Գլուխ Ա. - Հոդված 1. - Հատված Զ. / ա) «Ըստ Աստծո պատկերի» – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Ա. - Հոդված 1. - Հատված Զ. / ա) «Ըստ Աստծո պատկերի»

356. Բոլոր տեսանելի արարածներից միայն մարդն է «ընդունակ ճանաչելու և սիրելու իր Արարչին»[1]. «միակ արարածն է, որին Աստված կամեցել է Իր համար»[2]. միայն մարդն է կանչված մասնակցելու Աստծո կյանքին՝ ճանաչողության և սիրո մեջ։ Այս նպատակով է ստեղծվել և սրա մեջ է գտնվում իր արժանապատվության հիմնական պատճառը։

«Ո՞րը եղավ պատճառը, որ այսպիսի՜ արժանապատվության մեջ հաստատեցիր մարդուն։ Անկասկած, անգնահատելի սերը, որով Ինքդ Քո մեջ դիտեցիր արարածիդ և սիրահարվեցիր նրան։ Իրոք, հանուն սիրո ստեղծեցիր նրան, հանուն սիրո շնորհեցիր նրան հավիտենական Բարիքդ ճաշակելուն ընդունակ էություն»[3]։

 

357. Լինելով ըստ Աստծո պատկերի, մարդկային անհատն ունի անձ լինելու արժանապատվությունը. սոսկ ինչ որ մի բան չէ, այլ՝ ինչ որ մեկը։ Ընդունակ է ինքն իրեն ճանաչելու, ինքն իրեն տիրապետելու, ազատորեն նվիրվելու և ուրիշ անձանց հետ հաղորդության մեջ մտնելու։ Կանչված է – շնորհի միջոցով – Դաշինք կնքելու իր Արարչի հետ, տալու Նրան հավատքի և սիրո պատասխան, որն իրենից բացի ուրիշ ոչ ոք չի կարող տալ իր փոխարեն։

 

358. Աստված ամեն բան ստեղծել է մարդու համար[4], մինչդեռ մարդն ինքը ստեղծվել է Աստծուն ծառայելու և սիրելու համար, և վերընծայելու համար Նրան ողջ արարչությունը.

«Ո՞րն է, ուրեմն, այն էակը, որ պետք է գոյության գա մի այսպիսի պատվով պատված։ Մարդն է, մեծ ու սքանչելի կենդանի կերպարը, որն Աստծո աչքին ավելի թանկագին է, քան ողջ արարչությունը։ Մարդն է։ Նրա համար է, որ գոյություն ունեն երկինքն ու երկիրը, ծովն ու արարչության ամբողջությունը, և մարդու փրկությանն է, որ Աստված այնքա՜ն կարևորություն տվեց, որ մինչև իսկ չխնայեց, մարդո՛ւ համար, և ո՛չ իսկ Իր Միածին Որդուն։ Աստված, արդարև, երբեք ամբողջովին չդադարեց գործելուց՝ բարձրացնելու համար մարդուն մինչև Ինքը և բազմել տալու համար նրան Իր աջ կողմում»[5]։

 

359. «Իրականում, մարդացած Բանի խորհրդի մեջ է միայն ճշմարտապես լուսավորվում մարդու խորհուրդը»[6].

«Երանելի Առաքյալն ուսուցանում է մեզ, որ երկու մարդիկ են սկիզբ տվել մարդկային զարմին. Ադամը և Քրիստոսը։ [...] ''Առաջին մարդը՝ Ադամը'', ասում է, ''դարձավ կենդանի էակ, մինչդեռ վերջին Ադամը դարձավ կենսատու հոգի''։ Այն առաջինը ստեղծվել է այս վերջինի կողմից, որից ստացել է հոգին՝ ապրելու համար։ [...] Երկրորդ Ադամը կաղապարեց առաջինին և նրա մեջ դրոշմեց Իր սեփական պատկերը։ Եվ այնպես պատահեց, որ հետագայում Ինքը վերցրեց նրա բնությունն ու անունը, չկորցնելու համար այն, ինչը որ Ինքը ստեղծել էր Իր պատկերի համաձայն։ Կա մի առաջին Ադամ, և կա մի վերջին Ադամ։ Առաջինն ունի սկիզբ, վերջինը չունի վախճան։ Եվ հենց այս վերջինն է, արդարև, ճշմարտապես առաջինը, ինչպես որ ասում է. ''Ես եմ, միայն ես, առաջինը և նաև վերջինը''»[7]։

 

360. Համընդհանուր ծագման պատճառով՝ մարդկային զարմը կազմում է մեկ միասնություն։ Աստված, իրոք, «միայն մեկ մարդուց ստեղծեց երկրի բոլոր ազգերը» (Գրծ 17, 26)[8].

«Սքանչելի տեսություն, որ մեզ հնարավորություն է տալիս դիտելու մարդկային զարմն Աստծո մեջ իր ծագման միության ներսում. [...] միության մեջ իր բնության, որը բոլորի մոտ հավասարապես կազմված է նյութական մարմնից և ոգեղեն հոգուց. միության մեջ իր անմիջական նպատակի և աշխարհի մեջ իր առաքելության. միության մեջ իր կենսական միջավայրի՝ երկրագնդի, որի բարիքներից բոլոր մարդիկ իրենց բնական իրավունքով կարող են օգտվել՝ պահպանելու և զարգացնելու համար կյանքը. միության մեջ իր գերբնական նպատակակետի՝ Աստծո, որին պարտավոր են ձգտել բոլորը. միության մեջ այն միջոցների, որոնք հարկավոր են այդ նպատակին հասնելու համար. [...] միության մեջ իր փրկագնման, որն ի կատար ածեց Քրիստոսը բոլորի համար»[9]։

 

361. «Մարդկային համերաշխության և սիրո այս օրենքը»[10], առանց բացառելու անձերի, մշակույթների և ժողովուրդների հարուստ բազմազանությունը, վստահեցնում է մեզ, որ բոլոր մարդիկ իսկապես եղբայրներ են։

[1] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Հով. Սահմ. Բերկրանք և Հույս, 12: AAS 58 (1966) 1034.
[2] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Հով. Սահմ. Բերկրանք և Հույս, 24: AAS 58 (1966) 1045.
[3] Սբ. Կատարինե Սիենացի, Երկխոսություն Աստվածային Նախախնամության մասին, 13։ ed. G. Cavallini (Roma 1995), p. 43.
[4] Հմմտ. Վատիկանյան Երկրորդ Ժողով, Հով. Սահմ. Բերկրանք և Հույս, 12: AAS 58 (1966) 1034; Նույն, 24: AAS 58 (1966) 1045; Նույն, 39: AAS 58 (1966) 1056-1057.
[5] Սբ. Հովհան Ոսկեբերան, Քարոզներ Ծննդոց գրքի մասին, 2, 1։ PG 54, 587-588.
[6] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Հով. Սահմ. Բերկրանք և Հույս, 22: AAS 58 (1966) 1042.
[7] Սբ. Պետրոս Ոսկեխոս, Ճառ 117, 1-2։ CCL 24A, 709 (PL 52, 520).
[8] Հմմտ. Տվբ 8, 6
[9] Պիուս Տասներկուերորդ, Կոնդակ Քահանայապետության ծանրակշիռ պարտականությունները։ AAS 31 (1939) 427; հմմտ. Վատիկանյան Երկրորդ Ժողով, Հայտ. Մեր դարաշրջանում, 1։ AAS 58 (1966) 740.
[10] Պիուս Տասներկուերորդ, Կոնդակ Քահանայապետության ծանրակշիռ պարտականությունները։ AAS 31 (1939) 426.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։