Գլուխ Ա. - Հոդված 1. - Հատված Դ. / բ) Արարչագործությունը Ամենասուրբ Երրորդության գործն է – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Ա. - Հոդված 1. - Հատված Դ. / բ) Արարչագործությունը Ամենասուրբ Երրորդության գործն է

290. «Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը» (Ծնդ 1, 1)։ Աստվածաշնչի այս առաջին խոսքերը պարունակում են երեք հաստատումներ. 1) հավիտենականն Աստված սկիզբ է տվել այն ամեն ինչին, որ գոյություն ունի Իրենից դուրս. 2) միայն Նա է Արարիչ («արարել» բայը – եբրայեցերեն՝ « בָּרָ֣א » - «բառա» – միշտ և միայն Աստծուն ունի որպես ենթակա). 3) գոյություն ունեցող ամեն ինչի ամբողջությունը, որ արտահայտվում է «երկինք և երկիր» բանաձևմամբ, կախում ունի Նրանից, Ով գոյություն է հաղորդում իրեն։

 

291. «Սկզբում էր Բանը[1]. [...] և Բանն Աստված էր։ [...] Ամեն բան Իր միջոցով եղավ, և առանց Իրեն չեղավ ոչինչ, որ եղել է» (Հվհ 1, 1-3)։ Նոր Կտակարանը հայտնում է, որ Աստված ամեն բան ստեղծել է հավիտենական Բանի՝ Իր սիրելի Որդու միջոցով։ «Նրա միջոցով են ստեղծվել բոլոր բաները՝ երկնայիններն ու երկրայինները [...] ։ Բոլոր բաները ստեղծվել են Նրա միջոցով և Նրա համար։ Նա բոլոր բաներից առաջ է և բոլորը Նրա մեջ է, որ գոյություն ունեն» (Կղս 1, 16-17)։ Եկեղեցու հավատքը հաստատում է նաև Սուրբ Հոգու արարիչ գործողությունը. Նա Նա է, Ով «տալիս է կյանքը»[2], «Արարիչ Հոգին» է (ինչպես որ երգում ենք «Ե՜կ, Սուրբ Հոգի» օրհներգի մեջ), «բոլոր բարիքների ակունքը»[3]։

 

292. Քողարկված կերպով նշմարվելով Հին Կտակարանում[4], Նոր Ուխտի մեջ հայտնվելով, Որդու և Սուրբ Հոգու արարիչ գործողությունը, որն անբաժանելիորեն մեկ է Հոր գործողության հետ, հստակ կերպով հաստատված է Եկեղեցու հավատքի կանոնի կողմից. «Գոյություն ունի միայն մեկ Աստված [...] . Նա Հայրն է, Աստված է, Արարիչը, Հեղինակը, Կարգավորողը։ Նա ամեն ինչ արել է ինքնուրույն, այսինքն՝ Իր Բանի և Իր Իմաստության միջոցով»[5]. «Որդին և Սուրբ Հոգին» կարծես «Իր ձեռքերը» լինեն[6]։ Արարչագործությունը Ամենասուրբ Երրորդության միասնական գործն է։

[1] Գրաբարյան «բան» եզրը (հունարեն՝ լոգոս), որ սովորաբար թարգմանվում է որպես «խոսք», բայց կարող է նշանակել նաև «միտք», «իմաստ», բան-ականության, բան-ավորության արմատն է, որով մատնանշվում է գոյություն ունեցող ամեն ինչի գոյութենական իմաստը և հակառակվում է անիմաստությանը, ան-բան-ությանը, ան-բան-ականությանը։ Հատկանշական է, որ հայերենում գոյություն ունեցող ամեն ինչ մատնացույց է արվում որպես «մի բան», այսինքն՝ իր մեջ բանականություն պարունակող միավոր։ Գրվելով մեծատառով, «Բան» («Լոգոս»), հասկանում ենք Աստվածային Միտքը, Իմաստությունը, Խոսքը (Ամենասուրբ Երրորդության երկրորդ Անձը՝ Որդին), որը ստեղծված որևէ բանականության արմատն ու աղբյուրն է, որից կտրվելու, հեռանալու դեպքում ամեն բան դառնում է անբան, իմաստազուրկ, հակասական, անտրամա-բան-ական։
[2] Նիկեա-Կոստանդնուպոլսյան Հավատամք, DS 150.
[3] Հոգեգալստյան Կիրակիի Երեկոյան Ժամերգության Երկրորդ Շարական։ Πεντηκοστἀριον (Rome 1883), p. 408.
[4] Հմմտ. Սղմ 33, 6; 104, 30; Ծնդ 1, 2-3
[5] Սբ. Իրենեուս Լուգդունացի, Ընդդեմ հերետիկոսությունների, 2, 30, 9: SC 294, 318-320 (PG 7, 822).
[6] Սբ. Իրենեուս Լուգդունացի, Ընդդեմ հերետիկոսությունների, 4, 20, 1: SC 100, 626 (PG 7, 1032).
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։