Գլուխ Ա. - Հոդված 1. - Հատված Դ. / ե) Աստված իրագործում է Իր ծրագիրը. Աստվածային Նախախնամությունը – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Ա. - Հոդված 1. - Հատված Դ. / ե) Աստված իրագործում է Իր ծրագիրը. Աստվածային Նախախնամությունը

302. Արարչությունն ունի իրեն հատուկ բարություն և կատարելություն, բայց Արարչի ձեռքերից դուրս չի եկել ամբողջովին ավարտված։ Ստեղծված է «քայլքի վիճակում» - «in statu viae» դեպի վերջնական կատարելությունը, որին Աստված սահմանել է իրեն, բայց որին հարկավոր է տակավին հասնել։ Աստվածային Նախախնամություն ենք անվանում այն տնօրինումները, որոնց միջոցով Աստված առաջնորդում է արարչությունը դեպի այդ կատարելությունը։

«Աստված Իր Նախախնամությամբ պահպանում և կառավարում է Իր կողմից արարված ամեն բան. ''Այն զորությամբ տարածվում է մեկ ծայրից մինչև մյուսը, գերազանց բարությամբ կառավարում է ամեն բան'' (Իմս 8, 1)։ Իրոք, ''ամեն ինչ հայտնի ու բացահայտ է Իր աչքերի առաջ'' (Եբր 4, 13), նաև այն, ինչը որ գործվելու է արարածների ազատ կամքով»[1]։

 

303. Աստվածաշնչի վկայությունը միաձայն է. Աստվածային Նախախնամության հոգատարությունը կոնկրետ է ու անմիջական։ Հոգ է տանում ամեն ինչին և ամենքին, ամենափոքր բաներից մինչև աշխարհի ու պատմության մեծագույն իրադարձությունները։ Սրբազան Մատյանները վճռականորեն հաստատում են Աստծո բացարձակ իշխանությունը իրադարձությունների վրա. «Մեր Աստվածը երկինքներում է. անում է այն ամենն, ինչ կամենում է» (Սղմ 115, 3). իսկ Քրիստոսի մասին ասվում է. «Երբ Նա բացում է, ոչ ոք չի փակում, իսկ երբ Նա փակում է, ոչ ոք չի բացում» (Հյտ 3, 7). «Բազմաթիվ են մարդու մտքի գաղափարները, բայց Տիրոջ ծրագիրն է միայն մնում անսասան» (Առկ 19, 21)։

 

304. Հաճախ ուշադրություն է գրավում այն փաստը, որ Սուրբ Հոգին, Ով Աստվածաշնչի գլխավոր Հեղինակն է, որոշ արարքներ է վերագրում Աստծուն, առանց մատնանշելու երկրորդական պատճառները։ Խոսքը չի վերաբերվում մի տարրական «խոսելաձևի», այլ՝ մի խորիմաստ ոճի, որով հռչակվում է Աստծո գերագահությունն ու Նրա բացարձակ իշխանությունը պատմության և աշխարհի վրա[2], այսպիսով կրթելով վստահություն ունենալ Նրա հանդեպ։ Սաղմոսների աղոթքը այս վստահության մեծագույն դպրոցն է[3]։

 

305. Հիսուսը պահանջում է որդիական ինքնահանձնում երկնավոր Հոր Նախախնամությանը, Ով հոգ է տանում Իր զավակների ամենատարրական կարիքներին. «Մի՛ մտատանջվեցեք, ուրեմն, ասելով, թե ''Ի՞նչ ենք ուտելու'', ''Ի՞նչ ենք խմելու'', ''Ի՞նչ ենք հագնելու'' [...] ։ Արդարև, ձեր երկնավոր Հայրը գիտի, որ այդ բաների կարիքն ունեք։ Դուք նախևառաջ Աստծո Արքայությունը փնտրեցեք և Նրա արդարությունը, և բոլոր այդ բաները կտրվեն ձեզ որպես հավելում» (Մտթ 6, 31-33)[4]։

 

ՆԱԽԱԽՆԱՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

306. Աստված Իր ծրագրի ինքնիշխան Տերն է։ Սակայն, այն իրագործելու համար, գործածում է նաև արարածների համագործակցությունը։ Սա նշան չէ տկարության, այլ ընդհակառակը՝ ամենակարող Աստծո մեծության ու բարության։ Արդարև, Աստված Իր արարածներին տալիս է ո՛չ միայն գոյությունը, այլ նաև՝ իրենք ևս գործելու, մեկը մյուսի պատճառն ու սկիզբը լինելու և այդպիսով Իր ծրագրի իրագործմանը համագործակցելու արժանապատվությունը։

 

307. Աստված մարդկանց տալիս է նաև Իր Նախախնամությանը ազատորեն մասնակցելու կարողությունը՝ նրանց հանձնելով երկրին «տիրանալու» և երկրի վրա իշխանություն ունենալու պատասխանատվությունը[5]։ Այդպիսով, Աստված մարդկանց պարգևում է լինել խելացի և ազատ պատճառներ՝ ամբողջացնելու համար արարման գործը՝ կատարելագործելով դրա ներդաշնակությունը, իրենց բարիքի և իրենց մերձավորների բարիքի համար։ Հաճախ հանդիսանալով իբրև աստվածային կամքին անգիտակցաբար գործակցողներ, մարդիկ կարող են կամովին մուտք գործել աստվածային ծրագրից ներս՝ իրենց արարքներով, իրենց աղոթքներով, բայց նաև՝ իրենց տառապանքներով[6]։ Այդ ժամանակ լիովին դառնում են «Աստծո հետ համագործակցողներ» (1Կր 3, 9)[7]. Աստծո և Իր Արքայության հետ[8]։

 

308. Աստված գործում է Իր արարածների բոլոր գործերի մեջ. սա մի ճշմարտություն է, որն անհնարին է բաժանել Արարիչ Աստծո հանդեպ հավատքից։ Նա առաջնային պատճառն է, որ գործում է երկրորդական պատճառների մեջ և դրանց միջոցով. «Աստված Ինքն է, իրոք, որ» մեր մեջ «արթնացնում է կամենալն ու գործելը՝ ըստ Իր բարյացակամ ծրագրերի» (Փլպ 2, 13)[9]։ Արարածի արժանապատվությունը նվազեցնելուց հեռու լինելով, ընդհակառակը՝ այս ճշմարտությունն այն ավելացնում է։ Արարածն, իրոք, որ ոչնչից ստեղծվել է Աստծո զորության, իմաստության ու բարության կողմից, ոչինչ չի կարող, եթե անջատված է իր ակունքից, որովհետև «արարածն առանց Արարչի անգոյանում է»[10], ուր մնաց թե առանց շնորհի օգնության կարողանա հասնել իր վերջնական նպատակակետին[11]։

 

ՆԱԽԱԽՆԱՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՉԱՐԻ ԳԱՅԹԱԿՂՈՒԹՅՈՒՆԸ

309. Եթե ամենակարողն Հայր Աստված, կանոնավոր և բարի աշխարհի Արարիչը, նախախնամում է Իր բոլոր արարածներին, ինչո՞ւ գոյություն ունի չարը։ Այս հարցադրմանը, որն այնքան ճնշող է, որքան անխուսափելի, այնքան ցավալի է, որքան խորհրդավոր, ո՛չ մի շուտափույթ կերպով տրված պատասխան չի կարող բավարարել։ Քրիստոնեական հավատքի ամբողջությունն է, որ պատասխանում է այդ հարցին. արարչության բարությունը, մեղքի ողբերգությունը, Աստծո համբերատար սերը, որն ընդառաջ է գալիս մարդուն Իր Դաշինքներով, Իր Որդու փրկարար մարդեղությամբ, Սուրբ Հոգու պարգևմամբ, Եկեղեցու ի մի հավաքմամբ, Խորհուրդների զորությամբ, հրավիրելով մի երանավետ կյանքի, որին ազատ արարածները կանչված են տալու իրենց համաձայնությունը, բայց որից, մի ահավոր խորհրդի կողմից տրված հնարավորությամբ, կարող են նաև խուսափել։ Քրիստոնեական պատգամի մեջ չկա մի որևէ կետ, որ այս կամ այն առումով հանդես չգա որպես պատասխան՝ չարիքի խնդրին։

 

310. Բայց ինչո՞ւ Աստված չի ստեղծել այն աստիճան կատարյալ աշխարհ, որ կարող լիներ զերծ մնալ որևիցէ չարիքից։ Իր անսահման զորությամբ Աստված կարող էր ստեղծել ինչ որ մի ավելի լավ բան[12]։ Եվ սակայն, Իր անսահման իմաստության և բարության համաձայն, Աստված ազատորեն կամեցավ ստեղծել մի աշխարհ, որ գտնվում է «քայլքի վիճակում» դեպի իր վերջնական կատարելությունը։ Այս կատարելագործումը, Աստծո ծրագրերի մեջ, որպես հետևանք առաջ է բերում, որոշ էակների առաջացման հետ, նաև ուրիշների անհետացումը, ամենակատարյալների հետ՝ գոյությունը նաև նվազ կատարյալների, բնության կազմավորման հետ՝ նաև նույնի քայքայումը։ Հետևաբար, ֆիզիկական բարիքի հետ մեկտեղ ներկա է նաև ֆիզիկական չարիքը, քանի դեռ արարչությունը չի հասել իր կատարելությանը[13]։

 

311. Բանականությամբ և ազատ կամքով օժտված արարածները՝ հրեշտակներն ու մարդիկ, պետք է դեպի իրենց վերջնական նպատակակետն ընթանան իրենց ազատ ընտրությամբ և նախընտրող սիրով։ Կարող են, հետևաբար, որդեգրել հակառակ ուղղությունը։ Փաստացի՝ մեղանչել են։ Այսպես է, որ աշխարհ է մուտք գործել բարոյական չարիքը, որն անհամեմատելիորեն ավելի ծանր է, քան ֆիզիկականը։ Աստված ո՛չ մի կերպով, ո՛չ ուղղակիորեն և ո՛չ էլ անուղղակիորեն, բարոյական չարիքի պատճառը չէ[14]։ Սակայն, հարգելով Իր արարածի ազատությունը, թույլատրում է չարի գոյությունը և, խորհրդավոր կերպով, կարողանում է բարի վախճան տալ իրերի ընթացքին.

«Արդարև, ամենակարողն Աստված, [...] լինելով գերագույն չափով բարի, երբեք չէր թույլատրի, որ որևիցէ մի չարիք գոյություն ունենար Իր գործերի մեջ, եթե բավարար չափով հզոր և բարի չլիներ՝ չարիքից իսկ բարիք դուրս հանելու համար»[15]։

 

312. Այսպիսով, հնարավոր է ժամանակի ընթացքում բացահայտել, որ Աստված Իր ամենակարող Նախախնամությամբ կարող է բարիք դուրս հանել պատահած մի չարիքի, նաև բարոյական չարիքի հետևանքներից, որ պատճառվել են Իր արարածների կողմից. «Դուք չէ, որ ուղարկեցիք ինձ այստեղ, այլ՝ Աստված։ [...] Թեև դուք չարիք խորհեցիք իմ դեմ, Աստված կամեցավ բարիքի ծառայեցնել ձեր չարը, [...] ապրեցնելու համար մի բազմանդամ ժողովուրդ» (Ծնդ 45, 8; 50, 20)[16]։ Երբևէ գործված բարոյական ամենածանր չարիքից՝ Աստծո Որդու մերժումից ու սպանությունից, որի պատճառը բոլոր մարդկանց մեղքն է, Աստված, Իր շնորհի գերառատությամբ[17], դուրս քաշեց ամենամեծ բարիքները. Քրիստոսի փառավորումը և մեր Փրկությունը։ Սրանով հանդերձ, սակայն, չարիքը չի դառնում բարիք։

 

313. «Ամեն բան նպաստում է նրանց բարիքին, ովքեր սիրում են Աստծուն» (Հռմ 8, 28)։ Սրբերի վկայությունը չի դադարում հաստատել այս ճշմարտությունը.

Ահա՛ այս պատասխանն է Սբ. Կատարինե Սիենացին տալիս բոլոր նրանց, «ովքեր գայթակղվում են» և դժգոհում են իրենց պատահող նեղությունների դիմաց. «Ամեն ինչ գալիս է սիրուց, ամեն ինչ նպատակաուղղված է մարդու փրկությանը։ Աստված ամեն ինչ, որ անում է, անում է ա՛յս նպատակի համար»[18]։

Հետևյալ խոսքերով էր Սբ. Թոմաս Մուռն իր մարտիրոսությունից առաջ մխիթարում իր դստերը. «Ոչինչ չի կատարվում առանց Աստծո կամեցողության, և ես վստահ եմ, որ ինչ էլ որ պատահի, որքան էլ որ դա չար բան թվա, իրականում միշտ կլինի լավագույնի համար»[19]։

Իսկ Հուլիանա Նորուիչացին գրում է. «Սովորեցի Աստծո շնորհից, որ պետք է հաստատուն մնամ հավատքի մեջ, և հետևաբար՝ պետք է անսասան և կատարյալ կերպով հավատամ, որ ամեն ինչ լավ է վերջանալու։ [...] Ինքդ էլ կտեսնես, որ ամեն ինչ լավ է լինելու»[20]։

 

314. Մենք ամենայն հաստատամտությամբ հավատում ենք, որ Աստված աշխարհի և պատմության Տերն է։ Բայց Իր Նախախնամության ճանապարհները հաճախ անծանոթ են մնում մեզ։ Միմիայն վերջում, երբ մեր թերի ճանաչողությունը կհասնի իր վախճանին և կտեսնենք Աստծուն «դեմ առ դեմ» (1Կր 13, 12), անթերի կերպով կճանաչենք այն ճանապարհները, որոնցով, նաև չարիքի ու մեղքի ողբերգության միջով, Աստված այժմ առաջնորդում է Իր արարչությունը դեպի հանգիստը այն վերջնական Շաբաթ օրվա[21], որը որպես նպատակ ունենալով է ստեղծել երկինքն ու երկիրը։

[1] Վատիկանյան Առաջին Ժողով, Վարդ. Սահմ. Աստծո Որդին, 1: DS 3003.
[2] Հմմտ. Ես 10, 5-15; 45, 5-7; 2Օր 32, 39; Սրք 11, 14
[3] Հմմտ. Սղմ 22; 32; 35; 103; 138; ...
[4] Հմմտ. Մտթ 10, 29-31
[5] Հմմտ. Ծնդ 1, 26-28
[6] Հմմտ. Կղս 1, 24
[7] Հմմտ. 1Թղ 3, 2
[8] Հմմտ. Կղս 4, 11
[9] Հմմտ. 1Կր 12, 6
[10] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Հով. Սահմ. Բերկրանք և Հույս, 36: AAS 58 (1966) 1054.
[11] Հմմտ. Մտթ 19, 26; Հվհ 15, 5; Փլպ 4, 13
[12] Հմմտ. Սբ. Թովմա Աքուինացի, Համապարփակ աստվածաբանություն, 1, q. 25, a. 6: Ed. Leon. 4, 298-299.
[13] Հմմտ. Սբ. Թովմա Աքուինացի, Համապարփակ ջատագովություն ընդդեմ հեթանոսների, 3, 71: Ed. Leon. 14, 209-211.
[14] Հմմտ. Սբ. Օգոստինոս Հիպպոնացի, Ազատ կամքի մասին, 1, 1, 1։ CCL 29, 211 (PL 32, 1221-1223); Սբ. Թովմա Աքուինացի, Համապարփակ աստվածաբանություն, 1-2, q. 79, a. 1: Ed. Leon. 7, 76-77.
[15] Սբ. Օգոստինոս Հիպպոնացի, Ձեռնարկ հավատքի, հույսի և սիրո մասին, 3, 11։ CCL 46, 53 (PL 40, 236).
[16] Հմմտ. Տվբ 2, 12-18
[17] Հմմտ. Հռմ 5, 20
[18] Սբ. Կատարինե Սիենացի, Երկխոսություն Աստվածային Նախախնամության մասին, 138։ ed. G. Cavallini (Roma 1995), p. 441.
[19] Մարգըրեթ Ռոփեռ, Նամակ Ալիսիա Ալինգթընին (1534թ.ի Օգոստոս ամսին), «Սըր Թոմաս Մուռի Նամականին», ed. E.F. Rogers (Princeton 1947), p. 531-532.
[20] Հուլիանա Նորուիչացի, Հայտնություններ, 13, 32։ A Book of Showings to the Anchoress Julian of Norwich, ed. E. Colledge - J. Walsh, v. 2 (Toronto 1978), p. 426 et 422.
[21] Հմմտ. Ծնդ 2, 2
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։