Անդենական կյանք – Գրադարան – Mashtoz.org

Անդենական կյանք

875. Ճշմարիտ քրիստոնյան միշտ պատրաստ ու տրամադիր է թողնելու այս աշխարհը և կանգնելու Աստծո առաջ: Որովհետև յուրաքանչյուր պահի – եթե պայքարում է՝ որպես Քրիստոսի այր ապրելու համար – պատրաստ է գտնվում կատարելու իր պարտականությունը:
 
876. Մահվան դիմաց՝ հանդա՜րտ ու խաղա՜ղ: – Այսպիսին եմ ուզում տեսնել քեզ: – Ո՛չ թե հեթանոսի ստոիկական սառը անտարբերությամբ, այլ՝ Աստծո զավակի եռանդով, ով գիտի, որ կյանքն իրենից չի խլվում, փոխակերպվում է: – Մահանա՞լ: ... Ապրե՛լ:
 
877. Իրավագիտության և փիլիսոփայության դոկտոր էր, պատրաստվում էր դեկանի պաշտոնի համար հայտարարված մրցույթին, Մադրիդի Համալսարանում: Երկու փայլուն «կարիերա»ներ էին, փայլուն կերպով իրականացված:
Հեռախոսազանգ ստացա իրենից. հիվանդ էր և ուզում էր, որ գնայի իրեն այցելելու: Շատ չանցած հասա այն հյուրատունը, ուր բնակվում էր: – «Հայր, մահանում եմ», ասաց բարևի փոխարեն: Քաջալերեցի նրան, հնարավոր ողջ գորովով: Կամեցավ ընդհանուր խոստովանանք կատարել: Մահացավ այդ նույն գիշերվա մեջ:
Մի ճարտարապետ և մի բժիշկ օգնեցին ինձ փոխելու նրա զգեստները: – Եվ, ի տես այդ երիտասարդ մարմնի, որ արագորեն սկսեց քայքայվել ... , երեքս էլ համաձայն գտնվեցինք այն մտքի շուրջ, որ համալսարանական երկու «կարիերա»ները ոչինչ չարժեին այն վերջնական ու վճռական «կարիերայի» համեմատ, որը նա, որպես լավ քրիստոնյա, ամենայն պատվով ավարտել ու պսակել էր քիչ առաջ:
 
878. Ամեն բան հնարավոր է կարգի դնել, բացառությամբ՝ մահը ... : Եվ մահը կարգի է դնում ամեն բան:
 
879. Մահը հասնելու է անխուսափելի կերպով: Ուստի, ինչպիսի՜ ունայնություն է գոյությունը այս կյանքում կենտրոնացնելը: Տե՛ս, թե որքա՜ն են տառապում բազմաթիվ մարդիկ, այրեր և կանայք: Ոմանք, որովհետև կյանքն ավարտվում է, ցավում են նրանից հեռանալու համար: Ուրիշներ, որովհետև կյանքը դեռ տևում է, ձանձրանում են ... : Իմաստ չունի, ոչ մի դեպքում, երկրի վրայով մեր անցնելը որպես ինքն իրեն նպատակ ներկայացնելու սխալ փորձը:
Հարկավոր է դուրս գալ այդ տրամաբանությունից և խարսխվել մյուս՝ հավիտենական տրամաբանության մեջ: Հարկավոր է մի ամբողջական փոփոխություն իրականացնել. նախ դատարկվել սեական անձից, եսակենտրոն գործոններից, որ վաղանցուկ են, վերածնվելու համար Քրիստոսի մեջ, որ հավիտենական է:
 
880. Երբ մտածում ես մահվան մասին, մի՛ վախեցիր, չնայած որ գիտակցում ես մեղքերդ ... : Որովհետև Նա արդեն գիտի, որ դու սիրում ես Իրեն ... , և թե ի՛նչ խմորից ես հունցված:
– Եթե դու փնտրում ես Իրեն, կընդունի քեզ այնպես, ինչպես հայրն ընդունեց անառակ որդուն: Բայց պետք է փնտրես Իրեն:
 
881. «Ոչ եթէ ունիմք քաղաք որ աստէն մնալոց իցէ» - «Մնայուն քաղաք չունենք այստեղ՝ երկրի վրա» (Եբր 13, 14). – այս երկրի վրա չէ մեր վերջնական օթևանը: – Եվ, որպեսզի չմոռանանք դա, այս ճշմարտությունը երբեմն սուր ու չոր կերպով է հայտնում իրեն մահվան պահին. անհասկացողություն, հալածանք, արհամարհանք ... : – Եվ միշտ՝ միայնությունը, որովհետև – նույնիսկ եթե շրջապատված ենք գորովով – յուրաքանչյուր ոք մահանում է միայնակ:
– Վեր բարձրացնենք, ուրեմն, բոլոր խարիսխները: Անդադար պատրաստվենք այս անցումին, որ տանելու է մեզ Ամենասուրբ Երրորդության հավիտենական ներկայությանը:
 
882. Ժամանակը մեր գանձն է, «փողը», հավիտենությունը գնելու համար:
 
883. Մխիթարվեցիր գաղափարով, որ կյանքը հարկավոր է ծախսել, այրել Աստծո ծառայության համար: – Այսպես, ամբողջովին Իր համար ծախսվելով, կգա մահվան ազատագրումը, որը մեզ կհասցնի Կյանքի տիրապետությանը:
 
884. Մեր այն քահանա ընկերը աշխատում էր Աստծո մասին մտածելով, Նրա հայրական ձեռքը բռնած, և ուրիշներին օգնելով յուրացնել այս մայր-գաղափարները: Այս իսկ պատճառով, ինքն իրեն միշտ կրկնում էր. Երբ կմահանաս, ամեն ինչ լավ կընթանա, որովհետև ամեն ինչով կշարունակի զբաղվել Ինքը:
 
885. Մահը ողբերգության մի՛ վերածիր, որովհետև ողբերգություն չէ: Միայն սերը կորցրած զավակները կարող են չոգևորվել իրենց ծնողներին հանդիպելու մտքից:
 
886. Այստեղի՝ ներքևի՝ երկրի բոլոր իրողություններն ու իրականությունները մի բուռ մոխիր են: Մտածիր այն միլիոնավոր անձանց մասին – արդեն հանգուցյալ – , որոնք «կարևոր» և «նորաձև» էին, և որոնց այլևս ոչ ոք չի հիշում:
 
887. Սա է եղել քրիստոնեական մեծ հեղափոխությունը. վերածել ցավը արգասաբեր տառապանքի. չարիքը դարձնել բարիք: Զրկել ենք սատանային այս զենքից ... , և այս զենքով նվաճում ենք հավիտենությունը:
 
888. Դատաստանն ահավոր է լինելու նրանց համար, ովքեր կատարյալ կերպով ճանաչելով հանդերձ ճանապարհը, և այն ուրիշների առաջ մատնանշած լինելով և նրանցից պահանջած լինելով հանդերձ, իրենք քայլած չեն լինի այդ ճանապարհով:
– Աստված նրանց դատելու և դատապարտելու է հենց իրենց իսկ խոսքերով:
 
889. Քավարանը Աստծո ողորմության պտուղն է, մաքրագործելու համար թերությունները նրանց, ովքեր կամենում են նույնանալ Իր հետ:
 
890. Միայն դժոխքն է մեղքի պատիժ: Մահն ու դատաստանը ընդամենը հետևանքներ են, որոնցից չի վախենում նա, ով ապրում է Աստծո շնորհի մեջ:
 
891. Եթե քեզ երբեմն խռովք է պատճառում մեր քույր մահվան մասին միտքը, որովհետև տեսնում ես, թե որքան չնչին ես ու անարժեք, ոգեպնդվիր և մտածիր. արդյոք ինչպիսի՞ն է լինելու Երկինքը, որ սպասում է մեզ, երբ Աստծո անսահման գեղեցկությունն ու մեծությունը, երանությունն ու Սերը ամբողջությամբ կհեղվեն կավե այս խեղճ անոթի մեջ, որ մարդ արարածն է, նրան հավիտյան հագեցնելու համար, միշտ նորոգ երջանկության թարմությամբ:
 
892. Երբ բախվում ենք այս կյանքի դառնահամ անարդարությանը, ինչպե՜ս է ուրախանում ուղղամիտ հոգին, մտածելով իր հավիտենական Աստծո հավիտենական Արդարության մասին:
– Եվ, գիտակից մնալով հանդերձ իր անձնական խեղճություններին, նրա բերանից փախչում է, արդյունավետ իղձերի արտահայտմամբ, Պողոս Առաքյալի բացականչությունը. «Կենդանի եմ այսուհետեւ, ոչ ես՝ այլ կենդանի է յիս Քրիստոս» - «Այլևս ես չեմ, որ ապրում եմ, այլ՝ Քրիստոսն է, որ ապրում է իմ մեջ» (Գղտ 2, 20). և ապրելու է հավետ:
 
893. Ինչպիսի՜ գոհունակությամբ պետք է որ մահանա նա, ով հերոսաբար է ապրել կյանքի բոլոր պահերը: – Դա կարող եմ երաշխավորել քեզ, որովհետև ներկա եմ գտնվել ուրախությանը նրա, ով երկար տարիներով, հանդարտ անհամբերությամբ, պատրաստվել է այդ հանդիպմանը:
 
894. Աղոթիր, որպեսզի մեզնից ոչ ոք չթերանա Տիրոջ հանդեպ: – Դա դժվար չի լինի, եթե ուղղակի հիմար չլինենք: Որովհետև Աստված, մեր Հայրը, մեզ ամեն ինչում օգնում է. նաև ժամանակավոր դարձնել մեր աքսորը այս աշխարհում:
 
895. Մահվան մասին միտքը կօգնի մեզ մշակելու սիրո առաքինությունը, որովհետև համակեցության այս կոնկրետ պահը թերևս վերջինն է, որ քեզ տրված է այս մարդու կամ այն մարդու հետ անցկացնելու համար ... . նրանք կամ դու, կամ ես, կարող ենք որևիցէ մի պահի թողնել այս աշխարհը:
 
896. Աստվածային հավակնություններով ապրող մի հոգի ասում էր. բարեբախտաբար, մենք՝ մարդիկս հավիտենական չենք այս աշխարհում:
 
897. Կարդացածս այս տեղեկությունն ինձ մտածելու առիթ տվեց. տարեկան հիսունմեկ միլիոն մարդ է մահանում. իննսունյոթ հոգի՝ ամեն րոպե: Ձկնորսը – ինչպես արդեն ասել է Վարդապետը – նետում է իր ուռկանները ծովի մեջ, Երկնքի Արքայությունը նման է ձկնորսական ուռկանի ... (Մտթ 13, 47-50), որի միջից ընտրվելու են լավերը, իսկ վատերը, որոնք պահանջված հատկությունները չունեն, դուրս են նետվելու ընդմիշտ:
Տարեկան հիսունմեկ միլիոն մարդ է մահանում, իննսունյոթ հոգի՝ ամեն րոպե. սա նաև ուրիշների ասա՛:
 
898. Մեր Մայրը մարմնով և հոգիով վերափոխվել է Երկինք: Ասա՛ և կրկնի՛ր նրան, որ մենք, որպես իր զավակները, չենք ցանկանում բաժանվել իրենից ... : Կլսի քեզ:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։