Մասն Առաջին / Բաժին Երկրորդ / Գլուխ Բ. - ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻՆ՝ ԱՍՏԾՈ ՄԻԱԾԻՆ ՈՐԴՈՒՆ – Գրադարան – Mashtoz.org

Մասն Առաջին / Բաժին Երկրորդ / Գլուխ Բ. - ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻՆ՝ ԱՍՏԾՈ ՄԻԱԾԻՆ ՈՐԴՈՒՆ

ԲԱՐԻ ԼՈՒՐԸ. ԱՍՏՎԱԾ ՈՒՂԱՐԿԵՑ ԻՐ ՈՐԴՈՒՆ

422. «Բայց երբ հասավ ժամանակների լրումը, Աստված ուղարկեց Իր Որդուն, որ ծնվեց Կնոջից, ենթարկվեց Օրենքին՝ փրկելու համար նրանց, ովքեր Օրենքի տակ էին, որպեսզի նրանք ստանային որդեգրությունը» (Գղտ 4, 4-5)։ Ահա՛ Հիսուս Քրիստոսին՝ Աստծո Որդուն[1] վերաբերվող Բարի Լուրը. Աստված այցելեց Իր ժողովրդին[2], ի կատար ածեց Աբրահամին և նրա սերնդին տված խոստումները[3], և գերազանցեց մարդկային բոլոր սպասումները. ուղարկեց Իր սիրեցյալ Որդուն[4]։

 

423. Մենք հավատում և դավանում ենք, որ Հիսուս Նազովրեցին, ծնունդով հրեա՝ լինելով Իսրայելի դուստրերից մեկի որդին, ծնված՝ Բեթղեհեմում Հերովդես Մեծ թագավորի և Օգոստոս Կեսար կայսրի օրոք, արհեստով հյուսն, որ մեռավ Երուսաղեմում խաչված, Պոնտացի Պիղատոս կուսակալի հրամանով, մինչ Հռոմում գահակալում էր Տիբերիոս կայսրը, Աստծո հավիտենական Որդին է՝ մարդացած, որ «եկավ Աստծուց» (Հվհ 13, 3), «իջավ երկնքից» (Հվհ 3, 13; 6, 33), «եկավ մարմնով»[5]։ Իսկապես, «Բանը մարմնացավ և եկավ բնակվելու մեր մեջ, և մենք տեսանք Իր փառքը, փառքը Հոր Միածնի, լի շնորհով և ճշմարտությամբ։ [...] Իր լիությունից մենք բոլորս ստացանք շնորհ շնորհի վրա» (Հվհ 1, 14.16)։

 

424. Սուրբ Հոգու շնորհով մղված և Հոր կողմից ձգված, մենք Հիսուսի վերաբերյալ հավատում և դավանում ենք. «Դու Քրիստոսն ես, կենդանի Աստծո Որդին» (Մտթ 16, 16)։ Պետրոս Առաքյալի կողմից դավանված այս հավատքի ժայռի վրա Հիսուսը հիմնեց Իր Եկեղեցին[6]։

 

«ԱՎԵՏԵԼ [...] ՔՐԻՍՏՈՍԻ ԱՆՔՆԻՆ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» (Եփս 3, 8)

425. Քրիստոնեական հավատքի ավանդումը նախևառաջ ավետումն է Հիսուս Քրիստոսի, Նրա հանդեպ հավատք արթնացնելու նպատակով։ Սկզբից ևեթ, առաջին աշակերտները բռնված էին Քրիստոսին ավետելու վառ փափագով. «Մենք չեն կարող լռել այն բաների մասին, որ տեսել ենք և լսել» (Գրծ 4, 20)։ Նրանք բոլոր ժամանակների մարդկանց հրավիրում են մասնակցելու Քրիստոսի հետ ունեցած իրենց հաղորդության բերկրանքին.

«Այն, ինչը որ մենք լսեցինք, այն, ինչը որ մենք տեսանք մեր աչքերով, այն, ինչին որ հայեցինք և ինչին որ հպվեցին մեր ձեռքերը, այսինքն՝ Կյանքի Բանը, – որովհետև Կյանքը տեսանելի դարձավ և մենք տեսանք Նրան, և վկայում ենք և ավետում ենք ձեզ հավիտենական Կյանքը, որ Հոր մոտ էր և տեսանելի դարձավ մեզ, – այն, ինչը որ տեսանք և լսեցինք, նույնը ավետում ենք նաև ձեզ, որպեսզի դուք նույնպես հաղորդության մեջ լինեք մեր հետ։ Մեր հաղորդությունը Հոր և Իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի հետ է։ Այս բաները գրում ենք ձեզ, որպեսզի մեր ուրախությունը կատարյալ լինի» (1Հվհ 1, 1-4)։

 

ԿՐՈՆՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՔՐԻՍՏՈՍՆ Է

426. «Կրոնուսուցման կենտրոնում գտնում ենք էականորեն մի Անձ. Հիսուս Նազովրեցին՝ Հոր Միածինը, [...] Ով չարչարվեց և մեռավ մեր համար, և այժմ, հարություն առած, ընդմիշտ ապրում է մեր հետ։ [...] Ուսուցանել քրիստոնեական կրոնը [...] նշանակում է, հետևաբար, Քրիստոսի Անձի մեջ քողազերծել Աստծո ամբողջ ծրագիրը։ [...] Նշանակում է ջանալ ըմբռնել Քրիստոսի արարքների ու խոսքերի, Նրա կողմից գործված նշանների իմաստը»[7]։ Քրիստոնեական կրոնուսուցման նպատակն է մարդկանց «հաղորդության մեջ դնել [...] Հիսուս Քրիստոսի հետ. միայն Նա կարող է առաջնորդել դեպի Հոր սերը՝ Սուրբ Հոգու մեջ, և մասնակից դարձնել մեզ Ամենասուրբ Երրորդության կյանքին»[8]։

 

427. «Կրոնուսուցման մեջ Քրիստոսն է՝ մարդացած Բանը և Աստծո Որդին, որ ուսուցանվում է, իսկ մնացած ամեն բան ուսուցանվում է այն հիմքի վրա, որով տվյալ իրականությունը կապակցության մեջ է գտնվում Քրիստոսի հետ։ [...] Միայն Քրիստոսն Ինքն է ուսուցանում, իսկ մարդը հանդես է գալիս որպես Իր երեսփոխանը, հնարավորություն ընձեռելով Քրիստոսին՝ ուսուցանելու իր շուրթերով։ [...] Քրիստոնեական կրոնի յուրաքանչյուր ուսուցիչ պետք է իրեն վերագրի Հիսուսի այս խորհրդավոր խոսքերը. ''Իմ ուսմունքը իմը չէ, այլ՝ Նրանը, Ով ուղարկեց ինձ'' (Հվհ 7, 16)»[9]։

 

428. Ով կանչված է «Քրիստոսի մասին ուսուցանելու», պարտավոր է, հետևաբար, փնտրել ամեն ինչից ավելի այն շահը, որը «Քրիստոսի գիտության վսեմությունն» է. հարկավոր է ընդունել՝ կորցնել ամեն ինչ՝ «Քրիստոսին շահելու և Նրա մեջ գտնվելու նպատակով», և «ճանաչելու համար Իրեն, զորությունն Իր հարության, մասնակցությունն Իր չարչարանքներին, պատկերակից դառնալով Իրեն Իր մահվան մեջ՝ մեռելներից հարությանը հասնելու հույսով» (Փլպ 3, 8-11)։

 

429. Քրիստոսի այս սիրալի ճանաչումից ծնվում է անհաղթելի փափագը քարոզելու, «ավետարանելու», և մյուսներին ևս առաջնորդելու դեպի Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը։ Միաժամանակ, սակայն, զգացվում է հավատքը միշտ ավելի լավ ճանաչելու կարիքը։ Այս իսկ նպատակով, հետևելով Հավատքի Հանգանակի կարգին, նախևառաջ կներկայացնենք Հիսուսի գլխավոր տիտղոսները. Քրիստոս, Աստծո Որդի, Տեր (Հոդված 2.)։ Հավատքի Հանգանակն ապա դավանում է Քրիստոսի կյանքի գլխավոր խորհուրդները. Նրա մարդեղության (Հոդված 3.), Նրա չարչարանքների և հարության (Հոդված 4. և 5.), և վերջում՝ Նրա փառավորման (Հոդված 6. և 7.)։

[1] Հմմտ. Մրկ 1, 1
[2] Հմմտ. Ղկս 1, 68
[3] Հմմտ. Ղկս 1, 55
[4] Հմմտ. Մրկ 1, 11
[5] Հմմտ. 1Հվհ 4, 2
[6] Հմմտ. Մտթ 16, 18; Սբ. Լևոն Մեծ, Ճառ 4, 3։ CCL 88, 19-20 (PL 54, 151); Ճառ 51, 1։ CCL 88A, 296-297 (PL 54, 309); Ճառ 62, 2։ CCL 88A, 377-378 (PL 54, 350-351); Ճառ 83, 3։ CCL 88A, 521-522 (PL 54, 432).
[7] Հովհաննես Պողոս Երկրորդ, Առաք. հորդոր Քրիստոնեական ուսուցման ավանդումը, 5: AAS 71 (1979) 1280-1281.
[8] Հովհաննես Պողոս Երկրորդ, Առաք. հորդոր Քրիստոնեական ուսուցման ավանդումը, 5: AAS 71 (1979) 1281.
[9] Հովհաննես Պողոս Երկրորդ, Առաք. հորդոր Քրիստոնեական ուսուցման ավանդումը, 6: AAS 71 (1979) 1281-1282.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։