է մեզ հավատքը և որի ծոցում ենք մենք հավատում.

«Այս Հանգանակը հոգևոր կնիք է, մեր սրտի խոկումն է և նրա կարծես միշտ ներկա պաշտպանությունը։ Անկասկած, այն գանձն է, որ պահում ենք մեր հոգու մեջ»[16]։

[1] Հմմտ. Հռմ 10, 9; 1Կր 15, 3-5; ...
[2] Սբ. Կյուրեղ Երուսաղեմացի, Մկրտական ուսուցումներ, 5, 12։ Opera, v. 1, ed. G.C. Reischl (Monaci 1848), p. 150 (PG 33, 521-524).
[3] Հռոմեական կրոնուսույց, 1, 1, 4: ed. P. Rodriguez (Città del Vaticano-Pamplona 1989), p. 20.
[4] Սբ. Իրենեուս Լուգդունացի, Ցուցաբերում Առաքելական քարոզչության, 100։ SC 62, 170.
[5] Հռոմեական կրոնուսույց, 1, 1, 4: ed. P. Rodriguez (Città del Vaticano-Pamplona 1989), p. 20.
[6] Հմմտ. Սբ. Ամբրոսիուս Մեդիոլանումացի, Հավատքի հանգանակի բացատրություն, 8։ CSEL 73, 10-11 (PL 17, 1196).
[7] Տե՛ս Symbola fidei ab Ecclesia antiqua recepta: DS 1-64.
[8] Տե՛ս DS 75-76.
[9] Թոլեդոյի Տասնմեկերորդ Ժողով, DS 525-541.
[10] Լաթերանյան Չորրորդ Ժողով, DS 800-802.
[11] Լուգդունի Երկրորդ Ժողով, DS 851-861.
[12] Տե՛ս Professio fidei Tridentina: DS 1862-1870.
[13] Տե՛ս DS 71-72.
[14] Տե՛ս Sollemnis Professio Fidei: AAS 60 (1968) 433-445.
[15] Սբ. Ամբրոսիուս Մեդիոլանումացի, Հավատքի հանգանակի բացատրություն, 7։ CSEL 73, 10 (PL 17, 1196).
[16] Սբ. Ամբրոսիուս Մեդիոլանումացի, Հավատքի հանգանակի բացատրություն, 1։ CSEL 73, 3 (PL 17, 1193).
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։