Գլուխ Ա. - Հոդված 1. - Հատված Ա. / գ) Աստված, «Նա, որ Է», Ճշմարտություն է և Սեր – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Ա. - Հոդված 1. - Հատված Ա. / գ) Աստված, «Նա, որ Է», Ճշմարտություն է և Սեր

214. Աստված, «Նա, որ Է», Իսրայելին հայտնվեց որպես Նա, Ով «հարուստ է շնորհով ու հավատարմությամբ» (Ել 34, 6)։ Այս երկու եզրերը համադրաբար արտահայտում են աստվածային Անվան հարստությունները։ Իր բոլոր գործերի մեջ Աստված դրսևորում է Իր բարյացակամությունը, Իր բարությունը, Իր շնորհը, Իր սերը. բայց նաև՝ Իր վստահելիությունը, Իր հարատևությունը, Իր հավատարմությունը, Իր ճշմարտությունը։ «Երախտագիտություն եմ հայտնում Անվանդ՝ հավատարմությանդ ու ողորմությանդ համար» (Սղմ 138, 2)[1]։ Նա Ճշմարտությունն է, որովհետև «Աստված լույս է և Նրա մեջ խավար չկա» (1Հվհ 1, 5). Նա «Սեր» է, ինչպես ուսուցանում է Հովհաննես Առաքյալը (1Հվհ 4, 8)։

 

ԱՍՏՎԱԾ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ Է

215. «Խոսքիդ սկիզբը ճշմարտությունն է, հավիտյան մնում են արդարությանդ վճիռները» (Սղմ 119, 160)։ «Արդ, Տե՜ր, Դու Աստված ես և խոսքերդ ճշմարտություն են» (2Սմ 7, 28). այս պատճառով է, որ Աստծո խոստումները միշտ իրականանում են[2]։ Աստված նույն ինքն Ճշմարտությունն է, Իր խոսքերը չեն կարող խաբել։ Ահա՛ թե ինչո՛ւ կարող ենք որևէ իրավիճակի մեջ լիուլի վստահությամբ հանձնվել Իր խոսքի ճշմարտությանն ու հավատարմությանը։ Մարդու մեղքի ու անկման պատճառը եղավ փորձողի ստախոսությունը, որ մղեց կասկածելու Աստծո խոսքին, Նրա բարությանն ու Նրա հավատարմությանը։

 

216. Աստծո ճշմարտությունը Իր իմաստությունն է, որ պահում է ողջ արարչության կարգուկանոնը և աշխարհի ղեկավարումը[3]։ Աստված, որ – մենակ – «ստեղծեց երկինքն ու երկիրը»[4], կարող է պարգևել – միայն Ինքը – արարված որևէ գոյության ճշմարիտ ճանաչումը՝ դրանց Իր հետ ունեցած հարաբերության մեջ[5]։

 

217. Աստված ճշմարտախոս է նաև, երբ հայտնում է Ինքն Իրեն. «Ճշմարիտ ուսուցումներ են Իր շուրթերի վրա» (Մղք 2, 6)։ Երբ Իր Որդուն ուղարկեց «աշխարհ», դա արեց «վկայելու համար Ճշմարտությանը» (Հվհ 18, 37). «Գիտենք, որ Աստծո Որդին եկավ և բացեց մեր մտքերը՝ ճանաչելու համար ճշմարիտ Աստծուն» (1Հվհ 5, 20)[6]։

 

ԱՍՏՎԱԾ ՍԵՐ Է

218. Իսրայելն իր պատմության ընթացքում կարողացավ բացահայտել, որ միայն մեկ պատճառ կար, որից մղված՝ Աստված հայտնվել էր իրեն և բոլոր ժողովուրդների միջից ընտրել էր՝ Իրեն պատկանելու համար. Իր ձրիաշնորհ սերը[7]։ Եվ Իսրայելը, մարգարեների միջոցով, հասկացավ, որ տակավին սիրո համար է, որ Աստված երբեք չի դադարել փրկել իրեն[8] և ներել իր անհավատարմությունն ու մեղքերը[9]։

 

219. Իսրայելի հանդեպ Աստծո սերը հաճախ համեմատվել է սեփական որդու հանդեպ տածված հայրական սիրո հետ[10]։ Այն ավելի հզոր սեր է, քան մոր սերն իր զավակների հանդեպ[11]։ Աստված Իր ժողովրդին սիրում է շա՜տ ու շա՜տ ավելի, քան որքան փեսան սիրում է իր հարսնացուին[12]. այս սերը հաղթական է դուրս գալիս նաև ամենածանր անհավատարմությունների դեմ[13]. այս սերը հասնելու է մինչև ամենաթանկարժեք ընծան. «Աստված այնքա՜ն սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր Միածին Որդուն տվեց» (Հվհ 3, 16)։

 

220. Աստծո սերը «հավիտենական» է (Ես 54, 8). «Եթե նույնիսկ լեռները տեղափոխվեն և բլուրները սասանվեն, քեզնից չի հեռանա իմ սերը» (Ես 54, 10)։ «Հավիտենական սիրով սիրեցի քեզ. դրա համար է, որ տակավին խնայում եմ քեզ» (Երմ 31, 3)։

 

221. Բայց Հովհաննես Առաքյալն ավելի հեռուներն է հասնում, հաստատելով. «Աստված Սեր է» (1Հվհ 4, 8.16). Աստծո Էությունն ինքնին Սեր է։ Առաքելով – երբ ժամանակներն հասան իրենց լրմանը – Իր Միածին Որդուն և Սիրո Հոգուն, Աստված հայտնում է Իր ամենածածուկ գաղտնիքը[14]. Ինքն իսկ սիրո հավիտենական փոխանակում է. Հայրը, Որդին և Սուրբ Հոգին։ Եվ մեզ սահմանել է մասնակցելու Իր Էությանը։

[1] Հմմտ. Սղմ 85, 11
[2] Հմմտ. 2Օր 7, 9
[3] Հմմտ. Իմս 13, 1-9
[4] Հմմտ. Սղմ 115, 15
[5] Հմմտ. Իմս 7, 17-21
[6] Հմմտ. Հվհ 17, 3
[7] Հմմտ. 2Օր 4, 37; 7, 8; 10, 15
[8] Հմմտ. Ես 43, 1-7
[9] Հմմտ. Ովս 2
[10] Հմմտ. Ովս 11, 1
[11] Հմմտ. Ես 49, 14-15
[12] Հմմտ. Ես 62, 4-5
[13] Հմմտ. Եզկ 16; Ովս 11
[14] Հմմտ. 1Կր 2, 7-16; Եփս 3, 9-12
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։