Աղոթք – Գրադարան – Mashtoz.org

Աղոթք

444. Գիտակից մեր պարտականություններին, մի՞թե կարող ենք մի ամբողջ օր անցկացնել առանց հիշելու, որ հոգի ունենք:
Ամենօրյա խորհրդածության մեջ պետք է ծագի տևական ուղղումը, ճանապարհից դուրս չգալու համար:
 
445. Եթե աղոթքն անտեսվում է, մարդը նախ սկսում է ապրել հոգևոր պաշարների հաշվին ... , իսկ հետո՝ անհիմն չքմեղանքների:
 
446. Խորհրդածություն: – Հստակ որոշված տևողությամբ և հստակ որոշված ժամի: – Այլապես, կամաց կամաց կսկսենք հարմարեցնել այն մեր հարմարավետությանը. սա ինքնասանձման ու ինքնակառավարման մեջ թերացում է: Իսկ աղոթքն առանց ինքնազսպման քիչ արդյունավետ է:
 
447. Քեզ հոգևոր ներքին կյանք է պակասում. որովհետև աղոթքիդ մեջ չես բերում հարազատներիդ ու մտերիմներիդ մտահոգությունները և հոգիների դարձը. որովհետև ջանք չես գործադրում հստակ տեսնելու, ինքդ քո առաջ կոնկրետ առաջադրանքներ դնելու և դրանք իրագործելու համար. որովհետև գերբնական տեսություն չունես ուսման, աշխատանքի, զրույցներիդ, ուրիշների հետ հարաբերություններիդ մեջ, ... :
– Զգո՞ւմ ես Աստծո ներկայությունը, որը քո աղոթքի հետևանքն է ու բացահայտումը:
 
448. Ո՞չ: ... Որովհետև ժամանակ չունեցա՞ր: ...
– Ժամանակ ունես: Ինչպես նաև, ինչպիսի՞ գործեր կլինեն քո գործերը, եթե դրանց մասին չես խորհրդածել Տիրոջ առաջ, դրանք կանոնակարգելու համար: Առանց Աստծո հետ այս երկխոսության, ինչպե՞ս կկարողանաս օրվա աշխատանքդ իր ավարտին հասցնել կատարելությամբ: ... – Տե՛ս, նման է այն բանին, որ պատճառաբանեիր, թե ժամանակդ չի բավականացնում սովորելու, որովհետև չափազանց զբաղված ես դասավանդելով ... : Առանց ուսման, ինչպե՞ս կարող ես լավ դասավանդել:
Աղոթքը առաջնահերթություն ունի ամեն ինչի նկատմամբ: Եթե սա հասկանում ես ու չես գործադրում, ինձ մի՛ ասա, թե ժամանակդ չի բավականացնում. պարզապես, աղոթել չես ուզում:
 
449. Աղո՛թք, ավելի շա՛տ աղոթք: – Անտեղի ու անհարմար է թվում հիմա, երբ ժամանակն է քննությունների, առավել սաստիկ աշխատանքի ... : Աղոթքի կարիքն ունես. և ո՛չ միայն սովորական աղոթքներիդ, որոնք կատարում ես որպես բարեպաշտության գործադրում. աղո՛թք, նաև ընդմիջումներիդ ժամանակ. աղո՛թք, մի զբաղմունքից մյուսին անցնելու ժամանակ, փոխանակ միտքդ պարապ թողնելու՝ ապուշությունների մեջ թափառելու:
Կարևոր չէ, եթե – կամքիդ ու հանձնառությանդ հակառակ – չես կարողանում լիովին կենտրոնանալ և ամփոփել միտքդ: Կարող է շա՜տ ավելին արժել այս խորհրդածությունդ, քան այն մյուսը, որ կատարել էիր լիակատար հարմարավետությամբ, մատուռում:
 
450. Ահա՛ Աստծո ներկայությունը ստանալու համար մի արդյունավետ սովորություն. ամեն օր առաջին ընդունելությունդ վերապահիր Հիսուս Քրիստոսի համար:
 
451. Աղոթքը վանականների առանձնաշնորհությունը չէ. գործն ու առաջադրանքն է բոլոր քրիստոնյաների, աշխարհի արանց և կանանց, ովքեր գիտեն, որ իրենք Աստծո զավակներն են:
 
452. Կասկած չկա, որ դու պետք է հետևես քո ուղուն. գործի մարդ ես ... աղոթողի կոչմամբ:
 
453. Կաթողիկե առանց աղոթքի՞: ... Նման է անզեն զինվորի:
 
454. Երախտագետ եղիր Տիրոջ հանդեպ, այն վիթխարի բարիքի համար, որ շնորհել է քեզ, հասկացնելով, որ «միայն մի բան է անհրաժեշտ» (Ղկս 10, 42): – Եվ, երախտագիտությանդ հետ միասին, թող որ ամեն օր չպակասի քո աղաչանքը նրանց համար, ովքեր դեռևս չգիտեն դա, կամ էլ՝ տակավին չեն հասկացել:
 
455. Երբ փորձում էին «որսալ քեզ», ինքդ քեզ հարցնում էիր, թե որտեղի՞ց էին քաղում այն ուժն ու այն հուրը, որն այրում է ամեն ինչ: – Հիմա, որ աղոթում ես, հասկացել ես, որ սա՛ է այն աղբյուրը, որ ցայտում է Աստծո ճշմարիտ զավակների շուրջբոլորը:
 
456. Արհամարհում ես խորհրդածությունը ... : Պատճառն արդյոք այն չէ՞, որ վախենում ես, որ փորձում ես թաքնվել թփերի ետևում, որ քաջությունը չունես դեմ առ դեմ խոսելու Քրիստոսի հետ:
– Տե՛ս, ուրեմն, որ տարբեր ձևեր կան այս միջոցն «արհամարհելու» համար, նույնիսկ եթե պնդում ես, թե գործադրում ես այն:
 
457. Աղո՛թք. սուրբ մտերմության և հաստատուն որոշումների ժամն է:
 
458. Շատ լավն է աղերսանքն այն հոգու, որն ասում էր. Տե՜ր, մի՛ լքիր ինձ. չես տեսնո՞ւմ, որ կա «ուրիշ մեկը», որ ոտքերիցս է քաշում:
 
459. Տերը կվերադառնա՞ բոցավառելու հոգիս ... : – Ուղեղդ և մի հեռավոր ցանկության խորը ուժը, որ թերևս հույս է, քեզ վստահեցնում են, որ այո՛: – Սիրտդ ու կամքդ, մինչդեռ, – մեկից՝ չափազանց շատ, իսկ մյուսից՝ ոչինչ – , ամբողջն արատավորում են ջլատող ու կարծր մելամաղձոտությամբ, դեմքի ծամածռության նման, դառը հեգնանքի նման:
Լսի՛ր Սուրբ Հոգու խոստումը. «Դեռևս մի քիչ, շա՜տ քիչ ժամանակ ևս, և Նա, Ով գալու է, կգա և չի ուշանա: Հավատքի շնորհիվ կապրի Իմ արդարը» (Եբր 10, 37-38):
 
460. Ճշմարիտ աղոթքը, այն աղոթքը, որ իր մեջ ներգրավում է մարդու ողջ էությունը, այնքան չի նպաստավորվում անապատի միայնությունից, որքան ներքին ամփոփումից:
 
461. Երեկոյան մեր աղոթքն էինք անում բոլորս միասին, երբ գիշերն արդեն վրա էր հասնում: Պետք է որ հետաքրքրաշարժ տեսք ունենայինք անտեղյակ ականատեսների աչքին. գետնին նստած, լռության մեջ, որը խորհրդածության մի քանի հատվածների ընթերցանությամբ էր միայն ընդմիջվում:
Ընկերներով կատարված այդ աղոթքը, «ուժգին ընդգծելով» աղերսանքները, որ վերաբերվում էին նրանց, ովքեր գալիս էին մեր հետ, Եկեղեցուն, հոգիներին, հաճելի եղավ Երկնքին և եղավ արգասաբեր. որևիցէ վայր հարմար է Աստծո հետ հանդիպման համար:
 
462. Հաճելի է ինձ, որ աղոթքի մեջ դու ձգտում ես բազմաթիվ կիլոմետրեր անցնել. հոգու աչքերով դիտում ես երկրներ, որոնք տարբեր են քո ապրած երկրից. աչքերիդ առաջ տողանցք են կատարում ա՛յլ ցեղերի պատկանող մարդիկ. ուրիշ լեզուներ ես լսում ... : Կարծես Հիսուսի հրամանի արձագանքը լինի. «Գնացէք այսուհետեւ՝ աշակերտեցէք զամենայն հեթանոսս» (Մտթ 28, 19) – Գնացե՛ք, և ուսուցանեցե՛ք բոլոր ժողովուրդներին:
Հասնելու համար հեռուն, միշտ ավելի ու ավելի հեռուն, սիրո այս հուրը դիր նրանց մեջ, ովքեր քո կողքին են. և քո երազանքներն ու քո ցանկությունները իրականություն կդառնան. ավելի շո՛ւտ, ավելի՛, և ավելի լա՛վ:
 
463. Աղոթքը երբեմն կկատարվի խոսակցական ձևով. ուրիշ անգամներ, թերևս քիչ անգամներ, լի կլինի եռանդով. ուրիշ անգամներ էլ, թերևս շա՜տ անգամներ, կլինի չոր ու ցամաք, չոր ու ցամաք, չոր ու ցամաք ... : Բայց կարևորն այն է, որ դու, Աստծո օգնությամբ, չվհատվես:
Մտածիր հերթապահության կանգնած պահակախմբի զինվորի մասին. նա չգիտի, թե Թագավորը կամ Պետության Գլխավորը պալատում է գտնվում, թե ո՛չ. նա տեղյակ չէ իր կատարած գործի ողջ տարողությանը, և շատ դեպքերում այդ կարևոր անձնավորությունը չգիտի անգամ, թե ո՛վ է իր համար հսկում:
– Այս ամենից ոչ մեկը չի կատարվում մեր Աստծո դեպքում. Նա ապրում է ամենուր, ուր դու ես ապրում. զբաղվում է քեզնով. ճանաչում է քեզ և գիտի քո բոլոր ամենաներքին մտքերը ... . մի՛ լքիր աղոթքի պահակակետդ:
 
464. Տես, թե ինչպիսի անհիմն պատճառաբանություններ է քեզ ներկայացնում թշնամին, որպեսզի քեզ կտրի աղոթքից. «Ժամանակս չի բավականացնում», – մինչդեռ շարունակ ժամանակ ես կորցնում, – «Սա իմը չէ», «Սիրտս ցամաք է», ... :
Աղոթքը խոսելու կամ զգալու խնդիր չէ, այլ՝ սիրելու: Իսկ սիրում ես, երբ ջանում ես ինչ որ մի բան ասել Տիրոջը, նույնիսկ եթե ոչինչ չես ասում:
 
465. «Եռանդուն աղոթքի մի պահ, և սա բավական է»: – Ասում էր մեկը, ով երբեք չէր աղոթում:
– Այս խոսքը հասկանալի կլինե՞ր սիրահարվածի համար, թե բավական է միայն մի պահ սևեռուն հայացքով նայել սիրեցյալին:
 
466. Քրիստոսի պատերազմներում կռվելու – և հաղթելու – գաղափարականը իրականություն կդառնա միայն աղոթքի, ինքնազոհողության, Հավատքի և Սիրո միջոցով: – Եվ ուրեմն ... աղոթել, և հավատալ, և տառապել, և Սիրել:
 
467. Ցանկությունների սանձումը շարժական կամուրջն է, որը մեր համար դյուրին է դարձնում մուտքը աղոթքի դղյակ:
 
468. Մի՛ ընկճվիր. որքան էլ որ անարժան լինի անձը, որքան էլ որ անկատար լինի աղոթքը, եթե վեր է բարձրանում հարատևորեն ու խոնարհաբար, Աստված այն միշտ լսում է:
 
469. Տե՜ր, ես արժանի չեմ, որ Դու լսես ինձ, որովհետև չար եմ, – ասում էր մի ապաշխարող հոգի: Եվ հավելում էր. Բայց հիմա ... լսիր ինձ, «quoniam bonus» – որովհետև Դո՛ւ բարի ես:
 
470. Տերը, Իր աշակերտներին քարոզչության առաքելուց հետո, երբ նրանք վերադարձան, հավաքեց նրանց և կանչեց գնալու Իր հետ մի առանձնացած վայր՝ հանգստանալու ... : Արդյոք ի՞նչ է հարցրել նրանց, և արդյոք ի՞նչ է պատմել նրանց Հիսուսը: Լա՛վ, ուրեմն ... Ավետարանը շարունակում է այժմեական լինել:
 
471. Լիովին հասկանում եմ քեզ, երբ ինձ գրում ես առաքելությանդ մասին. «Երեք ժամ կաղոթեմ Ֆիզիկայով: Դա մի ռմբակոծություն կլինի, որպեսզի “ընկնի” ևս մի դիրք, որ գտնվում է գրադարանի սեղանի մյուս կողմում ... , և Դուք արդեն ծանոթացել եք նրան, երբ եկել էիք այս կողմերը»:
Հիշում եմ ուրախությունդ, երբ լսեցիր, թե ինչպես էի ասում, որ աղոթքի ու աշխատանքի միջև չպետք է բաժանարար ընդմիջումներ լինեն:
 
472. Սրբերի Հաղորդություն. դրա փորձառությունը շատ լավ ունեցավ այն երիտասարդ ճարտարագետը, որն ասում էր. «Հայր, այսի՛նչ օրը, այսի՛նչ ժամին, Դուք աղոթում էիք իմ համար»:
Սա՛ է և սա՛ է լինելու առաջին հիմնական օգնությունը, որ պետք է տանք հոգիներին. աղո՛թք:
 
473. Վարժվիր ձայնային աղոթքներ արտասանելու առավոտյան, մինչ հագնվում ես, փոքրիկ երեխաների նման: – Եվ ավելի լավ կզգաս Աստծո ներկայությունը հետո, օրվա ընթացքում:
 
474. Վարդարանը մեծապես արդյունավետ է նրանց համար, ովքեր որպես զենք գործածում են իմացականությունն ու ուսումը: Որովհետև իրենց Մոր հետ խոսող երեխաների այդ երևութական միապաղաղությունը, Տիրամորն ուղղված աղերսանքի մեջ, կործանում ու ոչնչացնում է սնափառության ու հպարտության բոլոր ծիլերը:
 
475. «Կույս Անարատ, շատ լավ գիտեմ, որ մի խեղճ թշվառ եմ, որն ուրիշ ոչինչ չի անում, քան միայն՝ իր մեղքերի թիվն ամեն օր ավելացնելը ... »: Ասացիր ինձ, որ այսպես էիր խոսում մեր Մոր հետ, անցյալ օրը:
Եվ ես քեզ խորհուրդ տվեցի, ամենայն վստահությամբ, աղոթելու Սուրբ Վարդարանը. «Ողջո՜ւյն քեզ, Մարիամ»ների օրհնյալ միապաղաղություն, որով մաքրվում է միապաղաղությունը քո մեղքերի:
 
476. Վարդարանն աղոթելու տխուր ձև է սա. թողնել այն օրվա վերջին ժամին:
Երբ մարդ պատրաստվում է անկողին մտնելու, Վարդարանն ասում է, լավագույն դեպքում, վատ և առանց խորհուրդների շուրջ խորհրդածելու: Այդպիսով դժվարությամբ կարող է մեկը խուսափել աղոթքը սոսկ անհոգի սովորության վերածելուց, որով խեղդվում է ճշմարիտ բարեպաշտությունը, միակ բարեպաշտությունը:
 
477. Վարդարանը չեն աղոթում միայն շուրթերով, «Ողջո՜ւյն քեզ, Մարիամ»ները մեկը մյուսի ետևից ծամծմելով: Սա կեղծ բարեպաշտների մռմռոցն է: – Քրիստոնյայի համար, ձայնային աղոթքը պետք է արմատավորվի սրտում, այնպես, որ Վարդարանի աղոթքի ժամանակ միտքը կարողանա ներթափանցել խորհուրդներից յուրաքանչյուրի հայեցողության մեջ:
 
478. Վարդարանը միշտ հետաձգում ես օրվադ ընթացքում, և վերջում զանց ես առնում հոգնածության ու քնի պատճառով: – Եթե ա՛յլ ժամանակ չես գտնում, աղոթիր այն ճանապարհին և առանց որևէ մեկի կողմից նկատվելու: Աղոթքի բուն նպատակներից բացի, կօգնի քեզ Աստծո ներկայությանը մնալու:
 
479. «Աղոթիր իմ համար», խնդրեցի նրան, ինչպես անում եմ միշտ: Իսկ նա հարցրեց ինձ զարմացած. «Ինչ որ մի բա՞ն է պատահել Ձեզ»:
Ստիպված բացատրեցի նրան, որ բոլորին էլ ինչ որ մի բան պատահում է որևէ պահի. և հավելեցի, որ երբ պակասում է աղոթքը, ինչ որ մի վատթար բան է պատահում:
 
480. Օրվա ընթացքում նորոգիր զղջման աղոթքներդ. մտորիր, որ Հիսուսն անդադար վիրավորանքներ է ստանում և, ցավոք սրտի, այդ մեղքերի փոխարեն մարդիկ չեն հատուցում միևնույն հաճախականությամբ:
Սրա համար է, որ միշտ կրկնում եմ. զղջման աղոթքները որքան որ բազմաթիվ են, այնքան ավելի լավ է: Արձագանքիր ինձ դու, քո կյանքով և քո խորհուրդներով:
 
481. Ինչպե՜ս է իրեն սիրահարվել տալիս Ավետման տեսարանը: – Մարիամը – քանի՜ անգամ ենք խորհրդածել սրա շուրջ – ամփոփված է աղոթքի մեջ ... , իր հինգ զգայարանները և իր բոլոր կարողությունները ներգրավված են Աստծո հետ երկխոսության մեջ: Աղոթքի մեջ ճանաչում է աստվածային Կամքը, և աղոթքով այն դարձնում է իր կյանքի կյանքը: Չմոռանա՛ս Կույսի օրինակը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։