Գլուխ Ա. - Հոդված 1. - Հատված Բ. / բ) Աստծո հայտնությունը որպես Երրորդություն – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Ա. - Հոդված 1. - Հատված Բ. / բ) Աստծո հայտնությունը որպես Երրորդություն

ՈՐԴԻՆ ՀԱՅՏՆՈՒՄ Է ՀՈՐԸ

238. Բազմաթիվ կրոնների մոտ Աստված կոչվում է «Հայր»։ Հաճախ Աստվածությունը նկատվում է որպես «աստվածների և մարդկանց հայրը»։ Իսրայելի մոտ Աստված կոչվում է Հայր, որովհետև տիեզերքի Արարիչն է[1]։ Է՛լ ավելի, Աստված Հայր է՝ Ուխտի և Իսրայելին՝ Իր «առաջնեկին» (Ել 4, 22) տված Օրենքի ուժով։ Կոչվում է նաև Հայր Իսրայելի թագավորի[2]։ Ամբողջովին յուրահատուկ կերպով Նա «Հայրն է աղքատների», որբի, այրիի, ովքեր Իր սիրալի պաշտպանության ներքո են[3]։

 

239. Աստծուն «Հայր» անվամբ դիմելով՝ հավատքի լեզուն երևան է հանում հատկապես երկու տեսանկյուններ. որ Աստված ամեն ինչի առաջնային սկիզբն է և վերանցական հեղինակություն է, և որ, միաժամանակ, բարություն և սիրալի հոգատարություն է Իր բոլոր զավակների հանդեպ։ Աստծո այս հայրական գորովը հնարավոր է արտահայտել նաև մայրության պատկերով[4], որն է՛լ ավելի լավ է մատնանշում Աստծո ներբնակությունը, սերտ մտերմությունը Աստծո և Իր արարածի միջև։ Հավատքի լեզուն այսպիսով հղում է կատարում ծնողների մարդկային փորձառությանը, ովքեր, որոշակի առումով, մարդու համար Աստծո առաջին ներկայացուցիչներն են։ Այդ փորձառությունը, սակայն, նաև ցույց է տալիս, որ մարդկային ծնողները կարող են սխալվել և աղավաղել հայրության ու մայրության իրական դիմագիծը։ Տեղին է, հետևաբար, հիշել, որ Աստված անդրանցական է՝ սեռերի մարդկային տարբերության համեմատ։ Նա ո՛չ այր է և ո՛չ էլ կին. Նա Աստված է։ Անդրանցական է, ուստի, մարդկային և՛ հայրության, և՛ մայրության համեմատ[5], լինելով հանդերձ դրանց սկզբնաղբյուրն ու բնօրինակը[6]։ Ոչ ոք Աստծո չափ հայր չէ։

 

240. Հիսուսը հայտնեց, որ Աստված «Հայր» է մի չլսված իմաստով. ո՛չ միայն Հայր է, որովհետև Արարիչն է, այլ՝ ի հավիտենից Հայրն է Իր միածին Որդու, Ով հավիտենական Որդի է՝ Իր Հոր հետ ունեցած հարաբերության պատճառով։ «Ոչ ոք չի ճանաչում Որդուն, եթե ո՛չ միայն՝ Հայրը, և ոչ ոք չի ճանաչում Հորը, եթե ո՛չ միայն՝ Որդին, և նա, ում որ Որդին կկամենա հայտնել» (Մտթ 11, 27)։

 

241. Սրա համար են Առաքյալները Հիսուսին դավանում որպես «Բան»[7], որ «սկզբում [...] Աստծո մոտ էր, և Բանն Աստված էր» (Հվհ 1, 1), որպես Նա, Ով «անտեսանելի Աստծո պատկերն» է (Կղս 1, 15) և «ճառագայթումը Նրա փառքի և նկարագիրը Նրա էության» (Եբր 1, 3)։

 

242. Նրանցից հետո, Առաքելական Ավանդությանը հետևելով, Եկեղեցին 325թ.ին Նիկեայում, Տիեզերական Առաջին Ժողովի ժամանակ, դավանեց, որ Որդին «համագոյակից»[8] է Հորը, այսինքն՝ մեկ միակ Աստված է Նրա հետ։ Տիեզերական Երկրորդ Ժողովը, 381թ.ին Կոստանդնուպոլսում, Նիկեական Հավատամքի իր բանաձևման մեջ պահպանեց այս արտահայտությունը և դավանեց «Աստծո միածին Որդուն, Հորից ծնված նախքան բոլոր հավիտյանները, Լույս Լույսից, ճշմարիտ Աստված ճշմարիտ Աստծուց, ծնված՝ ո՛չ ստեղծված, համագոյակից Հորը»[9]։

 

ՀՈԳԻՆ ՀԱՅՏՆՈՒՄ Է ՀՈՐԸ ԵՎ ՈՐԴՈՒՆ

243. Իր զատկից առաջ, Հիսուսն ավետում է առաքումը «մի ա՛յլ Մխիթարչի» (Պաշտպանի). Սուրբ Հոգու։ Հոգին, որ գործում է արարչությունից ի վեր[10], որ արդեն իսկ «խոսել էր մարգարեների միջոցով»[11], բնակվելու էր աշակերտների հետ և լինելու էր նրանց մեջ[12], ուսուցանելու համար նրանց ամեն բան[13] և առաջնորդելու համար նրանց «դեպի ամբողջական ճշմարտությունը» (Հվհ 16, 13)։ Այսպիսով, Սուրբ Հոգին հայտնվում է որպես աստվածային մեկ ա՛յլ Անձ, Հիսուսի և Հոր հետ հարաբերության մեջ։

 

244. Հոգու հավիտենական ծագումը հայտնվում է ժամանակի մեջ ի կատար ածած Իր առաքելության միջոցով։ Սուրբ Հոգին առաքվում է Առաքյալներին և Եկեղեցուն թե՛ Հոր կողմից հանուն Որդու, և թե՛ անձամբ Որդու կողմից՝ Հոր մոտ Իր վերադարձից հետո[14]։ Հիսուսի փառավորումից հետո Հոգու Անձի առաքումը[15] լիությամբ հայտնում է Ամենասուրբ Երրորդության խորհուրդը։

 

245. Հոգու վերաբերյալ առաքելական հավատքը դավանվել է Տիեզերական Երկրորդ Ժողովի ժամանակ, 381թ.ին Կոստանդնուպոլսում. Հավատում ենք «Սուրբ Հոգուն, Ով Տեր է և տալիս է կյանքը. և բխում է Հորից»[16]։ Այսպիսով Եկեղեցին ճանաչում է Հորը որպես «աղբյուր և ակունք ամբողջ աստվածության»[17]։ Սուրբ Հոգու հավիտենական բխումն, այդուհանդերձ, առանց որևէ առնչության չէ Որդու ծննդյան հետ. «Սուրբ Հոգին, Ով Երրորդության երրորդ Անձն է, Աստված է, մեկ և հավասար՝ Հորը և Որդուն, համագոյակից և նաև բնութենակից [...] ։ Սակայն չի ասվում, թե Նա միմիայն Հոր Հոգին է, այլ՝ Հոգին է միաժամանակ Հոր և Որդու»[18]։ Եկեղեցու Կոստանդնուպոլսի Ժողովի Հավատամքը դավանում է. «Հոր և Որդու հետ երկրպագվում է ու փառաբանվում»[19]։

 

246. Հավատամքի լատին ավանդությունը դավանում է, որ Սուրբ Հոգին «բխում է Հորից և Որդուց [Filioque]»։ Ֆլորենցիայի Ժողովը 1439թ.ին հստակեցնում է. «Սուրբ Հոգին Իր գոյացական էությունն ու լինելությունը ստանում է միաժամանակ Հորից և Որդուց, և [...] ի հավիտենից բխում է Մեկից և Մյուսից, ինչպես մեկ միակ Սկզբից և մեկ միակ փչմամբ [...] ։ Եվ քանի որ այն ամենը, ինչը որ Հորինն է, նույն Ինքն Հայրը տվել է Իր միածին Որդուն՝ ծնելով Նրան, բացառությամբ Իր Հայր լինելու, նաև Սուրբ Հոգու այս բխումը նաև Որդուց՝ Որդին ի հավիտենից ստացել է Իր Հորից, Ով ծնել է նաև Իրեն՝ Որդուն»[20]։

 

247. «Եվ Որդուց» հաստատումը բացակայում էր 381թ.ին Կոստանդնուպոլսում դավանված Հավատամքի մեջ։ Բայց լատին և ալեքսանդրյան մի հնագույն ավանդության վրա հիմնվելով, Սուրբ Լևոն Պապը դոգմատիկ կերպով այն դավանել էր 447թ.ին արդեն[21], նախքան Հռոմի կողմից 381թ.ի Հավատամքի ճանաչումն ու ընդունումը՝ 451թ.ին, Քաղկեդոնի Ժողովի միջոցով։ Հավատամքի մեջ այս բանաձևի գործածումը կամաց կամաց մուտք գործեց Լատին Ծեսից ներս (Ութերորդ և Տասնմեկերորդ դարերի միջև)։ Նիկեա-Կոստանդնուպոլսյան Հավատամքի մեջ Լատին Ծեսի կողմից «Եվ Որդուց» բանաձևի ներմուծումն իրենից ներկայացնում է, մինչև օրս, անհամաձայնության մի կետ՝ Արևելյան Եկեղեցիների հետ։

 

248. Արևելյան ավանդությունը նախևառաջ ընդգծում է այն ճշմարտությունը, որ Հայրը, Սուրբ Հոգու առնչությամբ, առաջին ակունքն է։ Դավանելով, որ Հոգին «բխում է Հորից» (Հվհ 15, 26), հաստատում է, որ Հոգին բխում է Հորից՝ Որդու միջոցով[22]։ Արևմտյան ավանդությունը շեշտն առավել դնում է Հոր և Որդու միջև համագոյակցական հաղորդության վրա, հաստատելով, որ Հոգին բխում է Հորից և Որդուց (Filioque)։ Սա ասում է «օրինավոր և տրամաբանական կերպով»[23]. արդարև, Իրենց համագոյակցական հաղորդության մեջ աստվածային Անձերի հավիտենական կարգն ինքնըստինքյան պահանջում է, որ Հայրը լինի Հոգու առաջին ակունքը, որովհետև «անպատճառ պատճառն» է[24]. բայց նաև, – քանի որ Միածին Որդու Հայրն է – , որ Նրա հետ միասին լինի «միակ ակունքը, որից բխում է Սուրբ Հոգին»[25]։ Այս օրինավոր հավելումը, եթե չի ներկայացվում աղավաղելով դրա իմաստը, ոչնչով չի վնասում դավանված միևնույն խորհրդի իրականության հանդեպ հավատքի ինքնությանը։

[1] Հմմտ. 2Օր 32, 6; Մղք 2, 10
[2] Հմմտ. 2Սմ 7, 14
[3] Հմմտ. Սղմ 68, 6
[4] Հմմտ. Ես 66, 13; Սղմ 131, 2
[5] Հմմտ. Սղմ 27, 10
[6] Հմմտ. Եփս 3, 14-15; Ես 49, 15
[7] Գրաբարյան «բան» եզրը (հունարեն՝ լոգոս), որ սովորաբար թարգմանվում է որպես «խոսք», բայց կարող է նշանակել նաև «միտք», «իմաստ», բան-ականության, բան-ավորության արմատն է, որով մատնանշվում է գոյություն ունեցող ամեն ինչի գոյութենական իմաստը և հակառակվում է անիմաստությանը, ան-բան-ությանը, ան-բան-ականությանը։ Հատկանշական է, որ հայերենում գոյություն ունեցող ամեն ինչ մատնացույց է արվում որպես «մի բան», այսինքն՝ իր մեջ բանականություն պարունակող միավոր։ Գրվելով մեծատառով, «Բան» («Լոգոս»), հասկանում ենք Աստվածային Միտքը, Իմաստությունը, Խոսքը (Ամենասուրբ Երրորդության երկրորդ Անձը՝ Որդին), որը ստեղծված որևէ բանականության արմատն ու աղբյուրն է, որից կտրվելու, հեռանալու դեպքում ամեն բան դառնում է անբան, իմաստազուրկ, հակասական, անտրամա-բան-ական։
[8] Նիկեական Հավատամք, DS 125.
[9] Նիկեա-Կոստանդնուպոլսյան Հավատամք, DS 150.
[10] Հմմտ. Ծնդ 1, 2
[11] Նիկեա-Կոստանդնուպոլսյան Հավատամք, DS 150.
[12] Հմմտ. Հվհ 14, 17
[13] Հմմտ. Հվհ 14, 26
[14] Հմմտ. Հվհ 14, 26; 15, 26; 16, 14
[15] Հմմտ. Հվհ 7, 39
[16] Նիկեա-Կոստանդնուպոլսյան Հավատամք, DS 150.
[17] Թոլեդոյի Վեցերորդ Ժողով (638թ.), Երրորդության և Փրկչի՝ Աստծո մարդացած Որդու մասին։ DS 490.
[18] Թոլեդոյի Տասնմեկերորդ Ժողով (675թ.), Հանգանակի մասին։ DS 527.
[19] Նիկեա-Կոստանդնուպոլսյան Հավատամք, DS 150.
[20] Ֆլորենցիայի Ժողով (1439թ.), Վճռագիր Հույների վերաբերյալ։ DS 1300-1301.
[21] Հմմտ. Սբ. Լևոն Մեծ, Նամակ «Որքան գովելի է»։ DS 284.
[22] Հմմտ. Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վճռագիր Ժողովուրդների մոտ, 2։ AAS 58 (1966) 948.
[23] Ֆլորենցիայի Ժողով (1439թ.), Վճռագիր Հույների վերաբերյալ։ DS 1302.
[24] Ֆլորենցիայի Ժողով (1442թ.), Վճռագիր Հակոբիկյանների վերաբերյալ։ DS 1331.
[25] Լուգդունի Երկրորդ Ժողով (1274թ.), Սահմանադրություն Ամենասուրբ Երրորդության և Կաթուղիկե Հավատքի վերաբերյալ։ DS 850.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։