Գլուխ Ա. / դ) Ինչպե՞ս խոսել Աստծո մասին – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Ա. / դ) Ինչպե՞ս խոսել Աստծո մասին

39. Պաշտպանելով Աստծուն ճանաչելու մարդկային մտքի կարողությունը՝ Եկեղեցին արտահայտում է իր վստահությունն առ այն, որ հնարավոր է խոսել Աստծո մասին բոլոր մարդկանց և բոլոր մարդկանց հետ: Այս համոզմունքն է գտնվում մյուս կրոնների, փիլիսոփայության ու գիտությունների, ինչպես նաև անհավատների ու անաստվածների հետ իր երկխոսության հիմքում:

 

40. Բայց քանի որ սահմանափակ է Աստծո վերաբերյալ մեր ճանաչողությունը, այդպիսին է նաև Նրա վերաբերյալ մեր բառապաշարը: Չենք կարող խոսել Աստծո մասին, եթե ո՛չ միայն՝ որպես մեկնակետ ունենալով արարածներին և ըստ ճանաչելու ու մտածելու մեր մարդկային – սահմանափակ – կերպի:

 

41. Բոլոր արարածները որոշակի նմանություն ունեն Աստծո հետ, ամբողջովին յուրահատուկ կերպով՝ Աստծո պատկերով ու նմանությամբ ստեղծված մարդը: Արարածների բազմաթիվ կատարելությունները (նրանց ճշմարտությունը, բարությունը, գեղեցկությունը) հայելացնում են, ուստի, Աստծո անսահման կատարելությունը: Հետևաբար, մենք կարող ենք խոսել Աստծո մասին՝ Իր արարածների կատարելությունից մեկնելով. «Իսկապես, արարածների մեծությունից ու գեղեցկությունից՝ համանմանությամբ ճանաչվում է Հեղինակը» (Իմս 13, 5):

 

42. Աստված անդրանցական է՝ բոլոր արարծների համեմատ: Հարկավոր է, հետևաբար, շարունակաբար մաքրագործել մեր բառապաշարն այն ամեն ինչից, որ սահմանափակ է, երևակայական, թերի ու անկատար, չշփոթելու համար «անճառելի, անընկալելի, անտեսանելի, անըմբռնելի»[1] Աստծուն մեր մարդկային ներկայացումների հետ: Մարդկային խոսքերը միշտ մնում են Աստծո խորհրդից այս կողմ:

 

43. Աստծո մասին այս կերպ խոսելով՝ մեր լեզուն անշուշտ արտահայտվում է մարդկային կերպով, բայց իսկապես հասնում է Ինքնին Աստծուն, առանց սակայն կարողանալու նկարագրել Նրան Իր անսահման պարզության մեջ: Իրոք, պետք է հիշենք, որ «անհնարին է Արարչի ու արարածի միջև ինչ որ մի նմանություն ընդգծելը՝ առանց նշմարելու նրանց միջև գոյություն ունեցող դե՛ռ ավելի մեծ աննմանությունը»[2], և որ «մենք չենք կարող Աստծո վերաբերյալ ընկալել այն, ինչը որ Նա է, այլ՝ միմիայն այն, ինչը որ Նա չէ, և թե ինչպե՛ս են մյուս էակները հարաբերության մեջ դրվում Նրա հետ»[3]:

[1] Բյուզանդական Ծես, Սբ. Հովհան Ոսկեբերանի Ժամամուտ, տե՛ս Liturgies Eastern and Western, ed. F.E. Brightman (Oxsfors 1896) p. 384 (PG 63, 915).
[2] Լաթերանյան Չորրորդ Ժողով, Երկրորդ նիստ. Վանահայր Հովակիմի սխալի մասին (DS 806).
[3] Սբ. Թովմա Աքուինացի, Համապարփակ ջատագովություն ընդդեմ հեթանոսների, 1, 30: Ed. Leon. 13, 92.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։