Դ. Սույն Քրիստոնեականի կառուցվածքը – Գրադարան – Mashtoz.org

Դ. Սույն Քրիստոնեականի կառուցվածքը

13. Սույն Քրիստոնեականի հատակագիծը հետևում է քրիստոնեական ուսուցման հատորների մեծ ավանդությանը, որոնք կրոնի ուսուցումը հոդավորում են չորս «կրող սյուների» շուրջը. մկրտական հավատքի դավանությունը («Հավատամքը»), հավատքի խորհուրդները, հավատքի կյանքը (պատվիրանները), հավատացյալի աղոթքը («Հայր մեր»ը):

 

Մասն Առաջին. ՀԱՎԱՏՔԻ ԴԱՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ

14. Նրանք, ովքեր Հավատքով և Մկրտությամբ պատկանում են Քրիստոսին, իրենց մկրտական հավատքը պետք է դավանեն մարդկանց առաջ[1]: Հետևաբար, Քրիստոնեականը նախևառաջ ներկայացնում է, թե ի՛նչ բանի մեջ են կայանում Հայտնությունը, որի միջոցով Աստված դիմում և նվիրվում է մարդուն, և Հավատքը, որի միջոցով մարդը պատասխանում է Աստծուն (բաժին առաջին): Հավատքի Հանգանակն ամփոփում է այն պարգևները, որոնք Աստված տալիս է մարդուն որպես բոլոր բարիքների Հեղինակ, որպես Փրկիչ, որպես Սրբացնող, և դրանք հոդավորում է մեր Մկրտության «երեք հոդվածների» շուրջը, այսինքն՝ Մեկ Միակ Աստծո հանդեպ հավատքը. Ամենակալ Հայրը՝ Արարիչը. և Հիսուս Քրիստոսը՝ Նրա Որդին, մեր Տերն ու Փրկիչը. և Սուրբ Հոգին՝ Սուրբ Եկեղեցու մեջ (բաժին երկրորդ):

 

Մասն Երկրորդ. ՀԱՎԱՏՔԻ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ

15. Քրիստոնեականի երկրորդ մասը ներկայացնում է, թե ինչպե՛ս է Աստծո պարգևած փրկությունը – որը մեկ անգամ բոլորի համար իրագործվել է Հիսուս Քրիստոսի և Սուրբ Հոգու կողմից – ներկա դառնում Եկեղեցու Ծեսի պաշտամունքային սրբազան արարողությունների (բաժին առաջին), հատկապես՝ յոթ խորհուրդների մեջ (բաժին երկրորդ):

 

Մասն Երրորդ. ՀԱՎԱՏՔԻ ԿՅԱՆՔԸ

16. Քրիստոնեականի երրորդ մասը ներկայացնում է Աստծո պատկերի համաձայն ստեղծված մարդու վերջին վախճանը. երանությունը, և դրան հասնելու ճանապարհները. ուղղամիտ ու ազատ վարքի միջոցով, Աստծո օրենքի և շնորհի օգնությամբ (բաժին առաջին). մի վարք, որ գործադրում է սիրո կրկնակի պատվիրանը, որն իր հստակ ձևակերպումը գտնում է Աստծո տասը պատվիրանների մեջ (բաժին երկրորդ):

 

Մասն Չորրորդ. ԱՂՈԹՔԸ ՀԱՎԱՏՔԻ ԿՅԱՆՔՈՒՄ

17. Քրիստոնեականի վերջին մասը քննարկում է աղոթքի իմաստն ու կարևորությունը հավատացյալների կյանքում (բաժին առաջին): Եզրափակվում է Տերունական Աղոթքի յոթ խնդրվածքների համառոտ բացատրությամբ (բաժին երկրորդ): Դրանց մեջ, իրոք, գտնում ենք ամբողջությունը այն բարիքների, որոնք պետք է հուսանք և որոնք մեր երկնավոր Հայրը կամենում է տալ մեզ:

[1] Հմմտ. Մտթ 10, 32; Հռմ 10, 9

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։