Ձգտում, Իղձ, Բաղձանք – Գրադարան – Mashtoz.org

Ձգտում, Իղձ, Բաղձանք

608. Նրանց առաջ, ովքեր քրիստոնեական կրոնը ներկայացնում են իբրև արգելքների մի կույտ, կամ բավարարվում են մի տեսակ կիսալույս-կիսաստվեր կաթողիկեությամբ. նրանց առաջ, ովքեր ցանկանում են Տիրոջը փակուղի մտցնել, կամ սահմանափակել Նրան հոգու ինչ որ մի խորշում ... . պետք է հաստատենք, մեր խոսքերով ու մեր գործերով, որ տենչագին ձգտում ենք Քրիստոսին դարձնել իրական Թագավորը բոլոր սրտերի ... , նաև իրենց:
 
609. Առաքելական ձեռնարկներում մի՛ աշխատիր կառուցելով միայն ներկա պահի համար ... : Այս առաջադրանքներին նվիրվիր այն հույսով, որ ուրիշները – քո քույրերն ու եղբայրները, միևնույն հոգով – հավաքեն այն, ինչը դու ցանում ես՝ նետելով նաև քեզնից հեռու, և ավարտին հասցնեն շենքերի կառուցումը, որոնց հիմքերն ես դու հիմա նետում:
 
610. Երբ քեզ իսկապես կոգևորի քրիստոնեական հոգին, քո ձգտումները կմաքրագործվեն: – Այդ ժամանակ այլևս չես ունենա հանրահայտ դառնալու մոլի տենչ, այլ միայն՝ գաղափարականդ հավերժացնելու իղձ:
 
611. Եթե մի շա՜տ մեծ, շա՜տ Աստծո գործ իրականացնելու համար չէ, – սրբությունը, – չարժե նվիրաբերել սեփական անձը:
Այս պատճառով է, որ Եկեղեցին – երբ սրբադասում է ինչ որ մեկի – հռչակում է նրա կյանքի հերոսական նկարագիրը:
 
612. Երբ լրջորեն կաշխատես Տիրոջ համար, քո ամենամեծ ուրախությունը կլինի այն, որ շատերին տեսնես քո հետ մրցակցելիս:
 
613. Աստծո այս ժամին, երբ անցնում ես այս աշխարհով, որոշում կայացրու իսկապես իրագործելու ինչ որ մի բան, որն իրոք արժե իրագործել. ժամանակն անցնում է, և այնքա՜ն վեհ, այնքա՜ն հերոսական, այնքա՜ն փառապանծ է տղամարդու և կնոջ առաքելությունը երկրի վրա, երբ Քրիստոսի կրակի մեջ բոցավառում է տխուր ու նեխած սրտերը:
– Արժե՛ տանել և ուրիշների հասցնել ուժեղ ու բերկրալի խաչակրության խաղաղությունն ու երջանկությունը:
 
614. Խաղի ես դնում կյանքդ հանուն պատվի: ... Խաղի դիր պատիվը հանուն հոգու:
 
615. Սրբերի Հաղորդության ուժը, քեզ պետք է շա՜տ միացած զգաս եղբայրներիդ: Անվախ պաշտպանիր այս օրհնյալ միությունը:
– Եթե մենակ մնայիր, քո ազնիվ, վեհ ու վսեմ իղձերը կդատապարտվեին անհաջողության. առանձին մնացած գառը գրեթե միշտ մոլորված գառ է:
 
616. Ինձ զվարճացրեց քո բուռն ու սաստիկ բաղձանքը: Աշխատելու համար հարկավոր նյութական միջոցների պակասի դիմաց և առանց ուրիշների կողմից հասնող օգնության, ասում էիր. «Ես միայն երկու ձեռք ունեմ, բայց երբեմն զգում եմ անհամբերությունը՝ լինելու հիսունձեռնանի մի հրեշ, սերմանելու և հունձքը հավաքելու համար»:
– Սուրբ Հոգուց խնդրիր այս արդյունավետությունը ... , և Ինքը կշնորհի քեզ:
 
617. Ձեռքդ էին ընկել ռուսերեն լեզվով գրված երկու գրքեր, և մեծ ցանկություն զգացիր սովորելու այդ լեզուն: Պատկերացնում էիր ցորենի հատիկի նման մահանալու գեղեցկությունը՝ այդ երկրում, որն հիմա այսքա՜ն չոր ու ցամաք է, բայց որ ժամանակի ընթացքում կարող է առատ բերք հասունացնել ... :
– Ինձ հաճելի են քո իղձերը: Բայց, հիմա, նվիրվի՛ր փոքրիկ պարտականությանդ՝ յուրաքանչյուր օրվա մեծ առաքելությանդ, ուսմանդ, աշխատանքիդ, կրոնական ապրումիդ և, հատկապես, կազմավորմանդ, որը – այն շատի պատճառով, որ դեռ պետք է կտրես, հոտես – ո՛չ նվազ հերոսական առաջադրանք է, ո՛չ էլ՝ նվազ գեղեցիկ:
 
618. Ինչի՞ է պետք չսովորող ուսանողը:
 
619. Երբ սովորելը շատ ջանք է պահանջում քեզնից, Հիսուսին ընծայիր այդ ջանքդ: Ասա՛ Իրեն, որ շարունակում ես աշխատել գրքերի վրա, որպեսզի քո գիտելիքները զենք լինեն, որով կկարողանաս պայքարել Իր թշնամիների դեմ և Իր համար բազմաթիվ հոգիներ շահել ... : Այդպիսի դեպքում վստահ եղիր, որ ուսումդ կսկսի դառնալ աղոթք:
 
620. Եթե կորցնում ես ժամերն ու օրերը, եթե վատնում ու սպանում ես ժամանակը, հոգուդ դռները լիուլի բացում ես սատանայի առաջ: Այս վարվելակերպդ հավասար է նրան հուշելու. «Ահա՛, այս տունը քեզ»:
 
621. Դժվա՞ր է ժամանակ չկորցնելը: – Ընդունում եմ ... : Բայց մտածիր, որ Աստծո թշնամին, «մյուսները», չեն հանգստանում:
Ինչպես նաև, հիշիր այն ճշմարտությունը, որ Պողոսը՝ Աստծո սիրո դափնեկիրներից մեկը, հռչակել է. «Ժամանակս կարճեալ է» - «Ժամանակը կարճ է» (1Կր 7, 29) – կյանքը սահում է մեր ձեռքերից, և այն ետ վերցնելու հնարավորություն չկա:
 
622. Հասկանո՞ւմ ես, թե ի՛նչ է նշանակում, որ դու լավ ու ամուր պատրաստվածության տեր անձ լինես, կամ ո՛չ: – Քանի՜ քանի՜ հոգիներ ... :
– Ուրեմն կդադարե՞ս սովորել կամ աշխատել կատարյալ կերպով:
 
623. Երկու ձև կա՝ բարձր դիրքի հասնելու համար. մեկը – քրիստոնեականը – բարձրանալու ազնիվ ու կորովի ջանքի միջոցով՝ ծառայելու համար մերձավորին. և մյուսը – հեթանոսականը – ուրիշներին ցածրացնելու անարգ ու նվաստ ջանքի միջոցով:
 
624. Ինձ մի՛ ասա, թե ապրում ես Աստծո առաջ, եթե ջանք չես գործադրում ապրելու – միշտ և ամեն ինչում – պարզ ու ազնիվ եղբայրությամբ՝ մարդկանց առաջ, ո՛րևիցէ մարդու առաջ:
 
625. «Հավակնոտները» – նրանք, ովքեր միայն անձնական ու ճղճիմ, մանր ու չնչին հավակնություններ ունեն – չեն հասկանում, որ Աստծո մտերիմները «ինչ որ մի բան» փնտրում են ծառայության համար և առանց «հավակնոտության»:
 
626. Մի ցանկություն համակում է քեզ. աճապարանքը՝ ձուլվելու, կաղապարվելու, մշակվելու ու հղկվելու, դառնալու համար ներդաշնակ գործիքը, որն ի վիճակի է արդյունավետ կերպով կատարելու նախատեսված աշխատանքը, քեզ հանձնված առաքելությունը ... , Քրիստոսի ընդարձակ դաշտում:
Քեզ մեծապես հորդորում եմ, որ քո այս սլացքն ու ձգտումը քեզ խթանեն հոգնածության, անհաջողության, խավարի պահերին ... , որովհետև «Քրիստոսի ընդարձակ դաշտում քեզ հանձնված առաքելությունը» չի կարող փոխվել:
 
627. Վճռակամությամբ պայքարիր կեղծ խոնարհության դեմ – ավելի շուտ, այն պետք է որ հարմարավետության փնտրտուք անվանեիր, – որը քեզ խանգարում է և չի թողնում, որ վարվես Աստծո լավ զավակի հասունությամբ. պետք է աճես:
– Չես ամաչո՞ւմ տեսնելով, որ քո ավագ եղբայրներն իրենց ուսերին կրում են վեհանձն աշխատանքի բազմաթիվ տարիներ, իսկ դու տակավին ընդունակ չես – չես ուզում ընդունակ լինել – մի մատդ շարժելու՝ նրանց օգնելու համար:
 
628. Թող, որ հոգիդ սպառվի իղձերի մեջ ... : Իղձեր սիրո, անձնուրացության, սրբության, Երկնքի ... : Կանգ մի՛ առ մտածելու, թե արդյոք մի օր կհասնե՞ս դրանք իրագործված տեսնելու – ինչպես կարող է քեզ խորհուրդ տալ ինչ որ մի կեղծ-գիտուն խորհրդատու – . վերարծարծիր ու բորբոքիր այդ իղձերդ միշտ ավելի ու ավելի, որովհետև Սուրբ Հոգին ասում է, որ Իրեն հաճելի են «իղձեր ունեցող մարդիկ»:
Գործնական, ազդու իղձեր, որ պետք է կյանքի կոչես առօրյա հանձնառություններում:
 
629. Եթե Տերը քեզ անվանել է «ընկեր», պետք է պատասխանես կանչին, պետք է արագ քայլով քայլես, անհրաժեշտ անհապաղությամբ, Աստծո քայլի արագությամբ: Այլապես, պարզ հանդիսատես մնալու վտանգին ես ենթարկվում:
 
630. Մոռացի՛ր ինքդ քեզ ... : Թող որ քո հավակնությունը միայն այն լինի, որ ապրես քույրերիդ ու եղբայրներիդ համար, հոգիների համար, Եկեղեցու համար. մի խոսքով, Տիրոջ համար:
 
631. Տոնախմբության ցնծության մեջ, Կանայում, միայն Մարիամն է նկատում, որ գինին պակասում է ... : Հոգին հասնում է մինչև ծառայության ամենափոքր մանրուքները, եթե, նրա նման, մեծ կրքոտությամբ ապրում է մերձավորի կարիքներին շատ ուշադիր, հանուն Տիրոջ:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։