Գլուխ Ա. - Հոդված 1. - Հատված Բ. / գ) Ամենասուրբ Երրորդությունը հավատքի վարդապետության մեջ – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Ա. - Հոդված 1. - Հատված Բ. / գ) Ամենասուրբ Երրորդությունը հավատքի վարդապետության մեջ

ԵՐՐՈՐԴՈՒԹՅԱՆ ԴՈԳՄԱՅԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ

249. Ամենասուրբ Երրորդության հայտնված ճշմարտությունը սկզբից ևեթ գտնվել է Եկեղեցու կենդանի հավատքի հիմքում, հատկապես Մկրտության շնորհիվ։ Այն իր արտահայտությունը գտնում է Մկրտության ժամանակ դավանված հավատքի կանոնի մեջ, բանաձևված է Եկեղեցու քարոզչության, կրոնուսուցման և աղոթքի մեջ։ Նման բանաձևումներ հանդիպում են դեռևս առաքելական գրությունների մեջ, ինչպես օրինակ այս ողջույնը, որն հետագայում գործածության է վերցվել Սուրբ Պատարագի ծիսակատարության մեջ. «Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, Աստծո սերը և Սուրբ Հոգու հաղորդությունը թող որ ձեր բոլորիդ հետ լինեն» (2Կր 13, 13)[1]։

 

250. Առաջին դարերի ընթացքում Եկեղեցին աշխատել է առավել հստակ կերպով բանաձևել Երրորդության վերաբերյալ իր հավատքը, թե՛ խորացնելու համար հավատքի իր իսկ ըմբռնողությունը, և թե՛ պաշտպանելու համար այն՝ ընդդեմ սխալների, որոնք այն աղավաղում էին։ Ահա՛ սա եղավ հնագույն շրջանի Տիեզերական Ժողովների գործը, որոնց օգնության հասավ Եկեղեցու Հայրերի աստվածաբանական փնտրտուքը և նեցուկ կանգնեց քրիստոնյա ժողովրդի հավատքի զգացողությունը։

 

251. Երրորդության դոգմայի բանաձևման համար Եկեղեցին կարիքը զգաց զարգացնելու մի սեփական հատուկ եզրաբանություն՝ գործածելով փիլիսոփայական ծագում ունեցող որոշ եզրեր. «գոյացություն», «անձ» կամ «հիպոստասիս», «հարաբերություն», և այլն։ Այսպես վարվելով, Եկեղեցին չենթարկեց հավատքը մարդկային իմաստությանը, այլ՝ տվեց մի նոր, անսովոր իմաստ այդ եզրերին, որոնք այդուհետև իմաստավորելու էին նաև մի անարտահայտելի խորհուրդ, որն «անսահմանորեն անդին է գտնվում այն ամենից, որ կարող ենք ըմբռնել մարդկային կարողությամբ»[2]։

 

252. Եկեղեցին գործածում է «գոյացություն» եզրը (որին երբեմն փոխարինում են նաև «էություն» և «բնություն» եզրերը) մատնանշելու համար աստվածային Էությունն Իր միության մեջ. «անձ» կամ «հիպոստասիս» եզրը՝ մատնանշելու համար Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն՝ Նրանց փոխադարձ իրական տարբերության մեջ. «հարաբերություն» եզրը՝ մատնանշելու համար այն փաստը, որ աստվածային Անձերի միջև զանազանությունը կայանում է Մեկը Մյուսների հետ կապակցության կամ առնչության մեջ։

 

ԱՄԵՆԱՍՈՒՐԲ ԵՐՐՈՐԴՈՒԹՅԱՆ ԴՈԳՄԱՆ

253. Երրորդությունը Մեկ է։ Մենք չենք դավանում երեք աստվածներ, այլ՝ միայն մեկ Աստված երեք Անձերով. «համագոյակից Երրորդությունը»[3]։ Աստվածային Անձերը չեն կիսում միակ աստվածությունը, այլ՝ Նրանցից յուրաքանչյուրը Աստված է ամբողջությամբ. «Հայրն այն ամենն է, ինչ որ է Որդին. Որդին այն ամենն է, ինչ որ է Հայրը. Սուրբ Հոգին այն ամենն է, ինչ որ են Հայրը և Որդին. այսինքն՝ մեկ միակ Աստված ըստ բնության»[4]։ «Երեք Անձերից յուրաքանչյուրը այդ իրականությունն է, այսինքն՝ աստվածային գոյացությունը, էությունը կամ բնությունը»[5]։

 

254. Աստվածային Անձերն իսկապես զատ են միմյանցից։ «Աստված միակ է, բայց միայնակ չէ»[6]։ «Հայր»ը, «Որդի»ն և «Սուրբ Հոգի»ն պարզապես անուններ չեն, որոնցով մատնանշվում են աստվածային Էության ձևափոխությունները։ Նրանք իսկապես զատ են միմյանցից. «Որդին Հայրը չէ, Հայրը Որդին չէ, և Սուրբ Հոգին Հայրը կամ Որդին չէ»[7]։ Միմյանց միջև զատորոշված են ըստ ծագման իրենց հարաբերությունների. «Հայրը ծնում է, Որդին ծնված է, Սուրբ Հոգին բխում է»[8]։ Աստվածային Միությունը Եռանձն է։

 

255. Աստվածային Անձերը հարաբերության մեջ են Մեկը Մյուսների հետ։ Աստվածային Անձերի իրական զատորոշությունը միմյանց միջև – քանի որ չի բաժանում աստվածային միությունը – կայանում է բացառապես հարաբերության մեջ, որով Մեկը վերաբերվում է Մյուսներին. «Անձերի հարաբերական Անուններում Հայրը կապակցված է Որդուն, Որդին՝ Հորը, Սուրբ Հոգին՝ Մեկին և Մյուսին։ Երբ խոսում ենք երեք Անձերի մասին՝ ի նկատի առնելով Նրանց հարաբերությունը, հավատում ենք, այդուհանդերձ, մեկ միակ բնության կամ գոյացության»[9]։ Իրոք, «ամեն ինչ Նրանց մեջ մեկ է, ուր չի ներկայանում հարաբերությունը»[10]։ «Այս միության շնորհիվ՝ Հայրն ամբողջովին Որդու մեջ է, ամբողջովին Հոգու մեջ. Որդին ամբողջովին Հոր մեջ է, ամբողջովին Հոգու մեջ. Հոգին ամբողջովին Հոր մեջ է, ամբողջովին Որդու մեջ»[11]։

 

256. Սբ. Գրիգոր Նազիանզացին, ով կոչվում է նաև «Աստվածաբան», Կոստանդնուպոլսում Մկրտության թեկնածուներին է ուղղել երրորդութենական հավատքի այս համառոտությունը.

«Նախևառաջ պահպանեցեք իմ այս թանկարժեք ավանդը, որի համար եմ ես ապրում ու պայքարում, որի հետ եմ ես ուզում մեռնել, որն ինձ ունակ է դարձնում որևէ չարիք կրելու և արհամարհելու բոլոր հաճույքները. ի նկատի ունեմ հավատքի դավանությունը Հոր, Որդու և Սուրբ Հոգու հանդեպ։ Ահա՛ այսօր ձեզ եմ հանձնում այն։ Նրանով քիչ անց կընկղմեմ ձեզ ջրի մեջ և նրանից դուրս կհանեմ։ Նվիրում եմ ձեզ այս դավանությունը որպես մտերիմ ընկեր և պահապան ձեր ողջ կյանքի։ Տալիս եմ ձեզ միայն մեկ Աստվածություն և Զորություն, որ Մեկ է Երեքում, և բովանդակում է Երեքին միմյանցից զատորոշ կերպով։ Աստվածություն առանց գոյացության կամ բնության տարբերության, առանց վերին աստիճանի, որ բարձրացնում է, կամ ստորինի, որ ցածրացնում է։ [...] Երեք անսահմաններինն է անսահման բնութենակցությունը։ Նրանցից յուրաքանչյուրը, Ինքն Իր մեջ առնված, ամբողջական Աստված է։ [...] Աստված՝ երեք Անձերն է ի միասին նկատված։ [...] Հազիվ սկսում եմ մտածել Միության մասին, և ահա՛ գտնում եմ ինձ Երրորդության փառքի մեջ ընկղմված։ Հազիվ սկսում եմ խորհել Երրորդության մասին, և ահա՛ Միությունը հագեցնում է ինձ [...] »[12]։

[1] Հմմտ. 1Կր 12, 4-6; Եփս 4, 4-6
[2] Պողոս Վեցերորդ, Հավատքի Հանդիսավոր Դավանությունը, 9։ AAS 60 (1968) 437.
[3] Կոստանդնուպոլսի Երկրորդ Ժողով (553թ.), Նզովքներ ընդդեմ երեք Գլուխների, 1։ DS 421.
[4] Թոլեդոյի Տասնմեկերորդ Ժողով (675թ.), Հանգանակի մասին։ DS 530.
[5] Լաթերանյան Չորրորդ Ժողով (1215թ.), Գուխ Երկրորդ. Վանահայր Հովակիմի սխալի մասին։ DS 804.
[6] Դամասոսի Հավատքի Դավանությունը։ DS 71.
[7] Թոլեդոյի Տասնմեկերորդ Ժողով (675թ.), Հանգանակի մասին։ DS 530.
[8] Լաթերանյան Չորրորդ Ժողով (1215թ.), Գուխ Երկրորդ. Վանահայր Հովակիմի սխալի մասին։ DS 804.
[9] Թոլեդոյի Տասնմեկերորդ Ժողով (675թ.), Հանգանակի մասին։ DS 528.
[10] Ֆլորենցիայի Ժողով (1442թ.), Վճռագիր Հակոբիկյանների վերաբերյալ։ DS 1330.
[11] Ֆլորենցիայի Ժողով (1442թ.), Վճռագիր Հակոբիկյանների վերաբերյալ։ DS 1331.
[12] Սբ. Գրիգոր Նազիանզացի, Ճառ 40, 41։ SC 358, 292-294 (PG 36, 417).
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։