Գլուխ Ա. - Հոդված 1. - Հատված Զ. / բ) Հոգու և մարմնի միությունը – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Ա. - Հոդված 1. - Հատված Զ. / բ) Հոգու և մարմնի միությունը

362. Մարդկային անձը, որ ստեղծված է ըստ Աստծո պատկերի, միաժամանակ մարմնեղեն ու հոգեղեն էակ է։ Աստվածաշնչյան պատմությունը այս իրականությունն արտահայտում է այլաբանական լեզվով, երբ ասում է. «Աստված հողի փոշուց կաղապարեց մարդուն և նրա ռունգերից ներս փչեց կյանքի շունչը, և մարդը կենդանի էակ դարձավ» (Ծնդ 2, 7)։ Հետևաբար, Աստված Ինքն է կամեցել մարդուն այսպես։

 

363. Հաճախ Աստվածաշնչում հոգի եզրը մատնանշում է մարդկային կյանքը[1], և կամ՝ մարդու ամբողջ անձը[2]։ Բայց մատնանշում է նաև այն ամենը, ինչը որ մարդու մեջ ամենաանձնականն է[3] ու ամենաարժեքավորը[4], այն, հատկապես որի պատճառով է մարդն ըստ Աստծո պատկերի. «հոգի» նշանակում է հոգեղեն սկզբունքը մարդու մեջ։

 

364. Մարդու մարմինը մասնակցում է «Աստծո պատկեր» լինելու արժանապատվությանը. մարդկային մարմին է՝ հե՛նց որովհետև կենդանացված է հոգևոր շնչի կողմից, և մարդկային ամբողջական անձն է, որ սահմանված է դառնալու Սուրբ Հոգու տաճարը՝ Քրիստոսի Մարմնի մեջ[5]։

«Հոգու և մարմնի միություն հանդիսանալով՝ մարդն իր մեջ համադրում է, իր մարմնեղեն կարգավիճակի իսկ բերումով, նյութական աշխարհի տարրերը, այնպես՝ որ դրանք, իր միջոցով, հասնում են իրենց գագաթնակետին և օժտվում են ձայնով՝ ազատորեն գովաբանելու համար իրենց Արարչին։ Ուստի, օրինավոր չէ մարդու համար՝ արհամարհել մարմնական կյանքը։ Նա, ընդհակառակը, պարտավոր է բարի և պատվի արժանի համարել սեփական մարմինը, հե՛նց որովհետև այն ստեղծված է Աստծո կողմից և սահմանված է հարություն առնելու վերջին օրը»[6]։

 

365. Հոգու և մարմնի միությունն այնքա՜ն խորն է, որ հոգին հարկավոր է նկատել որպես մարմնի «ձև»ը[7]. ինչը նշանակում է, որ նյութից բաղկացած մարմինը հոգեղեն շնչի շնորհիվ է մարդկային և կենդանի մարմին։ Հոգին և նյութը, մարդու մեջ, միմյանց կապված երկու բնություններ չեն, այլ՝ նրանց միությունը կազմում է մեկ միակ բնություն։

 

366. Եկեղեցին ուսուցանում է, որ մարդկային յուրաքանչյուր հոգեղեն շունչ ստեղծվում է ուղղակիորեն Աստծո կողմից[8] – «արտադրված» չէ ծնողների կողմից – և անմահ է[9]։ Մահվան ժամանակ մարմնից բաժանվելու պահին հոգին չի մահանում, և վերջնական հարության ժամանակ կրկին միանալու է իր մարմնին։

 

367. Երբեմն ուշադրություն է հրավիրվում այն հանգամանքի վրա, որ շունչը և հոգին ներկայացվում են որպես միմյանցից տարբեր իրականություններ։ Այսպես, Պողոս Առաքյալն աղոթում է, որպեսզի մեր ողջ էությունը՝ «շունչը, հոգին և մարմինը, անարատ պահվի մինչև Տիրոջ գալուստը» (1Թղ 5, 23)։ Եկեղեցին ուսուցանում է, որ այս տարբերակումը երկվություն չի մտցնում հոգու մեջ[10]։ «Շունչ» նշանակում է, որ իր արարման առաջին պահից ևեթ՝ մարդը սահմանված է իր գերբնական վախճանին[11], և որ իր հոգին ընդունակ է ձրիաշնորհ կերպով բարձրացվելու Աստծո հետ հաղորդության[12]։

 

368. Եկեղեցու հոգևոր ավանդությունը ընդգծում է նաև սիրտը որպես աստվածաշնչյան իմաստով «էության խորք» (հմմտ. Երմ 31, 33), որտեղ անձը որոշում է կայացնում կողմ կամ դեմ լինել Աստծուն[13]։

[1] Հմմտ. Մտթ 16, 25-26; Հվհ 15, 13
[2] Հմմտ. Գրծ 2, 41
[3] Հմմտ. Մտթ 26, 38; Հվհ 12, 27
[4] Հմմտ. Մտթ 10, 28; 2Մկ 6, 30
[5] Հմմտ. 1Կր 6, 19-20; 15, 44-45
[6] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Հով. Սահմ. Բերկրանք և Հույս, 14: AAS 58 (1966) 1035.
[7] «Forma» – ձև, կերպ, կերպարանք, ոճ, կաղապար։ Հմմտ. Վիեննայի Ժողով (1312թ.), Սահմ. Ընդհանրական Հավատքի մասին։ DS 902.
[8] Հմմտ. Պիուս Տասներկուերորդ, Կոնդակ Մարդկային ցեղի տարաձայնությունները: DS 3896; Պողոս Վեցերորդ, Հավատքի Հանդիսավոր Դավանությունը, 8։ AAS 60 (1968) 436.
[9] Հմմտ. Լաթերանյան Հինգերորդ Ժողով (1513թ.), Կոնդակ Առաքելական կառավարումը։ DS 1440.
[10] Կոստանդնուպոլսի Չորրորդ Ժողով (870թ.), Կանոն 11։ DS 657.
[11] Հմմտ. Վատիկանյան Առաջին Ժողով, Վարդ. Սահմ. Աստծո Որդին, 2: DS 3005; Վատիկանյան Երկրորդ Ժողով, Հով. Սահմ. Բերկրանք և Հույս, 22: AAS 58 (1966) 1042-1043.
[12] Հմմտ. Պիուս Տասներկուերորդ, Կոնդակ Մարդկային ցեղի տարաձայնությունները: DS 3891.
[13] Հմմտ. 2Օր 6, 5; 29, 3; Ես 29, 13; Եզկ 36, 26; Մտթ 6, 21; Ղկս 8, 15; Հռմ 5, 5
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։