Գլուխ Գ. - Հոդված 1. / բ) «Գիտեմ, թե Ո՛ւմ եմ հավատացել» (2Տմ 1, 12) – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Գ. - Հոդված 1. / բ) «Գիտեմ, թե Ո՛ւմ եմ հավատացել» (2Տմ 1, 12)

ՀԱՎԱՏԱԼ ՄԵԿ ՄԻԱԿ ԱՍՏԾՈՒՆ

150. Հավատքը նախևառաջ մարդու անձնական հարումն է Աստծուն. միաժամանակ և անբաժանելի կերպով, նաև ազատակամ համաձայնությունն է Աստծո կողմից հայտնված բոլոր ճշմարտություններին: Որպես անձնական հարում Աստծուն և համաձայնություն Նրա կողմից հայտնված ճշմարտություններին, քրիստոնեական հավատքը տարբերվում է մարդկային մի որևէ անձի հանդեպ տածված հավատքից: Բարի և արդար է ամբողջովին հանձնվել Աստծուն և բացարձակ կերպով հավատալ այն բաներին, որ Նա ասում է: Ունայն և խաբեական կլիներ նմանատիպ հավատք ունենալ արարածի հանդեպ[1]:

 

ՀԱՎԱՏԱԼ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻՆ՝ ԱՍՏԾՈ ՈՐԴՈՒՆ

151. Քրիստոնյայի համար, հավատալ Աստծուն՝ նշանակում է անբաժանելի կերպով հավատալ Նրան, Ում Նա ուղարկել է. Իր սիրելի Որդուն, որի մեջ է գտնում Իր ողջ հաճությունը[2]. Աստված մեզ պատվիրել է լսել Նրան[3]: Տերն Ինքն էլ ասում է Իր աշակերտներին. «Հավատացե՛ք Աստծուն, հավատացե՛ք նաև ինձ» (Հվհ 14, 1): Մենք կարող ենք հավատալ Հիսուս Քրիստոսին, որովհետև Նա Ինքն Աստված է, մարդացած Բանը. «Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել. միայն Միածին Որդին, որ Հոր ծոցում է, Նա հայտնեց Նրան» (Հվհ 1, 18): Քանի որ Նա «տեսել է Հորը» (Հվհ 6, 46), միակն է, որ ճանաչում է Նրան, և որ կարող է Նրան հայտնել[4]:

 

ՀԱՎԱՏԱԼ ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒՆ

152. Անհնարին է հավատալ Հիսուս Քրիստոսին առանց հաղորդվելու Իր Հոգուն: Սուրբ Հոգին է, որ մարդկանց հայտնում է, թե Հիսուսն Ո՛վ է: Իրոք, «ոչ ոք չի կարող ասել ''Հիսուսը Տերն է'', եթե Սուրբ Հոգին չգործի իր մեջ» (1Կր 12, 3): «Հոգին քննում է ամեն բան, նաև Աստծո խորությունները: [...] Ոչ ոք երբևէ չի կարողացել ճանաչել Աստծո գաղտնիքները, եթե ո՛չ միայն՝ Աստծո Հոգին» (1Կր 2, 10-11): Միայն Աստված Ինքն է լիովին ճանաչում Աստծուն: Մենք հավատում ենք Սուրբ Հոգուն, որովհետև Նա Աստված է:

Եկեղեցին չի դադարում դավանել իր հավատքը մեկ միակ Աստծո՝ Հոր, Որդու և Սուրբ Հոգու հանդեպ:

[1] Հմմտ. Երմ 17, 5-6; Սղմ 40, 5; 146, 3-4
[2] Հմմտ. Մրկ 1, 11
[3] Հմմտ. Մրկ 9, 7
[4] Հմմտ. Մտթ 11, 27
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։