Ամփոփում – Գրադարան – Mashtoz.org

Ամփոփում

44. Մարդն իր բնությամբ և իր կոչմամբ՝ կրոնական էակ է: Քանի որ սերում է Աստծուց և վերադառնում է Աստծո մոտ, մարդը լիովին մարդկային կյանք չի ապրում, եթե ազատորեն չի ապրում Աստծո հետ իր հարաբերությունը։

 

45. Մարդը ստեղծված է Աստծո հետ հաղորդության մեջ ապրելու համար, Ում մեջ նա գտնում է իր երջանկությունը. «Երբ միացած կլինեմ Քեզ իմ ողջ անձով ու էությամբ, գոյություն չի ունենա իմ համար ցավ ու տառապանք։ Ճշմարիտ կյանք կլինի իմ կյանքը, ամբողջովին լցված Քեզնով»[1]։

 

46. Երբ ականջ է դնում արարածների պատգամին և սեփական խղճի ձայնին, մարդը կարող է հասնել ապահով վստահության՝ Աստծո գոյության վերաբերյալ, Ով ամեն ինչի առաջին պատճառն է ու վերջին վախճանը:

 

47. Եկեղեցին ուսուցանում է, որ միակ և ճշմարիտ Աստվածը՝ մեր Արարիչն ու Տերը, կարող է ապահով վստահությամբ ճանաչվել Իր գործերի միջոցով, մարդկային մտքի բնական լույսի շնորհիվ:

 

48. Արարածների բազմաթիվ կատարելություններից մեկնելով, որոնք անսահմանորեն կատարյալ Աստծո որոշակի նմանություններն են, կարող ենք իսկապես խոսել Աստծո մասին, թեև մեր սահմանափակ բառապաշարը չի սպառում Նրա խորհուրդը:

 

49. «Արարածն առանց Արարչի անգոյանում է»[2]: Ահա՛ թե ինչո՛ւ հավատացյալները գիտեն, որ իրենք Քրիստոսի սիրուց մղված են տանելու կենդանի Աստծո լույսը նրանց, ովքեր չգիտեն Նրա մասին կամ մերժում են Նրան։

[1] Սբ. Օգոստինոս Հիպպոնացի, Խոստովանություններ, 10, 28, 39։ CCL 27, 175 (PL 32, 795).
[2] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Հով Սահմ. Բերկրանք և Հույս, 36: AAS 58 (1966) 1054.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։