Գլուխ Ա. - Հոդված 1. - Հատված Է. / բ) Հրեշտակների անկումը – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Ա. - Հոդված 1. - Հատված Է. / բ) Հրեշտակների անկումը

391. Մեր նախածնողների անհնազանդ ընտրության ետևում ներկա է մի հրապուրող ձայն, որ հակառակվում է Աստծուն[1], և որ, նախանձից դրդված, նրանց ընկնել է տալիս մահվան մեջ[2]։ Աստվածաշունչը և Եկեղեցու Ավանդությունը այդ էակի մեջ տեսնում են մի անկյալ հրեշտակ, որին անվանում են սատանա կամ դև[3]։ Եկեղեցին ուսուցանում է, որ նա սկզբում եղել է բարի հրեշտակ, Աստծո կողմից ստեղծված։ «Սատանան, իսկապես, և մյուս բոլոր դևերը, Աստծո կողմից ստեղծվել են բնությամբ բարի, բայց իրենք իրենց կամքով վերածվել են չարերի»[4]։

 

392. Աստվածաշունչը խոսում է այս հրեշտակների ինչ որ մի մեղքի մասին[5]։ Այդ «անկումը» կայանում է նրանում, որ այդ ստեղծված հոգիները, իրենց ազատ ընտրությամբ, արմատական ու անհետսկոչելի կերպով մերժել են Աստծուն և Նրա Արքայությունը։ Այդ ապստամբության անդրադարձը գտնում ենք փորձողի կողմից մեր նախածնողներին ուղղված խոսքերի մեջ. «Աստվածներ կդառնաք» (Ծնդ 3, 5)։ «Սատանան ի սկզբանե մեղանչող է» (1Հվհ 3, 8), «ստության հայրն է» (Հվհ 8, 44)։

 

393. Հրեշտակների մեղքի աններելի բնույթի պատճառը այդ ընտրության անհետսկոչելի նկարագիրն է, և ո՛չ թե աստվածային անսահման ողորմության տկարությունը։ «Նրանց համար չկա անկումից հետո զղջման հնարավորություն, այնպես՝ ինչպես որ այդ հնարավորությունը մարդկանց համար չկա մահից հետո»[6]։

 

394. Աստվածաշունչը փաստագրում է աղետալի ազդեցությունը նրա, ում Հիսուսն անվանում է «ի սկզբանե մարդասպան» (Հվհ 8, 44), և ով Հիսուսին անգամ ցանկացավ հեռացնել Հոր կողմից Նրան վստահված առաքելությունից[7]։ «Աստծո Որդին եկավ կործանելու սատանայի գործերը» (1Հվհ 3, 8)։ Այդ գործերի մեջ իր հետևանքներով ամենածանրը եղել է այն ստախոս խաբեությունը, որ մղեց մարդուն անհնազանդ լինելու Աստծո հանդեպ։

 

395. Սատանայի զորությունը, սակայն, անսահման չէ։ Նա ընդամենը մի արարած է։ Այո՛, զորեղ է, քանի որ զուտ հոգի է, բայց միշտ մնում է մի արարած. չի կարող խոչընդոտել Աստծո Արքայության կերտմանը։ Թեև սատանան գործում է աշխարհում՝ Աստծո և, հանձինս Հիսուս Քրիստոսի, Աստծո Արքայության դեմ տածած ատելությունից մղված, և թեև իր այդ գործունեությունը ծանր – թե՛ հոգևոր և թե՛, անուղղակի կերպով, մարմնավոր – վնասներ է պատճառում, յուրաքանչյուր մարդու և ամբողջ հասարակության համար այդ գործունեությունը թույլատրված է Աստվածային Նախախնամության կողմից, որը ղեկավարում է մարդու և աշխարհի պատմությունը ուժով և քաղցրությամբ։ Դիվային գործունեության աստվածային թույլատրումը մի մեծ խորհուրդ է, բայց «մենք գիտենք, որ ամեն ինչ նպաստում է բարիքին նրանց, ովքեր սիրում են Աստծուն» (Հռմ 8, 28)։

[1] Հմմտ. Ծնդ 3, 1-5
[2] Հմմտ. Իմս 2, 24
[3] Հմմտ. Հվհ 8, 44; Հյտ 12, 9
[4] Լաթերանյան Չորրորդ Ժողով (1215թ), Գլուխ Առաջին, Ընդհանրական Հավատքի մասին. DS 800.
[5] Հմմտ. 2Պտ 2, 4
[6] Սբ. Հովհան Դամասկացի, Հավատքի բացատրություն, 18 [Ուղղափառ հավատքի մասին, 2, 4]։ PTS 12, 50 (PG 94, 877).
[7] Հմմտ. Մտթ 4, 1-11
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։