Գլուխ Ա. - Հոդված 1. - Հատված Ա. / բ) Աստված հայտնում է Իր Անունը – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Ա. - Հոդված 1. - Հատված Ա. / բ) Աստված հայտնում է Իր Անունը

203. Աստված հայտնվեց Իսրայելին՝ Իր ժողովրդին, նրան ճանաչել տալով Իր Անունը։ Անունն արտահայտում է անձի էությունը, ինքնությունը, և նրա կյանքի իմաստը։ Աստված Անուն ունի։ Անանուն ուժ չէ։ Հայտնել սեփական անունը՝ նշանակում է թույլ տալ ուրիշներին, որ ճանաչեն քեզ. որոշ առումով նշանակում է հանձնվել՝ դառնալով հասանելի, ունակ՝ ճանաչվելու առավել մտերիմ եղանակով, և ում կարելի է անձամբ դիմել։

 

204. Աստված հայտնվեց Իր ժողովրդին աստիճանաբար և տարբեր անունների ներքո. բայց աստվածային Անվան հայտնությունը, տրված՝ Մովսեսին, այրվող մորենու աստվածահայտնության ժամանակ, Եգիպտոսից Ելքի և Սինայի Ուխտի կնքման սեմին, ներկայանում է որպես հիմնական հայտնությունը Հին և Նոր Կտակարանների համար։

 

ԿԵՆԴԱՆԻ ԱՍՏՎԱԾԸ

205. Աստված ձայն է տալիս Մովսեսին մի մորենու միջից, որն այրվում էր առանց սպառվելու, և ասում է. «Ես քո հայրերի Աստվածն եմ. Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը, Հակոբի Աստվածը» (Ել 3, 6)։ Աստված հայրերի Աստվածն է, Նա, որ կանչել և առաջնորդել էր նահապետներին նրանց պանդխտության ժամանակ։ Նա հավատարիմ և կարեկից Աստվածն է, որ հիշում է նրանց և հիշում է Իր իսկ խոստումները. ահա՛ գալիս է փրկելու նրանց զավակներին ստրկությունից։ Նա Աստվածն է, որ տարածքի ու ժամանակի սահմաններից անդին լինելով, կարող է և կամենում է իրականացնել այդ փրկությունը. Նա Աստվածն է, որ այդ ծրագրի իրականացման համար գործի է դնելու Իր ամենակարողությունը։

 

«ԵՍ ՆԱ ԵՄ, ՈՐ ԵՄ»

«Մովսեսն ասաց Աստծուն. ''Ահա՛, երբ հասնեմ իսրայելացիների մոտ և նրանց ասեմ. 'Ձեր հայրերի Աստվածն ուղարկեց ինձ', նրանք կհարցնեն. 'Ի՞նչ է Նրա Անունը'։ Եվ ես ի՞նչ պիտի պատասխանեմ նրանց''։ Աստված ասաց Մովսեսին. ''Ես Նա Եմ, որ Եմ''։ Ապա ասաց. ''Իսրայելացիներին կասես. 'Ես-Եմը ուղարկեց ինձ ձեր մոտ [...]'։ Սա՛ է իմ Անունն ընդմիշտ. սա՛ է կոչումը, որով հիշվելու եմ սերնդե սերունդ''» (Ել 3, 13-15)։

 

206. Հայտնելով Իր «YHWH» (Յահվե) խորհրդավոր Անունը, – «Ես Նա Եմ, որ Եմ», կամ «Ես Նա Եմ, որ Է», և կամ «Ես Նա Եմ, Ով որ Ես Եմ», – Աստված ասում է, թե Ինքն ո՛վ է և թե ի՛նչ անունով է հարկավոր կոչել Իրեն։ Աստվածային այս Անունը խորհրդավոր է, ինչպես որ Աստված Ինքը խորհուրդ է։ Հայտնված Անուն է, բայց միաժամանակ՝ կարծես նաև որևիցէ մի անվան մերժում է։ Եվ հենց այս պատճառով է, որ հնարավոր լավագույն կերպով արտահայտում է Աստծո իրականությունը, որն անսահմանորեն գերազանցում է մեր ըմբռնողական և նկարագրողական կարողություններին. Նա «ծածուկ Աստվածն» է (Ես 45, 15), Իր Անունն անճառելի է[1], բայց Նա կամենում է մերձավոր լինել մարդկանց։

 

207. Հայտնելով Իր Անունը՝ Աստված միաժամանակ հայտնում է Իր հավատարմությունը, որն ի հավիտենից է և ի հավիտյան, վավեր՝ անցյալի համար («Ես քո հայրերի Աստվածն եմ». Ել 3, 6), ինչպես և ապագայի («Ես քո հետ կլինեմ». Ել 3, 12)։ Աստված, որ հայտնում է Իր «Ես Եմ» Անունը, հայտնվում է որպես միշտ ներկա Աստված, Իր ժողովրդի կողքին կանգնած՝ փրկելու համար։

 

208. Աստծո հմայիչ և խորհրդավոր ներկայության մասին մտորելով՝ մարդը բացահայտում է իր փոքրկությունը։ Այրվող մորենու առաջ Մովսեսը հանում է իր կոշիկները և ծածկում է դեմքը[2] աստվածային Սրբությանն ի տես։ Երիցս սուրբ Աստծո փառքը տեսնելով՝ Եսային բացականչում է. «Ավա՜ղ, կորած եմ ես, որովհետև անմաքուր շուրթեր ունեցող մարդ եմ» (Ես 6, 5)։ Հիսուսի կողմից կատարված աստվածային նշանների դիմաց՝ Պետրոսը գոչում է. «Տե՜ր, հեռացի՜ր ինձնից, որովհետև մեղավոր մեկն եմ» (Ղկս 5, 8)։ Բայց քանի որ Աստված սուրբ է, կարող է ներել մարդուն, որն Իր առջև ներկայանում է մեղավոր լինելու գիտակցությամբ. «Զայրույթիս պոռթկմանը ազատություն չեմ տա, [...] որովհետև Աստված եմ և ո՛չ թե մարդ, Սուրբն եմ ձեր մեջ» (Ովս 11, 9)։ Հովհաննես Առաքյալը նույնպես ասում է. «Իր առջև վստահեցնում ենք մեր սիրտը, ի՛նչ էլ որ սա հանդիմանի մեզ։ Աստված ավելի մեծ է, քան մեր սիրտը, և ամեն ինչ գիտի» (1Հվհ 3, 19-20)։

 

209. Իսրայելի ժողովուրդը չի արտասանում Աստծո Անունը՝ խորապես հարգելով նրա սրբությունը։ Սրբազան Գրքերի ընթերցանության ժամանակ, հայտնված Անունը փոխարինվում է «Տեր» աստվածային տիտղոսով (եբր. « אֲדֹנָי » - « Ադոնայ », հուն. « Κύριος » - « Կյուրիոս »)։ Այս տիտղոսով է, որ հռչակվելու էր Հիսուսի աստվածությունը. «Հիսուսը Տերն է»։

 

«ԱՍՏՎԱԾ ՈՂՈՐՄՈՒԹՅԱՆ ՈՒ ԳԹՈՒԹՅԱՆ»

210. Այն բանից հետո, որ Իսրայելը մեղք գործեց և հեռացավ Աստծուց՝ պաշտելու համար ոսկյա հորթը[3], Աստված ընդունեց Մովսեսի բարեխոս միջնորդությունը և զիջելով համաձայնվեց շարունակել ընթանալ անհավատարիմ ժողովրդի հետ, այդպիսով բացահայտելով Իր սերը[4]։ Մովսեսին, որ խնդրեց տեսնել Իր փառքը, Աստված պատասխանեց. «Առջևիցդ կանցնեմ իմ ողջ մեծվայելչությամբ և կհռչակեմ Անունս. ''Տերը [«YHWH»] քո առջև''» (Ել 33, 18-19)։ Եվ Տերն անցավ Մովսեսի առջևով և հռչակեց. «Տե՜րը, Տե՜րը [«YHWH, YHWH»], Աստված ողորմած և գթառատ, դանդաղ՝ զայրույթի մեջ, և հարուստ՝ շնորհով ու հավատարմությամբ» (Ել 34, 6)։ Մովսեսն այդ ժամանակ դավանեց, որ Տերը ներող Աստված է[5]։

 

211. «Ես Եմ» կամ «Նա Է» աստվածային Անունն արտահայտում է Աստծո հավատարմությունը, Ով, չնայած մարդկանց անհավատարմությանը և պատժին, որին նրանց մեղքն արժանի է, «պահում է Իր շնորհը մինչև հազար սերունդ» (Ել 34, 7)։ Աստված հայտնում է, որ «հարուստ է ողորմությամբ» (Եփս 2, 4), երբ հասնում է զոհելու Իր Որդուն։ Հիսուսը, Իր կյանքն ընծայելով՝ փրկելու համար մեզ մեղքից, հայտնեց, որ Ինքը նույնպես կրում է աստվածային Անունը. «Երբ կբարձրացնեք Մարդու Որդուն, այդ ժամանակ կիմանաք, որ Ես Եմ» (Հվհ 8, 28)։

 

ՄԻԱՅՆ ԱՍՏՎԱԾ «Է»

212. Իսրայելի հավատքը դարերի ընթացքում կարողացել է բացահայտել և խորացնել այն հարստությունները, որ ամփոփված են աստվածային Անվան հայտնության մեջ։ Աստված միակն է, Նրանից դուրս չկան ուրիշ աստվածներ[6]։ Աստված աշխարհից ու պատմությունից անդին է։ Նա Նա է, Ով արարել է երկինքն ու երկիրը. « [...] դրանք կանցնեն, բայց Դու մնում ես, բոլորն էլ մաշվելու են զգեստների նման, [...] բայց Դու մնում ես միշտ նույնը և Քո տարիները վերջ չունեն» (Սղմ 102, 27-28)։ Նրա մեջ «չկա փոփոխություն, և ո՛չ իսկ ստվեր փոփոխության» (Հկբ 1, 17)։ Աստված «Նա Է, որ Է» ի հավիտենից և ի հավիտյան, և, հետևաբար, միշտ հավատարիմ է Ինքն Իրեն և Իր խոստումներին։

 

213. «Ես Նա Եմ, որ Եմ» անճառելի Անվան հայտնությունը, հետևաբար, իր մեջ պարունակում է այն ճշմարտությունը, որ միայն Աստված «Է»։ Այս իմաստով են Հին Կտակարանի Յոթանասնից թարգմանությունը սկզբում, իսկ հետո, նրան հետևելով, Եկեղեցու Ավանդությունը նաև, հասկացել աստվածային Անունը. Աստված լիությունն է Գոյության և որևէ կատարելության, առանց սկզբի ու առանց վերջի։ Մինչ բոլոր արարածները Նրանից են ստացել այն ամենը, ինչ որ են և ինչ որ ունեն, միայն Նա Է Իր իսկ գոյությունը, և Ինքն Իրենից Է այն ամենը, ինչ որ Է։

[1] Հմմտ. Դտվ 13, 18
[2] Հմմտ. Ել 3, 5-6
[3] Հմմտ. Ել 32
[4] Հմմտ. Ել 33, 12-17
[5] Հմմտ. Ել 34, 9
[6] Հմմտ. Ես 44, 6
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։