Գլուխ Ա. - Հոդված 1. - Հատված Ա. / դ) Միակ Աստծո հանդեպ հավատքի հետևանքները – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Ա. - Հոդված 1. - Հատված Ա. / դ) Միակ Աստծո հանդեպ հավատքի հետևանքները

222. Աստծուն՝ Միակին հավատալը, և Նրան սեփական ողջ էությամբ սիրելը՝ մեր ամբողջ կյանքի համար ունենում է վիթխարի հետևանքներ.

 

223. Ճանաչում ենք Աստծո մեծությունն ու վեհությունը. «Ահա՛, Աստված այնքա՜ն մեծ է, որ չենք կարողանում ըմբռնել Նրան» (Հոբ 36, 26)։ Հենց սրա համար Աստված պետք է «առաջինը ծառայություն ընդունի»[1]։

 

224. Ապրում ենք երախտագիտություն հայտնելով. եթե Աստված Միակն է, ուրեմն այն ամենը, ինչը որ մենք ենք, և այն ամենը, ինչը որ մենք ունենք, գալիս է Իրենից. «Ի՞նչ ունես բնավ, որ չես ստացել» (1Կր 4, 7)։ «Արդյոք ինչպե՞ս կարող եմ հատուցել Տիրոջն այն ամեն ինչի համար, որ տվել է ինձ» (Սղմ 116, 12)։

 

225. Ճանաչում ենք բոլոր մարդկանց միությունն ու ճշմարիտ արժանապատվությունը. բոլորն էլ ստեղծված են ըստ «Աստծո պատկերի ու նմանության» (Ծնդ 1, 26)։

 

226. Սկսում ենք ճիշտ գործածել ստեղծված բաները. Միակ Աստծո հանդեպ հավատքը մեզ առաջնորդում է գործածելու Իրենից տարբեր ամեն բան այն չափով, որքանով որ դա մոտեցնում է մեզ Իրեն, և անջատվելու ամեն ինչից այն չափով, որքանով որ դա հեռացնում է մեզ Իրենից[2]։

«Տե՜ր իմ և Աստվա՜ծ իմ, հեռացրո՜ւ ինձնից՝ ինչը որ հեռացնում է ինձ Քեզնից։
Տե՜ր իմ և Աստվա՜ծ իմ, տո՜ւր ինձ՝ ինչը որ միացնում է ինձ Քեզ։
Տե՜ր իմ և Աստվա՜ծ իմ, հեռացրո՜ւ ինձ ինձնից և միացրու ինձ Քեզ»[3]։

 

227. Ինչ էլ որ պատահի, վստահում ենք Աստծուն, նաև նեղությունների դեպքում։ Սբ. Թերեզա Ավիլացու հետևյալ խոսքերը հիանալի կերպով արտահայտում են այս միտքը.

Թող որ ոչինչ չխռովի քեզ / ոչինչ չսարսափեցնի։
Ամեն բան անցնում է / Աստված չի փոխվում։
Համբերությունն ամեն բան ստանում է։
Ով ունի Աստծուն, / ունի ամեն բան։
Միայն Աստված բավական է[4]։
[1] Սբ. Ժաննա դ'Արք, Խոսք. Դատապարտության դատավարությունից, ed. P. Tisset - Y. Lanhers, v. 1 (Paris 1960), p. 280 et p. 288.
[2] Հմմտ. Մտթ 5, 29-30; 16, 24; 19, 23-24
[3] Սբ. Նիկողայոս Ֆլուացի, Եղբայր Նիկողայոսի աղոթքը (Bruder-Klaus-Gebet), apud R. Amschwand, Bruder Klaus. Ergänzungsband zum Quellenwerk von R. Durrer (Sarnen 1987), p. 215.
[4] Սբ. Թերեզա Ավիլացի, Տաղ 9։ Biblioteca Mística Carmelitana, v. 6 (Burgos 1919), p. 90.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։