Գլուխ Ա. - Հոդված 1. - Հատված Դ. / դ) Արարչագործության խորհուրդը – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Ա. - Հոդված 1. - Հատված Դ. / դ) Արարչագործության խորհուրդը

ԱՍՏՎԱԾ ՍՏԵՂԾՈՒՄ Է ԻՄԱՍՏՈՒԹՅԱՄԲ ԵՎ ՍԻՐՈՎ

295. Մենք հավատում ենք, որ աշխարհն Աստծո կողմից ստեղծվել է Իր իմաստության համաձայն[1]։ Արդյունքը չէ ինչ որ մի անհրաժեշտության, կամ մի կույր բախտի, կամ պատահականության։ Մենք հավատում ենք, որ աշխարհը գոյության է եկել Աստծո ազատ կամքով, Ով կամեցել է մասնակից դարձնել արարածներին Իր գոյությանը, Իր իմաստությանն ու Իր բարությանը. «Դու ես ստեղծել ամեն բան, և Քո կամքով են դրանք ստեղծվել և գոյություն ունեն» (Հյտ 4, 11)։ «Քանի՜ցս մեծ են, Տե՜ր, գործերդ։ Ամեն ինչ իմաստությամբ ես արել» (Սղմ 104, 24)։ «Բարի է Տերը բոլորի հանդեպ, Իր գորովը տարածվում է բոլոր արարածների վրա» (Սղմ 145, 9)։

 

ԱՍՏՎԱԾ ՍՏԵՂԾՈՒՄ Է «ՈՉՆՉԻՑ»

296. Մենք հավատում ենք, որ ստեղծելու համար՝ Աստված կարիքը չունի նախապես գոյություն ունեցող ոչ մի բանի, ո՛չ էլ՝ որևիցէ մի օգնության[2]։ Արարչագործությունը ո՛չ էլ անհրաժեշտ արտաբխումն է աստվածային գոյացության[3]։ Աստված ստեղծում է ազատորեն՝ «ոչնչից»[4].

«Ի՞նչ արտասովոր բան կլիներ, եթե Աստված պարզապես կազմավորեր աշխարհը նախապես գոյություն ունեցող նյութից։ Մարդկային մի որևէ արհեստավոր, երբ իրեն տրվում է աշխատանքի նյութ, շինում է այն ամենը, որ կամենում է։ Աստծո զորությունը, մինչդեռ, դրսևորվում է ճշգրիտ կերպով այս բանի մեջ. որ Նա մեկնում է ոչնչից՝ ստեղծելու համար այն ամենը, որ կամենում է»[5]։

 

297. «Ոչնչից» արարչագործության հավատքը Աստվածաշնչում վկայվում է որպես խոստումով և հույսով լի ճշմարտություն։ Օրինակ, մակաբայեցի յոթ եղբայրների մայրը քաջալերում է նրանց՝ չվախենալ մարտիրոսությունից.

«Չգիտեմ, թե դուք ինչպես ձևավորվեցիք որովայնիս մեջ. ես չէ, որ տվեցի ձեզ հոգի և կյանք, և ո՛չ էլ ես կերպարանք տվեցի ձեզնից յուրաքանչյուրի անդամներին։ Անկասկած, աշխարհի Արարիչը, որ սկզբում ձևավորեց մարդուն և հոգաց բոլորի ծնվելուն, Իր ողորմությամբ կրկին կվերադարձնի ձեզ ձեր հոգիներն ու կյանքը, ինչպես որ դուք այժմ չեք մտահոգվում ձեր անձերի մասին՝ հանուն Իր օրենքների։ [...] Պաղատում եմ քեզ, որդյա՜կ, նայի՛ր երկնքին ու երկրին, քննի՛ր այն ամենը, որ կա դրանց մեջ, և իմացի՛ր, որ Աստված նախապես գոյություն ունեցող բաներից չէ, որ ստեղծել է դրանք։ Այդպիսին է նաև մարդկային ցեղի ծագումը» (2Մկբ 7, 22-23.28)։

 

298. Աստված, քանի որ կարող է ստեղծել ոչնչից, կարող է նաև, Սուրբ Հոգու ներգործությամբ, մեղավորներին շնորհել հոգու կյանքը՝ ստեղծելով նրանց մեջ սուրբ սիրտ[6], և մեռյալներին՝ մարմնի կյանքը հարության շնորհիվ, Նա, որ «կյանք է տալիս մեռածներին և գոյության է կանչում տակավին գոյություն չունեցող բաները» (Հռմ 4, 17)։ Եվ քանի որ Իր Խոսքով կարողացավ լույսը շողացնել խավարի մեջ[7], կարող է նաև հավատքի լույսը պարգևել նրանց, ովքեր չեն ճանաչում Իրեն[8]։

 

ԱՍՏՎԱԾ ՍՏԵՂԾՈՒՄ Է ԿԱՆՈՆԱՎՈՐ ԵՎ ԲԱՐԻ ԱՇԽԱՐՀ

299. Քանի որ Աստված ստեղծում է իմաստությամբ, արարչությունը կարգուկանոն ունի. «Ամեն բան սահմանել ես չափով, հաշվով ու կշռով» (Իմս 11, 20)։ Ստեղծված լինելով հավիտենական Բանի մեջ և հավիտենական Բանի միջոցով, Ով «պատկերն է անտեսանելի Աստծո» (Կղս 1, 15), արարչությունը սահմանված, հասցեագրված է մարդուն, ով ստեղծված է Աստծո պատկերով[9] և կանչված է Աստծո հետ անձնական հարաբերության։ Մեր միտքը, քանի որ մասնակցում է աստվածային Մտքի լույսին, կարող է ըմբռնել այն, ինչը որ Աստված մեզ ասում է արարչության միջոցով[10], անշուշտ ո՛չ առանց մեծ ջանքի և խոնարհության ու հարգանքի դիրքորոշման՝ Արարչի և Իր ձեռքերի գործի նկատմամբ[11]։ Աստվածային բարությունից բխած լինելով, արարչությունը մասնակցում է այդ բարությանը («Եվ Աստված տեսավ, որ բարի էր, [...] շա՜տ բարի էր». Ծնդ 1, 4.10.12.18.21.31)։ Արարչությունն, արդարև, Աստծո կողմից կամեցվել է՝ այն մարդուն նվիրելու համար, որպես մարդու համար սահմանված և նրան վստահված ժառանգություն։ Եկեղեցին բազմաթիվ անգամներ հարկադրվել է պաշտպանել արարչության բարության ճշմարտությունը, ներառյալ նյութական աշխարհի բարությունը[12]։

 

ԱՍՏՎԱԾ ԱՐԱՐՉՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՆԴԻՆ Է, ԲԱՅՑ ՄԻՇՏ ՆԵՐԿԱ Է ՆՐԱ ՄԵՋ

300. Աստված անսահմանորեն ավելի մեծ է, քան Իր բոլոր գործերը[13]. «Երկինքներից ավելի վեր է բարձրանում Իր մեծվայելչությունը» (Սղմ 8, 2), «Նրա մեծությունն անհնարին է չափել» (Սղմ 145, 3)։ Բայց քանի որ Նա ինքնիշխան և ազատ Արարիչն է, առաջին պատճառն այն ամեն ինչի, որ գոյություն ունի, Նա ներկա է Իր արարածների ամենախորը ներսում. «Նրա մեջ ենք ապրում և շարժվում. Նրա մեջ է, որ գոյություն ունենք» (Գրծ 17, 28)։ Սուրբ Օգոստինոսի խոսքերի համաձայն, Նա «իմ ներաշխարհի ամենախորը խորքերից էլ ավելի խորն է, և ավելի բարձր, քան իմ ամենաբարձր բարձունքը»[14]։

 

ԱՍՏՎԱԾ ՊԱՀՊԱՆՈՒՄ ԵՎ ԽՆԱՄՈՒՄ Է ԱՐԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ

301. Այն ստեղծելուց հետո, Աստված բախտի քմահաճույքին չի թողնում Իր արարածին։ Նրան չի տալիս միայն լինել և գոյություն ունենալ, այլ՝ ամեն վայրկյան ու ակնթարթ նրան պահպանում է «գոյության» մեջ, նրան տալիս է գործելու ունակություն և առաջնորդում է նրան դեպի սեփական նպատակակետը։ Արարչից սեփական անձի ամբողջական կախվածությունը ճանաչելը աղբյուր է իմաստության ու ազատության, բերկրանքի, վստահության.

«Դու սիրում ես գոյություն ունեցող ամեն բան և ոչինչ չես արհամարհում այն բաներից, որոնք ստեղծել ես։ Եթե ինչ որ մի բան ատեիր, և ո՛չ իսկ կստեղծեիր։ Ինչպե՞ս կարող է գոյություն ունենալ ինչ որ մի բան, եթե Դու չկամենաս։ Կամ գոյության մեջ մնալ, եթե Դու կանչած չլինեիր նրան գոյության։ Դու խնայում ես ամենքին, որովհետև բոլորն էլ Քոնն են, Տե՜ր, սիրողդ կյանքի» (Իմս 11, 24-26)։

[1] Հմմտ. Իմս 9, 9
[2] Հմմտ. Վատիկանյան Առաջին Ժողով, Վարդ. Սահմ. Աստծո Որդին, 1: DS 3002.
[3] Հմմտ. Վատիկանյան Առաջին Ժողով, Վարդ. Սահմ. Աստծո Որդին, Աստծո՝ ամեն ինչի Արարչի մասին, կանոն 1-4: DS 3023-3024.
[4] Լաթերանյան Չորրորդ Ժողով, Գլուխ Երկրորդ, Ընդհանրական Հավատքի մասին. DS 800; Վատիկանյան Առաջին Ժողով, Վարդ. Սահմ. Աստծո Որդին, Աստծո՝ ամեն ինչի Արարչի մասին, կանոն 5: DS 3025.
[5] Սբ. Թեոֆիլոս Անտիոքացի, Աուտոլիկուսին ուղղված ջատագովություն, 2, 4։ SC 20, 102 (PG 6, 1052).
[6] Հմմտ. Սղմ 51, 12
[7] Հմմտ. Ծնդ 1, 3
[8] Հմմտ. 2Կր 4, 6
[9] Հմմտ. Ծնդ 1, 26
[10] Հմմտ. Սղմ 19, 2-5
[11] Հմմտ. Հոբ 42, 3
[12] Հմմտ. Սբ. Լևոն Մեծ, Նամակ «Որքան գովելի է»։ DS 286; Բռագայի Առաջին Ժողով, Բանադրանքներ ի մասնավորի ընդդեմ Պռիսկիլյանների, 5-13։ DS 455-563; Լաթերանյան Չորրորդ Ժողով, Գլուխ Երկրորդ, Ընդհանրական Հավատքի մասին. DS 800; Ֆլորենցիայի Ժողով, Վճռագիր Հակոբիկյանների վերաբերյալ։ DS 1333; Վատիկանյան Առաջին Ժողով, Վարդ. Սահմ. Աստծո Որդին, 1: DS 3002.
[13] Հմմտ. Սրք 43, 30
[14] Սբ. Օգոստինոս Հիպպոնացի, Խոստովանություններ, 3, 6, 11։ CCL 27, 33 (PL 32, 688).
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։