Գլուխ Բ. - Հոդված 3. / դ) Աստվածաշնչի կանոնը – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Բ. - Հոդված 3. / դ) Աստվածաշնչի կանոնը

120. Առաքելական Ավանդությունն է օգնել Եկեղեցուն դատաստան կայացնելու, թե ո՛ր գրությունները պետք է ներառվեին Սրբազան Գրքերի ցանկում[1]: Այս ամբողջական ցանկն անվանվել է Աստվածաշնչի «Կանոն»: Ներառում է հինկտակարանյան 46 (45, եթե որպես մեկ գրություն են նկատվում Երեմիայի մարգարեությունն ու իր Ողբերը) և նորկտակարանյան 27 Գրքեր[2]: Դրանք են.

Հին Կտակարանի համար. Ծննդոց, Ելից, Ղևտացվոց, Թվոց, Երկրորդումն Օրինաց, Հեսու, Դատավորաց, Հռութ, Սամուելի երկու գրքերը (կամ Թագավորաց Առաջին և Երկրորդ), Թագավորաց երկու գրքերը (կամ Թագավորաց Երրորդ և Չորրորդ), Մնացորդաց (կամ Տարեգրությունների) երկու գրքերը, Եզրաս և Նեեմիա, Տովբիթ, Հուդիթ, Եսթեր, Մակաբայեցվոց երկու գրքերը, Հոբ, Սաղմոսաց, Առակաց, Ժողովող, Երգ Երգոց, Իմաստություն, Սիրաք, Եսայի, Երեմիա, Ողբեր, Բարուք, Եզեկիել, Դանիել, Ովսեե, Հովել, Ամոս, Աբդիա, Հովնան, Միքեա, Նաում, Ամբակում, Սոֆոնիա, Ագգեոս, Զաքարիա, Մաղաքիա:

Նոր Կտակարանի համար. Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննեսի Ավետարանները, Գործք Առաքելոց, Պողոս Առաքյալի նամակները Հռոմեացիներին, առաջին և երկրորդը Կորնթացիներին, Գաղատացիներին, Եփեսացիներին, Փիլիպեցիներին, Կողոսացիներին, առաջին և երկրորդը Թեսաղոնիկեցիներին, առաջին և երկրորդը Տիմոթեոսին, Տիտոսին, Փիլիմոնին, Եբրայեցիներին. ընդհանրական նամակները Հակոբոսի, առաջին և երկրորդը Պետրոսի, առաջին, երկրորդ և երրորդը Հովհաննեսի, Հուդայի. և Հովհաննեսի Հայտնությունը:

 

ՀԻՆ ԿՏԱԿԱՐԱՆԸ

121. Հին Կտակարանը Աստվածաշնչի անջնջելի մեկ մասն է: Հինկտակարանյան գրքերն աստվածային ներշնչում ունեն և պահպանում են իրենց մշտնջենական արժեքը[3], քանի որ Հին Ուխտը երբեք չի ջնջվել:

 

122. Իրոք, «Հին Կտակարանի տնօրենությունն իբրև յուրահատուկ նպատակ ուներ նախապատրաստել [...] Քրիստոսի՝ տիեզերքի Փրկչի գալուստը»: Հին Կտակարանի գրքերը, «թեև պարունակում են նաև անկատար ու ժամանակավոր բաներ», վկայում են Աստծո փրկարար սիրո աստվածային ողջ մանկավարժությանը: Դրանք «արտահայտում են Աստծո մի կենդանի զգացում, մարդու կյանքի համար բուժիչ իմաստություն և աղոթքների սքանչելի գանձեր»: Դրանց մեջ, ի վերջո, «թաքնված է մեր փրկության խորհուրդը»[4]:

 

123. Քրիստոնյաները մեծարում են Հին Կտակարանը որպես Աստծո ճշմարիտ Խոսք: Եկեղեցին միշտ մեծ ուժով մերժել է Հին Կտակարանն ուրանալու ոմանց գաղափարը, որոնց համաձայն՝ Նորն իբր այլևս գերազանցված է դարձրել այն (Մարկիոնիզմ):

 

ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆԸ

124. «Աստծո Խոսքը, որն աստվածային զորություն է բոլոր հավատացյալների փրկության համար, գերազանց կերպով ներկայանում և իր ուժը բացահայտում է Նոր Կտակարանի գրություններում»[5]: Այս գրությունները մեզ են հանձնում Աստվածային Հայտնության վերջնական ճշմարտությունը: Նրանց կենտրոնական առարկան Հիսուս Քրիստոսն է, Աստծո մարդացած Որդին, Նրա գործերը, Նրա ուսուցումները, Նրա չարչարանքներն ու Նրա փառավորումը, ինչպես նաև Նրա Եկեղեցու կյանքի առաջին շրջանը՝ Սուրբ Հոգու ներգործության ներքո[6]:

 

125. Ավետարաններն ամբողջ Աստվածաշնչի սիրտն են, քանի որ «մարդացած Բանի՝ մեր Փրկչի կյանքի ու վարդապետության վերաբերյալ գլխավոր վկայությունն են»[7]:

 

126. Ավետարանների շարադրման պատմության մեջ կարելի է զանազանել երեք հանգրվան.

ա) Հիսուսի կյանքն ու ուսուցումները: Եկեղեցին անխախտորեն դավանում է, որ չորս Ավետարանները, «որոնց պատմականությունը հաստատում է անվարան կերպով, հավատարմորեն ավանդում են այն, ինչը որ Հիսուսը՝ Աստծո Որդին, մարդկանց մեջ անցկացրած Իր կյանքի ընթացքում իրոք գործեց և ուսուցանեց նրանց հավիտենական փրկության համար, մինչև այն օրը, երբ համբարձավ Երկինք»:

բ) Բանավոր ավանդությունը: «Առաքյալներն, ապա, Տիրոջ Համբարձումից հետո, իրենց ունկնդրողներին փոխանցեցին այն, ինչը որ Նա ասել էր և արել, այն առավել ամբողջական հասկացողությամբ, որն իրենք այլևս ունեին, քանի որ ականատես էին եղել Քրիստոսի կյանքի փառահեղ դեպքերին և լուսավորվել էին Ճշմարտության Հոգու լույսով»:

գ) Գրի առնված Ավետարանները: «Սրբազան հեղինակները գրեցին չորս Ավետարանները՝ ընտրելով մի մասն այն բազմաթիվ պատմությունների, որոնք ավանդվել էին բանավոր կամ արդեն գրավոր կերպով, շարադրելով ուրիշ պատմությունների համադրություններ կամ մեկանաբանելով դրանք տեղական Եկեղեցիների կոնկրետ իրավիճակների համաձայն, պահպանելով, ի վերջո, քարոզչական նկարագիրը. միշտ, սակայն, այնպես, որ Հիսուսի մասին ավանդվեին ճշմարիտ ու անկեղծ բաներ»[8]:

 

127. Քառակերպ Ավետարանը եզակի տեղ է զբաղեցնում Եկեղեցում. դրա վկայությունն են մեծարանքը, որ նրան ընծայում է Ծեսը, և առավել քան բացառիկ հմայքը, որով այն ազդել է բոլոր ժամանակների Սրբերի վրա:

«Չկա Ավետարանի էջերից ավելի ընտիր, մեծարժեք և լուսեղեն ուսմունք: Խորհրդածեցեք և [ձեր սրտերում] պահպանեցեք այն ամենը, ինչը որ Քրիստոսը՝ մեր Տերն ու Վարդապետը, ուսուցանեց Իր խոսքերով և գործադրեց Իր արարքներով»[9]:

«Բայց հատկապես Ավետարանի վրա եմ կանգ առնում աղոթքներիս ժամանակ. նրանում գտնում եմ այն ամենը, որ անհրաժեշտ է իմ խեղճ հոգու համար: Միշտ նորանոր լույսեր եմ բացահայտում նրանում, իմաստներ ծածուկ և խորհրդավոր»[10]:

 

ՀԻՆ ԵՎ ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ

128. Եկեղեցին, առաքելական ժամանակներից ևեթ[11], և ապա անդադար՝ իր Ավանդության մեջ, երկու Կտակարանների մեջ աստվածային ծրագրի միությունը լուսաբանել է պատկերաբանության (տիպոլոգիա) միջոցով, որն Աստծո գործերի մեջ, որ ներկայացված են Հին Կտակարանում, նշմարում է նախապատկերներն այն բաների, որոնք Աստված, երբ ժամանակներն հասան իրենց լրմանը, կատարեց հԱնձինս Իր մարդացած Որդու:

 

129. Քրիստոնյաները, հետևաբար, Հին Կտակարանն ընթերցում են խաչված և հարություն առած Քրիստոսի լույսի ներքո: Պատկերաբանական ընթերցումը բացահայտում է Հին Կտակարանի անսպառելի բովանդակությունը: Սա, սակայն, չպետք է հանգեցնի մոռանալու, որ Հին Կտակարանը պահպանում է Հայտնություն լինելու իրեն հատուկ արժեքը, ինչը որ մեր Տերն Ինքն էլ վերստին հաստատեց[12]: Ուստի, Նոր Կտակարանը նույնպես հարկավոր է ընթերցել Հնի լույսի ներքո: Քրիստոնեական ուսմունքի առաջին ուսուցիչներն անդադար մեջբերումներ էին անում նրանից[13]: Մի հնագույն խոսքի համաձայն, Նոր Կտակարանը թաքնված է Հնի մեջ, մինչ Հինը բացահայտված է Նորի մեջ («Novum in Vetere latet et in Novo Vetus patet»)[14]:

 

130. Պատկերաբանությունն ակներև է դարձնում ընթացքը (դինամիզմը) դեպի աստվածային ծրագրի լիուլի կատարումը, երբ «Աստված ամեն ինչ կլինի ամենքի մեջ» (1Կր 15, 28): Նահապետների կոչումը և Եգիպտոսից Ելքը նույնպես, օրինակի համար, չեն կորցնում այն արժեքը, որն իրենց հատուկ է աստվածային ծրագրի ներսում, քանի որ, միաժամանակ, այդ նույն ծրագրի միջանկյալ հանգրվաններից են:

[1] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Աստծո Խոսքը, 8: AAS 58 (1966) 821.
[2] Հմմտ. Դամասոսի Վճռագիր: DS 179-180; Ֆլորենցիայի Ժողով, Հակոբիկյանների վերաբերյալ Վճիռ: DS 1334-1336; Տրիդենտյան Ժողով, Չորրորդ նիստ, Վճռագիր Սրբազան Գրքերի և ստացված ավանդությունների մասին: DS 1501-1504.
[3] Հմմտ. Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Աստծո Խոսքը, 14: AAS 58 (1966) 825.
[4] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Աստծո Խոսքը, 15: AAS 58 (1966) 825.
[5] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Աստծո Խոսքը, 17: AAS 58 (1966) 826.
[6] Հմմտ. Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Աստծո Խոսքը, 20: AAS 58 (1966) 826.
[7] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Աստծո Խոսքը, 18: AAS 58 (1966) 826.
[8] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Աստծո Խոսքը, 19: AAS 58 (1966) 826-827.
[9] Սբ. Կեսարուհի Կրտսեր, Նամակ Ռիխիլդամին և Ռադեգունդեմին: SC 345, 480.
[10] Սբ. Թերեզա Հիսուս Մանկան, Ձեռագիր Ա., 83v: Ինքնակենսագրական ձեռագրեր (Paris 1929), p. 268.
[11] Հմմտ. 1Կր 10, 6. 11: Եբր 10, 1: 1Պտ 3, 21
[12] Հմմտ. Մրկ 12, 29-31
[13] Հմմտ. 1Կր 5, 6-8; 10, 1-11
[14] Սբ. Օգոստինոս Հիպպոնացի, Հարցեր Հնգամատյանի մասին, 2, 73: CCL 33, 106 (PL 34, 623); հմմտ. Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Աստծո Խոսքը, 16: AAS 58 (1966) 825.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։