Ճշմարտացիություն – Գրադարան – Mashtoz.org

Ճշմարտացիություն

567. Քո աղոթքներն էիր անում Խաչելության առաջ, և ահա՛ այս որոշումը կայացրեցիր. ավելի լավ է ես տառապեմ հանուն ճշմարտության, քան թե ճշմարտությունը ստիպված լինի տառապել իմ պատճառով:
 
568. Շատ անգամներ ճշմարտությունն այնքա՜ն անճշմարտանման է ... , հատկապես որովհետև միշտ պահանջում է կյանքի հետևողականություն:
 
569. Եթե քեզ նեղություն է պատճառում, երբ քեզ ասում են ճշմարտությունը, ուրեմն ... ինչո՞ւ ես հարցնում:
– Թե՞ հավակնում ես, որ քեզ պատասխանեն քո՛ ճշմարտությամբ, արդարացնելու համար քո շեղումները:
 
570. Վստահեցնում ես, թե մեծ հարգանք ունես ճշմարտության հանդեպ ... : Դրա համա՞ր է, որ քեզ միշտ «հարգալիր» հեռավորության վրա ես պահում:
 
571. Անխելքի նման մի՛ վարվիր. ֆանատիզմ չէ ցանկությունը՝ օրըստօրե ավելի լավ ճանաչելու, և ավելի սիրելու, և առավել վստահությամբ պաշտպանելու ճշմարտությունը, որը պարտավոր ես ճանաչել, սիրել և պաշտպանել:
Մինչդեռ – և սա ասում եմ առանց վախի – աղանդավորական մտածելակերպի մեջ են ընկնում նրանք, ովքեր ընդդիմանում են այս տրամաբանական վարվելակերպին, հանուն ինչ որ կեղծ ազատության:
 
572. Հեշտ է – Հիսուսի ժամանակ էլ էր պատահում – ասել ո՛չ. մերժել կամ կասկածի տակ դնել հավատքի ճշմարտություններից մեկը: – Դու, որ քեզ կաթողիկե ես նկատում, պետք է մեկնես «այո՛»ից:
– Հետո, ուսանելով, իզորու կլինես ներկայացնել ապահով վստահությանդ պատճառները. այն փաստի, որ հակասություն չկա – չի կարող լինել – Ճշմարտության և գիտության, Ճշմարտության և կյանքի միջև:
 
573. Մի՛ լքիր գործը, մի՛ հեռացիր ընթացքից, նույնիսկ եթե պետք է կենցաղավարես նախապաշարումներով լի անձանց հետ. մի՞թե պատճառաբանումների կամ եզրերի իմաստի ու նշանակության հիմքը սահմանվում է նրանց վարքով կամ նրանց հաստատումներով:
– Ջանա՛ հասկացնել քեզ ... , բայց եթե չես կարողանում, գնա՛ առաջ:
 
574. Կհանդիպես մարդկանց, որոնց, իրենց բթամիտ պնդագլխության պատճառով, դժվարությամբ կկարողանաս համոզել ... : Բայց, այս դեպքերից բացի, արժե հստակեցնել անհամաձայնությունները, և հստակեցնել դրանք անհրաժեշտ ողջ համբերությամբ:
 
575. Ոմանք չեն լսում – ո՛չ էլ ցանկանում են լսել – ա՛յլ բան, քան միայն խոսքերը, որոնք արդեն իսկ պտտվում են իրենց գլխում:
 
576. Ըմբռնումը, որ շատերը պահանջում են ուրիշներից, կայանում է իրենց այն ցանկության մեջ, որ բոլորն անցնեն իրենց կողմը:
 
577. Չեմ կարող հավատալ ճշմարտացիությանդ, եթե չես ցավում – սուր ցավով – ամենափոքր ու անվնաս ստախոսության համար, որը երբեք փոքր ու անվնաս չէ, քանի որ վիրավորանք է Աստծո դեմ:
 
578. Ինչո՞ւ ես դիտում, և լսում, և կարդում, և խոսում կեղծ դիտավորությամբ, և փորձում ես բռնել «չարը», որ գտնվում է ո՛չ թե այլոց դիտավորության մեջ, այլ՝ քո հոգում միայն:
 
579. Երբ ուղղամտություն չկա նրա մեջ, ով կարդում է, դժվար է բացահայտել ուղղամտությունը նրա, ով գրել է:
 
580. Աղանդավորը միայն աղանդավորություն է տեսնում ուրիշների բոլոր գործերում: Մերձավորին դատում է իր սրտի տարտամ ու անորոշ չափով:
 
581. Խղճացի կառավարությունում աշխատող այն մարդուն: Տեսնում էր գոյությունը որոշ խնդիրների, որոնք նաև տրամաբանական են կյանքում ... , և զարհուրեց ու տխրեց, երբ դրանց մասին զեկուցեցին իրեն: Նախընտրում էր անտեսել դրանք, չնկատելու տալ, ապրել իր տեսության կիսատ լույսի կամ կիսաստվերի մեջ, անխռով մնալու համար:
Նրան խորհուրդ տվեցի դիմագրավել այդ խնդիրները առանց դրանք մեղմացնելու և հստակ դիրքորոշմամբ, հենց որպեսզի դադարեն գոյություն ունենալ, և վստահեցրեցի, որ միայն այդ ժամանակ կապրեր ճշմարիտ խաղաղության մեջ:
Դու քո և ուրիշների խնդիրները մի՛ լուծիր դրանք անտեսելով. դա կլիներ հարմարավետության փնտրտուք, ծուլություն, դուռը բացել սատանայի գործողության առաջ:
 
582. Պարտականությո՞ւնդ կատարեցիր: ... Դիտավորությունդ ուղի՞ղ էր: ... Այո՞: – Ուրեմն մի՛ մտահոգվիր, եթե կան աննորմալ մարդիկ, որոնք բացահայտում են չարիքը, որն իրականում գոյություն ունի միայն իրենց հայացքում:
 
583. Հարցրեցին քեզ – դատաքննչական ձայներանգով – , թե լավ կամ վատ ես գնահատում քո որոշումը, որն իրենք անտարբեր ու հավասարազոր էին համարում:
Եվ դու, հանգիստ խղճով, պատասխանեցիր. «Միայն երկու բան գիտեմ. որ իմ դիտավորությունն ուղիղ է, և որ ... լավ գիտեմ, թե ինձ այն ի՛նչ է արժեցել»: Եվ հավելեցիր. «Աստված իմ կյանքի գոյապատճառն է ու նպատակը, հետևաբար գիտեմ, որ գոյություն չունի անտարբեր ու հավասարազոր ոչինչ»:
 
584. Բացատրեցիր նրան քո գաղափարականներն ու քո վարմունքը՝ ապահով, ամուր, կաթողիկեին վայել. և թվաց, թե ընդունում և հասկանում է ճանապարհը: – Բայց հետո մեջդ կասկած մնաց, որ այդ ըմբռնումը խեղդել է իր ո՛չ այնքան կանոնավոր բարքերի մեջ ... :
– Փորձիր նորից հանդիպել նրան, և նրա համար հստակեցրու, որ ճշմարտությունն ընդունում ենք այն ապրելու համար, կամ գոնե փորձելու համար ապրել այն:
 
585. Ովքե՞ր են նրանք, որ փորձի ենթարկեն: ... Ինչո՞ւ պետք է չվստահեն, նկատում ես: – Լսի՛ր ինձ. պատասխանիր նրանց, իմ կողմից, որ չվստահեն իրենց թշվառությանը, ... և հանգիստ շարունակիր ճանապարհդ:
 
586. Կարեկցում ես նրանց ... : – Քաջության ամբողջական բացակայությամբ՝ նետում են քարը, բայց թաքցնում են ձեռքը:
Լսիր, թե այդպիսիների մասին ի՛նչ վճիռ է հռչակում Սուրբ Հոգին. «Շփոթվելու են և ամոթահար են լինելու սխալներ ստեղծողները. բոլորը պատվելու են անարգանքով» (Ես 45, 16): Վճիռ, որ ի կատար է ածվելու անխուսափելի կերպով:
 
587. Շատե՞րն են չարախոսում ու վատահամբավում առաքելական այդ ձեռնարկը: ... – Լա՛վ, եթե դու սկսես հռչակել ճշմարտությունը, առնվազն մի հոգի կլինի, որ չի քննադատում:
 
588. Ցորենի ամենագեղեցիկ ու խոստումնալից արտում դյուրին է սայլերով լի մոլախոտեր, խաշխաշներ ու սիզախոտ հավաքել ... :
– Ամենակարգապահ և պատասխանատվության բարձր գիտակցությամբ օժտված անձի մասին էլ – պատմության ընթացքում – բավական նյութ կարող է լինել՝ սև էջեր լցնելու համար ... : Մտածիր նաև, թե որքա՜ն են խոսել և գրել մեր Տեր Հիսուս Քրիստոսի դեմ:
– Խորհուրդ եմ տալիս քեզ – ինչպես ցորենի արտում – հավաքել ոսկեշող և հուրթի հասկերը. իրական ճշմարտությունը:
 
589. Քո համար, որ վստահեցրեցիր ինձ, թե կամենում ես ուղիղ խղճմտանք ունենալ. մի՛ մոռացիր, որ զրպարտություն ընդունելն առանց այն հերքելու՝ նշանակում է աղբ հավաքող դառնալ:
 
590. Այս քո հակումը – դու այն անվանում ես բացվածություն – հեշտությամբ ընդունելու այդ անձի վերաբերյալ որևէ բացասական հաստատում, առանց հենց իրեն լսելու, սա ճշգրիտ կերպով արդարություն չէ ... , ո՛չ էլ, առավել ևս, սեր:
 
591. Վարկաբեկող բամբասանքը, չարախոսությունը, զրպարտությունը երբեմն վնասում են նրանց, որոնց դեմ որ կատարվում են ... : Բայց անկասկած պատվազրկում են նրանց, ովքեր որ դրանք նետում են շրջանառության մեջ, և նրանց, ովքեր որ դրանք տարածում են ... , և որոնք հետո այդ բեռը կրում են իրենց հոգու խորքում:
 
592. Ինչո՞ւ այսքան շատ քրթմնջացողներ կան, հարցնում ես սրտի ցավով ... : – Ոմանք՝ սխալի, ֆանատիզմի կամ չարության պատճառով: – Բայց շատերը՝ բաջաղանքը կրկնում են իներցիայով, մակերեսայնությամբ, տգիտությամբ:
Այդ իսկ պատճառով, վերադառնում եմ պնդելու. երբ չես կարող գովել, և խոսելն անհրաժեշտ չէ, լռի՛ր:
 
593. Երբ զրպարտության զոհ դարձած անձը տառապում է լռության մեջ, «դահիճները» մոլեգնում են իրենց քաջարի փոքրոգությամբ:
Կասկածով մոտեցիր որոշ կտրուկ ու վճռական հաստատումների, եթե նրանք, ովքեր կատարում են այդ հաստատումները, չեն փորձել – կամ չեն ցանկացել – խոսել խնդրո առարկա անձի հետ:
 
594. Հետաքննություն կատարելու բազմաթիվ ձևեր կան: Մի քիչ չարակամությամբ, բամբասանքներին ականջ դնելով, կարելի է մեծածավալ տասը հատոր հավաքել ազնիվ որևէ անձի դեմ և հարգարժան որևէ հիմնարկի դեմ: – Եվ, է՛լ ավելի, եթե այդ անձը կամ հիմնարկը աշխատում է արդյունավետ կերպով ... : – Եվ շա՜տ ավելի, եթե այդ արդյունավետությունը առաքելական բնույթ և նկարագիր ունի:
– Տխուր և ցավալի է նման բաներ կազմակերպողների գործը, բայց է՛լ ավելի տխուր ու ցավալի է դիրքորոշումը նրա, ով ինքն իրեն դարձնում է բարձրախոս՝ նման անիրավ ու մակերեսային հաստատումների համար:
 
595. Նրանք – ասում էր ցավով – չեն հասկանում Քրիստոսին, այլ՝ Նրա դիմակն են կրում ... : Սրա համար է, որ զուրկ են քրիստոնեական ուղղադատությունից, չեն հասնում ճշմարտությանը, և պտուղ չեն տալիս:
Չենք կարող մոռանալ, մենք՝ Աստծո զավակներս, որ Վարդապետը հռչակել է. «Ով լսում է ձեզ, լսում է Ինձ ... » (Ղկս 10, 16): – Ուստի ... պետք է ջանանք լինելու Քրիստոսը, երբե՛ք Նրա ծաղրանկարներից մեկը:
 
596. Այս դեպքում, ինչպես ուրիշ շատ դեպքերում, մարդիկ շարժվում են – բոլորը կարծում են, թե իրավացի են – , և Աստված առաջնորդում է նրանց. այսինքն, նրանց անձնական մտքերից ու պատճառաբանումներից վեր, վերջում հաղթանակելու է Աստծո անքննելի ու մեծապես սիրելի Նախախնամությունը:
Թույլ տուր, ուրեմն, որ Տերը «առաջնորդի» քեզ, առանց դիմադրելու Նրա ծրագրերին, նույնիսկ եթե հակառակվում են քո «հիմնական պատճառաբանումներին»:
 
597. Խիստ ցավալի փորձառություն է տեսնելը, որ ոմանք, առանց մտահոգվելու՝ սովորել, տիրապետել գիտության նվաճած գանձերին, սկսում են գիտություն քանդակել իրենց հաճելի ձևով, քիչ թե շատ քմահաճ գործելաոճով:
Բայց այս հավաստումը քեզ պետք է մղի կրկնապատկելու քո եռանդը՝ ճշմարտության հետ ծանոթությունդ խորացնելու գործում:
 
598. Ուսումնասիրությամբ զբաղվելուց ավելի հարմարավետ է ուսումնասիրողների դեմ գրելը, կամ նրանց, ովքեր նոր բացահայտումներ են բերում գիտությանն ու տեխնիկային: – Բայց չպետք է հանդուրժենք, որ այս «քննադատները» հավակնեն, ամեն ինչից բացի, ներկայանալու նաև որպես անուսների գիտելիքի և կարծիքի բացարձակ տերեր:
 
599. «Հստակ չէ, հստակ չէ», պատասխանում էր մյուսների վստահ ու ապահով հաստատումներին ... : Եվ այն, ինչը որ հստակ էր, իր տգիտությունն էր:
 
600. Քեզ հաճելի չէ վիրավորելը, բաժանումներ ստեղծելը, անհանդուրժողականություն դրսևորելը ... , և տեղի ես տալիս դիրքորոշումների և կետերի հարցում, – լուրջ հարցեր չեն, վստահեցնում ես ինձ, – որոնք աղետալի հետևանքներ են ծնում բոլորի համար:
Ներիր անկեղծությունս. այս վարվելակերպովդ, հենց դու, որ գարշելով խորշում ես անհանդուրժողականությունից, ընկնում ես ամենահիմար ու վնասակար անհանդուրժողականության մեջ. այն մեկը, որով խոչընդոտվում է ճշմարտության հռչակումը:
 
601. Աստված, Իր արդարությամբ և Իր ողորմությամբ – որոնք անսահմանափակ են և կատարյալ – միևնույն սիրով և տարբեր, անհավասար ձևով է վարվում Իր միմյանցից տարբեր, անհավասար զավակների հետ:
Այս իսկ պատճառով, հավասարություն չի նշանակում բոլորին միևնույն չափով դատել:
 
602. Այնպիսի կիսատ ճշմարտություն ես ասում, բազմաթիվ մեկնաբանությունների հնարավորություն տվող, որ այն կարելի է սահմանել որպես ... սուտ:
 
603. Կասկածը – գիտության ոլորտում՝ այլոց վայելած համբավի նկատմամբ – մի բույս է, որ հեշտությամբ է ցանվում, բայց մե՜ծ դժվարությամբ է արմատախիլ արվում:
 
604. Պիղատոսին ես հիշեցնում. «Զոր ինչ գրեցին՝ գրեցի» - «Ինչ որ գրեցի, գրեցի» (Հվհ 19, 22) – ինչ որ գրել եմ, փոփոխության ենթակա չէ ... , ամենասոսկալի ոճիրը թույլատրելուց հետո: – Անդրդվելի ես: Բայց այս դիրքորոշումը պետք է որ առաջ գրավեիր ... , ո՛չ թե հետո:
 
605. Առաքինություն է սեփական որոշումների նկատմամբ հետևողական մնալը: Սակայն, եթե ժամանակի ընթացքում տվյալները փոխվում են, հենց հետևողականության պարտավորություններից մեկն է նաև խնդրի դրման և լուծման սրբագրումը:
 
606. Սուրբ անզիջողությունը մի՛ շփոթիր բթամիտ կամակորության հետ:
«Կկոտրվեմ, բայց չեմ ճկվի», ասում ես գոռոզությամբ և որոշակի ամբարտավանությամբ:
– Լավ լսիր ինձ. կոտրված գործիքը դառնում է անգործածելի, և դաշտը բաց ու ազատ է թողնում նրանց առաջ, ովքեր, թվացյալ զիջողականությամբ, հետո պարտադրում են մի աղետաբեր անզիջողություն:
 
607. «Sancta Maria, sedes Sapientiae» - «Սրբուհի Մարիամ, գահ Իմաստության»: – Մեր Մորը հաճախ դիմիր այս խոսքերով, որպեսզի Նա լիացնի իր զավակներին – նրանց ուսման մեջ, նրանց աշխատանքի մեջ, նրանց միասին լինելու մեջ – Ճշմարտությամբ, որը Քրիստոսն է մեզ բերել:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։