Գլուխ Ա. - Հոդված 1. - Հատված Բ. ՀԱՅՐԸ / ա) «Հանուն Հոր և Որդու և Սուրբ Հոգու» – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Ա. - Հոդված 1. - Հատված Բ. ՀԱՅՐԸ / ա) «Հանուն Հոր և Որդու և Սուրբ Հոգու»

232. Քրիստոնյաները մկրտվում են «հանուն Հոր և Որդու և Սուրբ Հոգու» (Մտթ 28, 19)։ Նախ պատասխանում են «Հավատում եմ» այն եռամասն հարցմանը, որով իրենցից պահանջվում է դավանել իրենց հավատքը Հոր, Որդու և Սուրբ Հոգու հանդեպ։ «Բոլոր քրիստոնյաների հավատքը կայանում է Երրորդության հավատքի մեջ»[1]։

 

233. Քրիստոնյաները մկրտվում են «հանուն» – և ո՛չ թե «հանուններ» – Հոր և Որդու և Սուրբ Հոգու[2]. արդարև, կա միայն մեկ Աստված՝ Ամենակալ Հայրը և Իր Միածին Որդին և Սուրբ Հոգին. Ամենասուրբ Երրորդությունը։

 

234. Ամենասուրբ Երրորդության խորհուրդը քրիստոնեական հավատքի ու կյանքի առանցքային խորհուրդն է։ Աստծո խորհուրդն է Ինքն Իր մեջ։ Հետևաբար, հավատքի մյուս բոլոր խորհուրդների ակունքն է, դրանց լուսավորող լույսը։ Հիմնական և էական ուսմունքն է հավատքի «ճշմարտությունների նվիրապետության» մեջ[3]։ «Փրկության ողջ պատմությունը ճշմարիտ և միակ Աստծո հայտնության պատմությունն է. Հոր, Որդու և Սուրբ Հոգու, Ով հաշտեցնում և Իր հետ վերստին միավորում է նրանց, ովքեր բաժանվել էին մեղքով»[4]։

 

235. Այս հատվածում համառոտ կերպով կներկայացվի, թե ինչպե՛ս է հայտնվել Ամենասուրբ Երրորդության խորհուրդը (բ), թե ինչպե՛ս է Եկեղեցին սահմանել հավատքի այս խորհրդին վերաբերվող հավատքի ուսմունքը (գ), և վերջում, թե ինչպե՛ս է Որդու և Սուրբ Հոգու աստվածային առաքելությունների միջոցով Հայրն իրագործում արարչագործության, փրկագործության և սրբագործման Իր «բարյացակամ ծրագիրը» (դ)։

 

236. Եկեղեցու Հայրերը միմյանցից տարբերակում են «Θεολογία» - «Թէոլոգի՛ա» (աստվածաբանություն) և «Οἰκονομία» - «Օյկոնոմի՛ա» (տնօրենություն) եզրերը, առաջինի միջոցով հասկանալով Երրորդություն-Աստծո ներքին կյանքի խորհուրդը, իսկ երկրորդով՝ Աստծո բոլոր գործերը, որոնց միջոցով Նա հայտնվում և հաղորդում է Իր կյանքը։ «Οἰκονομία»ի միջոցով հայտնվում է «Θεολογία»ն. բայց, հակառակ ուղղությամբ, «Θεολογία»ն է, որ լույս է սփռում ողջ «Οἰκονομία»ի վրա։ Աստծո գործերը հայտնում են, թե Նա Ո՛վ է Ինքն Իր մեջ. և, հակառակ ուղղությամբ, Աստծո Էության խորհուրդը լույս է սփռում Նրա բոլոր գործերի ընկալման վրա։ Համանման եղանակով, այսպես է պատահում նաև մարդկային անձանց դեպքում։ Անձը բացահայտվում է իր գործերի միջոցով, և որքան ավելի լավ ենք ճանաչում անձը, այնքան ավելի լավ ենք հասկանում իր գործերը։

 

237. Երրորդությունը հավատքի խորհուրդներից մեկն է սեղմ իմաստով, «Աստծո մեջ թաքնված խորհուրդներից մեկը, որոնք չեն կարող ճանաչվել, եթե Աստծո կողմից չհայտնվեն»[5]։ Անկասկած, Աստված Իր եռանձն Էության հետքերը թողել է արարչության գործի մեջ և Իր Հայտնության մեջ Հին Կտակարանում։ Բայց Իր Էությունը որպես Ամենասուրբ Երրորդություն՝ անհասանելի խորհուրդ էր բանականության, ինչպես նաև Իսրայելի հավատքի համար, նախքան Աստծո Որդու Մարդեղությունը և Սուրբ Հոգու առաքումը։

[1] Սբ. Կեսարիոս Արլսացի, Հանգանակի մեկնությունը կամ ավանդումը (Ճառ 9)։ CCL 103, 47.
[2] Հմմտ. Վիջիլիուս Պապի հավատքի դավանությունը 552թ.ին (DS 415).
[3] Հմմտ. Կղերականների Սրբազան Ժողով, Կրոնուսուցման ընդհանուր ուղեցույց, 43։ AAS 64 (1972) 123.
[4] Կղերականների Սրբազան Ժողով, Կրոնուսուցման ընդհանուր ուղեցույց, 47։ AAS 64 (1972) 125.
[5] Վատիկանյան Առաջին Ժողով, Վարդ. Սահմ. Աստծո Որդին, 4: DS 3015.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։