Անհատականություն – Գրադարան – Mashtoz.org

Անհատականություն

416. Տերը կարիքն ունի ուժեղ ու համարձակ հոգիների, որոնք համաձայնություն ու դաշինք չեն կնքի միջակության հետ և հաստատաքայլ մուտք կգործեն բոլոր միջավայրերից ներս:
 
417. Հանդարտ ու հավասարակշիռ բնավորություն, աննկուն կամք, խորը հավատք ու հոգևոր կյանքի բոցավառ սեր. սրանք են Աստծո զավակի անհրաժեշտ հաշտկանիշները:
 
418. Տերը կարող է Աբրահամի որդիներ հանել նաև քարերից ... (Մտթ 3, 9): Բայց պետք է այնպես անենք, որ քարը փխրուն չլինի: Ամրապինդ, թեկուզև դեռ չաշխատված ժայռաբեկորից կարելի է ավելի հեշտությամբ ստանալ շինարարության համար պիտանի մի հոյակապ քար:
 
419. Առաքյալը չպետք է միջակ արարածի բարձրությանը մնա, գետնին պառկած: Աստված նրան կանչում է, որպեսզի գործի որպես մարդկային որակներ կրող և հավիտենական մի նորություն ավանդող: – Այս իսկ պատճառով, առաքյալը կարիքն ունի երկարատևորեն, համբերատարորեն, հերոսաբար կրթված ու կազմավորված հոգի ունենալու:
 
420. Ամեն օր նոր բաներ եմ բացահայտում իմ մեջ, ասում ես ... : Եվ պատասխանում եմ քեզ. այժմ սկսում ես ճանաչել քեզ:
Երբ իսկապես սիրում ես ... , միշտ նոր մանրամասնություններ ես բացահայտում՝ է՛լ ավելի սիրելու համար:
 
421. Ցավալի կլիներ, եթե կաթողիկեներին սոցիալական կյանքում գործի լծված տեսնելիս՝ ինչ որ մեկը կարողանար եզրակացնել, թե շարժվում են երկչոտությամբ և ցածրակարգության բարդույթով:
Հնարավոր չէ մոռանալ, որ մեր Ուսուցիչը կատարյալ Մարդն էր – «perfectus Homo» – և կատարյալ Մարդն է՛:
 
422. Եթե Տերը քեզ օժտել է մի լավ հատկությամբ – կամ մի որոշակի հմտությամբ – , դա միայն նրա համար չէ, որ դու քեզ դրանից լավ զգաս կամ որ դրանով պարծենաս սիրամարգի պոչի նման, այլ՝ որպեսզի սիրով գործի դնես այդ ձիրքդ ի ծառայություն մերձավորների:
– Իսկ սրանից ավելի լավ առիթ ե՞րբ կարող ես գտնել ծառայելու համար, այժմ, որ ապրում ես բազմաթիվ հոգիների հետ, ովքեր կիսում են քո միևնույն գաղափարականը:
 
423. Նյութապաշտ, հեդոնիստ, անհավատ աշխարհի կողմից ճնշման ու բախման դիմաց, ... հնարավո՞ր է պահանջել և հիմնավորել ու արդարացնել «իրենց» նման չմտածելու, «իրենց» նման չգործելու ազատությունը: ...
– Աստծո զավակները կարիք չունեն պահանջելու այս ազատությունը, քանի որ Քրիստոսն այն մեր համար շահել է մեկընդմիշտ. պետք է, սակայն, պաշտպանեն այն և ապացուցեն բոլոր միջավայրերում: Միմիայն այսպես է, որ «նրանք» կհասկանան, որ մեր ազատությունը շղթայված չէ պարագաների բերումին:
 
424. Ազգականներդ, աշխատակիցներդ, ընկերներդ սկսում են նկատել փոփոխությունը, և հասկանում են, որ քոնը մի վայրկենական անցում չէ, որ այլևս նույնը չես:
– Մի՛ մտահոգվիր, առա՛ջ շարժվիր: Իրականանում է խոսքը. «Կենդանի է յիս Քրիստոս» (Գղտ 2, 20) - «Այժմ Քրիստոսն է, որ ապրում է իմ մեջ»:
 
425. Հարգիր նրանց, ովքեր ընդունակ են քեզ ո՛չ ասելու: Եվ, դրանից բացի, խնդրիր նրանցից բացատրել, թե ինչո՞ւ են բացասական պատասխան տալիս քեզ, որպեսզի սովորես, ... կամ էլ՝ ուղղվես:
 
426. Առաջ հոռետես էիր, անվճռական ու անտարբեր: Հիմա ամբողջովին փոխակերպված ես. զգում ես քեզ համարձակ, լավատես, ինքնավստահ ... , որովհետև վերջապես որոշել ես միմիայն Աստծո վրա կռթնել:
 
427. Տխուր է վիճակն այն անձի, ով մարդկային սքանչելի ձիրքեր ունի, բայց միաժամանակ բացարձակապես զուրկ է գերբնական տեսությունից. որովհետև այդ ձիրքերը հեշտորեն կգործածի միայն իր անձնական նպատակներին ի շահ: – Խորհրդածի՛ր սրա մասին:
 
428. Քո համար, որ ուզում ես ձևավորել քո մեջ կաթողիկե, ընդհանրական, տիեզերական մտածելակերպ, արտագրում եմ մի քանի բնորոշ հատկանիշներ.
– հորիզոնների ընդարձակություն, և ծանոթության կորովի խորացում այն ամեն ինչի, որը հարատև կենդանի է կաթողիկե ուղղափառության մեջ.
– ուղղամիտ ու ողջամիտ բաղձանք – երբե՛ք թեթևամտություն – նորոգելու ավանդական մտքին բնորոշ ուսուցումները, փիլիսոփայության և պատմության մեկնաբանման մեջ ... .
– հոգատար ուշադրություն ժամանակակից գիտության և մտքի կողմնորոշումներին.
– դրական և բաց դիրքորոշում սոցիալական կառույցների ու կենսակերպերի մերօրյա փոխակերպումների դիմաց:
 
429. Պետք է սովորես չհամաձայնվել – երբ դա հարկավոր է – ուրիշների հետ, բայց սիրո՛վ, առանց քեզ հակակրելի դարձնելու:
 
430. Աստծո շնորհով և լավ կրթությամբ, կարող ես հաջողությամբ հասկացնել քեզ «չտաշվածերի» շրջապատում ... : – Նրանք դժվարությամբ քեզ կհետևեն, եթե չունես «լեզուների պարգևը». կարողություն և ջանք՝ նրանց մտքերին հասնելու համար:
 
431. Մի՛շտ քաղաքավարություն, բոլորի՛ նկատմամբ: Բայց հատկապես նրանց, ովքեր ներկայանում են որպես հակառակորդներ – դու ինքդ թշնամիներ մի՛ ունեցիր – , երբ փորձում ես դուրս քաշել նրանց սխալից:
 
432. Ճիշտ չէ՞, որ քեզ ցավ պատճառեց տեսնելը, թե այդ երեխային որքա՜ն էին շփացրել: – Ուրեմն ... , ինքդ քեզ այդքան մի՛ փաղաքշիր: Չես հասկանո՞ւմ, որ կարող ես փխրուն թխվածքաբլիթի վերածվել:
– Եվ հետո. չգիտե՞ս, որ ամենաբուրումնավետ ծաղիկները վայրի ծաղիկներն են, որոնք ավելի ենթակա են օդի անբարեխառնություններին ու չորությանը:
 
433. Շատ բարձրերն է հասնելու, ասում են, և սարսափեցնում է նրա ապագա պաշտոնը: – Ոչ ոք չի հիշում, որ մի անշահախնդիր գործ կատարած լինի, կամ մի պատշաճ խոսք արտասանած լինի, կամ մի արգասավոր գրություն գրած լինի: – Բացասական կյանքի մարդ է: – Միշտ այնպիսի տպավորություն է թողնում, կարծես թե ընկղմված է խորը իմաստակությունների մեջ, թեև բոլորը գիտեն, որ երբեք չի մշակել գաղափարներ, որոնց շուրջ կարելի կլիներ մտորել: – Դեմքի և վարմունքի ձևերի մեջ ունի ջորու լրջությունը, և սա իրեն ծանրակշիռ մարդ լինելու համբավ է տալիս ... :
Շատ բարձրերը կհասնի: Բայց – հարցնում եմ ինքս ինձ – ի՞նչ կկարողանա սովորեցնել ուրիշների, ինչպե՞ս և ո՞ր հարցերում կկարողանա ծառայել նրանց, եթե մենք իրեն չօգնենք փոխվելու:
 
434. Հիվանդագին բծախնդրությամբ վարակված մարդը տգիտություն է համարում իմաստունի պարզությունն ու խոնարհությունը:
 
435. Մի՛ եղիր նրանցից մեկը, ովքեր, երբ մի հրաման են ստանում, իսկույն մտածում են այն փոփոխելու մասին ... : – Կարող են կարծել, թե իբր շատ ուրույն և ընդգծված «անձնականություն» ունեն, բայց բաժանումներ ու խառնաշփոթություններ են առաջացնում:
 
436. Փորձառությունը, աշխարհը լավ ճանաչելը, տողերի միջև կարդալը, չափազանց կորովամտությունը, քննադատական ոգին ... : Այս ամենը, որ հարաբերությունների կյանքում և գործերիդ մեջ հասցրել է քեզ չափազանց հեռուն, այն աստիճան, որ դարձել ես մի քիչ ցինիկ. ողջ այս «չափազանց իրապաշտությունը» – որ գերբնական հոգու բացակայություն է – ներխուժել ու տիրացել է մինչև իսկ ներքին հոգևոր կյանքիդ: – Պարզության պակասի պատճառով երբեմն սառն ու դաժան ես դարձել:
 
437. Խորքում լավ տղա ես, բայց քեզ Մաքիավելլի ես կարծում: – Հիշիր, որ Երկինք մտնում է նա, ով ազնիվ է, պարկեշտ ու բարի, և ո՛չ թե նա, ով մի փոքրիկ տաղտկալի խաբեբա ու դավադիր է:
 
438. Ողջունելի է քո այս բարձր տրամադրությունը ... : Բայց ամեն ինչ – ամե՛ն ինչ – կատակի ենթարկել, թույլ տուր ասել, որ նշանակում է անցնել բոլոր սահմանները: – Իրականությունը բոլորին ա՛յլ է. քանի որ քեզ պակասում է քո մասը լրջությամբ կատարելու կամքը, ինքդ քեզ արդարացնում ես՝ ծաղրելով ուրիշներին, որոնք քեզնից ավելի լավն են:
 
439. Չեմ հերքում, որ դու արթուն ես: Բայց անկարգ ու անչափավոր խանդավառությունդ մղում է քեզ անմիտ քայլեր կատարելու:
 
440. Բնավորությանդ այս տձևությունը: – Ստեղնաշարդ անսարք վիճակում է. շատ լավ են հնչում բարձր և ցածր նոտաները ... , բայց լավ ձայն չեն հանում միջինները, առօրյա հասարակ կյանքի նոտաները, որոնք ուրիշները սովորաբար լսում են:
 
441. Որ դու իմացած լինես: – Այն ազնիվ, իմաստուն և ուղղամիտ պարոնին մի հիշարժան առիթով նկատել տվեցի, որ այդ սուրբ դատը պաշտպանելով, որի դեմ “բարիները” բողոքում էին, խաղի էր դնում – կորցնելու էր – մի կարևոր տեղ իր միջավայրում: – Մարդկային և գերբնական լրջությամբ լի ձայնով, որն արհամարհում էր երկրային պատիվները, պատասխանեց. «Խաղի է դրված իմ հոգին»:
 
442. Ադամանդը ադամանդով է տաշվում ... , իսկ հոգիները՝ հոգիներով:
 
443. «Երկնքում մի մեծ նշան երևաց. մի կին, արևով զգեստավորված, լուսինն իր ոտքերի տակ, իսկ գլխին՝ տասներկու աստղերից կազմված պսակ» (Հյտ 12, 1): – Որպեսզի դու և ես, և բոլորը, ապահով համոզվածությունն ունենայինք, որ ոչ մի բան այնքան լավ չի կատարելագործում անձնականությունը, որքան դա անում է համապատասխանությունը շնորհին:
– Ջանա՛ նմանվել Կույսին, և կլինես մի այր – կամ մի կին – ամբողջովին կուռ ու միաձույլ:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։