Ընկերություն – Գրադարան – Mashtoz.org

Ընկերություն

727. Երբ ուսերիդ ծանր է կշռում ինչ որ մեկին մի օգնություն, մի ծառայություն մատուցելը, մտածիր, որ նա Աստծո զավակ է, հիշիր, որ Տերը մեզ պատվիրել է սիրել մեկս մյուսիս:
– Է՛լ ավելին. ամեն օր խորացրու ավետարանական այս պատվիրանի գիտակցումդ. մի՛ մնա մակերեսին: Եզրակացություններ կայացրու – բավականին հեշտ է – և ամեն վայրկյանի վարքդ հարմարեցրու այդ պահանջներին:
 
728. Մարդիկ այսօր ապրում են այնքան հապճեպ կերպով, այնպիսի աճապարանքով, որ քրիստոնեական եղբայրսիրությունը դարձել է հազվադեպ երևույթ, մեր այս աշխարհում. թեև – գոնե անունով – Քրիստոսը քարոզվում է ... :
– Համաձայն եմ այս ասածիդ: Սակայն, ի՞նչ ես անում դու, որ իբրև քրիստոնյա՝ պարտավոր ես նույնանալ Նրա հետ և հետևել Նրա քայլերին: Որովհետև մեզ պատվիրել է գնալ՝ ուսուցանելու Իր վարդապետությունը բոլոր ժողովուրդներին – բոլորի՛ն – , և բոլոր ժամանակներում:
 
729. Մարդիկ – միշտ այսպես է եղել պատմության ընթացքում – իրենց կյանքերը միաբանում են՝ կատարելու համար ընդհանուր մի առաքելություն կամ իրականացնելու համար ընդհանուր մի ձեռքբերում:
– Սա այսօրվա արանց և կանանց համար չի իրականանալո՞ւ հավիտենական երանության «միակ ճակատագրի» դեպքում:
 
730. Ընկերության իմաստը հասկացար, երբ հասար զգալու քեզ որպես փոքրիկ հոտի հովիվ, որին թողել էիր լքված վիճակում, իսկ այժմ փորձում ես կրկին միավորել, հանձն առնելով ծառայել նրանց մեկ առ մեկ:
 
731. Չես կարող միայն կրավորական տարր լինել: Պետք է քո ընկերների ճշմարիտ ընկերը դառնաս. «օգնես նրանց»: Նախևառաջ, քո վարքի օրինակով: Իսկ ապա, քո խորհրդատվությամբ և այն ազդեցիկ հեղինակությամբ, որը քեզ մտերմությունն ընձեռում է:
 
732. Քեզ ոգևորել է եղբայրակցության ու զինակցության ոգին, որ բացահայտել ես անակնկալ կերպով ... : – Հասկանալի է. դա մի բան է, որ երազել ես ջերմ տենչանքով, բայց որ երբեք չէիր տեսել: Չէիր տեսել, որովհետև մարդիկ մոռանում են, որ Քրիստոսի եղբայրներն են, մեր այս սիրելի Եղբոր, որ Իր կյանքը տվեց մյուս եղբայրների՝ բոլորի և յուրաքանչյուրի համար, անվերապահ, անպայմանադիր կերպով:
 
733. Մեծ բախտավորությունն ունեցար հանդիպելու ճշմարիտ ուսուցիչների, հարազատ ընկերների, որոնք անմնացորդ կերպով սովորեցրեցին քեզ այն ամենը, որ ցանկանում էիր իմանալ. կարիքը չունեցար ինչ որ թակարդներ լարելու՝ նրանց գիտելիքները «որսալու», «գողանալու» համար, որովհետև քո առաջ մատնացույց արեցին ամենահեշտ ուղին, թեև այդ ուղու բացահայտումը իրենցից ծանր աշխատանք ու տառապանք էր պահանջել ... : Արդ, քո հերթն է նույն կերպ վարվել այս մյուսի, այն մյուսի, բոլորի՛ հետ:
 
734. Լա՛վ խորհրդածիր սրա մասին, և ըստ այդմ վարվիր. անձինք, որոնց համար դու հակակրելի ես, կդադարեն այդպես մտածել, երբ կզգան, որ իրենց «իսկապես» սիրում ես: Քեզնից է կախված:
 
735. Բավական չէ լավն ու բարի լինել. պետք է նաև այդպիսին երևաս: Ի՞նչ կասեիր վարդերի պարտեզի մասին, որը միայն փուշ է աճեցնում:
 
736. Գաղջերին ջերմացնելու համար հարկավոր է, որ խանդավառության հուրը պատի նրանց:
Շատերը կարող էին ասել մեզ. մի՛ դժգոհեք մեր վիճակից: Սովորեցրեք մեզ այս վիճակից դուրս գալու ճանապարհը. այս վիճակից, որ այդքա՜ն տրտմեցնում է ձեզ:
 
737. Բոլոր հոգիների հանդեպ եղբայրության պարտականությունը կմղի քեզ գործի դնելու «փոքրիկ իրողությունների առաքելությունը», առանց ուշադրություն գրավելու. ծառայելու ցանկությամբ, այնպես՝ որ իրենց համար սիրելի գտնեն ճանապարհը:
 
738. Որքա՜ն ճղճիմ է հոգին նրա, ով նախանձախնդիր կերպով պահպանում է «կրած վնասների ցանկը»: ... Այդ դժբախտների հետ անհնարին է ապրել:
Ճշմարիտ սերը, ինչպես որ իր հուշամատյանում չի գրանցում մատուցած «շարունակական և անհրաժեշտ» ծառայությունները, նմանապես չի գրանցում նաև – որովհետև «ամենայնի տեւէ» - «ամեն բանի դիմանում է» (1Կր 13, 7) – կրած անբարեկրթությունները:
 
739. Կյանքի խստապահանջ ծրագրի ես հետևում. արթնանում ես վաղ առավոտյան, աղոթում ես, մասնակցում ես Սուրբ Պատարագի, շատ ես աշխատում կամ ուսանում, ժուժկալ ես, անկարգ ցանկություններդ պահում ես սանձված ... , բայց նկատում ես, որ քեզ ինչ որ մի բան պակասում է:
Աստծո հետ երկխոսությանդ նկատմամբ կիրառիր այս նկատառումը. քանի որ սրբությունը – սրբությանը հասնելու համար մղվող պայքարը – սիրո լրումն է, սիրո լիությունը, պետք է վերանայես Աստծո հանդեպ քո սերը և, Իր համար, ուրիշների հանդեպ ունեցած սերդ: Թերևս այդ ժամանակ կբացահայտես – հոգուդ մեջ թաքնված – մեծ թերություններ, որոնց դեմ չէիր էլ պայքարում. լավ զավակ չես, լավ եղբայր, լավ ընկեր, լավ մտերիմ, լավ աշխատակից. և, քանի որ անկարգ կերպով սիրում ես «քո սրբությունը», նախանձոտ ես:
Քեզ «զոհում ես» բազմաթիվ «անձնական» մանրամասնությունների մեջ. ուստի, կառչած ես քո եսին, քո անձին և, խորքում, չես ապրում Տիրոջ համար, ո՛չ էլ՝ ուրիշների. միայն ինքդ քո համար:
 
740. Քեզ ընկեր ես համարում, որովհետև ոչ մի անքաղաքավարի խոսք չես ասում: – Ճիշտ է. բայց օրինակ տվող, ծառայության ոչ մի բարի գործ էլ չեմ տեսնում ... :
– Այսպիսիք ամենավատ ընկերներն են:
 
741. Նախ, վատ վերաբերմունք ես ցուցաբերում: ... Հետո, առանց մյուսին հակազդելու ժամանակ տալու, գոռում ես. «Այժմ, սե՛ր մեր բոլորիս միջև»:
– Եթե սկսեիր երկրորդից, երբեք չէիր հասնի առաջինին:
 
742. Որոմ սերմանող մի՛ եղիր, ինչպես այն մեկը, որի մասին իր մայրն ասում էր. «Փորձեք ներկայացնել նրան Ձեր ընկերներին, և նա այնպես կանի, որ այդ ընկերները կվիճեն Ձեր հետ»:
 
743. Ինձ քրիստոնեական չի թվում եղբայրությունը, որով քո առաջ պարծենում է այն ընկերը, որ քեզ ասում է. «Ինձ այսպիսի կամ այսպիսի դաժան չարախոսություններ են ասել քո հասցեին. մի՛ վստահիր նրանցից ոչ մեկին, որոնց հետ ընկերություն ես անում» ... :
Ինձ քրիստոնեական չի թվում, որովհետև այդ «եղբորը» պակասում է նախևառաջ չարախոսին լռեցնելու ազնիվ հրայրքը, իսկ հետո՝ պարկեշտորեն հայտնելու քեզ նրա անունը:
– Եթե այնքան կորովի բնավորություն չունի, որ ինքն իրենից պահանջի այդ վարվելակերպը, այդ «եղբայրը» քեզ կենթարկի կյանքում միայնակ մնալու վտանգին, մղելով քեզ չվստահելու բոլորին և սիրո մեջ թերանալու բոլորի նկատմամբ:
 
744. Գերբնական տեսության մի փշուր անգամ չունես և, ուրիշների մեջ, տեսնում ես միայն սոցիալական լավ կամ վատ վիճակում գտնվող մարդկանց: Հոգիների մասին բնավ չես հիշում, ո՛չ էլ ծառայում ես նրանց: Դրա համար էլ՝ վեհանձն չես ... , և ապրում ես Աստծուց շա՜տ հեռու, քո կեղծ բարեպաշտությամբ, նույնիսկ եթե շա՜տ ես աղոթում:
Վարդապետը շատ հստակ կերպով է արտահայտվել. «Հեռո՛ւ ինձնից, դեպի հավիտենական կրակը, որովհետև քաղցած էի ... , ծարավ էի ... , բանտում էի ... , և ինձ ոչնչով չօգնեցիք» (Մտթ 25, 31-46):
 
745. Աստծուն կատարելության աստիճան սիրելը համադրելի չէ թողնելու հետ, որ էգոիզմը – կամ անհոգ անտարբերությունը – տիրի քեզ մերձավորի հետ հարաբերություններում:
 
746. Ճշմարիտ ընկերությունը պահանջում է նաև մի սրտաբուխ ճիգ՝ հասկանալու համար մեր ընկերների համոզմունքները, նույնիսկ եթե չենք հասնում դրանք կիսելու, ո՛չ էլ՝ ընդունելու:
 
747. Երբեք թույլ մի՛ տուր, որ չարորակ մոլախոտեր աճեն ընկերության ճանապարհին. ազնիվ ու պարկեշտ եղիր:
 
748. Մի անխախտելի առաջադրանք ընկերության մեջ. մտքերումս, խոսքերումս, գործերումս, որ վերաբերվում են մերձավորին – ո՛վ էլ որ նա լինի – , այլևս չեմ վարվելու այնպես, ինչպես վարվել եմ մինչև այժմ. այսինքն, երբեք չեմ թերանալու՝ գործադրելու սերը, երբեք իմ հոգում տարածք չեմ տրամադրելու անտարբերությանը:
 
749. Քո սերը պետք է հարմարեցված, պատշաճեցված լինի այլո՛ց, ո՛չ թե քո կարիքներին ... :
 
750. Աստծո զավակներ: Մի գոյավիճակ, որ մեզ փոխակերպում է ինչ որ մի ավելի լավ բանի, քան սոսկ անձանց, որոնք փոխադարձաբար հանդուրժում են միմյանց: Լսիր Տիրոջ խոսքը. «Զձեզ կոչեցի բարեկամս» - «Ձեզ ինձ ընկերներ կոչեցի» (Հվհ 15, 15). – Իր ընկերներն ենք, որոնք, Իր նմանողությամբ, իրենց կյանքերն հոժարակամ ընծայում են մեկը մյուսի համար, հերոսական պահերին և համակեցության սովորական ընթացքում:
 
751. Ինչպե՞ս կարելի է ակնկալել, որ նա, ով չունի մեր հավատքը, մերձենա Սուրբ Եկեղեցուն, եթե նա տեսնում է, թե ինչպիսի՛ արհամարհական ձևով են միմյանց հանդեպ վերաբերվում նրանք, ովքեր իրենք իրենց անվանում են Քրիստոսի հետևորդներ:
 
752. Քո սիրալիր վարվելակերպի հմայքը պետք է ընդարձակվի քանակով և որակով: Այլապես, քո առաքելությունը կմարի անարդյունք ու փակ ճաշկերույթներում:
 
753. Քո ընկերությամբ և քո ուսմունքով – ուղղեմ խոսքս. Քրիստոսի սիրով ու պատգամով – բազմաթիվ ոչ-կաթողիկեների կմղես լրջորեն գործակցելու՝ բարեգործելու բոլոր մարդկանց:
 
754. Նոթագրեցի խոսքերն այն բանվորի, որը քո նախաձեռնությամբ կազմակերպված ժողովին մասնակցելուց հետո՝ ոգևորված մեկնաբանում էր. «Երբեք չէի լսել, որ ազնվության, պարկեշտության, սիրալիրության, վեհանձնության, առատաձեռնության մասին խոսվի այնպես, ինչպես արվեց այստեղ ... »: – Եվ զարմացած եզրակացնում էր. «Աջակողմյանների ու ձախակողմյանների նյութապաշտության դիմաց, սա՛ է ճշմարիտ հեղափոխությունը»:
– Յուրաքանչյուր հոգի հասկանում է եղբայրությունը, որ Հիսուս Քրիստոսը հաստատել է. հանձն առնենք չթուլացնել այս վարդապետությունը:
 
755. Երբեմն հավակնում ես արդարացնելու քեզ, ասելով, որ ցրված ես, անուշադիր. կամ որ, բնավորության բերումով, չոր ես, վերապահ: Եվ ավելացնում ես, որ այս ամենի պատճառով լրիվ չես ճանաչում և ո՛չ իսկ այն մարդկանց, որոնց հետ շփվում ես:
– Լսիր. այս չքմեղանքը քեզ հանգիստ չի թողնում, ճիշտ չէ՞:
 
756. Քեզ խորհուրդ տվեցի գերբնական տեսության մեծ չափաբաժին դնել քո առօրյա կյանքի բոլոր մանրամասնությունների մեջ: Եվ իսկույն հավելեցի. մարդկանց հետ համատեղ կյանքը քեզ բազմաթիվ առիթներ է տալիս դրա համար, օրվա ողջ ընթացքում:
 
757. Ապրել սերը՝ նշանակում է հարգել այլոց մտածելակերպը. ուրախությամբ լցվել՝ դեպի Աստված ուղղված նրանց ճանապարհների համար ... , առանց հավակնելու, որ մտածեն քո նման, որ միանան քեզ:
– Մի օր այնպես պատահեց, որ այս խոսքերն ասացի քեզ. այդ ճանապարհները, միմյանցից տարբեր, միմյանց զուգահեռ են. հետևելով սեփական ճանապարհին, ամեն ոք կհասնի Աստծուն ... . մի՛ մոլորվիր համեմատությունների մեջ, ո՛չ էլ տրվիր իմանալու ջղագրգիռ տենչանքին, թե ով կհասնի ավելի բարձր կետի. դա բնավ կարևոր չէ. կարևորն այն է, որ բոլորը հասնեն նպատակակետին:
 
758. Մյուսը լի է թերություններով: Լա՛վ ... : Սակայն, անգամ հաշվի չառնելով փաստը, որ կատարյալները գտնվում են միայն Երկնքում, դու էլ քո ետևից քարշ ես տալիս քո թերությունները, և այդուհանդերձ՝ հանդուրժում են քեզ, և է՛լ ավելի՝ հարգում են քեզ. որովհետև քեզ սիրում են այն սիրով, որով Հիսուսը սիրում էր Իրեններին, որոնցից յուրաքանչյուրը մեծապես ծանրաբեռնված էր խեղճություններով ու թշվառություններով:
– Սովորի՛ր:
 
759. Դժգոհում ես, որովհետև հասկացող չէ ... : – Ես համոզված եմ, որ նա հնարավոր ամեն բան անում է քեզ հասկանալու համար: Բայց դու ե՞րբ ես գոնե մի քիչ ջանք գործադրելու՝ հասկանալու իրեն:
 
760. Համաձայն եմ, ընդունում եմ. այդ մարդը վատ վերաբերվեց. իր արածը պախարակելի է ու ամոթալի. անարգ բան էր:
– Մարդկայնորեն, արժանի է ամենայն արհամարհանքի, հավելեցիր:
– Կրկնում եմ. հասկանում եմ քեզ, բայց չեմ կիսում քո վերջին հաստատումը. այդ խեղճ, թշվառ ու ողորմելի կյանքը սրբազան արժեք ունի. Քրիստոսը մահացել է՝ այն փրկելու և ուղղելու համար: Եթե Նա չի արհամարհել այն, դու ինչպե՞ս կարող ես քեզ նման բան թույլ տալ:
 
761. Եթե քո ընկերությունը ցածրանում է մինչև ուրիշների թշվառություններին մասնակից դառնալու մակարդակը, վերածվում է տխուր ու ցավալի մեղսակցության, որը նվազագույն գնահատականի անգամ արժանի չէ:
 
762. Իսկապես որ կյանքը, ինքնըստինքյան սահմանափակ ու անապահով, երբեմն դառնում է դժվարին: – Բայց սա կնպաստի քեզ առավել գերբնական դարձնելու գործընթացին, քեզ տեսնել տալու Աստծո ձեռքը. և այդպիսով շուրջիններիդ նկատմամբ կլինես առավել մարդկային և առավել ըմբռնող:
 
763. Ներողամտությունը համաչափորեն համեմատական է հեղինակությանը: Պարզ դատավորը պետք է պատիժ սահմանի – թեկուզև մեղմացուցիչները հաշվի առնելով – հանցավորին, որի հանցանքը ապացուցվել է կամ ինքը խոստովանվել է: Պետության գերագույն իշխանությունը, երբեմն, համաներում է շնորհում կամ մասնակի ներում: Ինչ վերաբերվում է զղջացած հոգուն, Աստված նրան միշտ ներում է:
 
764. «Ձեր ընդմիջով տեսա Աստծուն, որ մոռանում էր իմ խելագարություններն ու իմ հասցրած վիրավորանքները, և ինձ ընդունում էր Հոր սիրով ու գորովով»: Այս խոսքերն իր հոգևոր հարազատներին գրեց, զղջացած, հայրական տուն վերադառնալով, Քսաներորդ դարի անառակ որդիներից մեկը:
 
765. Քեզնից բավական ջանք պահանջվեց՝ հեռացնելու և մոռանալու համար քո փոքրիկ մտահոգությունները, քո անձնական հավակնությունները. աղքատիկ ու սակավաթիվ էին դրանք, բայց ամուր արմատավորված: – Փոխարենը, այժմ հաստատ համոզված ես, որ քո հավակնությունն ու քո զբաղմունքը քո եղբայրներն են, և միմիայն իրենք, որովհետև մերձավորներիդ մեջ սովորել ես բացահայտել Հիսուս Քրիստոսին:
 
766. «Մեկի դիմաց հարյուր ... » (Մտթ 13, 1-23): Ինչպե՜ս էիր մի քանի օր առաջ հիշում Տիրոջ այս խոստումը:
– Առաքելակից ընկերներիդ միջև ապրված եղբայրության մեջ, վստահեցնում եմ քեզ, կգտնես այս մեկի դիմաց հարյուրը:
 
767. Քանի՜ վախեր և քանի՜ վտանգներ կարող է փարատել ճշմարիտ սերը եղբայրների միջև. սեր, որի մասին չի խոսվում, – որովհետև այդպիսով կարող է թվալ, թե այն պղծվում է, – բայց որ փայլում է առօրյա կյանքի յուրաքանչյուր մանրուքի մեջ:
 
768. Լիակատար սրտակցությամբ ու վստահությամբ դիմիր, ամեն օր, Ամենասրբուհի Կույսին: Քո հոգին և քո կյանքը դրանից դուրս կգան կազդուրված ու կրկին կորովի դարձած: – Նա քեզ մասնակից կդարձնի այն գանձերին, որոնք պահում ու պահպանում է իր սրտում, որովհետև «երբեք չի լսվել այս աշխարհում, որ ինչ որ մեկը դիմած լինի իր պաշտպանությանը և լքված լինի»:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։