Զ. Անհրաժեշտ հարմարեցումները – Գրադարան – Mashtoz.org

Զ. Անհրաժեշտ հարմարեցումները

23. Սույն Քրիստոնեականի մեջ շեշտը դրված է ուսմունքի ներկայացման վրա: Արդարև, այն կամենում է օգնել՝ խորացնելու հավատքի շուրջ ծանոթությունը: Ճիշտ այս պատճառով, կողմնորոշված է հավատքի հասունացմանը, կյանքի մեջ նրա արմատավորմանը, և նրա ճառագայթմանը՝ վկայության շնորհիվ[1]:

 

24. Իր ներքին նպատակամղվածության պատճառով, սույն Քրիստոնեականն իր առջև նպատակ չի դնում իրականացնել կրոնի դասավանդման կամ ուսուցման մեթոդների այն հարմարացումները, որոնք պահանջվում են մշակույթի, տարիքի, հոգևոր կյանքի և հասարակական ու եկեղեցային իրավիճակների տարբերությունների կողմից՝ այն անձանց, որոնց ուղղված է այս հատորը: Այդ անհրաժեշտ հարմարեցումները թողնված են կրոնուսուցման մասնավոր ձեռնարկներին և, է՛լ ավելի, նրանց, ովքեր կրթում են հավատացյալներին.

«Ով ուսուցանում է, պետք է ''ամեն ինչ լինի ամենքի համար'' (1Կր 9, 22), բոլորին ի Քրիստոս Հիսուս շահելու նպատակով [...] : Նախևառաջ չպետք է մտածի, թե իրեն հանձնված հոգիները բոլորն էլ նույն մակարդակն ունեն: Հնարավոր չէ, հետևաբար, մեկ միակ ու անփոփոխելի մեթոդով կրթել ու կազմավորել հավատացյալներին իրական բարեպաշտության մեջ: Քանի որ ոմանք նման են նորածին մանուկների, ուրիշներ հազիվ սկսում են աճել Քրիստոսի մեջ, ոմանք էլ, ի վերջո, փաստացի հասուն են թվում, անհրաժեշտ է փութաջանորեն ի նկատի առնել, թե ո՛վ կաթի կարիք ունի, և ո՛վ՝ պինդ կերակուրների: [...] Առաքյալը մատնանշել է այդ պարտականությունը, [...] այսինքն՝ որ նրանք, ովքեր կանչված են քարոզչության պաշտոնին, պարտավոր են հավատքի խորհուրդների ու վարքի կանոնների ուսուցումն ավանդելիս պատշաճ կերպով հարմարեցնել մշակույթի իրենց անձնական մակարդակը ունկնդրողների խելահասությանն ու կարողություններին»[2]:

[1] Հովհաննես Պողոս Երկրորդ, Առաք. հորդոր Քրիստոնեական ուսուցման ավանդումը, 20-22: AAS 71 (1979) 1293-1296; նույն AAS 71 (1979) 1297-1298.
[2] Catechismus Romanus seu Catechismus ex decreto Concilii Tridentini ad parochos, Pii V Pontificis Maximi iussu editus, Praefatio 11: ed. P. Rodriguez (Città del Vaticano-Pamplona 1989), p. 11.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։