Գլուխ Ա. - Հոդված 1. - Հատված Զ. / դ) Մարդը դրախտի մեջ – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Ա. - Հոդված 1. - Հատված Զ. / դ) Մարդը դրախտի մեջ

374. Առաջին մարդը ո՛չ միայն ստեղծվել էր բարի, այլ նաև՝ հաստատվել էր այնպիսի՜ մտերմության մեջ իր Արարչի հետ և այնպիսի՜ ներդաշնակության մեջ ինքն իր ու արարչության միջև, որ միմիայն Քրիստոսի մեջ նոր արարչության փառքը կարողացավ գերազանցել դրանց։

 

375. Եկեղեցին, վավերական կերպով մեկնաբանելով աստվածաշնչյան այլաբանությունները Նոր Կտակարանի և Ավանդության լույսի ներքո, ուսուցանում է, որ մեր նախածնողներ Ադամն ու Եվան հաստատվել էին սկզբնածին սրբության և արդարության վիճակում[1]։ Սկզբնածին սրբության շնորհը մասնակցություն էր աստվածային կյանքին[2]։

 

376. Մարդու կյանքն իր բոլոր ուղղություններով զորություն էր ստանում այդ շնորհի ճառագայթումից։ Քանի դեռ կմնար աստվածային մտերմության մեջ, մարդը չէր ենթարկվի ո՛չ մահվանը[3], ո՛չ էլ տառապանքին[4]։ Մարդկային անձի ներքին ներդաշնակությունը, ներդաշնակությունը տղամարդու և կնոջ միջև[5], ի վերջո՝ ներդաշնակությունը առաջին զույգի և ողջ արարչության միջև, կազմում էր այն կարգավիճակը, որն անվանում ենք «սկզբնածին արդարություն»։

 

377. Աշխարհի վրա «տիրապետությունը», որն Աստված սկզբից ևեթ շնորհել էր մարդուն, իրականանում էր նախևառաջ մարդու իսկ ներսում՝ որպես ինքնատիրապետություն։ Մարդն իր ողջ էությամբ ամբողջական էր և կարգի ու կանոնի մեջ ներդաշնակ, որովհետև ազատ էր եռադեմ ցանկասիրությունից[6], որն իրեն ստրուկ է դարձնում զգայարանների հաճույքներին, երկրային բարիքների անհագ տենչանքին, և սեփական եսի հաստատմանը՝ ընդդեմ բանականության հրահանգների։

 

378. Աստծո հետ մարդու ընտանի մտերմության նշանն այն էր, որ Աստված նրան դրել էր պարտեզի մեջ[7], որտեղ նա ապրում էր, որպեսզի «մշակեր այն և պահպաներ» (Ծնդ 2, 15). աշխատանքը տաժանելի ճգնություն չէր[8], այլ՝ տղամարդու և կնոջ համագործակցությունն էր Աստծո հետ՝ տեսանելի արարչությունն իր կատարելությանը հասցնելու նպատակով։

 

379. Մեր նախածնողների մեղքի հետևանքով խաթարվեց սկզբնածին արդարության ողջ ներդաշնակությունը, որն Աստված Իր ծրագրի մեջ նախատեսել էր մարդու համար։

[1] Հմմտ. Տրիդենտյան Ժողով, Հինգերորդ նիստ, Վճռագիր սկզբնական մեղքի մասին, կանոն 1։ DS 1511.
[2] Հմմտ. Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Ժողովուրդների Լույսը, 2: AAS 57 (1965) 5-6.
[3] Հմմտ. Ծնդ 2, 17; 3, 19
[4] Հմմտ. Ծնդ 3, 16
[5] Հմմտ. Ծնդ 2, 25
[6] Հմմտ. 1Հվհ 2, 16
[7] Հմմտ. Ծնդ 2, 8
[8] Հմմտ. Ծնդ 3, 17-19
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։