Գլուխ Գ. - Հոդված 1. / գ) Հավատքի բնութագրումը – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Գ. - Հոդված 1. / գ) Հավատքի բնութագրումը

ՀԱՎԱՏՔԸ ՇՆՈՐՀ Է

153. Երբ Սուրբ Պետրոսը դավանում է, որ Հիսուսը Քրիստոսն է, կենդանի Աստծո Որդին, Հիսուսը նրան ասում է. «Ո՛չ մարմինը և ո՛չ էլ արյունը հայտնեցին քեզ դա, այլ՝ իմ Հայրը, որ Երկնքում է» (Մտթ 16, 17)[1]: Հավատքը Աստծո շնորհներից մեկն է, Նրա կողմից հեղված գերբնական առաքինություններից մեկը: «Որպեսզի հնարավոր լինի այս հավատքն ընծայել, անհրաժեշտ է Աստծո շնորհը, որ կանխում է ու աջակցում, և ներքին օգնությունները Սուրբ Հոգու, որպեսզի Նա շարժի սիրտը և այն ուղղի առ Աստված, բացի մտքի աչքերը և բոլորին տա ''ճշմարտությանը համաձայնվելու և հավատալու քաղցրությունը''»[2]:

 

ՀԱՎԱՏՔԸ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ Է

154. Անհնարին է հավատալ առանց Սուրբ Հոգու շնորհի և ներքին օգնությունների: Նվազ ճշմարիտ չէ, սակայն, այն, որ հավատալը վավերական կերպով մարդկային գործողություն է: Մարդու ո՛չ ազատությանը և ո՛չ էլ բանականությանը հակառակ չէ Աստծուն վստահելը և Նրա կողմից հայտնված ճշմարտություններին հարելը: Մարդկային հարաբերություններում նույնպես, մեր արժանապատվությանը հակառակ չէ հավատք ընծայելը այն բաներին, որոնք ուրիշ անձինք ասում են իրենց և իրենց դիտավորությունների մասին, ինչպես նաև՝ նրանց խոստումների հանդեպ անվերապահ վստահություն տածելը (ինչպես, օրինակ, երբ մի այր ու մի կին ամուսնանում են), այդպիսով փոխադարձ հաղորդության մեջ մտնելու համար: Հետևաբար, է՛լ ավելի նվազ հակառակ է մեր արժանապատվությանը՝ «հավատքով լիովին ենթարկել մեր միտքն ու մեր կամքը Աստծուն, երբ Նա հայտնվում է»[3], և, այդպիսով, սերտ հաղորդության մեջ մտնել Նրա հետ:

 

155. Հավատքի մեջ՝ մարդկային միտքն ու կամքը համագործակցում են աստվածային շնորհին. «Հավատալը գործողություններից մեկն է մտքի, որը Աստծո շնորհի միջոցով շարժման մեջ դրված կամքի կողմից մղված՝ իր համաձայնությունն է տալիս աստվածային ճշմարտությանը»[4]:

 

ՀԱՎԱՏՔՆ ՈՒ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

156. Հավատալու դրդապատճառը չի կայանում նրանում, որ հայտնված ճշմարտությունները մեր բնական մտածողությանը ներկայանում են որպես ճշմարիտ ու խելքին հասու: Մենք հավատում ենք «դրանք հայտնող Աստծո իսկ հեղինակության պատճառով, Ով չի կարող ո՛չ մոլորվել, ո՛չ էլ մոլորեցնել»[5]: «Այդուհանդերձ, որպեսզի մեր հավատքի հարգը ''համապատասխան լինի բանականությանը'', Աստված կամեցավ, որ Սուրբ Հոգու ներքին օգնություններին ընկերանան Իր Հայտնության վերաբերյալ նաև արտաքին փաստեր»[6]: Այսպես, Քրիստոսի և Սրբերի կողմից գործված հրաշքները[7], մարգարեությունները, Եկեղեցու տարածումն ու սրբությունը, նրա արգասավորությունն ու անսասանությունը «Աստվածային Հայտնության ապահովագույն նշաններ են, հարմար՝ որևէ մարդու խելահասությանը»[8], հավատալիության դրդապատճառներ են, որ ցույց են տալիս, որ հավատքի համաձայնությունը «բնավ հոգու կույր մղում չէ»[9]:

 

157. Հավատքը ստույգ է, առավել ստույգ, քան մարդկային որևէ ճանաչողություն, որովհետև հիմնվում է Աստծո Խոսքի իսկ վրա, որը չի կարող խաբել: Անկասկած, հայտնված ճշմարտությունները կարող են մթին թվալ մարդկային մտքին ու փորձառությանը, բայց «աստվածային լույսի կողմից տրված ստուգությունն ավելի մեծ է, քան բնական իմացականության լույսի կողմից ընձեռնվածը»[10]: «Տասը հազար դժվարությունները մեկ կասկած անգամ չեն ձևավորում»[11]:

 

158. «Հավատքը աշխատում է հասկանալ»[12]. հավատքի բնորոշ հատկություններից մեկն այն է, որ հավատացյալը փափագի ավելի լավ ճանաչել Նրան, Ում հավատացել է, և ավելի լավ հասկանալ այն, ինչը որ Նա հայտնել է. առավել խորաթափանց ճանաչողությունն, իր հերթին, պահանջելու է առավել մեծ, սիրով միշտ ավելի բոցավառ հավատք: Հավատքի շնորհը բացում է «մտքի աչքերը» (Եփս 1, 18)՝ կարողանալու համար ըմբռնել Հայտնության բովանդակության, այսինքն՝ Աստծո ծրագրի և հավատքի խորհուրդների ամբողջության կենդանի իմաստը, այն սերտ կապակցվածության, որը դրանք կապում է միմյանց և Քրիստոսի հետ, Ով հայտնված խորհրդի կենտրոնն է: Արդ, «որպեսզի Հայտնության ըմբռնումը դառնա միշտ ավելի խորը, [...] Սուրբ Հոգին Իր պարգևաշնորհների միջոցով անդադար կատարելագործում է հավատքը»[13]: Այսպիսով, Սուրբ Օգոստինոսի խոսքի համաձայն. «Հավատա՛, որպեսզի հասկանաս. հասկացի՛ր, որպեսզի հավատաս»[14]:

 

159. Հավատք և գիտություն: «Թեև հավատքը բանականությունից վեր է, երբեք չի կարող գոյություն ունենալ իրական հակառակություն հավատքի ու բանականության միջև. քանի որ միևնույն Աստվածը, որ հայտնում է խորհուրդները և տալիս է հավատքը, նաև մարդկային հոգու մեջ դրել է բանականության լույսը, այս Աստվածը չէր կարող հակառակվել Ինքն Իրեն, ո՛չ էլ ճիշտը կարող է հակասել ճշտին»[15]: «Ուստի, գիտական ոլորտներից յուրաքանչյուրի համակարգված ուսումնասիրությունը, եթե առաջ է շարժվում իսկապես գիտական եղանակով և բարոյական կանոնների համաձայն, երբեք իրական հակասության մեջ չի լինի հավատքի հետ, որովհետև ոչ-կրոնական իրականությունները և հավատքի իրականությունները սերում են միևնույն Աստծուց: Մանավանդ թե, ով խոնարհությամբ ու հարատևությամբ ջանում է հետազոտել բնության գաղտնիքները, նաև առանց ինքն իսկ դա գիտակցելու՝ կարծես առաջնորդվում է Աստծո ձեռքը բռնած. Աստծո, Ով բոլոր էակներին գոյության մեջ պահելով, նրանց տալիս է լինել այն, ինչ որ նրանք են»[16]:

 

ՀԱՎԱՏՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

160. Որպեսզի հավատքի պատասխանը լինի մարդկային, «հիմնական տարր է, [...] որ մարդիկ պետք է կամովին պատասխանեն Աստծուն՝ հավատալով. «որ, հետևաբար, ոչ ոք չի կարող հարկադրվել՝ ընդունելու հավատքն իր կամքին հակառակ: Իրոք, հավատքի գործողությունն իր բնույթով իսկ կամովին է»[17]: «Աստված անշուշտ կանչում է մարդկանց՝ ծառայելու Իրեն հոգով և ճշմարտությամբ, որի պատճառով խղճի պարտականություն է դրված մարդկանց վրա, բայց ո՛չ պարտադրանք: [...] Սա գերագույն աստիճանի ակներևությամբ տեսանելի է հԱնձինս Քրիստոս Հիսուսի»[18]: Իրոք, Քրիստոսը հավատքի ու դարձի կոչ ուղղեց, բայց բնավ չստիպեց այդպես վարվել: «Վկայեց ճշմարտությանը, բայց չկամեցավ այն ուժով պարտադրել նրանց, ովքեր այն մերժում էին: Նրա թագավորությունն [...] աճում է սիրո զորությամբ, որով Քրիստոսը, Խաչի վրա բարձրացված, դեպի Ինքն է ձգում մարդկանց»[19]:

 

ՀԱՎԱՏՔԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

161. Հավատալը Հիսուս Քրիստոսին և Նրան, Ով առաքեց Նրան մեր փրկության համար, անհրաժեշտ է փրկվելու համար[20]: «Քանի որ ''առանց հավատքի անհնարին է հաճելի լինել Աստծուն'' (Եբր 11, 6) և մասնակցել Նրա զավակների վիճակին, ոչ ոք երբեք չի կարող արդարանալ առանց հավատքի և ոչ ոք չի հասնի հավիտենական կյանքին, եթե ''մինչև վերջ չհարատևի հավատքի մեջ'' (Մտթ 10, 22; 24, 13)»[21]:

 

ՀԱՎԱՏՔԻ ՄԵՋ ՀԱՐԱՏԵՎՈՒԹՅՈՒՆԸ

162. Հավատքը մի շնորհ է, որն Աստված տալիս է մարդուն ձրիորեն: Չենք կարող կորցնել այս անգին գանձը: Սուրբ Պողոսն այս առումով զգուշացնում է Տիմոթեոսին. Մղիր «բարի ճակատամարտը հավատքով ու բարեխղճությամբ, քանի որ ոմանք, որ այն մերժեցին, կորստի մատնեցին իրենց հավատքը» (1Տմ 1, 18-19): Հավատքի մեջ մինչև վերջ ապրելու, աճելու ու հարատևելու համար՝ պետք է այն սնուցենք Աստծո Խոսքով. պետք է խնդրենք Տիրոջը՝ հավելել մեր հավատքը[22]. այն պետք է գործի «սիրո միջոցով» (Գղտ 5, 6)[23], պետք է օժանդակություն ստանա հույսի կողմից[24], և արմատանա Եկեղեցու հավատքի մեջ:

 

ՀԱՎԱՏՔԸ՝ ՍԿԻԶԲԸ ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ

163. Հավատքը մեզ համտեսել է տալիս, որպես նախաճաշակ, Աստծո երանացնող տեսության բերկրանքն ու լույսը, որը մեր երկրային պանդխտության նպատակակետն է: Այն ժամանակ տեսնելու ենք Աստծուն «դեմ առ դեմ» (1Կր 13, 12), «այնպես, ինչպես որ Նա է՛» (1Հվհ 3, 2): Հավատքը, հետևաբար, հավիտենական կյանքի սկիզբն է արդեն.

«Այժմվանից իսկ սկսած, տեսնում ենք՝ ինչպես հայելու մեջ, գրեթե կարծես արդեն ներկա են, սքանչելի իրականությունները, որոնք խոստումները վերապահում են մեր համար, և որոնք, հավատքի միջոցով, ակնկալում ենք վայելել»[25]:

 

164. Այժմ, սակայն, «ընթանում ենք հավատքի մեջ, և ո՛չ տակավին՝ տեսության» (2Կր 5, 7), և ճանաչում ենք Աստծուն «ինչպես հայելու մեջ, աղոտ, [...] թերի կերպով» (1Կր 13, 12): Հավատքը, որ լուսավոր է Նրա պատճառով, Ում հավատում է, հաճախ ապրվում է մթության մեջ: Հավատքը կարող է փորձության ենթարկվել: Աշխարհը, որում ապրում ենք, հաճախ շա՜տ հեռու է թվում այն իրականություններից, որոնց վերաբերյալ հավատքը մեզ հավաստիացնում է. չարիքի ու տառապանքի, անարդարությունների ու մահվան փորձառությունները թվում է, թե հակասում են Բարի Ավետիսին, կարող են սասանել հավատքը և դառնալ նրա համար մի փորձություն:

 

165. Այդպիսի դեպքերում պետք է դիմենք հավատքի վկաներին. Աբրահամը, որ հավատաց՝ «հուսալով ընդդեմ ամեն հույսի» (Հռմ 4, 18). Սուրբ Կույս Մարիամը, ով «հավատքի ընթացքի մեջ»[26] հասավ մինչև «հավատքի գիշերվան»[27], մասնակցելով իր Որդու տառապանքին և նրա գերեզմանի խավարին[28]. և հավատքի ուրիշ շատ վկաների. «Վկաների այսքան հոծ բազմությամբ շրջապատված, վար թոթափելով այն, ինչը որ ծանր բեռ է, և մեղքը, որ պաշարում է մեզ, հարատևությամբ ընթանանք մեր առջև բացված ճանապարհով, հայացքներս սևեռված պահելով Հիսուսի վրա, Ով հավատքի հեղինակն ու կատարելագործողն է» (Եբր 12, 1-2):

[1] Հմմտ. Գղտ 1, 15-16; Մտթ 11, 25
[2] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Աստծո Խոսքը, 5: AAS 58 (1966) 819.
[3] Վատիկանյան Առաջին Ժողով, Վարդ. Սահմ. Աստծո Որդին, 3: DS 3008.
[4] Սբ. Թովմա Աքուինացի, Համապարփակ աստվածաբանություն, 2-2, q. 2, a. 9, c: Ed. Leon. 8, 37; հմմտ. Վատիկանյան Առաջին Ժողով, Վարդ. Սահմ. Աստծո Որդին, 3: DS 3010.
[5] Վատիկանյան Առաջին Ժողով, Վարդ. Սահմ. Աստծո Որդին, 3: DS 3008.
[6] Վատիկանյան Առաջին Ժողով, Վարդ. Սահմ. Աստծո Որդին, 3: DS 3009.
[7] Հմմտ. Մրկ 16, 20; Եբր 2, 4
[8] Վատիկանյան Առաջին Ժողով, Վարդ. Սահմ. Աստծո Որդին, 3: DS 3009.
[9] Վատիկանյան Առաջին Ժողով, Վարդ. Սահմ. Աստծո Որդին, 3: DS 3010.
[10] Սբ. Թովմա Աքուինացի, Համապարփակ աստվածաբանություն, 2-2, q. 171, a, 5, 3: Ed. Leon. 10, 373.
[11] Սբ. Ջոն Հենրի Նյումեն, Սեփական կյանքի ջատագովություն, 5, ed. M.J. Svaglic (Oxford 1967), p. 210.
[12] Սբ. Անսելմոս Աոստացի, Զրույցներ, Նախաբան: Opera omnia, ed. F.S. Schmidt, v. 1 (Edinburghi 1946), p. 94.
[13] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Աստծո Խոսքը, 5: AAS 58 (1966) 819.
[14] Սբ. Օգոստինոս Հիպպոնացի, Ճառ 43, 7, 9: CCL 41, 512 (PL 38, 258).
[15] Վատիկանյան Առաջին Ժողով, Վարդ. Սահմ. Աստծո Որդին, c. 4: DS 3017.
[16] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Հով. Սահմ. Բերկրանք և Հույս, 36: AAS 58 (1966) 1054.
[17] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Հայտ. Մարդկային արժանապատվությունը, 10: AAS 58 (1966) 936; հմմտ. Եկեղեցական Իրավունքի Կանոնագիրք, 748 § 2.
[18] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Հայտ. Մարդկային արժանապատվությունը, 11: AAS 58 (1966) 936.
[19] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Հայտ. Մարդկային արժանապատվությունը, 11: AAS 58 (1966) 937.
[20] Հմմտ. Մրկ 16, 16; Հվհ 3, 36; 6, 40 …
[21] Վատիկանյան Առաջին Ժողով, Վարդ. Սահմ. Աստծո Որդին, 3: DS 3012, հմմտ. Տրիդենտյան Ժողով, Վեցերորդ նիստ, Վճռագիր արդարացման մասին, 8: DS 1532.
[22] Հմմտ. Մրկ 9, 24; Ղկս 17, 5; 22, 32
[23] Հմմտ. Հկբ 2, 14-26
[24] Հմմտ. Հռմ 15, 13
[25] Սբ. Բարսեղ Կեսարացի, Սուրբ Հոգու մասին, 15, 36: SC 17bis, 370 (PG 32, 132); հմմտ. Սբ. Թովմա Աքուինացի, Համապարփակ աստվածաբանություն, 2-2, q. 4, a. 1, c: Ed. Leon. 8, 44.
[26] Հմմտ. Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Ժողովուրդների Լույսը, 58 AAS 57 (1965) 61.
[27] Հմմտ. Հովհաննես Պողոս Երկրորդ, Կոնդակ Փրկչի Մայրը, 17: AAS 79 (1987) 381.
[28] Հմմտ. Հովհաննես Պողոս Երկրորդ, Կոնդակ Փրկչի Մայրը, 8 AAS 79 (1987) 382-383.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։