Գլուխ Ա. - Հոդված 1. - Հատված Է. / գ) Սկզբնական մեղքը – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Ա. - Հոդված 1. - Հատված Է. / գ) Սկզբնական մեղքը

ՄԱՐԴՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

396. Աստված ստեղծեց մարդուն ըստ Իր պատկերի և նրան հաստատեց Իր մտերմության մեջ։ Լինելով հոգևոր արարած, մարդը չի կարող ապրել այս մտերմությունը, եթե ո՛չ միայն՝ ազատորեն ենթարկվելով Աստծուն։ Սա՛ է իմաստը մարդուն տրված հրամանի, որով նրան արգելվում էր ճաշակել բարու և չարի գիտության ծառի պտուղներից, «որովհետև այն օրը, որ ուտես, անպատճառ կմեռնես» (Ծնդ 2, 17)։ «Բարու և չարի գիտության ծառը» (Ծնդ 2, 17) այլաբանորեն հիշեցնում է այն անանցանելի սահմանը, որը մարդը, որպես արարած, պարտավոր է ազատորեն ճանաչել և վստահությամբ հարգել։ Մարդը կախման մեջ է իր Արարչից, ենթակա է արարչության օրենքներին և այն բարոյական կանոններին, որոնք կարգավորում են ազատության գործածումը։

 

ՄԱՐԴՈՒ ԱՌԱՋԻՆ ՄԵՂՔԸ

397. Մարդը, սատանայի կողմից փորձության ենթարկվելով, իր սրտի մեջ հանգցրեց իր Արարչի հանդեպ վստահությունը[1], և չարաչար գործածելով իր ազատությունը՝ անհնազանդ գտնվեց Աստծո պատվիրանի առաջ։ Սրա մեջ է կայանում մարդու առաջին մեղքը[2]։ Հետագայում, յուրաքանչյուր մեղք լինելու է անհնազանդություն Աստծո հանդեպ և վստահության պակաս Իր բարության նկատմամբ։

 

398. Այս մեղքով մարդն ինքն իրեն գերադասեց Աստծուն, և հետևաբար՝ արհամարհեց Աստծուն. ընտրեց ինքն իրեն՝ ընդդեմ Աստծո, ընդդեմ իր արարած լինելու վիճակի պահանջների, և հետևաբար՝ ընդդեմ իր իսկ բարիքի։ Հաստատված լինելով սրբության վիճակի մեջ, մարդը սահմանված էր Աստծո կողմից լիովին «աստվածացվելու»՝ փառքի մեջ[3]։ Խաբվելով սատանայից, մարդը կամեցավ դառնալ «Աստծո նման» (Ծնդ 3, 5), բայց «առանց Աստծո, սեփական անձն Աստծուց ավելի առաջնահերթ համարելով, և առանց Աստծուն նմանվելու»[4]։

 

399. Աստվածաշունչը ցույց է տալիս այս առաջին անհնազանդության եղերական հետևանքները։ Ադամն ու Եվան ակնթարթային արագությամբ կորցրեցին սկզբնածին սրբության շնորհը[5]։ Սկսեցին վախենալ այն Աստծուց[6], որի վերաբերյալ ձևավորել էին թյուր պատկերացումներ, այն է՝ թե Աստված խանդի աստիճան նախանձախնդիր է Իր առանձնաշնորհություններին[7]։

 

400. Ներդաշնակությունը, որի մեջ հաստատված էին սկզբնածին արդարության շնորհիվ, խաթարված է. հոգու աննյութական կարողությունների տիրապետությունը մարմնի վրա՝ խորտակված է[8]. այր և կնոջ միությունը՝ ենթարկված է լարվածությունների[9]. նրանց հարաբերությունների վրա իշխանություն է հաստատում ցանկասիրությունը և մեկը մյուսին հպատակեցնելու ձգտումը[10]։ Խզված է նաև ներդաշնակությունը մարդու և բնության միջև. տեսանելի արարչությունը մարդու համար դառնում է օտար և թշնամի[11]։ Մարդու պատճառով, արարչությունը նույնպես ենթարկված է ապականության ստրկությանը[12]։ Եվ վերջում, գործի է դրվում հնարավոր անհնազանդության դեմ նախապես հստակ կերպով ծանուցված հետևանքը[13]. մարդը վերադառնալու է հողին, այն հողին, որից որ ստեղծվել է[14]։ Մահը մուտք է գործում մարդկության պատմությունից ներս[15]։

 

401. Այս առաջին մեղքից հետո աշխարհը ենթարկվեց մեղքի մի իրական «ներխուժման». Կայենի կողմից Աբելի դեմ գործված եղբայրասպանությունը[16], մեղքի հետևանքով առաջ եկած համընդհանուր ապականությունը[17]։ Իսրայելի պատմության մեջ, մեղքը հաճախ ներկայանում է հատկապես որպես անհավատարմություն Ուխտի Աստծո հանդեպ և որպես զանցառություն Մովեսի Օրենքի դեմ։ Նաև Քրիստոսի կողմից շնորհված Փրկությունից հետո, քրիստոնյաների մեջ մեղքը ներկայանում է բազմազան եղանակներով[18]։ Աստվածաշունչը և Եկեղեցու Ավանդությունը շարունակ հիշեցնում են մարդկության պատմության մեջ մեղքի ներկայությունն ու ընդհանրականությունը.

«Այն, ինչը որ մեր համար բացահայտվում է Աստվածային Հայտնության կողմից, համապատասխանում է ինքնին փորձառությանը։ Իսկապես, եթե մարդը դիտում է իր սրտի ներսը, տեսնում է իրեն հակված նաև դեպի չարը և խորասուզված այնպիսի թշվառությունների մեջ, որոնք անկասկած չեն կարող ծագել Արարչից, Ով բարի է։ Հաճախ, մերժելով ճանաչել և ընդունել Աստծուն որպես իր սկիզբը, մարդը խափանում է իր վերջին վախճանի վերաբերյալ իրավացի բնական կարգը, և միաժամանակ՝ նաև իր ամբողջ կողմնորոշումը թե՛ դեպի իր իսկ անձը և թե՛ դեպի մյուս բոլոր մարդիկ ու արարածները»[19]։

 

ԱԴԱՄԱԿԱՆ ՄԵՂՔԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

402. Բոլոր մարդիկ ներգրավված են ադամական մեղքի մեջ։ Պողոս Առաքյալը հաստատում է. «Միայն մեկի անհնազանդությամբ բոլորն էլ մեղավորներ եղան» (Հռմ 5, 19). «Ինչպես որ միայն մեկ մարդու պատճառով մեղքը աշխարհ մտավ, և մեղքի հետ՝ մահը, այնպես էլ մահը բոլոր մարդկանց հասավ, որովհետև բոլորն էլ մեղանչեցին [...] » (Հռմ 5, 12)։ Մեղքի և մահվան համընդհանուր բնույթին Առաքյալը հակադրում է Քրիստոսի մեջ փրկության ընդհանրական նկարագիրը. «Ինչպես որ, հետևաբար, միայն մեկի մեղքով պատիժը թափվեց բոլոր մարդկանց վրա, այնպես էլ միայն մեկի արդարության գործով բոլոր մարդկանց վրա հեղվում է արդարացումը, որ տալիս է կյանք» (Հռմ 5, 18)։

 

403. Պողոս Առաքյալին հետևելով՝ Եկեղեցին միշտ ուսուցանել է, որ մարդկանց վրա ճնշող վիթխարի թշվառությունը, դեպի չարն ուղղված նրանց հակվածությունն ու մահվան անխուսափելիությունը չեն կարող հասկացվել առանց կապակցություն դնելու դրանց և Ադամի մեղքի միջև, առանց մեկնելու այն փաստից, որ նա փոխանցել է մեզ մի մեղք, որով վարակված ենք ծնվում բոլորս, և որը «մահ է հոգու համար»[20]։ Հավատքի այս ապահովությամբ է, որ Եկեղեցին մեղքերի թողության համար Մկրտությունը մատակարարում է նաև մանուկներին, որոնք անձնական մեղքեր տակավին չեն գործել[21]։

 

404. Ինչպե՞ս է Ադամի մեղքը դարձել իր բոլոր սերունդների մեղքը։ Ամբողջ մարդկային զարմը Ադամի մեջ է «ինչպես մեկ միակ մարդու մեկ միակ մարմինը»[22]։ Այս «մարդկային զարմի միության» պատճառով բոլոր մարդիկ ներառված են Ադամի մեղքի մեջ, այնպես՝ ինչպես որ բոլորը ներառված են Քրիստոսի արդարության մեջ։ Այսուհանդերձ, սկզբնական մեղքի փոխանցումը մի խորհուրդ է, որը չենք կարող լիովին ըմբռնել։ Հայտնությունից, սակայն, գիտենք, որ Ադամը սկզբնածին սրբությունն ու արդարությունը ստացել էր ո՛չ միայն իր, այլ՝ մարդկային ողջ զարմի համար. փորձողին զիջելով՝ Ադամն ու Եվան գործեցին մի անձնական մեղք, բայց այդ մեղքը վնաս հասցրեց մարդկային բնությանը, որը նրանք մեզ փոխանցեցին արդեն անկյալ վիճակում[23]։ Խոսքը վերաբերվում է մի մեղքի, որը ծավալմամբ է փոխանցվում ամբողջ մարդկությանը, այսինքն՝ փոխանցմամբ մարդկային մի բնության, որն արդեն զուրկ է սկզբնածին սրբությունից և արդարությունից։ Այս իսկ պատճառով, սկզբնական մեղքը «մեղք» է կոչվում համանմանությամբ. մեղք է, որով «վարակված» ենք, ո՛չ թե՝ որ «գործել ենք» ինքներս. դա մի վիճակ է, և ո՛չ թե մի գործ։

 

405. Սկզբնական մեղքը, թեև բնորոշ է յուրաքանչյուր մարդու[24], Ադամի զավակներից ոչ մեկի համար չունի անձնական մեղքի բնույթ։ Կայանում է սկզբնածին սրբությունից և արդարությունից զուրկ լինելու մեջ, բայց մարդկային բնությունն ամբողջովին ապականված չէ. խոցված և վիրավորված է իր սեփական բնական կարողությունների դաշտում, ենթակա է տգիտությանը, տառապանքին և մահվան իշխանությանը, և հակված է դեպի մեղքը (դեպի չարն ուղղված այս հակումը կոչվում է «ցանկասիրություն»)։ Մկրտությունը, պարգևելով Քրիստոսի շնորհի կյանքը, ջնջում է սկզբնական մեղքը և մարդուն վերստին ուղղում է առ Աստված. այդ մեղքի հետևանքները, սակայն, մնում են մարդկային տկարացած և դեպի չարը հակված բնության մեջ և առաջացնում են հոգևոր պայքար։

 

406. Սկզբնական մեղքի փոխանցման վերաբերյալ Եկեղեցու վարդապետությունը հստակեցվել է հատկապես Հինգերորդ դարում, երբ Սուրբ Օգոստինոսն ի մասնավորի պայքարում էր պեղագիոսական հերետիկոսության դեմ, և Տասնվեցերորդ դարում, բողոքական հոսանքներին հակադրվելով։ Պեղագիոսը պաշտպանում էր այն տեսակետը, թե մարդը, իր ազատ կամքի բնական ուժով, առանց Աստծո շնորհի անհրաժեշտ օգնության, կարող է բարոյապես բարի կյանք վարել։ Այդպիսով Ադամի մեղքի ազդեցությունը իջեցնում էր սոսկ վատ օրինակի մակարդակի։ Ընդհակառակը, բողոքականության առաջին ներկայացուցիչներն ուսուցանում էին, թե մարդն արմատական կերպով այլասերվել է և իր ազատությունը ջնջվել է սկզբնական մեղքի հետևանքով։ Այդպես վարվելով՝ յուրաքանչյուր մարդու կողմից ժառանգված մեղքը նույնացնում էին դեպի չարն ունեցած հակվածության (ցանկասիրության) հետ, որը հայտարարում էին նաև անհաղթելի։ Սկզբնական մեղքի մասին Հայտնությունից ստացած տվյալների իմաստի վերաբերյալ իր վարդապետությունը Եկեղեցին արտահայտել է հատկապես Օռանժի Երկրորդ Ժողովի ժամանակ 529թ.ին[25], և Տրիդենտյան Ժողովի ժամանակ 1546թ.ին[26]։

 

ՄԻ ԾԱՆՐ ՊԱՅՔԱՐ ...

407. Սկզբնական մեղքի վերաբերյալ վարդապետությունը, որը սերտորեն կապված է Քրիստոսի կողմից իրականացված Փրկության վարդապետությանը, հստակ դատողության հնարավորություն է ընձեռում աշխարհի մեջ մարդու իրավիճակի և գործունեության վերաբերյալ։ Նախածնողների մեղքի հետևանքով՝ սատանան որոշակի տիրապետություն է ձեռքբերել մարդու վրա, թեև մարդը շարունակում է լիովին ազատ մնալ։ Սկզբնական մեղքից ծնվում է «ստրկությունը՝ տիրապետության տակ նրա, ով իր ձեռքում ունի մահվան իշխանությունը, այսինքն՝ սատանայի»[27]։ Անտեսելը, որ մարդն ունի խոցված բնություն, հակված դեպի չարը, ծանր սխալների պատճառ է հանդիսանում դաստիարակության, քաղաքականության, հասարակական գործունեության[28], ինչպես նաև կենցաղավարության դաշտում։

 

408. Սկզբնական մեղքի և մարդկանց բոլոր անձնական մեղքերի հետևանքները աշխարհին իր ամբողջության մեջ հաղորդում են մի մեղանչական վիճակ, որը կարող է սահմանվել Հովհաննես Առաքյալի արտահայտությամբ. «Աշխարհի մեղքը» (Հվհ 1, 29)։ Այս արտահայտությամբ հասկացվում է նաև այն բացասական ազդեցությունը, որը անձերի վրա գործադրվում է հանրային իրավիճակների և հասարակական կառույցների կողմից, որոնք մարդկանց մեղքերի պտուղն են[29]։

 

409. Աշխարհի ողբերգական վիճակը, որն ամբողջությամբ «ընկած է չարի իշխանության տակ» (1Հվհ 5, 19)[30], մարդու կյանքը դարձնում է պայքար.

«Մարդկության ողջ պատմությունն, իրոք, ողողված է խավարի ուժերի դեմ մղվող մի համատարած, սահմռկեցուցիչ պայքարով։ Մի պայքար, որ սկսվել է աշխարհի սկզբից ևեթ, և որ տևելու է, ինչպես ասում է Տերը, մինչև վերջին օրը։ Ներգրավված լինելով այս պայքարի մեջ, մարդը պետք է մարտնչի առանց դադարի՝ բարուն միացած մնալու համար. ինչպես նաև, մարդը չի կարող ձեռքբերել իր ներքին միությունը, եթե ո՛չ միայն՝ ի գին մեծ ջանքերի, Աստծո շնորհի օգնությամբ»[31]։

[1] Հմմտ. Ծնդ 3, 1-11
[2] Հմմտ. Հռմ 5, 19
[3] Աստվածացվելու, այսինքն՝ շնորհով լինելու այն, ինչը որ Աստված Ինքն է ըստ Իր բնության։
[4] Սբ. Մաքսիմոս Խոստովանող, Գիրք անորոշությունների։ PG 91, 1156.
[5] Հմմտ. Հռմ 3, 23
[6] Հմմտ. Ծնդ 3, 9-10
[7] Հմմտ. Ծնդ 3, 5
[8] Հմմտ. Ծնդ 3, 7
[9] Հմմտ. Ծնդ 3, 11-13
[10] Հմմտ. Ծնդ 3, 16
[11] Հմմտ. Ծնդ 3, 17.19
[12] Հմմտ. Հռմ 8, 20
[13] Հմմտ. Ծնդ 2, 17
[14] Հմմտ. Ծնդ 3, 19
[15] Հմմտ. Հռմ 5, 12
[16] Հմմտ. Ծնդ 4, 3-15
[17] Հմմտ. Ծնդ 6, 5.12; Հռմ 1, 18-32
[18] Հմմտ. 1Կր 1-6; Հյտ 2-3
[19] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Հով. Սահմ. Բերկրանք և Հույս, 13: AAS 58 (1966) 1035.
[20] Հմմտ. Տրիդենտյան Ժողով, Հինգերորդ նիստ, Վճռագիր սկզբնական մեղքի մասին, կանոն 2։ DS 1512.
[21] Հմմտ. Տրիդենտյան Ժողով, Հինգերորդ նիստ, Վճռագիր սկզբնական մեղքի մասին, կանոն 4։ DS 1514.
[22] Սբ. Թովմա Աքուինացի, Վիճելի հարցեր չարի մասին, 4, 1, c.: Ed. Leon. 23, 105.
[23] Հմմտ. Տրիդենտյան Ժողով, Հինգերորդ նիստ, Վճռագիր սկզբնական մեղքի մասին, կանոն 1-2։ DS 1511-1512.
[24] Հմմտ. Տրիդենտյան Ժողով, Հինգերորդ նիստ, Վճռագիր սկզբնական մեղքի մասին, կանոն 3։ DS 1513.
[25] Օռանժի Երկրորդ Ժողով, Կանոններ 1-2։ DS 371-372.
[26] Հմմտ. Տրիդենտյան Ժողով, Հինգերորդ նիստ, Վճռագիր սկզբնական մեղքի մասին։ DS 1510-1516.
[27] Հմմտ. Տրիդենտյան Ժողով, Հինգերորդ նիստ, Վճռագիր սկզբնական մեղքի մասին, կանոն 1։ DS 1511; հմմտ. Եբր 2, 14.
[28] Հմմտ. Հովհաննես Պողոս Երկրորդ, Կոնդակ Հարյուրերորդ տարին, 25։ AAS 83 (1991) 823-824.
[29] Հմմտ. Հովհաննես Պողոս Երկրորդ, Առաք. Հորդոր Հաշտություն և ապաշխարություն, 16։ AAS 77 (1985) 213-217.
[30] Հմմտ. 1Պտ 5, 8
[31] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Հով. Սահմ. Բերկրանք և Հույս, 37: AAS 58 (1966) 1055.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։