Գլուխ Ա. - Հոդված 1. - Հատված Ա. / ա) «Հավատում եմ մեկ Աստծո» – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Ա. - Հոդված 1. - Հատված Ա. / ա) «Հավատում եմ մեկ Աստծո»

200. Այս խոսքերով է սկսվում Նիկեա-Կոստանդնուպոլսյան Հավատամքը։ Աստծո միակության դավանումը, որն իր արմատն ունի Հին Կտակարանի աստվածային հայտնության մեջ, անբաժանելի է Աստծո գոյության դավանումից և նույնքան հիմնական է։ Աստված մեկ է, կա միայն մեկ Աստված. «Քրիստոնեական հավատքը հավատում և դավանում է միայն մեկ Աստված. մեկ՝ ըստ բնության, ըստ գոյացության և ըստ էության»[1]։

 

201. Իսրայելին՝ Իր ընտրյալին, Աստված հայտնվեց որպես Միակը. «Լսի՛ր, Իսրայել. Տերը մեր Աստվածն է, Տերը միայն Մեկ է։ Եվ դու պիտի սիրես Տիրոջը՝ քո Աստծուն, ամբողջ սրտովդ, ամբողջ հոգովդ, ամբողջ կարողությամբդ» (2Օր 6, 4-5)։ Մարգարեների միջոցով՝ Աստված կոչ է անում Իսրայելին և բոլոր ազգերին՝ դառնալ դեպի Ինքը՝ Միակը. «Վերադարձեք դեպի ինձ և կփրկվեք, երկրի ժողովուրդներ, որովհետև ես եմ Աստված, չկա մեկ ուրիշը [...] ։ Իմ առջև ծունր կդնեն բոլորը, ինձնով կերդվեն բոլոր լեզուները։ Կասեն. ''Միայն Տիրոջն են պատկանում հաղթանակն ու զորությունը''» (Ես 45, 22-24)[2]։

 

202. Հիսուսը նույնպես հաստատում է, որ Աստված «միակ Տերն է» և որ Նրան հարկավոր է սիրել ամբողջ սրտով, ամբողջ հոգով, ամբողջ մտքով և ամբողջ կարողությամբ[3]։ Միաժամանակ հասկացնում է, որ Ինքը նույնպես «Տերն է»[4]։ Դավանել, որ «Հիսուսը Տեր է», քրիստոնեական հավատքի յուրահատկությունն է։ Ինչը որ չի հակասում Մեկ Աստծո հանդեպ հավատքին։ Հավատալը Սուրբ Հոգուն, «Ով Տեր է և տալիս է կյանքը», որևէ բաժանում չի ներմուծում Մեկ Աստծո մեջ.

«Մենք հաստատուն կերպով հավատում և բացահայտորեն դավանում ենք, որ միայն մեկ է ճշմարիտն Աստված, հավիտենական ու անսահման, ամենակարող, անփոփոխ, անըմբռնելի ու աննկարագրելի. Հայրը, Որդին և Սուրբ Հոգին. երեք Անձեր, բայց միայն մեկ էություն, գոյացություն, այսինքն՝ բացարձակ կերպով պարզ բնություն»[5]։

[1] Հռոմեական կրոնուսույց, 1, 2, 8: ed. P. Rodriguez (Città del Vaticano-Pamplona 1989), p. 26.
[2] Հմմտ. Փլպ 2, 10-11
[3] Հմմտ. Մրկ 12, 29-30
[4] Հմմտ. Մրկ 12, 35-37
[5] Լաթերանյան Չորրորդ Ժողով, Գլուխ Առաջին, Ընդհանրական Հավատքի մասին. DS 800.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։