Վարքի մաքրություն – Գրադարան – Mashtoz.org

Վարքի մաքրություն

831. Ողջախոհությունը – յուրաքանչյուրինը իր վիճակի մեջ. ամուրի, ամուսնացած, այրի, քահանա – հաղթական հաստատումն է սիրո:
 
832. Վարքի մաքրության «հրաշքը» որպես հենման կետեր ունի աղոթքը և անկարգ ցանկությունների սանձումը:
 
833. Վարքի մաքրության դեմ փորձությունը այնքան ավելի վտանգավոր է, որքան ավելի ծպտված է ներկայանում. կողքից մոտենալով, ավելի լավ է խաբում:
– Մի՛ համաձայնվիր, և ո՛չ իսկ «տարօրինակ թվալու» չքմեղանքով:
 
834. Վարքի սուրբ մաքրությունը. մարմնի խոնարհություն: Ո՜վ Տեր, – խնդրում էիր Նրան, – յոթը շղթայով շղթայիր իմ սիրտը: Եվ քեզ խորհուրդ տվեցի խնդրել Նրանից, սրտիդ յոթը շղթաներից բացի, նաև ծանրախոհության ութսուն տարի երիտասարդությանդ համար ... :
Իսկ հետո, հսկի՛ր ... , որովհետև ավելի հեշտ է մի կայծ մարել, քան մի հրդեհ. փախի՛ր ... , որովհետև նման դեպքերում անարի վախկոտություն է «քաջ ու անվեհեր» լինելը. մի՛ շրջիր սանձարձակ աչքերով ... , որովհետև դա չի նշանակում արթուն հոգի ունենալ, այլ՝ տրվել սատանայի որոգայթներին:
Բայց ողջ այս մարդկային փութաջանությունը, զգայարանների սանձմամբ, խարազնազգեստությամբ, կանոնապահությամբ ու ծոմապահությամբ, որքա՜ն քիչ արժեք ունի առանց Քեզ, Աստվա՜ծ իմ:
 
835. Այս խոսքերով այդ խոստովանահայրը չեզոքացրեց նրբազգաց մի հոգու ցանկասիրությունը, որն ինքն իրեն մեղադրում էր որոշ հետաքրքրասիրությունների համար. – «Արուների ու էգերի բնորոշ բնազդներ են: Ընդամենը»:
 
836. Հազիվ կամովին ընդունվում է այդ երկխոսությունը, փորձությունը խլում է հոգու խաղաղությունը, այնպես՝ ինչպես համաձայնություն ստացած անմաքրությունը կործանում է շնորհը:
 
837. Հետևեց մարմնի անմաքրության ընթացքին, ողջ մարմնով ... , և ողջ հոգով: – Իր հավատքը կամաց կամաց տձևացավ ... , թեև շատ լավ գիտի, որ դա հավատքի խնդիր չէ:
 
838. «Դուք ինձ ասել եք, որ կարելի է հասնել՝ լինելու մի “ա՛յլ” Սուրբ Օգոստինոս, այն անցյալով, որ ես ունեմ: Չեմ կասկածում, և այսօր ավելի, քան երեկ, կամենում եմ փաստել դա»:
Սակայն, պետք է արմատից կտրես, քաջարի կերպով, Հիպպոնայի Սուրբ Եպիսկոպոսի նման:
 
839. Այո՛, ներում հայցիր զղջումով, և շատ ապաշխարիր անցյալ տարիների անմաքուր վարքիդ համար, բայց մի՛ ցանկացիր հիշել կոնկրետ գործերը:
 
840. Այդ զրույցը ... , անպարկեշտ ու անբարո, կոյանոցի վայել:
– Բավական չէ չհամաձայնվելը: Խրոխտ ու խիզախ, արտահայտիր ողջ զզվանքդ:
 
841. Թվում է, թե «հոգին» սեղմվում է, փոքրանում, մինչև որ դառնում է մի կետ ... : Իսկ մարմինը մեծանում է, վիթխարիանում, մինչև ամբողջական տիրապետություն հաստատելը: – Քո համար է Պողոս Առաքյալը գրել. «Խստությամբ եմ վարվում մարմնիս հանդեպ և հպատակեցնում եմ այն, որպեսզի այնպես չպատահի, որ ուրիշների քարոզելուց հետո՝ ես ինքս որակազրկվեմ» (1Կր 9, 27):
 
842. Որքա՜ն խղճալի են նրանք, ովքեր – իրենց անձնական տխուր փորձառության պատճառով – պնդում են, թե անհնարին է ողջախոհ լինել՝ ապրելով և աշխատելով աշխարհում:
– Այս անտրամաբանական մտքերը պաշտպանելուց հետո չպետք է որ վիրավորվեին, եթե ուրիշներ անարգում են իրենց ծնողների, իրենց եղբայրների, իրենց կանանց, իրենց ամուսինների հիշատակը:
 
843. Այդ խոստովանահայրը, մի քիչ կոպիտ, բայց փորձառու, մի հոգու շեղումները զսպեց և նրան կարգի բերեց այս խոսքերով. «Այժմ քայլում ես կովերի քայլած արահետներով. ապա գոհանալու ես՝ քայլելով այծերի քայլած արահետներով. իսկ հետո ... , միշտ ինչ որ մի անասունի նման, որն ընդունակ չէ նայելու դեպի երկինք»:
 
844. Դու ... այն ես, ինչ որ ես. մի փոքրիկ գազանիկ: – Բայց պետք է ընդունես և ճանաչես, որ ուրիշներ մաքուր ու ողջախոհ են: Ա՜հ, և մի՛ զայրացիր հետո, եթե նրանք հաշվի չեն առնում քեզ, կամ անտեսում են քեզ. տղաներն ու աղջիկները իրենց մարդկային ծրագրերը կազմակերպում են հոգի և մարմին ունեցող անձանց ... , և ո՛չ թե՝ գազանների հետ:
 
845. Կան ոմանք, որ զավակներ են լույս աշխարհ բերում իրենց արտադրանքի համար, իրենց ծառայության համար, իրենց էգոիզմի համար ... : Եվ մոռանում են, որ զավակները Տիրոջ հիասքանչ ու զարմանահրաշ պարգևն են, որի համար յուրահատուկ կերպով հաշիվ են տալու:
Զավակներ ծնել սոսկ տեսակը շարունակելու համար, դա ընդունակ են անել – մի՛ նեղացիր – նաև անբան կենդանիները:
 
846. Քրիստոնյա ամուսինները չեն կարող ցանկանալ փակել կյանքի աղբյուրը: Քանի որ իրենց սերը հիմնվում է Քրիստոսի Սիրո վրա, որն ինքնանվիրում և ինքնազոհողություն է ... : Սրանից բացի, ինչպես հիշեցնում էր Տուբիան Սառային, ամուսինները գիտեն, որ «մենք սրբերի զավակներ ենք, և չենք կարող միանալ հեթանոսների նման, որոնք չեն ճանաչում Աստծուն» (Տբթ 8, 5-10):
 
847. Երբ փոքրիկ մանուկներ էինք, պինդ փաթաթվում էինք մեր մայրիկին, երբ անցնում էինք մութ փողոցների միջով, կամ որտեղ շներ կային:
Հիմա, երբ զգում ենք մարմնի փորձությունները, պետք է պինդ փաթաթվենք մեր Երկնավոր Մորը, իր ներկայության շնորհիվ, որ միշտ շատ մոտիկ է մեզ, և սլաքական աղոթքների միջոցով:
– Նա կպաշտպանի մեզ և մեզ կբերի լույսին:
 
848. Ո՛չ ավելի տղամարդ են, ո՛չ էլ ավելի կին, այն բանի համար, որ ապրում են այդ խառնակ ու անկանոն կյանքով:
Ով այսպես է մտածում, երևում է, որ որպես անձի գաղափարական ունի պոռնիկներին, միասեռականներին, այլասերվածներին ... , նրանց, որոնց սիրտը փտած է, և չեն կարողանալու մտնել Երկնքի Արքայություն:
 
849. Թույլ տուր մի խորհուրդ տամ քեզ, որը կարող ես գործադրել ամեն օր: Երբ սիրտդ քեզ զգալ է տալիս իր ցածր հակումները, հանդարտ աղոթիր Անարատ Կույսին. «Կարեկցանքով հայիր ինձ, մի՛ լքիր ինձ, Մայր իմ»: – Եվ դու էլ քո հերթին խորհուրդ տուր սա ուրիշների:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։