Քարոզչություն – Գրադարան – Mashtoz.org

Քարոզչություն

927. Համոզվի՛ր. քո առաքելությունը կայանում է բարություն, լույս, խանդավառություն, առատաձեռնություն, նվիրումի հոգի, աշխատանքի մեջ տևականություն, ուսման մեջ խորություն, ինքնանվիրման մեջ վեհանձնություն, արդիականացում, Եկեղեցու հանդեպ բացարձակ և բերկրալի հնազանդություն, կատարյալ սեր ... տարածելու մեջ:
– Ոչ ոք չի կարող տալ մի բան, որը չունի:
 
928. Քեզ, որ տակավին երիտասարդ ես և նոր-նոր սկսել ես քայլել ճանապարհի երկայնքին, տալիս եմ այս խորհուրդը. քանի որ Աստված արժանի է ամեն ինչի, ջանա՛ տարբերվել մասնագիտական հմտություններովդ, որպեսզի հետո կարողանաս տարածել գաղափարներդ առավել արդյունավետությամբ:
 
929. Մի՛ մոռացիր. այնքան ավելի համոզիչ ենք, որքան ավելի համոզված ենք:
 
930. «Ճրագ չեն վառում և այն գրվանի տակ դնում, այլ՝ աշտանակի վրա, որպեսզի լույս տա բոլոր նրանց, ովքեր տան մեջ են: Թող այդպես փայլի ձեր լույսը մարդկանց առաջ, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերը և փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է» (Մտթ 5, 14-16):
Եվ, երկրի վրա Իր անցման ավարտին, պատվիրում է. «Գնացէ՛ք, աշակերտեցէ՛ք» - «Գնացե՛ք, աշակերտ դարձրե՛ք և ուսուցանեցե՛ք» (Մտթ 28, 19-20): Նա կամենում է, որ Իր լույսը փայլի Իր աշակերտների վարքի ու խոսքերի մեջ. քեզ ներառյալ:
 
931. Զարմանալի է հաճախականությունը, որով – հանուն ազատությա՜ն – բազմաթիվ անձինք վախենում են, որ կաթողիկեները պարզապես լավ կաթողիկեներ լինեն. – և ամեն ջանք գործադրում են դրան խոչընդոտելու համար:
 
932. Զգուշացիր նրանցից, ովքեր զրպարտություններ ու սադրանքներ են տարածում, որոնք ոմանք ընդունում են թեթևամտությամբ, իսկ ոմանք՝ չարամտությամբ, կործանելով խաղաղությունը և թունավորելով հասարակական կարծիքը:
Երբեմն, ճշմարիտ սերը պահանջում է, որ մատնանշվեն և հայտարարվեն նմանատիպ հարձակումները և նրանք, ովքեր հրահրում են դրանք: Այլապես, իրենց շեղված կամ վատ կազմավորված խղճով ու գիտակցությամբ, իրենք և իրենց լսողները կարող են մտածել. լռում են, ուստի՝ համաձայնվում են:
 
933. Կողմնակալ խմբավորումներն իրենց ձայնն են բարձրացնում այն բանի դեմ, ինչն անվանում են «կաթողիկեների ֆանատիկություն», որովհետև դարերն անցնում են, իսկ կաթողիկե Հավատքը մնում է անփոփոխ:
Մինչդեռ, կողմնակալ խմբավորումների ֆանատիկությունը – քանի որ աղերս և առնչություն չունի ճշմարտության հետ – յուրաքանչյուր ժամանակաշրջանում փոխում է իր լայնափեշ զգեստները, Սուրբ Եկեղեցու դեմ բարձրացնելով սոսկ խոսքերի խրտվիլակը, որոնք իրենց վարքը դատարկում է որևէ իմաստից ու բովանդակությունից. «ազատություն», որ շղթայում է. «զարգացում», որ վերադարձնում է վայրի վիճակի. «գիտություն», որի դիմակի ներքո թաքնված է տգիտությունը... : Միշտ մի մեծ վարագույր, որով ծածկվում են չծախված, հնացած ու փչացած ապրանքները:
Տա՜ Աստված, որ օրեցօր ավելի ու ավելի հզորանա Հավատքի քո «ֆանատիզմը», որովհետև Կաթողիկե Հավատքն է միակ Ճշմարտության միակ պաշտպանությունը:
 
934. Մի՛ սարսափիր և մի՛ զարմացիր ոմանց բթամտության դիմաց: Երբեք չեն պակասելու հիմարները, որոնք շողշողացնելու են – մշակութային հավակնություններով – իրենց տգիտության զենքերը:
 
935. Ցավալի է տեսնելը, թե ինչպես են կողք կողքի քայլում նրանք, ովքեր – գաղափարական տարբեր կրքերով առաջնորդված, բայց քրիստոնյաների՝ Աստծո զավակների դեմ համախմբված – ատում են Տիրոջը, և ոմանք, ովքեր ասում են, թե ծառայում են Նրան:
 
936. Որոշ միջավայրերում, հատկապես մտավոր ոլորտում, նշմարվում և ձեռքով շոշափվում է մի տեսակ աղանդավորական համախմբում, որին երբեմն հետևում են մինչև իսկ կաթողիկեները, և որը – ցինիկ հարատևությամբ – սնում ու տարածում է չարախոսություններ, ստվեր գցելու համար Եկեղեցու կամ անձանց ու կառույցների վրա, ընդդեմ որևէ ճշմարտության և որևէ տրամաբանության:
Ամեն օր աղոթիր հավատքով. «Ut inimicos sanctae Ecclesiae humiliare digneris, te rogamus audi nos!» – «Սուրբ Եկեղեցու թշնամիներին» – այո՛, թշնամիներին, որովհետև հենց իրենք են իրենց այդպիսին հռչակում – «կամեցիր պարտության մատնել, աղաչում ենք Քեզ, լսի՜ր մեզ»: Շփոթեցրու, ո՜վ Տեր, Քեզ հալածողներին, Քո լույսի ջինջ հստակությամբ, որը մենք վճռակամ ուզում ենք տարածել:
 
937. Կաթողիկեության այդ գաղափարը հին է և դրա համար անընդունելի՞ է: ... – Է՛լ ավելի հին է արևը, և տակավին չի կորցրել իր լույսը. է՛լ ավելի հին է ջուրը, և տակավին հագեցնում է մարդկանց ծարավը և զովացնում է տապը:
 
938. Ոչ ոքի չի կարելի թույլատրել, և ո՛չ իսկ բարի նպատակի համար, կեղծել պատմությունը կամ կյանքը: – Բայց ծանր սխալ է պատվանդան կառուցել Եկեղեցու թշնամիների համար, որոնք իրենց օրերը ծախսել են Եկեղեցուն հալածելու համար: Համոզված եղիր. պատմական ճշմարտությանը ոչ մի վնաս չի հասցվում, եթե քրիստոնյան չի համագործակցում կառուցելու մի պատվանդան, որը չպետք է գոյություն ունենա. այդ երբվանի՞ց է ատելությունը որպես օրինակ առաջարկվում:
 
939. Քրիստոնյա առաքյալը կարիք չունի մոլի մրցակցություններ առաջացնելու, ո՛չ էլ վատ վերաբերվելու նրանց, ովքեր չեն ճանաչում մեր ուսմունքը: Եթե գործն առաջ է տարվում սիրով, – «Սէր ամենայնի տեւէ» - «Սերն ամեն ինչի դիմանում է» (1Կր 13, 7), – ով հակառակվում էր, որովհետև խաբված էր իր սխալ գաղափարներով, անկեղծությամբ ու նրբանկատությամբ կարող է վերջում գործի լծվել ի նպաստ: – Սակայն, բացարձակապես տեղ չկա դոգմաների հարցում զիջողություններ կատարելու համար, հանուն մի տեսակ միամիտ «ընդարձակ հորիզոնների»», որովհետև ով նման կերպ կվարվի, կենթարկվի Եկեղեցուց դուրս մնալու վտանգին. փոխանակ ուրիշների բարիքը հայթայթելու, կվնասի ինքն իրեն:
 
940. Քրիստոնեությունն «արտառոց» է, չի հարմարվում աշխարհի իրողություններին: Եվ սա թերևս իր «մեծագույն անպատշաճությունն» է, և աշխարհամոլների դրոշակը:
 
941. Ոմանք ոչինչ չգիտեն Աստծո մասին ... , որովհետև ոչ ոք Աստծո մասին իրենց հետ չի խոսել հասկանալի բառերով:
 
942. Ուր չի հասնում քո խելացիությունը, խնդրիր, որ հասնի քո սուրբ խորամանկությունը, ավելի շատ և ավելի լավ ծառայելու համար բոլորին:
 
943. Հավատա՛ ինձ, առաքելությունը, քրիստոնեական վարդապետության ավանդումը սովորաբար պետք է մազանման լինի. մեկ առ մեկ: Յուրաքանչյուր հավատացյալ՝ իր ամենամոտիկ ընկերոջ հետ:
Մեզ՝ Աստծո զավակներիս հետաքրքրում են բոլոր հոգիները, որովհետև մեզ հետաքրքրում է հոգիներից յուրաքանչյուրը մեկ առ մեկ:
 
944. Ապավինիր Սուրբ Կույսին՝ Բարի Խորհրդի Մորը, որպեսզի բերանիցդ երբեք անարգանք չլսվի առ Աստված:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։