Գլուխ Բ. - Հոդված 1. ԱՍՏԾՈ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ / ա) Աստված հայտնում է Իր «բարյացակամության ծրագիրը» – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Բ. - Հոդված 1. ԱՍՏԾՈ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ / ա) Աստված հայտնում է Իր «բարյացակամության ծրագիրը»

51. «Բարեհաճո եղավ Աստծուն ըստ Իր բարության և իմաստության՝ հայտնել Ինքն Իրեն և ճանաչել տալ Իր կամքի խորհուրդը, որի միջոցով մարդիկ, շնորհիվ Քրիստոսի՝ մարդացած Բանի[1], Սուրբ Հոգու մեջ մուտք ստացան Հոր մոտ և այդպիսով մասնակից դարձվեցին աստվածային բնությանը»[2]:

 

52. Աստված, որ «բնակվում է անմատչելի լույսի մեջ» (1Տմ 6, 16), կամենում է հաղորդել Իր աստվածային կյանքը Իր կողմից ազատորեն ստեղծված մարդկանց՝ նրանց Իր միակ Որդու մեջ որդեգիրներ դարձնելու նպատակով[3]: Հայտնելով Իրեն՝ Աստված կամենում է ունակ դարձնել մարդկանց պատասխանելու Իրեն, ճանաչելու Իրեն և սիրելու Իրեն շա՜տ ու շա՜տ ավելի, քան կկարողանային լոկ իրենց ուժերով:

 

53. Հայտնության աստվածային ծրագիրն իրագործվում է միաժամանակ «իրադարձություններով ու խոսքերով», որոնք «սերտորեն շաղկապված են միմյանց»[4] և լուսաբանում են մեկը մյուսին փոխադարձաբար: Այն գործի է դնում մի յուրահատուկ «աստվածային մանկավարժություն». Աստված հայտնվում է մարդուն աստիճանաբար, պատրաստում է նրան հանգրվան առ հանգրվան՝ ընդունելու գերբնական հայտնությունը, որն Ինքը կատարում է Իր վերաբերյալ, և որն իր գագաթնակետին է հասնում մարդացած Բանի՝ Հիսուս Քրիստոսի Անձի և առաքելության մեջ:

Սբ. Իրենեուս Լուգդունացին բազմաթիվ անգամներ խոսում է այս աստվածային մանկավարժության մասին՝ Աստծո և մարդու միջև փոխադարձ ընտանության պատկերի ներքո. «Աստծո Բանը [...] Իր բնակությունը հաստատեց մարդկանց մեջ և դարձավ մարդու Որդի՝ վարժեցնելու համար մարդուն հասկանալ Աստծուն, և վարժեցնելու համար Աստծուն՝ մարդու մեջ հաստատելու Իր օթևանը, Հոր կամքի համաձայն»[5]:

[1] Գրաբարյան «բան» եզրը (հունարեն՝ լոգոս), որ սովորաբար թարգմանվում է որպես «խոսք», բայց կարող է նշանակել նաև «միտք», «իմաստ», բան-ականության, բան-ավորության արմատն է, որով մատնանշվում է գոյություն ունեցող ամեն ինչի գոյութենական իմաստը և հակառակվում է անիմաստությանը, ան-բան-ությանը, ան-բան-ականությանը։ Հատկանշական է, որ հայերենում գոյություն ունեցող ամեն ինչ մատնացույց է արվում որպես «մի բան», այսինքն՝ իր մեջ բանականություն պարունակող միավոր։ Գրվելով մեծատառով, «Բան» («Լոգոս»), հասկանում ենք Աստվածային Միտքը, Իմաստությունը, Խոսքը (Ամենասուրբ Երրորդության երկրորդ Անձը՝ Որդին), որը ստեղծված որևէ բանականության արմատն ու աղբյուրն է, որից կտրվելու, հեռանալու դեպքում ամեն բան դառնում է անբան, իմաստազուրկ, հակասական, անտրամա-բան-ական։
[2] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Աստծո Խոսքը, 2: AAS 58 (1966) 818.
[3] Հմմտ. Եփս 1, 4-5
[4] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Աստծո Խոսքը, 2: AAS 58 (1966) 818.
[5] Սբ. Երանոս Լիոնցի, Ընդդեմ հերետիկոսությունների, 3, 20, 2: SC 211, 392 (PG 7, 944); հմմտ. օրինակի համար՝ նույն, 3, 17, 1: SC 211, 330 (PG 7, 929); նույն, 4, 12, 4: SC 100, 518 (PG 7, 1006); նույն, 4, 21, 3: SC 100, 684 (PG 7, 1046).
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։