Գլուխ Ա. - Հոդված 1. - Հատված Գ. ԱՄԵՆԱԿԱՐՈՂԸ – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Ա. - Հոդված 1. - Հատված Գ. ԱՄԵՆԱԿԱՐՈՂԸ

268. Աստվածային բոլոր հատկություններից, Հավատամքի մեջ հիշատակվում է միայն Աստծո ամենակարողությունը։ Աստծո ամենակարողության դավանումը մեծ կարևորություն ունի մեր կյանքի համար։ Մենք հավատում ենք, որ այդ ամենակարողությունը համատարած է, որովհետև Աստված, որ ստեղծեց ամեն բան[1], կառավարում է ամեն բան և ամեն բան կարող է. սիրալի է, որովհետև Աստված մեր Հայրն է[2]. խորհրդավոր է, որովհետև միմիայն հավատքը կարող է ճանաչել այն, երբ «հայտնվում է տկարության մեջ» (2Կր 12, 9)[3]։

 

«ՆԱ ԱՆՈՒՄ Է ԱՅՆ ԱՄԵՆԸ, ԻՆՉ ԿԱՄԵՆՈՒՄ Է» (Սղմ 115, 3)

269. Աստվածաշունչ Մատյանները բազմաթիվ անգամներ հաստատում են Աստծո համատարած զորությունը։ Նա անվանվում է «Հակոբի Հզորը» (Ծնդ 49, 24; Ես 1, 24; և այլն), «զորությունների Տեր», «Հզոր, Կարող» (Սղմ 24, 8-10)։ Աստված ամենակարող է «երկնքում և երկրի վրա» (Սղմ 135, 6), որովհետև հենց Ինքն է ստեղծել դրանք։ Հետևաբար, ոչինչ անհնարին չէ Իր համար[4] և Նա Իր գործը տնօրինում է այնպես, ինչպես կամենում է[5]. Նա տիեզերքի Տերն է, Ինքն է սահմանել դրա կարգն ու կանոնը, և այն մնում է լիովին ենթակա և հնազանդ Իրեն. Նա պատմության Տերն է, շարժում է սրտերը և իրադարձությունները վարում է ըստ Իր հայեցողության[6]։ «Ուժով գերակշռել՝ միշտ հնարավոր է Քեզ. ո՞վ կարող է ընդդիմանալ բազկիդ զորությանը» (Իմս 11, 21)։

 

«ԿԱՐԵԿԻՑ ԵՍ ԲՈԼՈՐԻՆ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ» (Իմս 11, 23)

270. Աստված ամենակարող Հայր է։ Նրա հայրությունը և Նրա ամենակարողությունը փոխադարձաբար լուսավորում են միմյանց։ Արդարև, Նա Իր հայրական ամենակարողությունը դրսևորում է այն կերպի միջոցով, որով հոգում է մեր կարիքները[7]. որդեգրության միջոցով, որ շնորհում է մեզ («''Կլինեմ ձեր համար հայր, և դուք կլինեք իմ համար որդիներ և դուստրեր'', ասում է Տերն ամենակալ». 2Կր 6, 18). ի վերջո, Իր անսահման ողորմության միջոցով, քանի որ Նա գերագույն աստիճանով հայտնում է Իր ամենակարողությունը՝ ազատորեն ներելով մեղքերը։

 

271. Աստծո ամենակարողությունը բնավ կամայական չէ. «Աստծո մեջ՝ զորությունն ու էությունը, կամքն ու միտքը, իմաստությունն ու արդարությունը մեկ միակ և միևնույն բանն են, այնպես՝ որ աստվածային զորության մեջ չի կարող լինել ինչ որ մի բան, որը չի կարող լինել Աստծո արդար կամքի կամ Նրա իմաստուն մտքի մեջ»[8]։

 

ԱՍՏԾՈ ԹՎԱՑՅԱԼ ՏԿԱՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

272. Ամենակարող Հայր Աստծո հանդեպ հավատքը կարող է փորձության ենթարկվել չարիքի ու տառապանքի փորձառության հետևանքով։ Երբեմն Աստված կարող է բացակա թվալ, և անընդունակ՝ արգելելու չարը։ Արդ, Հայր Աստված ամենախորհրդավոր եղանակով հայտնեց Իր ամենակարողությունը Իր Որդու կամավոր խոնարհության և հարության մեջ, որոնց միջոցով հաղթեց չարին։ Խաչված Քրիստոսը, հետևաբար, «Աստծո զորությունն է և Աստծո իմաստությունը։ Որովհետև այն, ինչը որ Աստծո հիմարություն է, ավելի իմաստուն է, քան մարդիկ, և այն, ինչը որ Աստծո տկարություն է, ավելի հզոր է, քան մարդիկ» (1Կր 1, 25)։ Քրիստոսի հարության և փառավորման մեջ Հայրը տարածեց «Իր ուժի զորությունը» և ցույց տվեց «Իր զորության բացառիկ մեծությունը մեր՝ հավատացյալներիս հանդեպ» (Եփս 1, 19-22)։

 

273. Միմիայն հավատքը կարող է հետևել Աստծո ամենակարողության խորհրդավոր ճանապարհներին։ Այս հավատքի մղմամբ՝ մենք կարողանում ենք պարծենալ մեր տկարություններով, մեր վրա հրավիրելու համար Քրիստոսի զորությունը[9]։ Այս հավատքի գերագույն օրինակը Սուրբ Կույս Մարիամն է. նա հավատաց, որ «Աստծո համար ոչինչ անհնարին չէ» (Ղկս 1, 37), և կարողացավ փառավորել Տիրոջը. «Մեծ գործեր կատարեց իմ մեջ Ամենակարողը և Սուրբ է Անունը Նրա» (Ղկս 1, 49)։

 

274. «Աստվածային ամենակարողության հանդեպ ամրակուռ համոզվածությունը ուրիշ որևիցէ բանից ավելի արդյունավետ է՝ զորացնելու համար մեր մեջ հավատքի և հույսի պատշաճ զգացումները։ Մեր միտքը, աստվածային ամենակարողության գաղափարի կողմից նվաճվելով, կհամաձայնվի, առանց այլևս կասկածելու, որևէ բանի, որին հարկավոր է հավատալ, որքան էլ որ դա մեծ ու սքանչելի լինի, կամ գերազանց, քան բնության օրենքներն ու կարգը։ Մանավանդ թե, որքան ավելի վեհ ու վսեմ կլինեն Աստծո կողմից հայտնված ճշմարտությունները, այնքան ավելի դյուրությամբ կհամարի, որ հարկավոր է համաձայնվել դրանց»[10]։

[1] Հմմտ. Ծնդ 1, 1; Հվհ 1, 3
[2] Հմմտ. Մտթ 6, 9
[3] Հմմտ. 1Կր 1, 18
[4] Հմմտ. Երմ 32, 17; Ղկս 1, 37
[5] Հմմտ. Երմ 27, 5
[6] Հմմտ. Եսթ 4, 17...; Առկ 21, 1; Տվբ 13, 2
[7] Հմմտ. Մտթ 6, 32
[8] Սբ. Թովմա Աքուինացի, Համապարփակ աստվածաբանություն, 1, q. 25, a. 5, ad 1: Ed. Leon. 4, 297.
[9] Հմմտ. 2Կր 12, 9; Փլպ 4, 13
[10] Հռոմեական կրոնուսույց, 1, 2, 13: ed. P. Rodriguez (Città del Vaticano-Pamplona 1989), p. 31.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։