Գլուխ Ա. - Հոդված 1. - Հատված Է. / դ) «Դու նրան չլքեցիր մահվան իշխանության տակ» – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Ա. - Հոդված 1. - Հատված Է. / դ) «Դու նրան չլքեցիր մահվան իշխանության տակ»

410. Անկումից հետո Աստված չի լքել մարդուն։ Ընդհակառակը, Աստված նրան կանչում է[1], և խորհրդավոր կերպով նրան կանխավ ասում է, որ չարը հաղթվելու է և մարդը կրկին ոտքի է կանգնելու անկումից[2]։ Ծննդոց գրքի այս հատվածը կոչվել է «Նախաավետարան», որովհետև Փրկիչ Մեսսիայի առաջին ավետումն է, ավետումը մի պայքարի՝ օձի և Կնոջ միջև, և Կնոջ Որդու վերջնական հաղթանակի։

 

411. Քրիստոնեական Ավանդությունն այս հատվածի մեջ տեսնում է ավետումը «նոր Ադամի»[3], Ով Իր «մինչև խաչի մահը» հնազանդությամբ (Փլպ 2, 8) առատորեն հատուցեց Ադամի անհնազանդության փոխարեն[4]։ Սրանից բացի, Եկեղեցու բազմաթիվ Հայրեր ու Վարդապետներ «Նախաավետարանում» ավետված Կնոջ պատկերի մեջ տեսնում են Քրիստոսի Մորը՝ Մարիամին, որպես «նոր Եվա»։ Մարիամը նա է, ով առաջինը և եզակի եղանակով ստացավ և վայելեց նպաստները այն հաղթանակի, որը Քրիստոսը տոնեց մեղքի դեմ. նա վերապահվեց սկզբնական մեղքի որևէ արատից[5] և իր երկրային ողջ կյանքի ընթացքում, Աստծո մի եզակի շնորհով, ոչ մի մեղք չգործեց[6]։

 

412. Բայց ինչո՞ւ Աստված թողեց, որ առաջին մարդը մեղանչի։ Սբ. Լևոն Մեծը պատասխանում է. «Քրիստոսի անճառելի շնորհը մեզ անհամեմատելիորեն ավելի լավ բարիքներ տվեց, քան այն բարիքները, որոնցից զրկվեցինք սատանայի նախանձի պատճառով»[7]։ Իսկ Սբ. Թովմա Աքուինացին հավելում է. «Ոչինչ չի խանգարում այն բանին, որ մարդկային բնությունը մեղքից հետո սահմանվի մի առավել բարձր վախճանի։ Աստված, հիրավի, թույլատրում է, որ չարիքներ պատահեն, դրանցից առավել մեծ բարիքներ արդյունավորելու նպատակով։ Այստեղից էլ Պողոս Առաքյալի խոսքը. ''Ուր առատացավ մեղքը, գերառատացավ շնորհը'' (Հռմ 5, 20)։ Սրա համար է, որ զատկական մոմերի օրհնության ժամանակ ասում ենք. ''Ո՜վ երանելի մեղք, որ արժանացար այսպիսի՜ և այսքա՜ն մեծ Փրկչի''»[8]։

[1] Հմմտ. Ծնդ 3, 9
[2] Հմմտ. Ծնդ 3, 15
[3] Հմմտ. 1Կր 15, 21-22.45
[4] Հմմտ. Հռմ 5, 19-20
[5] Հմմտ. Պիուս Իններորդ, Կոնդակ Անճառելին Աստված։ DS 2803.
[6] Հմմտ. Տրիդենտյան Ժողով, Վեցերորդ նիստ, Վճռագիր արդարացման մասին, կանոն 23։ DS 1573.
[7] Սբ. Լևոն Մեծ, Ճառ 73, 4։ CCL 88A, 453 (PL 54, 151).
[8] Սբ. Թովմա Աքուինացի, Համապարփակ աստվածաբանություն, 3, q. 1, a. 3, ad 3: Ed. Leon. 11, 14.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։