Կեղծավորություն – Գրադարան – Mashtoz.org

Կեղծավորություն

632. Կեղծավորությունը միշտ – նրանց, ովքեր այն սնուցում են – ապրել է տալիս ապաշխարության դառն ու տխուր մի կյանք:
 
633. Այնպիսի առաջարկների դիմաց, ինչպիսին Հերովդեսինն էր. «Գնացեք, և հանգամանալից տեղեկացեք Մանկան մասին, և երբ նրան կգտնեք, ինձ էլ լուր տվեք, որպեսզի ես էլ գամ նրան երկրպագելու» (Մտթ 2, 8), Սուրբ Հոգուց խնդրենք Իր օգնությունը, որպեսզի փրկի մեզ թվացյալ բարեմիտների, թվացյալ լավ տրամադրվածների «պաշտպանություններից» կամ «դրական խոստումներից»:
– Մեզ չի պակասի Մխիթարչի լույսը, եթե, Մոգերի նման, փնտրենք ճշմարտությունը և այն հռչակենք անկեղծությամբ:
 
634. Ինչ որ մեկը կա, որ անհանգստանում ու ջղագրգռվո՞ւմ է, որովհետև դու ամեն բան ասում ես հստակ կերպով:
– Թերևս շարժվում են պղտոր խղճով, և կարիքն ունեն դա նման ձևով թաքցնելու:
– Հարատևի՛ր վարքիդ մեջ, որպեսզի օգնես նրանց հակազդելու:
 
635. Քանի դեռ չարամտությամբ ես մեկնաբանում այլոց դիտավորությունները, իրավունք չունես ըմբռնում պահանջելու քո համար:
 
636. Շարունակ ասում ես, որ հարկավոր է ուղղել, սրբագրել, որ հարկավոր է բարեփոխել: Լա՛վ ... . բարեփոխի՛ր ինքդ քեզ, – որ բարեփոխման կարիք իսկապե՛ս ունես, – և վերջապես սկիզբ տված կլինես բարեփոխմանը:
Մինչ այդ, չեմ կարող կարևորություն ընծայել վերանորոգման քո պահանջներին:
 
637. Կան փարիսեցիական ոգով այնպիսի՜ բռնվածներ, որ ... գայթակղվում են լսելիս, որ ուրիշ անձինք կրկնում են ճիշտ այն բաները, որոնք նախապես լսվել էին հենց իրենց շուրթերից:
 
638. Այնքա՜ն քիթդ ամեն տեղ խոթող ես, որ թվում է, թե ուրիշ առաքելություն չունես, քան ուրիշների կյանքի մեջ խցկվելը: Եվ երբ, վերջապես, պատահեցիր մի պարկեշտ, կորովալի կամքի տեր մարդու, ով առջևդ փակեց ճանապարհը, սկսեցիր հրապարակայնորեն տրտնջալ, կարծես թե քեզ վիրավորած լիներ:
– Մինչև այս աստիճանի են հասնում քո անամոթությունն ու տձևացած խիղճն ու գիտակցությունը ... , ինչպես նաև ուրիշ շատերինը:
 
639. Միայն մի խաղաքայլով հավակնում ես տիրանալ ճշմարիտ կարծիքի «պարկեշտությանն» ու հակառակ կարծիքի անպարկեշտ «առավելություններին» ... :
– Սա, բոլոր լեզուներում, կոչվում է երկդիմի կեղծավորություն:
 
640. Ինչպիսի՜ բարյացակամություն է ոմանց բարյացակամությունը: ... – Պատրաստ են «ներելու» այն, ինչն իրականում միայն գովասանքի է արժանի:
 
641. Հին հնարքներից ու խորամանկություններից մեկն է, երբ հալածողն ինքն իրեն ներկայացնում է որպես հալածված ... : Ժողովուրդը դարեր առաջ արդեն մատնանշել է սա կաստիլիական հստակ ասացվածքով. Քար նետել և սեփական մարմնին վիրակապ դնել:
 
642. Ճի՞շտ է արդյոք, որ – դժբախտաբար – մեծ է թիվը նրանց, ովքեր արդարության դեմ մեղանչում են զրպարտությամբ ու չարախոսությամբ, ապա սեր և պարկեշտություն են պահանջում, որպեսզի իրենց զոհը չկարողանա պաշտպանվել:
 
643. Տխուր ու ցավալի երևույթ է այն համամիությունը, որ գտնվում է այնպիսի կաթողիկեների բերանում, որոնք վատ վերաբերմունք են ցուցաբերում ուրիշ կաթողիկեների հանդեպ:
 
644. Օբյեկտիվության ինչպիսի՜ սխալ հասկացողություն: Անձանց կամ գործերը դիտում են իրենց անձնական թերությունների տձևացած խոշորացույցով և թթու անպատկառությամբ քննադատում են, կամ իրենց թույլ են տալիս խորհուրդներ ծախել:
– Կոնկրետ առաջադրանք. սրբագրելիս կամ խորհուրդ տալիս՝ խոսել Աստծո ներկայության գիտակցությամբ, միևնույն խոսքերը կիրառելով սեփական վարքի նկատմամբ:
 
645. Երբեք մի՛ դիմիր ինչ որ մեկի դեմ չարախոսական հարձակումներ կազմակերպելու – միշտ պախարակելի – մեթոդին ... : Առավել ևս՝ բարոյականացման պատճառաբանություններով, որոնք երբեք չեն արդարացնում անբարոյական արարքները:
 
646. Տվածդ խորհուրդներում չկա անդորր, ո՛չ էլ՝ դիտավորության ուղղություն, եթե քեզ նեղացնում է կամ անվստահության ապացույց ես համարում փաստը, որ դիմում են նաև ուրիշ անձանց, որոնք հայտնի են իրենց փորձառությամբ և վարդապետության ուղղությամբ:
– Եթե իսկապես, ինչպես որ վստահեցնում ես, քեզ հետաքրքրում է հոգիների բարիքը, կամ ճշմարտության հաստատումը, ինչո՞ւ ես վիրավորվում:
 
647. Մարիամն անգամ Հովսեփին չի հայտնում խորհուրդը, որն Աստված գործել էր իր մեջ: – Որպեսզի վարժվենք մակերեսային չլինելու, պատշաճ հուն տալու մեր ուրախություններին ու մեր տխրություններին. առանց գովասանքներ փնտրելու, ո՛չ էլ՝ կարեկցանք. «Deo omnis gloria!» - «Ամեն փառք Աստծուն», ամեն ինչ Տիրո՛ջ համար:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։