Բնավորություն – Գրադարան – Mashtoz.org

Բնավորություն

1. Կյանքդ թող ամուլ կյանք չլինի: – Օգտակար եղիր: – Հետք թող: – Լուսավորիր հավատքիդ և սիրույդ բոցով:
Առաքելանվեր կյանքովդ ջնջիր այն լպրծուն ու աղտեղի հետքը, որ ատելության պիղծ սերմանողներն են թողել: – Եվ աշխարհի բոլոր ճանապարհները հրկիզիր Քրիստոսի կրակով, որ սրտիդ մեջ ես կրում:
 
2. Երանի՜ թե վարմունքդ ու խոսքերդ այնպիսին լինեին, որ քեզ տեսնելով և խոսելդ լսելով՝ մարդիկ կարողանային ասել. «Ահա՛ մի մարդ, որ ընթերցում է Հիսուս Քրիստոսի կյանքը»:
 
3. Լրջությո՛ւն: – Վերջ տուր փափկամորթի կամ երեխայի վայել այդ նազանքները: – Քո արտաքին վարվելակերպը թող հոգուդ խաղաղության և կանոնավորության արտացոլումը լինի:
 
4. Մի՛ ասա. «Ես այսպիսին եմ ... , իմ բնավորությունն է ... »:
Ընդհակառակը, դա բնավորությունից զուրկ լինելուդ հետևանքն է: – Առնակա՛ն եղիր:
 
5. Վարժվիր «ո՛չ» ասելու:
 
6. Թիկունք դարձրու այդ անարգին, որն ականջիդ փսփսում է. «Ի՞նչ իմաստ ունի կյանքդ բարդացնելը»:
 
7. Գավառային մտայնություն մի՛ ունեցիր: – Ընդլայնիր սիրտդ, մինչև որ այն ընդհանրական, տիեզերական, «կաթողիկե» կդարձնես:
Մի՛ ցատկոտիր հավերի պես այն դեպքում, երբ կարող ես արծիվների նման սավառնել:
 
8. Հանդարտությո՛ւն: – Ինչո՞ւ բարկանալ, երբ բարկանալով վշտացնում ես Աստծուն, նեղացնում ես մերձավորիդ, դու ինքդ էլ տհաճ քառորդ ժամ ես ապրում, ... և, վերջում, քեզ ա՛յլ ընտրանք չի մնում, քան հանդարտվելը:
 
9. Այդ նույն բանը, որ ասացիր, տարբեր ձայներանգով ասա, առանց զայրույթի. պատճառաբանությունդ ավելի ուժ կստանա և, հատկապես, Աստծուն չես վշտացնի:
 
10. Անմիջապես մի՛ հանդիմանիր, երբ բարկություն ես զգում ինչ որ մեկի կողմից գործված թերի արարքի համար: – Սպասիր հաջորդ օրվան, կամ նույնիսկ ավելի: Եվ հետո, հանդարտորեն, մաքրված դիտավորությամբ, զանց մի՛ արա հանդիմանությունդ: – Սիրալիր մի խոսքով ավելին կստանաս, քան երեք ժամ վիճաբանելով: – Մեղմի՛ր բնավորությունդ:
 
11. Կա՛մք: – Կորո՛վ: – Օրինա՛կ: – Ի՛նչ որ հարկավոր է անել, արա՛... : Առանց վարանելու ... : Առանց մարդկանց երեսին նայելու ... :
Այլապես, ո՛չ Սիսներոսը դարձած կլիներ Սիսներոս[1], ո՛չ Ահումադացի Թերեզան դարձած կլիներ Սրբուհի Թերեզա[2], ո՛չ էլ Լոյոլացին դարձած կլիներ Սուրբ Իգնատիոս[3]:
Աստված և խիզախություն: – «Պարտ է Քրիստոսի թագաւորել». Պետք է, որ Քրիստոսը թագավորի (1Կր 15, 25):
 
12. Կորովի եղիր խոչընդոտների դեմ: – Աստծո շնորհը քեզ երբեք չի պակասի. «Ի մէջ լերանց գնասցեն ջուրք» (Սղմ 103, 10): – Հաղթահարելու ես լեռները:
Ի՞նչ հոգ, եթե պետք է ժամանակավորապես սահմանափակես գործունեությունդ, երբ հետո, սեղմված զսպանակի նման, երազածիցդ շա՜տ ավելի հեռուն ես հասնելու:
 
13. Քեզնից հեռու վանիր այն անօգուտ մտքերը, որոնք, եթե ուրիշ վնաս էլ չտան, քեզ ժամանակդ կորցնել են տալիս:
 
14. Կորովդ ու ժամանակդ – որոնք Աստծուն են պատկանում – մի՛ վատնիր քարեր նետելով շներին, որոնք հաչում են ճանապարհիդ երկայնքին: Պարզապես արհամարհիր:
 
15. Այսօրվա գործդ վաղվան մի՛ թող:
 
16. Դու ... որևիցէ մե՞կը: Դու ... ամբոխի մեջ կորա՞ծ: Ո՛չ, այլ՝ ծնվել ես առաջնորդ լինելու համար:
Մեր մեջ գաղջերի համար տեղ չկա: Խոնարհվի՛ր, և Քրիստոսը կրկին կբոցավառի քեզ Սիրո կայծերով:
 
17. Ուշադիր եղիր, որ չվարակվես բնավորության այն հիվանդությամբ, որի ախտանշաններն են ամեն բանի մեջ անկայունությունը, գործելու և խոսելու մեջ անլրջությունը, մակերեսայնությունը ... , մի խոսքով՝ թեթևամտությունը:
Իսկ թեթևամտությունը, – մի՛ մոռացիր դա, – որն այսքա՜ն դատարկ է դարձնում ամենօրյա ծրագրերդ (այսքա՜ն «դատարկությամբ լի»), կյանքդ անշարժ ու անօգուտ խրտվիլակի կվերածի, եթե ժամանակին չհակազդես: – Ո՛չ թե վաղը, այլ՝ հենց հիմա:
 
18. Ջանք ես թափում աշխարհիկ, թեթևամիտ, մակերեսային լինելու, որովհետև վախկոտ ես: Ուրիշ էլ ի՞նչ է, եթե ո՛չ միայն՝ վախկոտություն, անձիդ խնդիրները լրջությամբ լուծել չկամենալդ:
 
19. Կամք: Սա շատ կարևոր հատկանիշ է: Մի՛ արհամարհիր փոքր բաները, որոնք երբեք փուչ կամ անարժեք չեն: Այդ մանրուքների մեջ շարունակաբար ինքդ քեզ ուրանալով կկարողանաս զորացնել և առնականացնել կամքդ, Աստծո շնորհով, նախևառաջ անձիդ նկատմամբ լայն տիրապետություն ունենալու համար: Իսկ հետո, ո՜վ ղեկավար, գլխավոր, առաջնորդ, ... որպեսզի ընդունակ լինես հանձնարարություններ տալու, առինքնելու, մղելու, ետևիցդ քաշելու քո օրինակով և քո խոսքով, քո գիտությամբ և քո հեղինակությամբ:
 
20. Բախումներ ես ունենում սրա կամ նրա բնավորության հետ ... : Դա տրամաբանական է և անխուսափելի. ոսկեդրամ չես, որ հաճելի լինես բոլորին:
Իսկ ապա, առանց այդ բախումների, որոնք ծնունդ են առնում մեր նմանների հետ շփվելուց, ինչպե՞ս պիտի կարողանայիր հղկել բնավորությանդ կոշտությունները, անհարթությունները, ծուռումուռ ցցվածքները – անկատարություններդ, թերություններդ – , ստանալու համար Սիրո, կատարելության կանոնավոր, փայլեցված և գերազանցորեն ախորժելի կերպարանքը:
Եթե քո և քո հետ ապրողների բնավորությունները կարկանդակի նման շաքարաշատ ու քնքուշ լինեին, երբեք չէիր սրբանա:
 
21. Պատրվակներ: – Դրանք երբեք չեն պակասելու՝ պարտականություններիդ մեջ թերանալու համար: Անիրավ իրավունքների ինչպիսի՜ առատություն:
Կանգ մի՛ առ դրանք քննելու: – Վանի՛ր հեռու, և շարունակիր կատարել պարտականություններդ:
 
22. Քա՛ջ եղիր: – Եղիր առնակա՛ն: – Եղիր տղամա՛րդ: – Իսկ հետո ... եղիր հրեշտա՛կ:
 
23. Ի՞նչ ... , ավելին չե՞ս կարողանում անել: – Թե՞ ավելի ճիշտ է այն, որ ... չես կարողանում ինչ ինչ բաներից հրաժարվել:
 
24. Անչա՜փ մեծ բաղձանքներ ունես. ... իմանալու ... , ղեկավարելու ... , խիզախ լինելու:
Լա՛վ: Համաձայն եմ: – Բայց ... Քրիստոսի համար, Սիրո համար:
 
25. Ժամանակ մի՛ կորցրեք վիճաբանելու համար: – Վիճաբանություններից սովորաբար լույս չի ծագում, քանի որ կիրքն այն մարում է:
 
26. Ամուսնությունը Սուրբ Խորհուրդ է: – Երբ այն ընդունելու ժամանակդ հասնի, խորհրդակցիր հոգևոր առաջնորդիդ կամ խոստովանահորդ հետ, որպեսզի ընթերցանության համար մի լավ գիրք խորհուրդ տա: – Այդպիսով լավագույնս կպատրաստվես ընտանեկան օջախի պարտականություններն արժանավորապես ստանձնելուն:
 
27. Ծիծաղո՞ւմ ես, երբ ասում եմ, որ «ամուսնության կոչում» ունես: – Այո՛, ունես: Ճիշտ այդպես. կոչում:
Հանձնիր քեզ Սուրբ Ռաֆայել Հրեշտակապետին, որպեսզի առաջնորդի քեզ, ինչպես առաջնորդեց Տուբիային, ողջախոհ՝ մինչև ընթացքի ավարտը:
 
28. Ամուսնությունը Քրիստոսի զորախմբի համար է, ո՛չ թե սպայակույտի: – Նմանապես, ուտելը անհատի պահանջներից է, մինչ որդեծնությունը միայն ցեղի պահանջն է, սերունդների շարունակության համար. հետևաբար, որոշ անհատներ կարող են հրաժարվել դրանից:
Որդիներ ունենալու փափա՞ք: ... Որդիներ, բազմաթի՜վ որդիներ, և լույսի մի անջնջելի հետք կթողնենք, եթե զոհենք մարմնի եսապաշտությունը:
 
29. Եսապաշտի խղճուկ ու հարաբերական երջանկությունը, որ փակվում է իր փղոսկրյա աշտարակում, իր սեփական պատյանի մեջ ... , դժվար չէ ձեռքբերել այս աշխարհում: – Բայց եսապաշտի երջանկությունը տևական չէ:
Մի՞թե կամենում ես հանուն դրախտային այդ ծաղրանկարի կորցնել Փառքի Երջանկությունը, որն անվախճան է:
 
30. Հաշվենկատ ես ու շահադետ: – Ինձ մի՛ ասա, թե դրա պատճառն այն է, որ երիտասարդ ես: Երիտասարդությունը տալիս է այն ամենն, ինչ կարողանում է. նվիրում է ինքն իրեն, առանց չափի ու սահմանի մասին նկատումներ ունենալու:
 
31. Եսապաշտ: – Դու, որ միշտ «քո մասին ես մտածում»: Թվում ես անընդունակ՝ զգալու Քրիստոսի եղբայրակցությունը. ուրիշների մեջ ո՛չ թե եղբայրներ ես տեսնում, այլ՝ դեպի եսիդ ցանկությունների գագաթնակետը բարձրացնող աստիճաններ:
Կանխազգում եմ լիակատար անհաջողությունդ: – Եվ, անկումիցդ հետո, կամենալու ես, որ ուրիշները քո հետ այն սիրով վարվեն, որը դու այժմ չես կամենում ունենալ նրանց հանդեպ:
 
32. Դու չես կարող առաջնորդ լինել, եթե մարդկանց զանգվածի մեջ տեսնում ես միմիայն պատվանդաններ՝ վեր մագլցելու համար: – Առաջնորդ կդառնաս, երբ բոլոր հոգիներին փրկելու անզուսպ ու անսահման տենչանքը կունենաս:
Չես կարող ապրել ժողովրդին թիկունք դարձրած. պետք է մարդկանց երջանկացնելու անհամբերությունը զգաս:
 
33. Քեզնում երբեք չես զգում «ճշմարտությունն ամբողջովին պարզաբանելու» ուժը: – Երբեմն, պարկեշտությունից մղված: Ա՛յլ անգամներ – մեծ մասամբ – անախորժ քառորդ ժամ չանցկացնելու համար: Երբեմն էլ, այդ անախորժ քառորդ ժամն ուրիշ մեկին ապրել չտալու համար: Եվ, միշտ, իրական պատճառը վախկոտությունն է:
Այդպիսով, մինչև խորքը հասնելու այդ վախովդ, ուղիղ դատողության տեր մարդ երբեք չես դառնա:
 
34. Ճշմարտությունից մի՛ վախեցիր, եթե անգամ ճշմարտությունը կյանքդ արժենա:
 
35. Ինձ ախորժելի չեն ձեր մեղմաբանությունները. վախկոտությունը խոհեմություն եք անվանում: – Եվ ձեր «խոհեմությունը» թույլ է տալիս, որ Աստծո թշնամիները, գաղափարներից դատարկ ուղեղներով, իրենց իմաստունների տեղ դնեն և այնպիսի դիրքերի հասնեն, որոնց երբեք չպետք է հասնեին:
 
36. Այդ զեղծումն անուղղելի չէ: – Բնավորության պակաս և թուլություն կլինի թույլատրելը, որ այն շարունակվի ու տևի, կարծելով, թե խոսքը վերաբերվում է մի հուսահատական պարագայի, որն անհնարին է սրբագրել:
Պարտականությունիցդ մի՛ խուսափիր: – Այն բարեխղճորեն կատարիր, անգամ այն դեպքում, երբ ուրիշներն այն կիսատ են թողնում:
 
37. Ինչպես ասում են, «դյուրասահ լեզու ունես»: Բայց քո այդ ամբողջ լեզվանի ճոռոմաբանություններով հանդերձ, չես կարող իմ համար արդարանալի դարձնել – «Նախախնամական է», ինքդ ինձ ասացիր – այն, ինչն արդարացում չունի:
 
38. Ճի՞շտ է արդյոք – ես դրան չեմ հավատում, ես դրան չեմ հավատում – որ երկրագնդի վրա ապրում են ո՛չ թե մարդիկ, այլ՝ ստամոքսներ:
 
39. «Աղոթեցեք իմ համար և Աստծուց խնդրեցեք շնորհը, որ ես երբեք չկամենամ սահմանափակվել դյուրին գործերով»:
Արդեն աղոթեցի ու խնդրեցի: – Այժմ քո հերթն է՝ գործի անցնելու և հաստատուն կամքով իրագործելու այդ գեղեցիկ առաջադրանքը:
 
40. Հավատք, զվարթություն, լավատեսություն: Բայց ո՛չ անմտություն՝ իրականության առաջ փակելու սեփական աչքերը:
 
41. Այդ ի՞նչ վերանցական կերպ է՝ ապրելու դատարկ հիմարություններ, և այդ ի՞նչ ձև է՝ կյանքում հաջողացնել լինելու ինչ որ մեկը – բարձրանալո՜վ, բարձրանալո՜վ – օդապարիկի նման, սոսկ «թեթև կշռելու» տրամաբանությամբ, այսինքն՝ չունենալով ոչինչ սեփական ուղեղում և ոչինչ սեփական սրտում:
 
42. Ինչո՞ւ ես բնավորությամբ այսքա՜ն փոփոխամիտ: Ե՞րբ ես վերջապես կամքդ հաստատուն սևեռելու ինչ որ մի բանի վրա: – Թո՛ղ առաջին քարերի հանդեպ ախտավոր սերդ և հասի՛ր դնելու ծրագրերիցդ միայն մեկի վերջին քարը:
 
43. Մի՛ եղիր այսքա՜ն ... դյուրազգաց: – Ազդվում ես ամեն ինչից: – Քո հետ, հարկավոր է կշռել խոսքերը նույնիսկ ամենաաննշան բաների մասին խոսելիս:
Մի՛ վիրավորվիր, եթե քեզ ասեմ, որ ... անտանելի ես: – Մինչև որ չուղղվես, չես կարող օգտակար լինել:
 
44. Ներողություն խնդրիր համեստ սիրալիրությամբ, ինչպես պահանջում են քրիստոնեական սերն ու հասարակական քաղաքավարությունը: – Իսկ ապա, առա՜ջ, մի՛շտ առաջ, սուրբ աներեսությամբ, առանց կանգ առնելու, մինչև որ կհասնես պարտականությանդ կատարման գագաթին:
 
45. Ինչո՞ւ են քեզ տհաճություն պատճառում քո մասին հնչած սխալ ենթադրությունները: – Ավելի վատն էլ կանեիր, եթե Աստված քեզ լքեր:
Դու հարատևիր բարու մեջ, և ուսերդ թոթվիր:
 
46. Չե՞ս կարծում, որ հավասարությունը, այնպես՝ ինչպես որ այժմ են այն հասկանում, անարդարության հոմանիշն է:
 
47. Ինքնաբավության այդ չափազանցված զգացումդ ու կեցվածքդ քեզ չեն վայելում. երևում է, որ կեղծ են: – Փորձիր, գոնե, այդպես չվարվել Աստծուդ հետ, ո՛չ էլ հոգևոր Առաջնորդիդ, և ո՛չ էլ եղբայրներիդ հետ. և, նրանց ու քո միջև մի պատնեշ պակաս կլինի:
 
48. Բնավորությանդ կորով է պակասում. այդ ի՞նչ անզուսպ տենչանք է՝ քիթդ ամեն տեղ խոթելու: – Կամենում ես բոլոր ափսեների աղը լինել ... : Բայց – մի՛ բարկացիր, եթե հետդ ուղղակի եմ խոսում – աղ լինելու նրբանկատությունը չունես. ընդունակ չես, ինչպես այդ համեմունքը, հալվելով լուծվելու և աննկատ անցնելով՝ ինքդ քեզ ցույց չտալու:
Քեզ պակասում է զոհողության հոգին: Փոխարենը՝ հետաքրքրասիրության ու ցուցամոլության չափազանց հոգի ունես:
 
49. Լռի՛ր: – Մանկամիտ մի՛ եղիր, նմանվելով երեխայական մի ծաղրանկարի. բամբասկոտ, ուրիշների գործերին խառնվող, փսփսացող: – Շատախոսություններովդ ու ասեկոսեներովդ սառեցրել ես սերը. վատթարագույն գործն ես արել, և ... եթե պատահմամբ ցնցել ես – չար լեզվովդ – ուրիշների հարատևության հզոր պարիսպները, քո հարատևությունն այլևս Աստծո շնորհը չէ, որովհետև մատնության գործիք է դարձել թշնամու ձեռքին:
 
50. Հետաքրքրասեր ես և ուրիշների գործերին խառնվող, բամբասկոտ ես և քիթդ ամեն տեղ խոթող: – Չե՞ս ամաչում նույնիսկ թերություններիդ մեջ այսքա՜ն քիչ առնական լինելուցդ: – Առնակա՛ն եղիր: Եվ ուրիշների մասին ամեն բան իմանալու այս ցանկությունդ կերպարանափոխիր ինքդ քեզ ճանաչելու փափագին ու իրականությանը:
 
51. Առնական, ուղղամիտ ու պարզ հոգիդ վրդովվում է, երբ իրեն ներգրավված է տեսնում խարդախությունների, խաբեությունների ու ասեկոսեների մեջ, որոնք անգամ չգիտի, թե որտեղից հայտնվեցին, և որոնց երբեք չի կամեցել միջամուխ լինել: – Համբերությամբ կրիր ամբոխի բերանին հայտնված լինելուդ նվաստացումը, և այնպես արա, որ այդ դասը քեզ առավել խոհական փափկանկատություն սովորեցնի:
 
52. Ինչո՞ւ, երբ դատում ես ուրիշներին, քննադատություններիդ խառնում ես քո անձնական անհաջողությունների դառնությունը:
 
53. Այդ քննադատող հոգիդ – քո հանդեպ պարզապես բարություն դրսևորելով է, որ այն չարախոս բամբասանք չեմ անվանում – չպետք է կիրառես առաքելությանդ մեջ, և ո՛չ էլ՝ եղբայրներիդ նկատմամբ:
Այդ քննադատող հոգիդ – ներիր, որ ուղղակի եմ ասում – ծանր խոչընդոտ է գերբնական ձեռնարկիդ համար: Արդարև, մինչ ժամանակդ անցկացնում ես ուրիշների աշխատանքը քննելով, առանց դրա իրավունքն ունենալու – թեև «դիտավորության բացարձակ մաքրությամբ», ասում եմ քո հանդեպ կրկին բարություն դրսևորելով – , դու դրական ոչինչ չես անում, այլ ընդհակառակը՝ քո անգործության օրինակով դանդաղեցնում ես բոլորի լավ ընթացքը:
«Ուրեմն ի՞նչ անեմ», հարցնում ես մտահոգ ձայնով, «այս քննադատող հոգին, որ բնավորությանս ընդգծված հատկություններից մեկն է»:
Կհանդարտեցնեմ քեզ: Մի կտոր թուղթ և գրիչ վերցրու. պարզությամբ ու վստահությամբ – և կարճառո՛տ – գրի առ այն բոլոր շարժառիթները, որոնք քեզ խռովք են պատճառում, ապա գրառումդ Մեծավորիդ հանձնիր և դրա մասին այլևս մի՛ մտածիր: – Նա, որ գործադրում է հեղինակությունն ու իշխանությունը, – վիճակի շնորհն ունի, – գրածդ հաշվի կառնի ... կամ էլ աղբաման կնետի: – Քանի որ քննադատող հոգիդ չարախոս բամբասկոտության արդյունքը չէ և այն գործի ես դնում միմիայն ազնիվ դիտավորությամբ, դրա նկատմամբ դու լիովին անտարբեր կլինես:
 
54. Զիջե՞լ: Դա մի բառ է – «հարկավոր է զիջել»– , որ գտնվում է միմիայն նրանց բառապաշարում, ովքեր պայքարելու փափագ չունեն – ծույլ են, հաշվենկատ կամ վախկոտ – , որովհետև սկզբից ևեթ իրենց պարտված են համարում:
 
55. Տղա՛ս, մի քիչ նվազ միամիտ եղիր – թեև շա՜տ մանուկ ես, և ճի՛շտ որովհետև Աստծո առաջ հենց այդպիսին ես – և եղբայրներիդ ծիծաղելի մի՛ դարձրու օտարների առաջ:
[1] Հեղինակը որպես օրինակ է բերում մի քանի նշանավոր դեմքեր, որոնք ազգակից են իրեն և իր զրուցակցին: Ֆրանսիսկո Խիմենեզ դե Սիսներոսը (Թորրելագունա, 1436 - Ռոա, 1517) եղել է իսպանացի կարդինալ և նշանավոր քաղաքական գործիչ: Խոնարհ դասակարգի ընտանիքում ծնվելով հանդերձ, իր հանճարով և բարի անվամբ հասել է իշխանության գագաթնակետին, քաղաքական դժվար ժամանակներում երկու անգամ ընտրվելով զբաղեցնելու Քասթիլիայի թագավորական գահը: Խաչակրաց Արշավանքներ է կազմակերպել դեպի Հյուսիսային Աֆրիկա և հիմնել է Մադրիդի Քոմփլութենսյան Համալսարանը, որը մինչև այսօր էլ Իսպանիայի ամենահեղինակավոր կրթօջախն է: Իր գրական աշխատու-թյուններից հիշարժան է Քոմփլութենսյան Բազմալեզու Աստվածաշունչը, որը պատմության մեջ առաջին տպագիր բազմալեզու Աստվածաշունչն է:
[2] Սրբուհի Թերեզա Ավիլացին, լրիվ անվամբ՝ Թերեզա Սանչեզ դե Սեպեդա ի Ահումադա, իսկ վանական անվամբ՝ քույր Թերեզա Հիսուսի (Ավիլա, 1515 - Ալբա դե Թորմես, 1582) եղել է մեծ միստիկ: Բոկոտն Կարմեղականների արական և իգական վանական Միաբանությունների Հիմնադրուհին է: Կաթողիկե Եկեղեցու մեծագույն Սրբուհիներից մեկն է, Եկեղեցու ներկայիս երեսունվեց Վարդապետներից մեկը:
[3] Սուրբ Իգնատիոս Լոյոլացին, կամ բասկերեն լրիվ անվամբ՝ Ինյիգո Լոպեց դե Լոյոլա (Լոյոլա, 1491 - Հռոմ, 1556), աշխարհաճանաչ Հիսուսյան Ընկերության Հիմնադիրն է: Սրբադասվել է 1622 թվականին, Գրիգոր Տասնհինգերորդ Սրբազան Քահանայապետի կողմից:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։