Գլուխ Բ. - Հոդված 1. / գ) Քրիստոս Հիսուսը՝ «ողջ Հայտնության միջնորդն ու լիությունը» – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Բ. - Հոդված 1. / գ) Քրիստոս Հիսուսը՝ «ողջ Հայտնության միջնորդն ու լիությունը»

[1]

 

ԱՍՏՎԱԾ ԱՄԵՆ ԲԱՆ ԱՍԱՑ ԻՐ ԲԱՆԻ ՄԵՋ

65. «Աստված, Ով արդեն իսկ բազմաթիվ ձևերով հին ժամանակներում բազմաթիվ անգամներ խոսել էր հայրերին մարգարեների միջոցով, վերջում՝ այս օրերին, խոսեց մեզ Որդու միջոցով» (Եբր 1, 1-2): Քրիստոսը՝ Աստծո մարդացած Որդին, Հոր միակ, կատարյալ և վերջնական Խոսքն է, որի մեջ Նա ասում է ամեն բան, և չի լինելու ա՛յլ խոսք, Նրանից բացի: Սբ. Հովհաննես Խաչը, հետևելով շատ ուրիշների, այս միտքն արտահայտում է լուսավոր կերպով, մեկնաբանելով Եբր 1, 1-2 հատվածը.

«Այն պահից ի վեր, ինչ տվեց մեզ Իր Որդին, Ով Իր միակ ու վերջնական Խոսքն է, ամեն բան ասաց մեզ միայն մեկ անգամով՝ այս միակ Խոսքի մեջ, և ասելիք այլևս ոչինչ չունի: [...] Արդարև, այն, ինչը որ մի ժամանակ մասնակի կերպով ասում էր մարգարեներին, ամբողջն ասաց մեզ Իր Որդու մեջ, տալով մեզ այդ ամբողջը, որ Իր Որդին է: Ուստի, եթե մեկը կամենա տակավին հարցեր ուղղել Տիրոջը և տեսիլքներ կամ հայտնություններ խնդրել Նրանից, ո՛չ միայն անմտություն գործած կլինի, այլ նաև՝ կվիրավորի Աստծուն, որովհետև իր հայացքը սևեռած չի լինի միմիայն Քրիստոսի վրա, այլ՝ տարբեր բաներ կամ նորություններ կփնտրի Նրանից դուրս»[2]:

 

Ա՛ՅԼ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ

66. «Քրիստոնեական տնօրենությունը, քանի որ նոր ու վերջնական Ուխտ է, երբեք չի անցնելու, և հարկավոր չէ սպասել ինչ որ մի նոր հրապարակային հայտնության, մեր Տեր Հիսուս Քրիստոսի փառահեղ գալստից առաջ»[3]: Սակայն, թեև Հայտնությունն ամբողջացած է, դեռևս լիովին լուսաբանված չէ: Քրիստոնեական հավատքի գործն է դարերի ընթացքում աստիճանաբար ընկալել նրա ողջ տարողությունը:

 

67. Դարերի ընթացքում եղել են որոշ հայտնություններ, որ կոչվել են «անհատական», որոնցից ոմանք ճանաչվել են Եկեղեցու հեղինակության կողմից: Դրանք, սակայն, Հավատքի Ավանդին մաս չեն կազմում։ Դրանց դերը Քրիստոսի վերջնական Հայտնությունը «բարելավել»ը կամ «ամբողջացնել»ը չէ, այլ՝ օգնելն ապրելու այն առավել լիությամբ՝ պատմական որոշակի դարաշրջանում: Եկեղեցու Վարդապետության կողմից առաջնորդված, Հավատքի հարցերի շուրջ հավատացյալների գերբնական զգացումը կարող է զանազանել և ընդունել այն, ինչը որ այդօրինակ հայտնությունների մեջ հանդիսանում է Քրիստոսի կամ Իր Սրբերի վավերական հորդորը՝ Եկեղեցուն ուղղված:

Քրիստոնեական հավատքը չի կարող ընդունել ''հայտնությունները'', որոնք հավակնում են գերազանցել կամ սրբագրել Հայտնությունը, որի լրումը Քրիստոսն է: Այդպիսին է որոշ ոչ-քրիստոնեական կրոնների, ինչպես նաև որոշ նորահայտ աղանդների պարագան, որոնք հիմնվում են նման ''հայտնությունների'' վրա:

[1] Հմմտ. Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Աստծո Խոսքը, 2: AAS 58 (1966) 818.
[2] Սբ. Հովհաննես Խաչ, Կարմեղոս լեռան վերելքը, 2, 22, 3-5: Կարմեղական միստիկ գրադարան, հտր. 2 (Բուրգոս, 1929), էջ 184.
[3] Հմմտ. Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Աստծո Խոսքը, 4: AAS 58 (1966) 819.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։